ԷԴՎԱՐԴ ՏՈՒՆԱԿԱՆԻՁԵ. «Իմ դռները հատկապես բաց են հայերի համար»

տԷդվարդ Տունականիձեի հետ ծանոթացանք Հայաստանի սահմաններից դուրս: Նա ծնվել ու մեծացել է հենց Վրաստանի սրտում: Ասում է` սիրում է իր երկիրը ու եթե բացակայում է, ապա ամենաշատը մի շաբաթով:

Նա զրույցի հենց սկզբում խորն ակնածանքով արտահայվեց հայերի մասին: Դա պատահական չէր, նրա երակներով նաև հայի արյուն է հոսում:

 Բացի այդ, Էդվարդի կյանքի երկրորդ կեսը հայուհի է` Թամարան:

- Էդվարդ, ասում եք` Վրաստանը Ձեզ համար կյանք է: Ինչո՞վ կբացատրեք ձեր այս տեսակետը:

- Գիտեք, ապացույցը ծովն է, հետո` օդը: Վրաստանում մարդիկ հոգատար են, սիրում են օգնել միմյանց: Մեր ընտանիքում էլ է այդպես: Լուսահոգի հայրս շատ մարդասեր էր ու սիրում էր «լավություն» անել դիմացինին:

Հորս պարտադրանքով ես այս բառը երևի կասեմ չակերտների մեջ, երկու բան պետք է անեի կյանքում: Առաջինը հայուհու հետ ամուսնանալն էր, երկրորդը` ամենաքիչը 4 երեխա ունենալը (Էդվարդն այժմ երեք երեխա ունի):

Մենք հայրենադարձ չենք: Տատիկս հայ է: Պապիկի հետ ընտանիք են կազմել դեռ անցյալ դարի սկզբին ու երջանիկ ապրել: Այնպես որ` երակներումս հայի արյուն էլ կա:

- Ձեր կինը հայուհի է, Դուք` բնիկ վրացի: Հետաքրքիր է` ազգությունների բախում տեղի չի ունենում:  

- Չէ՛, երկուսս էլ հանդուրժող ենք: Շատ ենք սիրում միմյանց ու շատերի համար էլ օրինակ ենք ծառայում: Մեր ընտանիքում բախումներն ընդհանրապես բացառված են, հա, հնարավոր է, որ կենցաղային մանր-մունր հարցերով վիճենք, բայց, դե, առանց դրա էլ չի լինի: Թամարը հրաշալի հոգի ունի ու մի բառից հասկանում է ինձ: Մենք քաղաքականությունից կիլոմետրերով հեռու մարդիկ ենք: Անգամ հեռուստատեսության լուրերի թողարկումներին այդքան պատրաստակամությամբ չենք հետևում, գործերը չեն թողնում:

- Հենց Ձեր գործերի մասին էլ ցանկանում եմ զրուցենք:

- Ո՞ր գործերի:

- Հյուրանոցի, սրճարանի…

- Այո՛, դա մեր ապրուստի միակ միջոցն է: Սրճարանը աշխատում է արդեն 15 տարի և ունի իր մշտական հաճախորդները: Իսկ ինչ վերաբերում է հյուրանոցին, ասեմ, որ ես այս շինությանն այնքան էլ հյուրանոց չէի անվանի: Սա առանձին շենք է` առանձին համարներով, որ զբոսաշրջիկներն օրավարձով վարձակալում են: Հյուրանոցը ենթադրում է շատ շքեղություն, սպասարկում, բայց մեզ մոտ սպասարկում չկա:

- Սեզոնայի՞ն է «հյուրանոցի» գործը:

- Պատկերացրեք` չէի ասի, թե սեզոնային է: Զբոսաշրջիկները շատ-շատ են, ու ոչ միայն ամռան տապին: Օրինակ` այս օրերին շատ են հայերը: Որ իմանում եմ հայեր են եկել, աշխատում եմ նվազագույն գներով տրամադրել համարները: Այստեղ ներքին համոզմունք կա, որ եթե մարդիկ վրացերեն չեն խոսում, ապա պետք է մի քիչ ավելի վճարեն (կեսկատակ ասում է Էդվարդը,-հեղ.): Բայց իմ դռները հատկապես բաց են հայերի համար:

- Այո՛, ես զգում եմ, որ ամեն ինչի համար վճարում եմ կրկնակի, եթե, ասենք, ապրանքներին գնապիտակներ չկան…

- Դե, այստեղ այնքան էլ թանկ չէ: Հնարավոր է` տուրիստներին մերոնք մի քիչ ավելի թանկ վաճառեն, բայց հաստատ Հայաստանի գներին չի հասնի: Դուք հարուստ եք: Մի տարի առաջ եմ եղել Հայաստանում, ընտանիքով էինք եկել, ու պատկերացրեք` բավական գումարներ ծախսեցինք: Օրինակ` նույն սրճարանների գները ձեզ մոտ կրկնակի բարձր են: Ես դեռ խոսում եմ սովորական, շարքային քաղաքացիների մասին: Շքեղություն մեզ մոտ էլ կա, ձեզ մոտ էլ կա, ուղղակի դա մեզ պես մարդկանց համար չէ:

- Հե՞շտ է հայերի հետ լեզու գտնելը: Գիտեմ, որ զբոսաշրջիկ հայերին այնքան էլ չեն սիրում:

- Գիտեք, շատ հակասական է: Հիմա միանշանակ չեմ կարող պատասխանել. դա լավ է, թե վատ է: Հայերի հատուկ տեսակ կա, որ ամեն ինչից դժգոհ է: Օրինակ` երկու տարի առաջ մի հայ ընտանիք էր եկել. օգնեցի, տեղավորեցի լավագույն համարներից մեկում, բայց գոհ չէին: Պատճառը նույն շենքում թուրք ընտանիքի ներկայությունն էր:

Հետաքրքիր է, որ թուրք ընտանիքին չէր էլ հետաքրքրում, թե ովքեր են հանգստանում, որ ազգից են, փաստորեն, հայերին դա ամենից շատ էր հետաքրքրում: Հայ ընտանիքի կինը դժգոհել էր, թե դիտավորյալ եք նման բաներ կազմակերպում, որ էլ այստեղ էլ չգանք:

- Իսկ ընդհանրապես շատ բան է փոխվել, չէ՞:

- Այո՛, անշուշտ: Հինն ու նորը խառնվել են իրար ու հետաքրքիր բան է ստացվել: Թբիլիսին, օրինակ, մնացել է իր հետաքրքիր ձևաչափով: Քաղաքում պահպանվել է հինը, որը հիշեցնում է հին ժամանակները, և կողքին կա նաև նորը, որը չի խանգարում հնին: Վրաստանի իշխանություններն ավելի մարդկային վերաբերմունք ցուցաբերեցին ու չվերացրեցին Վրաստանի սիրտը. ասեմ, որ շատ զբոսաշրջիկների հետաքրքրում է Թբիլիսիի հին տեսքը, այն, ինչ իրենք կարդում են, տեսնում հին նկարներում: Թե չէ նորը, շքեղը միշտ էլ կա: Հարուստ եվրոպացիներ կան, որոնք նախընտրում են ավելի շատ հանգստանալ համեստ տնակներում, քան շքեղ հյուրանոցներում:

Մի փողոց այն կողմ «Ջորջիա փալասն» է, որը շատ շքեղ հյուրանոց է, ու ասեմ` ամեն մեկի բանը չէ: Շատ հարուստ մարդը միայն կարող է իրեն թույլ տալ հանգստանալ «Ջորջիա փալասում»:

- Էդվարդ, մեկ-երկու հարց քաղաքականությունից: Ասում են` Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մեդիա բիզնես ունի:

- Հա, լսել եմ նման բան: Բայց կարծեմ իր ընտանիքին է պատկանում: Դա այստեղ հեռարձակվող «9-րդ ալիքն» է: Մի քանի օր առաջ լուրերով տեսա, թե ինչպես էր երկրի նախագահը խոսում մեդիայի մասին: Նա ասաց, որ լավ է շատ հեռուստաալիքներ ունենալը, դա հնարավորություն կտա իմանալ ճշմարտությունը: Ասում են նաև, որ Իվանիշվիլիի ընտանիքն իր մեդիա գործունեությունը պետք է դադարեցնի:

 - Առաջիկայում նախագահի ընտրություններն են, ո՞ւմ է վստահում վրացի ժողովուրդը:

- Նա, ով իրոք մտածում է ժողովրդի մասին: Գիտեք, տրամադրությունները շատ տարբեր են: Դեռ բավական ժամանակ կա մինչև ընտրությունները, իսկ մինչև այդ մենք մտածում ենք գումար վաստակելու մասին: Այս օրերին մեր քաղաքը լեփ-լեցուն է զբոսաշրջիկներով:

 

Tags: