Արդեն տևական ժամանակ է, ինչ Արևմուտքի` հատկապես ԱՄՆ-ի կողմից շրջանառվում են մտքեր, թե իբր Սիրիայում կառավարական զորքերը գրոհայինների ու նրանց աջակցող խաղաղ ազգաբնակչության դեմ քիմիական զենք են կիրառել: Դեռևս հունիսին ԱՄՆ ղեկավարությունը հայտարարել էր, թե փաստեր ունի ապստամբ ուժերի դեմ կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման վերաբերյալ:
Բաշար Ալ Ասադի վարչակարգն էլ պնդում էր, թե ապստամբ ուժերն են քիմիական զենք կիրառել կառավարական զորքերի դեմ: Սիրիայի իշխանությունները ՄԱԿ-ին առաջարկել էին հանձնաժողով գործուղել Սիրիա` հետաքննելու, թե ով ու երբ է քիմիական զենք կիրառել այնտեղ: Այդ առաջարկությունը ՄԱԿ-ն ընդունել էր դեռևս հուլիսին, բայց բանակցություններ էին ընթանում ստուգումների անցկացման մանրամասների կապակցությամբ: Երկու շաբաթ տևած բանակցություններից հետո սիրիական իշխանություններն օգոստոսի սկզբին համաձայնության էին եկել ՄԱԿ-ի հետ երկրում քիմիական զենքի առկայության ուսումնասիրման հարցում: Ըստ ձեռք բերված համաձայնության` ՄԱԿ-ի աշխատակիցները Սիրիայում կարող են մնալ 14 օր` դրանք երկարացնելու հնարավորությամբ, երկու կողմերի միջև նախապես համաձայնեցնելուց հետո:
Եթե քիմիական զենքի օգտագործումը հաստատվի, ապա ԱՄՆ իշխանությունները մտադիր են ռազմական միջամտություն կիրառել Սիրիայի նկատմամբ: Այդ նպատակով, ինչպես նշվեց համաշխարհային մամուլում, Միջերկրական ծովից Սիրիայի ափերին են մոտենում ամերիկյան ռազմանավերը, Պենտագոնն էլ Սպիտակ տանն էր ներկայացրել Սիրիայի դեմ ռազմական հարված իրականացնելու տարբեր սցենարներ… Ինչպես նշվում է, Սպիտակ տունը մտադիր է բավարարվել երկօրյա հրթիռակոծմամբ, որը դաստիարակչական բնույթ է կրելու:
Այս տարբերակը միաձայն ընդունվել է Սպիտակ տան բոլոր ներկայացուցիչների կողմից, քանի որ ԱՄՆ-ն չի ցանկանում տևական պատերազմական գործողություններ ծավալել Սիրիայում, սակայն չի էլ թողնի, որ «Սիրիայի կառավարությունը կամայական գործողություններ կատարի խաղաղ բնակչության նկատմամբ»:
Նշենք, որ չնայած ՄԱԿ-ի փորձագետները դեռևս ոչ մի ուսումնասիրություն չեն արել, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի պաշտոնատար անձինք մեղադրանքներ են ուղղել Բաշար Ասադին` պնդելով, թե «քիմիական զենքի օգտագործումը զինյալների դեմ անհերքելի փաստ է»:
Թե ինչ անհերքելի «փաստեր» կան, դեռևս անհայտ է, սակայն մեկ այլ անհերքելի փաստ կա, որին չի կարելի ուշադրություն չդարձնել: Ամերիկացիների մեծամասնությունը հավանություն չէր տալիս Սիրիայի քաղաքացիական պատերազմին միջամտելուն: Դա էին վկայում սոցիոլոգիական հարցումները, որոնք համատեղ իրականացրել էին Reuters-ը և Ipsos-ը ապրիլի 26-ից մայիսի 1-ը:
Հարցվածների 61%-ը դեմ էր ԱՄՆ ինտերվենցիային: Հակառակն էր ցանկանում 10%-ը: Բայց այն դեպքում, երբ Դամասկոսը քիմիական զենք կիրառի, այդ թիվը, ըստ հարցումների, կհասնի 27%-ի: Ահա ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստակամություն հայտնեց միջամտել Սիրիայի իրադարձություններին միայն այն դեպքում, երբ անհերքելի փաստեր լինեն այդ երկրում զանգվածային ոչնչացման զենքի կիրառման մասին: Ի դեպ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդները համարյա ամեն շաբաթ հայտարարում են, թե կառավարությունը քիմիական զենք է կիրառել, սակայն այդ տեղեկատվությունը դեռևս չի ապացուցվել:
Մեկ դար` նույն սցենարով
ԱՄՆ հայտարարությունները քիմիական զենքի կիրառման մասին և պատրաստակամությունը` «պաշտպանելու Սիրիայի խաղաղ ազգաբնակչությանը», ինքնըստինքյան ԱՄՆ-ի պատմությանը հետադարձ հայացք ձգելու կարիք են առաջացնում:
XX դարասկզբին ԱՄՆ-ն հասցրեց մի քանի ֆինանսական համակարգեր ստեղծել ու վերացնել, որոնց հիմքում բանկիրների կողմից խորամանկորեն առաջարկված նույն ԿԲ-հիմքի վրա գործող համակարգերն էին: Վերջապես 1913 թ. ընդունվեց «Ֆեդերալ ռեզերվ» ստեղծելու մասին բանկիրների համաձայնագիր, որը ներկայացվեց կոնգրես ու հաստատվեց: Պետք է հասկանալ, որ «Ֆեդերալ ռեզերվը» մասնավոր բանկ է, որն ունի դրամ հատելու մենաշնորհ և պետությանը տոկոսով փող է տալիս: Այս համակարգը հնարավորություն է տալիս վերահսկել փողի հետ կապված ամեն ինչ, հետևաբար նաև ամբողջ պետությունը:
Բայց մարդկանց կառավարման մեկ այլ միջոց էլ համարվում է պատերազմը: Հատկանշական է, որ 1913 թ. «Ֆեդերալ ռեզերվի» ստեղծումից հետո մի շարք խոշոր ու փոքր պատերազմներ են սանձազերծվել: Դրանցից ամենանշանակալին Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներն են, Վիետնամական պատերազմը և այլն:
1914 թ. սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը: Ամերիկացիները չէին ուզում խառնվել այդ զինված հակամարտությանը, և ԱՄՆ այդ ժամանակվա նախագահ Վուդրո Վիլսոնը հայտարարեց չեզոքության մասին: Սակայն կուլիսների հետևում ԱՄՆ վարչախումբը փնտրում էր նույնիսկ ամենաչնչին առիթը պատերազմի մեջ մտնելու համար: Այդ ժամանակվա ԱՄն պետքարտուղար Ուիլյամ Ջենինգսն այդ իրավիճակը նկարագրել է հետևյալ կերպ. «Խոշոր բանկիրները հետաքրքրված էին պատերազմով, քանի որ այն դիտարկում էին որպես լրացուցիչ շահույթ ստանալու միջոց»:
Կարևոր է հասկանալ, որ բանկիրների համար պատերազմը միանգամից հարստանալու ամենաարդյունավետ միջոցն է, քանի որ ստիպում է պետությանը «Ֆեդերալ ռեզերվից» ավելի շատ տոկոսով փող վերցնել պատերազմական ծախսերը հոգալու համար:
Այդ ժամանակ ԱՄՆ նախագահի գլխավոր խորհրդականն ու ներկայացուցիչը գնդապետ Էդուարդ Հաուսն էր: Նրա և Անգլիայի այդ ժամանակվա արտգործնախարար սըր Էդվարդ Գրեյի խոսակցության սղագրություններում, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի` պատերազմի մեջ ներքաշվելուն, պարզ նշված է հետևյալը: Գրեյը հարցնում է Հաուսին. «Ի՞նչ կանի ԱՄՆ ղեկավարությունը, եթե գերմանական զինուժը կործանի ԱՄՆ քաղաքացիներ տեղափոխող օվկիանոսային նավ»: Հաուսը պատասխանում է. «Ես կարծում եմ, որ զայրույթի մեծ ալիք կբարձրանա ԱՄՆ-ում, ինչը բավարար պատճառ կլինի, որ ԱՄՆ-ն մտնի պատերազմի մեջ»:
Ահա 1915 թ. մայիսի 7-ին «Լուզիտանիա» նավը Էդվարդ Գրեյի ցուցումով ուղղվեց դեպի գերմանական ռազմածովային ուժերի վերահսկողության ներքո գտնվող ջրեր: Ինչպես և ակնկալվում էր, գերմանական սուզանավը տորպեդահարեց նավը, ինչի հետևանքով զոհվեց մոտ 1200 մարդ: Մինչդեռ ԱՄՆ-ում Գերմանիայի դեսպանությունը «Նյու Յորք թայմս» թերթում հայտարարություն էր հրապարակել, որ «Լուզիտանիայով» ուղևորվող քաղաքացիները մեծ ռիսկի են դիմում, քանի որ ռազմական գործողությունների վայրով անցնող ցանկացած միջոց ենթակա է կործանման զինվորականների կողմից…
«Լուզիտանիայի» կործանումը ԱՄՆ-ում դժգոհության մեծ ալիք բարձրացրեց, և շուտով ԱՄՆ-ն մտավ պատերազմի մեջ: Այդ պատերազմը ԱՄՆ-ից պահանջեց մոտ 323 հազար մարդկային կյանք: Ջոն Ռոկֆելլերն աշխատեց 200 մլն դոլար` չհաշված պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի 30 միլիարդանոց ծախսերը, որոնցից մեծ մասը տոկոսով վերցված էին «Ֆեդերալ ռեզերվից»` էականորեն ավելացնելով բանկիրների եկամուտները:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ` 1941 թ. դեկտեմբերի 7-ին, Ճապոնիան հարձակում գործեց Պիրլ Հարբորում տեղակայված ԱՄՆ խաղաղօվկիանոսյան նավատորմի վրա, ինչը պատճառ դարձավ, որ ԱՄՆ-ն մտնի Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ: 60 տարվա լռությունից հետո տեղեկատվության արտահոսք եղավ, որ Պիրլ Հարբորի վրա հարձակման մասին ոչ միայն հայտնի էր դրանից մեկ շաբաթ առաջ, այլև հենց բուն միջադեպը պրովոկացիա է եղել:
Նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը, որի ընտանիքը Նյու-Յորքում բանկեր ուներ, իսկ հորեղբայր Ֆրեդերիկ Ռուզվելտը «Ֆեդերալ ռեզերվի» խորհրդի անդամ էր, համակրում էր բանկիրներին, իսկ պատերազմը նրանց շահերից էր բխում, քանի որ բանկիրների համար ավելի եկամտաբեր միջոց, քան պատերազմն է, չկա: Դրանից առաջ Ռուզվելտն ամեն ինչ արել է սադրելու համար ճապոնացիներին առաջինը հարվածել, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե ով է իրական «ագրեսորը». կրճատել, իսկ հետո արգելել է ամերիկյան նավթի մատակարարումները Ճապոնիա, սառեցրել է ԱՄՆ տնտեսության մեջ եղած ճապոնական ակտիվները, ցուցադրաբար գումարներ է փոխառել Չինաստանից և դրանք ուղարկել Անգլիա և այլն: Մինչև Պիրլ Հարբորի միջադեպն ամերիկացիների 83%-ը չի ցանկացել պատերազմի մեջ մտնել, իսկ միջադեպից անմիջապես հետո 1 մլն մարդ կամավորագրվել է բանակին:
Վիետնամական պատերազմի սցենարն էլ կարծես կրկնվում է. 1964 թ. Հյուսիսային Վիետնամին ԱՄՆ-ի կողմից պատերազմ հայտարարելու պաշտոնական մեկնաբանությամբ նշվում է, թե իբր վիետնամական սուզանավերը Տանկինի ծովածոցում հարձակվել են ամերիկյան կործանիչ նավի վրա: Այս դեպքը հայտնի է որպես «Տանկինյան միջադեպ», որը առիթ դարձավ Վիետնամում պատերազմ սկսելու համար: ԱՄՆ աղբյուրների պնդմամբ` ամերիկյան կործանիչ նավի վրա հարձակում երբեք չի եղել, այլ սադրանք է եղել, որպեսզի պատերազմ սկսելու առիթ լինի: ԱՄՆ նախկին պաշտպանության նախարար Ռոբերտ Մակնամարան շատ տարիներ հետո հրապարակավ հայտարարեց, թե «Տանկինյան միջադեպը» սխալմունք էր, չնայած ամերիկյան մամուլում այդ միջադեպի բազմաթիվ այլ մասնակիցներ պարբերաբար հայտարարել են, որ դա կեղծիք է, չի եղել…
Արդեն իսկ ամերիկյան իրականության մեջ բարձրաձայն ու բավականին համարձակ տեսակետներ են հնչում, որ սեպտեմբերի 11-ը նույնպես ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից երկար տարիների ընթացքում մշակված ու իրականացված օպերացիա էր: Արդյունքում ԱՄՆ-ն միանգամից երկու` ոչնչով չհիմնավորվող պատերազմներ սկսեց Իրաքում և Աֆղանստանում: Չնայած մի դեպքում ԱՄՆ-ն ասում էր, թե Իրաքում զանգվածային ոչնչացման զենք կա, իսկ Աֆղանստանում իբր Ուսամա Բեն-Լադենն էր թաքնվում:
Բայց պետք է հիշել, որ Իրաքը նախևառաջ նավթ արդյունահանող երկիր է, և երկրորդ` հիանալի ռազմաբազա նավթով հարուստ տարածաշրջանում ներկայություն ապահովելու համար, երրորդ` հենարան` Իրաքի հարևան, խոշոր նավթարդյունահանող Իրանի և Սիրիայի վրա հարձակումներ գործելու համար: Աֆղանստանն էլ միջազգային նարկոթրաֆիքի կարևորագույն ու գլխավոր հանգույցներից է:
Պատմությունը կրկնվում է
Սրանից հետո Արևմուտքը, մասնավորապես` ԱՄՆ-ն, նախաձեռնեցին «Արաբական գարուն» կոչվող շարժումը, որով բոլոր այն երկրներին, որոնք էներգակիրների խոշոր արդյունահանողներ են կամ կարևորագույն դերակատարություն ունեն իրենց տարածաշրջանում, բայց չեն ուզում ենթարկվել հզոր Արևմուտքի թելադրած խաղի կանոններին, հերթով չեզոքացնում են:
Շատ ենք անդրադարձել Իրանի և սիրիական ճգնաժամերին: Նշենք միայն, որ Սիրիայում, որտեղ ներկա դրությամբ ծավալվում են աշխարհաքաղաքական շահերի դիմակայության հիմնական գործողությունները, տևական ժամանակ է, ինչ «Արաբական գարունը» քնած է, ու հակամարտության ելքը դեռ չի երևում: Բազմաթիվ փորձագետներ բազմիցս նշել են, որ այս հարաբերական բալանսի վիճակը կարող է փոփոխվել միայն արտաքին միջամտությամբ: Ուստի սպասելի էր, որ մի այդպիսի միջամտություն կլինի:
Թեև, ինչպես նշեցինք, ՄԱԿ-ի` Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետքեր փնտրող հանձնաժողովականները դեռ ոչ մի լուրջ ապացույց չեն գտել, այնուամենայնիվ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ Սիրիայի իշխանությունները վերացնում են քիմիական հարձակման վերաբերյալ ապացույցները: «Քիմիական զենք իսկապես օգտագործվել է Սիրիայում: Եվ այն օգտագործվել է Բաշար Ասադի զորքերի կողմից: Սիրիայում գործող վարչակարգը կարող է քիմիական հարձակումներ իրականացնել` օգտագործելով հրթիռներ»,- հավելել է պետքարտուղարը` Reuters-ի տեղեկացմամբ:
Պարզ է, որ սոցիոլոգիական հարցումների տրամաբանությանը հետևելով` ԱՄՆ ղեկավարությունը սեփական ժողովրդին նախապատրաստում է մեկ այլ պատերազմի Սիրիայում: Առավել ևս, որ վերջին մի քանի օրերին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը մոտեցել են Սիրիայի միջերկրածովյան ափերին:
Սակայն ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ: Ինչպես հայտնի է, Սիրիայի արևմտյան` Միջերկրական ծովին հարող ափերը այժմ գտնվում են ռուս զինվորականների վերահսկողության ներքո, այնտեղ են գտնվում ռուսական նյութատեխնիկական ապահովման բազաները,այլ ռազմաբազաներ ևն: Այսինքն` ռուս զինվորականները, թեև անմիջական մասնակցություն չունեն սիրիական հակամարտությունում, սակայն ֆիզիկապես ներկա են Սիրիայում: Ու եթե Սիրիայում հնարավոր պատերազմական գործողությունների ընթացքում նույնիսկ մեկ ռուս զինվորի կորուստ լինի, դիտավորյալ կամ միտումնավոր ռուսական ռազմաբազային ինչ-որ կերպ վնասվի. ապա այդ հանգամանքը Ռուսաստանի ռազմական միջամտության անմիջական պատճառ կդառնա:
Tags: ԱՄՆ, Սիրիա
