Ընկերության մեջ Ազատի չափն անչափելին էր

AZAT SILVA 2Օգոստոսի 2-ին հայ թատերարվեստը ծանր կորուստ ունեցավ, վախճանվեց ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը:

«Անկախը» Ազատ Գասպարյանի մասին զրուցել է  նրա լավ բարեկամի՝ Սիլվա Յուզբաշյանի հետ:

- Մեծ արտիստի հետ մեր ծանոթությունը 30 երկար ու ձիգ տարիների պատմություն ունի: Առաջին անգամ նրան տեսա Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում. բուլղար դրամատուրգ Պանչո Պանչևի «Չորս նմանակ եղբայրները» պիեսում մարմնավորում էր չորս եղբայրներին: Ցնցվել էի… Այդ օրվանից ուղղակի փնտրում էի այդ դերասանին, դա 1975 թվականն էր. հետո «Երջանկության մեխանիկան» ֆիլմի Ռուբենը, որ յուրաքանչյուր հայի սիրելին դարձավ, այնքան հմայիչ էր, էլ չեմ ասում հեռուստաթատրոնում նրա անձնավորած բազմաթիվ դերերը` Շոշիան, հատկապես Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն» պիեսում, որ նրա դերասանական տաղանդի մասին շատ բան էր ասում: Չգիտեմ` որ մեկը թվեմ…

Ազատ Գասպարյանը պոեզիայի գիտակ էր և բեմից հրաշալի էր ներկայացնում Չարենցի, Սևակի պոեզիան: Հատկապես երբ բեմադրիչները նրան չէին ուզում նկատել, այդ պարապը նա լցնում էր չափածո տողով, էստրադան նրան հնարավորություն էր տալիս շփվելու հանդիսատեսի հետ:

Ինքս էլ սկսել էի բեմերից արտասանել և պատճառը հենց դա էր, որ իմ սիրած արտիստի հետ միևնույն բեմերում հայտնվելու բարեբախտություն ունեցա` թե՛ հայրենիքում, թե՛ արտերկրում: Անշուշտ, բեմադրիչները մեղքի իրենց բաժինն ունեն, այդպիսի հզոր դերասանին պարապ թողնելը, իհարկե, մեղք էր, նրա համար պիտի ռեպերտուարային պիեսներ բեմադրեին, որ տոմս գնեինք և գնայինք հատուկ վայելելու նրան… Բարեբախտաբար, կինոն շռայլ եղավ, հրաշալի կերպարներ արձանագրեց Ազատ Գասպարյանը հայ կինոյի պատմության էջերում, փայլուն դերակատարումներ: Նա հազար մարդ էր, կարող էր հանճարեղ կերպով ամենատարբեր բնավորությամբ մարդկանց կաշվի ու էության մեջ մտնել ու անճանաչելի վերափոխվել: Դրա համար, իհարկե, բնածին տաղանդ է պետք: Ես խենթանում եմ Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմի գյումրեցի միլիցիոներ Մեսրոպի համար, նա գլխավոր դերակատար Մհեր Մկրտչյանին այդ դերում չի զիջում, նույնքան սիրելի է, միայն քայլվածքը բավական է: Էլ չեմ խոսում հանճարեղ Չարենցի` վերամարմնավորման մասին, որ դարձավ նրա ոգու և տարերքի կրողը: Ավելի լավ ասել է մեծն Հրանտ Մաթևոսյանը.«Չարենցիանան գտել է իր պատվախնդիր ու քանքարավոր տիրոջը` Ազատ Գասպարյանին, ում հայացքով ենք տեսնելու Չարենցի աշխարհը, ինքը մեր նոր ու նորոգ վերաբերմունքի, հիացումի ստեղծիչը եղավ և լինելու է…»:

- Փաստորեն Ազատ Գասպարյանը Չարենցի լավագույն մեկնաբաններից էր 

- Այո:  Նա պատմում էր, որ 10-րդ դասարանում է իմացել, թե ով է Չարենցը: Ասում էր՝ այդքան ուշացումով: Պատմում էր, որ 1963-ին ձեռքն էր ընկել Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհին», այն էլ առաջին հրատարակությունը:

Ինստիտուտում՝ սովորելու տարիներին նրա երազանքն էր Չարենց խաղալ, և այդ մասին գիտեին բոլորը. դա գիտեր նաև իր կուրսի ղեկավարը՝ Վարդան Աճեմյանը: Ազատն ասում էր. «Ես այն ժամանակ չգիտեի էլ, թե ինչ-որ նմանություն ունեմ նրա հետ: 1967-ին Չարենցի 70- ամյակի տոնակատարության ժամանակ Վարդան Աճեմյանը ծիծաղելով ինձ ներկայացրեց Նորենցին ու ասաց. «Սրան տես, ուզում է Չարենց խաղալ»: Նորենցը բաց արեց ծոցատետրը ու կարդաց. «Հասակը 1 մ 64 սմ»: Ես էլ գոռալով ցատկոտեցի՝ համընկնում էր, հետո էլի ինչ-որ բաներ ճշտեց, ասաց, որ արտասանեմ: Իմ արտասանությունն էլ նրան դուր եկավ, ասաց. «Կարող ես խաղալ»: Դրանից բավական անց ինձ կանչեցին «Հայֆիլմ»՝ «Երկունք» ֆիլմի փորձնական նկարահանումներին»:

Ազատն այն ժամանակ չգիտեր էլ, թե ինչ է վերցնում ուսերին: Առաջին անգամ ամբողջ ուժգնությամբ զգաց, երբ արդեն ընտրված էր Չարենցի դերակատար և նստած էր գրիմանոցում: Ասում էր. «Նայեցի հայելու մեջ, ու սարսուռ անցավ մարմնովս, առաջին անգամ նա երևաց ինձ իր ողջ խորությամբ, կարծես հոգուս աչքերով տեսա»:

Մահից մի քանի օր առաջ ասաց, որ ուզում է գալ և ֆոնդի համար ձայնագրվել, ասացի` եթե հրաշքով բարձրանա 2-րդ հարկ, որտեղ ստուդիաներն են, ռադիոյի ղեկավարությունն իր ոտքերի տակ գորգ կփռի: Բարեբախտաբար, ռադիոյի ոսկե ֆոնդում ունի բավական կտորներ պահված… Եթե պոեզիայի երեկո էր լինում, ինչքան էլ ցանկությունդ մեծ լիներ Չարենց հնչեցնելու, Ազատի ներկայությամբ քաշվում էիր, ինձ երբեմն ինքն էր առաջարկում, միևնույն է, Չարենցը իր տարածքն էր…

- Կա՞յին դերեր, որոնք նա կցանկանար մարմնավորել, բայց...

ազատ գասպարյան- Իհարկե, կային: Երազում էր Սարոյանի Վեսլի Ջեքսոնը խաղալ, բայց չի իրականացել, տարիքն անցել էր, ինքը շատ նման էր մարդկային նկարագրով Վեսլիին, Վեսլիի նման ինքն էլ մարդկային զգացումների շռայլություն էր` խիղճ ու բարություն, ուրախություն ու ցավ: Թվում էր` Ազատը արտաքուստ ամենաուրախ մարդն է, բայց տխուր լինելու բազմաթիվ պատճառներ ուներ հոգու խորքում… Մի առիթով գրել է. «Ոզում էի Վեսլի Ջեքսոն խաղալ, չեղավ, Սիրանո դը Բերժերակ խաղալ` չեղավ»:

- Ինչպիսի՞ ընկեր էր Ազատը:

- Հայ մարդու, երկրի, ընկերոջ, ընտանիքի բախտով հրճվող ու տառապող էր, միաժամանակ անսպառ հումորի տեր, կատակող, իմաստուն սեղանակից էր: Կարծես ազգային մշակութային արժեքները պահող շտեմարան էր, ե՞րբ էր հասցրել այդքան կարդալ, հրաշալի գրում էր, նկարում, նստում դաշնամուրի առջև, քայլող բանահյուսություն էր: Վստահ եմ ասում` որտեղ հայտնվեր, տոն էր, շենացնող, հավերժ երիտասարդ, միշտ մանուկ… Ես նրա հետ շփվելիս միշտ Համո Սահյանի տողերն էի հիշում. «Երանի նրան, ով մեծացել է ու երեխա է մնացել դեռ…»:

Իր մեջ ամբարված  սիրո հսկայական պաշարից լիուլի հասցնում էր բոլորին և ամեն մեկը մտածում էր, թե ինքն է նրա ամենասիրելին: Ընկերության մեջ նրա չափն անչափելին էր: Ե՛վ նվիրումն էր շատ մեծ, և՛ հավատարմությունը, դա մի քիչ դժվար է, գիտե՞ք, երկուսը միասին հազվագյուտ մարդիկ ունեն, ավաղ՜…

 

- Հիվանդության մասին գիտե՞ր:

- Մեջքը ցավում էր: Կես տարի առաջ գնացել էինք Լատինական Ամերիկա, հայ համայնքին հյուր, այնքան առույգ էր, կենսախինդ, դե, հանդիպումներ, ելույթներ, հյուրասիրություններ, պտույտներ, ես տրտնջում էի և այդ ռիթմին չէի դիմանում, ինքը հանդիմանում էր, չնայած իր թևը ցավում էր: Ասում էր, որ թատրոնի բեմում ներկայացման ժամանակ վայր է ընկել փոսի մեջ և ժամանակ առ ժամանակ ցավը զգացնել է տալիս: Այս ձմռանը մեկ ամիս չէի տեսել, հեռախոսով ասաց, որ այդ թևի պատճառով գնում է մերսումների, բայց վիճակը նույնն է, հիմա էլ մեջքն է ցավում: Մայիսի 31-ին միասին Կամերայինի դահլիճում ելույթ ունեինք, ասաց, որ հաջորդ օրը բժշկական զննության է գնալու…

Հունիսի 1-ին իմացանք իր անբուժելի հիվանդության մասին: Ինքը չգիտեր, որ թոքի քաղցկեղ ունի և տարածված է, նույնիսկ խորհուրդ չտվեցին տեղափոխել արտասահման: Հիմա ես կարծում եմ, որ ինքը գիտեր, գլխի էր ընկել, մենք իր կողքին, կարելի է ասել, կապիկություն էինք անում, բայց ավելի շատ ինքն էր զվարճացնում ընտանիքին, ընկերներին:

Ի դեպ, վերակենդանացման բաժանմունք տեղափոխվելուց առաջ, որտեղ օրուկես մնաց, ես և նկարիչ Հաղթանակ Շահումյանը իր տանն էինք, 100 տարվա կոնյակ մեզ հետ խմեց, կատակեց, երգեց, ոտքի վրա, երբեք անկողնում չպառկեց, ես հրաժեշտ տալիս շատ ուրախ փաթաթվեցի և ասացի Վեսլիի խոսքերը. «Ապրի՛ր Ազատ ջան, քանի դեռ չի ընդհատվել շնչառությունը, մտիր վարդերի պարտեզը, շնչիր բույրը….»:

Շատ էր սիրում այդ խոսքերը: Հիվանդանոց երկու օրն էլ գնացի, ներս չմտա, պատմեցին, որ վարչապետ Սարգսյանը և ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն այցելել են, այդ պահին արթուն է եղել,  երգել  ու արտասանել է: Նա երգելով գնաց այս աշխարհից, համոզված եմ` հիմա դրախտում է… 

Ազատ Գասպարյանը ծնվել է 1943-ին, Երևանում:

1970 թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի Վարդան Աճեմյանի կուրսը:

1969-ից սկսածխաղացել է Երևանի պատանի հանդիսատեսի, Երևանի դրամատիկական թատրոններում, Հայկական հեռուստաթատրոնում, «Մետրո» թատրոնում, Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

1984 թ. «Երջանկության մեխանիկա» կինոնկարում խաղացած դերի համար արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի: Նկարահանվել է «Երկունք» (1976 թ.), «Մեր մանկության տանգոն», (1984 թ.), «Կարոտ» (1990 թ.) «Հեղնար աղբյուր» (1970 թ.), «Համր վկան» և այլ կինոնկարներում:

1999 թ. լույս է տեսել իր կողմից կազմած «Իմ լեզվի տակ փուշ չկա» ժողովածուն:

2000-2004 թթ. եղել է Երիտասարդական պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 1965-ից եղել է Հայաստանի թատերական գործիչների միության անդամ, 1980-ից` վարչության անդամ: 2005 թ. արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչման:

2006 թ. ընտրվել է Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: 2008 թ. արժանացել է «Ֆրիտյոֆ Նանսեն», 2009 թ.` «Մովսես Խորենացի» շքանշանների:

2003 թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010 թ.` ժողովրդական արտիստի կոչման:

Ասմունքով հանդես է եկել Հայաստանում և արտասահմանում: Ձայնագրել է Չարենցի, Սիամանթոյի, Տերյանի, Սևակի և այլոց երկերը:

2011 թ. թողարկած ձայնասկավառակում հնչեցրել է Չարենցի «Խմբապետ Շավարշը» և «Պատմության քառուղիներով» պոեմները: Ասմունքով, թատերական ներկայացումներով հանդես է եկել տարբեր երկրներում: Մահացել է Երևանում:

Tags: