Ձեռքբերումները բազմաթիվ են և հավատացած ենք, որ ավելին կլինեն. քաշաթաղցի

ռոբերտ«Անկախը» ԼՂՀ Քաշաթաղի շրջանում վերաբնակեցման գործընթացի, շրջանի կյանքի, խնդիրների ու ձեռքբերումների մասին է զրուցել  շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանի հետ:

Մաթևոսյանը Երևանից Քաշաթաղ է տեղափոխվել 1995-ին և մինչ օրս էլ այնտեղ է ապրում:

-Պարոն Մաթևոսյան, որպես Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ կներկայացնե՞ք, թե ինչպես է ընթանում վերաբնակեցումը: Այս տարի քանի՞ ընտանիք է հաջողությամբ վերաբնակեցվել Քաշաթաղում:

- Փաստացի վերաբնակեցումը սկսվել է հախուռն` դեռևս 1992 թ.  մայիսի 18-ից հետո, երբ  բացվեց կյանքի ճանապարհը` ազատագրվեց Բերձորը և Արցախը ցամաքային կապով միացավ մայր հայրենիքին: Շահումյանի շրջանից, Գետաշենի ենթաշրջանից և Մարտակերտի օկուպացված տարածքներից առաջին ընտանիքները եկան և բնակություն հաստատեցին: Այնուհետև անհրաժեշտություն առաջացավ այս տարածքներում ստեղծելու որոշ կառույցներ` դպրոցներ, ոստիկանություն, ինքնակառավարման մարմիններ և այլն: Հիմնական վերաբնակիչները փախստականներ են, որոնք Հայաստանի Հանրապետությունում չեն կարողացել լուծել իրենց  բնակարանային խնդիրները, ապրում էին կա՛մ ժամանակավոր կացարաններում, կա՛մ ծանոթ-բարեկամների տանը: Իհարկե, մասնագետների բացը լրացնելու համար հրավիրվում են նաև ոչ փախստական ընտանիքներ:

Իսկ այս տարի շրջան է տեղափոխվել 45 նոր ընտանիք:

 -Սիրիահայերը, որոնք հաստատվել էին Քաշաթաղում, արդյոք ինտեգրվել ու հարմարվե՞լ են նոր միջավայրին: Քանի՞ սիրիահայ ընտանիք է այժմ ապրում Քաշաթաղում, ինչպե՞ս են նրանք ապրուստ վաստակում:

-Այո, չեմ ժխտում, Քաշաթաղի շրջանում հաստատվել են մոտ 40 սիրիահայ ընտանիքներ, որոնք այստեղ են տեղափոխվել Սիրիայի հայտնի դեպքերից հետո: Քանի որ քաշաթաղցին տեսել էր պատերազմի և գաղթի արհավիրքները, պատրաստ էր պատերազմից տուժած մեր հայրենակիցներին իր  հարկի տակ ընդունել: Այդ իսկ պատճառով շրջանում հայտնվեցին առաջին սիրիահայ ընտանիքները, հիմնականում` Սիրիայի Ղամիշլի քաղաքից: Նրանք լավ հողագործներ էին և Քաշաթաղում էլ իրենց ապրուստը հոգում են հողագործությամբ: Կան նաև այլ մասնագետներ` բժիշկ, մեխանիզատոր, վարորդ և այլն, բոլորին էլ ապահովել ենք համապատասխան աշխատանքով:

Սիրիահայերն ավանդապահ և աշխատասեր են, և մենք շատ բան ունենք սովորելու  նրանցից, իսկ ինչ վերաբերում է  ինտեգրվելուն, ապա սա իրենց հայրենիքն է, և հարմարվում են նոր միջավայրին:

- Ի՞նչ  դժվարություններ ու խնդիրներ են առաջ գալիս  վերաբնակեցման ծրագիրն իրագործելիս:

- Ինձ թվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է մի ծրագիր ընդունի «Արտագաղթի կասեցման հրատապ միջոցառումների և հայրենադարձության մասին», որով պետք է փորձ արվի ամրապնդել ինչպես  հանրապետության սահմանամերձ բնակավայրերը, այնպես էլ Արցախը: Հայկական վերաբնակեցումը տարբերվում է ռուսական և հրեական վերաբնակեցումից, որտեղ մեծ գումարներ են ծախսվում: Մենք չունենք այդ միջոցները, հետևաբար, այն կարելի է իրականացնել գաղափարական և տնտեսական (առավել բարենպաստ պայմաններ  տնտեսվարող սուբյեկտներին) հարթություններում:

- Պարոն Մաթևոսյան, ի՞նչ հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրներ ունի այսօր Քաշաթաղը:

- Առաջնահերթ եմ համարում ճանապարհների և կապի խնդիրը: Իմ կարծիքով` անհրաժեշտ է վերանորոգել Քարվաճառ-Բերձոր-Կովսական ռազմավարական մեծ նշանակություն ունեցող ճանապարհը և Քարվաճառ-Բերձոր-Կովսական երթուղիով պետք է իրականացվի կանոնավոր ուղերթ, թեկուզ` շահույթի տեսանկյունից վնասաբեր:

Հրատապ է նաև բնակարանաշինության խնդիրը. մոտ 2000 ընտանիք բնակվում է անմխիթար պայմաններում:

Դպրոցների շենքային և նյութական պայմանների բարելավման խնդիրներ կան. շրջանում կան դպրոցներ, որտեղ աշխատող չկա, չկան թեկուզ հին համակարգիչներ:

քարտեզԽնդիրները բազում են, բայց քաշաթաղցին տեսնում է , որ իր խնդիրներն  ուշադրության կենտրոնում են, և նա հավատով է լցված վաղվա օրվա հանդեպ:

- Բնակչության զբաղվածության հարցը շրջանում որքանո՞վ է լուծված, և ի՞նչ մասնագետների կարիք է այժմ զգացվում:
- Քանի որ շրջանը հիմնականում գյուղատնտեսական է, բնակչության զգալի մասը զբաղված է գյուղատնտեսական աշխատանքներով: Գյուղատնտեսությամբ զբաղվողներին բավական շահավետ պայմաններով հատկացվում են  վարկեր գյուղտեխնիկա ձեռք բերելու,  հացահատիկային կուլտուրաներ մշակելու, անասնապահության համար և այլն:

Շրջանում դեռևս կա  ուսուցիչների, մեխանիզատորների, գյուղատնտեսների, բուժքույրերի պահանջարկ:

- Ամենուրեք խոսվում է արտագաղթի մասին: Կա՞ արդյոք արտագաղթ Քաշաթաղից:

- Այո, կա: Ամեն դեպքում արտագաղթի ցուցանիշները 1000 բնակչի հաշվով մի քանի անգամ զիջում են միջին հանրապետական ցուցանիշին, սակայն դա մեզ չի բավարարում, և փորձում ենք  հասկանալ ամեն մի հեռացողի մեկնման իսկական պատճառները:

- Մի քանի օրից Սեպտեմբերի 1-ն է` կրթական տարվա մեկնարկը: Քաշաթաղում դպրոցները որքանո՞վ են համալրված կրթության կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով, պարագաներով և կադրերով: Քանի՞ առաջին դասարանցի այս սեպտեմբերի մեկին դպրոց կհաճախի:

- Շրջանում գործում են ավելի քան 50 հանրակրթական դպրոցներ, որոնք հիմնականում ապահովված են դասագրքերով, աշակերտական նստարաններով, գրատախտակներով: Դպրոցական գրադարանների հարցը լուծվում է կա՛մ տեղական, կա՛մ բարերարների միջոցներով: Օգտվելով առիթից` հատուկ շնորհակալություն եմ հայտնում «Զորակն» գիտակրթական, երիտասարդական հիմնադրամին, որի ջանքերով շրջանի մի շարք գրադարաններ համալրվեցին հանրագիտարաններով և ծրագրային գեղարվեստական գրականությամբ:

Դպրոցներում խնդիր է առարկայական դասարանների և լաբորատորիաների կահավորումը:

Կադրերով հիմնականում ապահովված են, միայն շրջանի մի քանի հեռավոր բնակավայրերում ունենք ուսուցիչների խնդիր:

Այս տարի դպրոց կհաճախեն մոտ 230 առաջին դասարանցիներ: Անցած ուսումնական տարվա համեմատությամբ` այս ցուցանիշն ավելացել է 38-ով:

- Իսկ ի՞նչ ձեռքբերումներ և հաջողություններ են գրանցվել շրջանում: Մի փոքր պատմեք նաև արձանագրված հաջողություններից և իրականացված ծրագրերից:

- Այսօր Քաշաթաղի շրջանում կան 53 համայնքներ  ավելի քան 100 բնակավայրերով, որոնցից 4-ը համարվում են քաղաքային` Բերձոր, Կովսական, Միջնավան և Որոտան: Շրջանում տարեցտարի ավելանում են ամուսնությունների և ծնունդների թվերը:

Շրջանում նոր թափ է  ստացել շինարարությունը: Այսպես, ավարտվում է Արտաշավի գյուղի դպրոցի նոր շենքի կառուցումը, հիմնավորապես վերանորոգվել է  Այգեհովիտ գյուղի դպրոցի շենքը, ավարտական փուլում  է Կումայրիի և Միջնավանի դպրոցների շենքերի շինարարությունը, նախատեսված է  նոր դպրոց կառուցել Հայկազյանում:  Կովսականի մանկապարտեզի շենքի կառուցումն ավարտական փուլում է: Շարունակվում են  շրջանային հիվանդանոցի կառուցման աշխատանքները Բերձորում, որը հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով:

Նաև բարելավվում են միջշրջանային ճանապարհները, խմելու և ոռոգման ջրագծերը:

Մեր շրջանավարտներից շատերը հաջողությամբ ընդունվում են պետական բուհեր և  ցուցաբերում են բարձր առաջադիմություն: Դպրոցական օլիմպիադաներում (Արցախում անցկացվող) մեր աշակերտներից շատերը նվաճում են մրցանակային տեղեր: Շրջանում գործում են պարի և  ժողգործիքների պետական համույթներ:

Ձեռքբերումները բազմաթիվ են, և հավատացած ենք, որ ավելին կլինեն:

Tags: ,