Ֆրանտիշեկ Միկլոշկոյի «Ժամանակի նշանները»

f_mikloskoՎերջերս Ադրբեջանը հրատարակեց իր համար անցանկալի օտարերկրացիներին <<persona non grata>> կարգավիճակ տալու մասին: Սլովակիայից այդ ցուցակում ներգրավված են Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի(ԵՀՄՖ) և Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը, ինչպես նաև Սլովակիայի Ազգային Ժողովի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն: Աշոտ Գրիգորյանը տարիներ առաջ Սլովակիայի արտգործնախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին կառավարական պատվիրակության կազմում պաշտոնական այցով եղել է Բաքվում և շատ համեմատելու բաներ ունի: Երկրորդ անգամ Բաքու այցելել պարոն Գրիգորյանը չի պլանավորելև համարում է ժամանակի կորուստ: Ըստ պարոն Միկլոշկոյի, այսօր ժամանակը նույնպես այնքան թանկ է, որ երբևիցե Ադրբեջան այցելելու մտադրություն նա չունի և չէր կարող ունենալ, եթե իհարկե ադրբեջանական իշխանությունները հատուկ խնդրանքով չդիմեին նրան և չստեղծվեր առանձնահատուկ առիթ: Սա իմիջիայլոց: Իսկ այսօր մենք ուզում ենք խոսել մի քանի ամիս առաջ մայիսին, Բրատիսլավայում հրատարակված Ֆրանտիշեկ Միկլոշկոյի <<Ժամանակի նշանները>> գրքի շուրջ, որը ուներ նաև <<Սլովակիայի կոորդինատները 1982-2012>> ենթավերնագիր: Հեղինակը, ով կոմունիզմի ժամանակ 20 տարիների ընթացքում մասնակցել է  ընդհատակյա կաթոլիկ եկեղեցու աշխատանքներին և հետագա 20 տարիների ընթացքում զբաղվել է քաղաքականությամբ` եղել է Սլովակիայի խորհրդարանի նախագահ (1990-1992) և պատգամավոր (1992-2010), այս գրքում ներկայացնում է իր մտքերը 1982-2012 ժամանակահատվածի հասարակական զարգացումների վերաբերյալ:

Մինչ կոմունիզմի անկումը,  նա ինքնուրույն հրատարակել է հոդվածներ, այնուհետև ունեցել հասարակական ելույթներ:  Գիրքը առաջին հերթին նվիրված է Սլովակիային, սլովակ ժողովրդի մտածելակերպին և նրա առջև ծառացած խնդիրներին: Սակայն Ֆրանտիշեկ Միկլոշկոն գրքում ներառել է երկու հոդվածներ, որոնք առաջին հայացքից այդքան էլ չէին համապատասխանում ընդհանուր համատեքստին, իսկ դրանք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկայի և անցյալի վերաբերյալ մտորումներ և կարծիքներ են:

Հայությանը նվիրված հոդվածներում հեղինակը արտահայտում է իր հիացմունքն ու խոնարհումը հայերի հանդեպ, և մասնավորապես նրանց, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում, իսկ որպես հիմնական գաղափար նշում է, որ Արցախի հայերը ակամայից պայքարում են հենց Եվրոպայի մշակութային և քրիստոնեական ժառանգությունը պահպանելու համար:

Հեղինակը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղը քրիստոնեական Եվրոպայի կարևորագույն օղակն է հանդիսանում և Արցախի ժողովրդի պայքարը դա յուրօրինակ կոչ է Եվրոպայում ապրող մյուս մարդկանց, որոնք կարծես թե կորցնում են իրենց քրիստոնեական արմատների հետ կապը և նրանց հանդեպ հետաքրքրությունը:

Նա Հայաստանը և հայկական եկեղեցին գնահատում է որպես Արևելյան Եվրոպայի “թոքեր”, առանց որի Եվրոպան չէր լինի Եվրոպա, և ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ 20-րդ դարում ցեղասպանությունների հիմքը ազդարարվեց հենց 1915 թվականի Հայոց Ցեղասպանությամբ: Հեղինակը հստակ ընդգծում է, որ հայերի խնդիրը համարվում է ողջ Եվրոպայինը, այդ թվում նաև Սլովակիայի խնդիրը:

Գնահատելով Ֆրանտիշեկ Միկլոշկոյի <<Ժամանակի նշանները>> գիրքը, կարելի է եզրակացնել, որ այն ընթերցողին տանում է դեպի Հայաստան` դարձնելով այն ավելի բարեկամական երկիր սլովակների համար` միաժամանակ օրինակ ծառայելով ազգային արժեքների պահպանման գործին նվիրյալների համար:

Ըստ պարոն Միկլոշկոյի, Եվրոպայի քրիստոնեական մշակութային արժեքները լրջորեն վտանգված են, և Եվրոպան պարտավոր է այն պաշտպանել և դրա պաշտպանությունը պետք է սկսել քրիստոնեական մշակույթի համար <<ֆորպոստ>> հանդիսացող Արցախից, քանի որ Արցախը միայնակ մաքառում է մուսուլմանական ոտնձգությունների դեմ և քրիստոնեական Եվրոպայի օգնության մեծ կարիքն ունի: <<Կորցնենք Արցախը, կկորցնենք Հայաստանը և կվտանգենք ողջ Եվրոպայի ապագան>>,- ահա պարոն Միկլոշկոյի կրեդոն, որն արտահայտվում է վերջին տարիների նրա ողջ գործունեության մեջ:

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն

15.08.2013թ.

 

Tags: