Պարբերաբար անդրադարձել ենք Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում սրտի վիրահատության ենթարկված հիվանդներից մեկի՝ 64-ամյա Հովհաննես Կաթրջյանի բարձրացրած հարցին: Նրա պնդմամբ՝ կենտրոնում իրեն խաբել են՝ տեղադրելով ավելի կարճ ժամանակահատվածի համար նախատեսված սրտի խթանիչ սարք, որի դիմաց ինքը վճարել է ավելին, իսկ մեկ այլ վիրահատության ժամանակ՝ մահացած մարդու խթանիչ սարք: Վիրահատությունները կատարել է կենտրոնի հիմնադիր, վիրաբույժ Սմբատ Ջամալյանը:
2008 թ. Կաթրջյանի սրտին տեղադրված խթանիչ սարքի ժամկետը սպառվելու է 2014 թվականի հունվար ամսին, և նրա սիրտը կանգ է առնելու, մինչդեռ նա վիրահատվել է՝ իմանալով, որ սարքը ծառայելու է մոտ տասը տարի:
Կաթրջյանն արդեն չորս տարի է՝ պայքարում է, որ պաշտպանի իր իրավունքները և փոխհատուցում ստանա բժշկական կենտրոնից, քանի որ նյութապես ի վիճակի չէ 2014-ին կրկին վիրահատվելու (նախորդ վիրահատությունը կատարվել է պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ, քանի որ այդ ժամանակ Կաթրջյանի որդին ծառայել է ՀՀ զինված ուժերում):
2009 թ. հիվանդը դիմել է Երևանի գլխավոր դատախազին և հայտնել, որ կենտրոնում իրեն վիրահատել են և խաբեությամբ յուրացրել որոշակի գումար: Հարուցվել է քրեական գործ: Մեծ ջանքերի շնորհիվ Կաթրջյանը հասել է նրան, որ Ջամալյանը գործում ներգրավվի որպես մեղադրյալ, իսկ ինքը` որպես տուժող: Գործը քննվում էր Էրեբունու քննչական բաժնում քննիչ Բունիաթ Եղիազարյանի կողմից:
Ջամալյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, սակայն նրան բերման ենթարկել չէին կարողանում, քանի որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրությամբ չբացակայելը, մինչդեռ նա արդեն իսկ բացակայում էր երկրից՝ գտնվելով Դանիայում:
Մինչ հետաքննությունն ընթանում էր, Կաթրջյանը ևս մեկ ցնցող փաստ է բացահայտել, որը վերաբերում է 2004 թ. իր վիրահատությանը: Նա պարզել է, որ իր սրտին տեղադրված սարքը մեկ անգամ արդեն տեղադրված է եղել ԱՄՆ մի քաղաքացու, և դա է եղել պատճառը, որ այն ծառայել է ոչ թե 12 տարի, այլ 4 տարի, և 2008-ին իրեն կրկին վիրահատել են:
Նույն կենտրոնում՝ նույն Ջամալյանի կողմից վիրահատված մեկ այլ հիվանդ՝ 62-ամյա Արտյոմ Մելքումյանը, նույնպես պարզել է, որ իր սրտին օգտագործված սարք են տեղադրել: Այդ փաստերը ներկայացվել են քննիչ Եղիազարյանին՝ գործին կցելու և հետաքննելու համար:
Հիվանդները կարծում են, որ դա եղել է արտերկրի դիահերձարաններից մահացածների խթանիչները Հայաստան ներկրելու և դրանք օգտագործելու հանցավոր գործունեություն, որը կրել է շարունակական բնույթ:
Թվում էր, թե ապացույցներն այնքան ակնառու են, որ Ջամալյանը չի խուսափի պատասխանատվությունից, բայց հուլիսի 26-ին քննիչն անակնկալ որոշում է կայացնում քրեական գործի վարույթը կարճելու, Ջամալյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և խափանման միջոցը վերացնելու մասին:
Ի՞նչ է պարզել քննիչը: 2012 թ. հունիս ամսին Եղիազարյանը համապատասխան բժշկական փորձաքննությամբ պարզել է, որ Կաթրջյանի մարմնում տեղադրված խթանիչի աշխատունակության ժամկետը 6 տարի է, և հաստատվել է, որ նրա սարքի ժամկետին մնացել է 2 տարի, 2 ամիս, այսինքն մինչև 2014 թվականը:
Սակայն քննիչի համար առավել համոզիչ է եղել Ջամալյանի ցուցմունքը, ըստ որի` Կաթրջյանի սրտում տեղադրված խթանիչի ծառայության ժամկետը կազմում է 8-10 տարի՝ ըստ ընկերության կողմից ներկայացված տվյալների, ինչը սակայն կրում է զուտ տեղեկատվական բնույթ, և իրավական առումով որևէ երաշխիք սրտաբանական կենտրոնի կողմից չի տրվել: Ջամալյանը նաև նշել է, որ Կաթրջյանը չի հաճախել պրոֆիլակտիկ ստուգումների, չի հետևել վարող բժշկի խորհուրդներին, որի պատճառով էլ սարքի ժամկետը կրճատվել է:
Ինչ վերաբերում է Կաթրջյանի և Մելքումյանի դիմումներին, ըստ որոնց` Ջամալյանը տեղադրել է օգտագործած սարքեր, ապա քննիչը պարզել է, որ սարքերն իսկապես օգտագործված են եղել, ինչն անթույլատրելի է:
Կենտրոնի կողմից օգտագործված սարքերը ձեռք բերելու, վիրահատության արժեքը սահմանելու և գործով մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով քննիչը գրություն է ուղարկել առողջապահության նախարարին: Ստացվել է պատասխան, ըստ որի` առողջապահության նախարարությունը տեղեկություններ չունի այդ կենտրոնի կողմից օգտագործված սարքերը ձեռք բերելու վերաբերյալ, նման սարքեր ներկրելու համար օրենսդրությամբ սահմանված կարգ կամ թույլտվություն չի պահանջվում, այն որոշվում է համապատասխան բժշկական կազմակերպության գործադիր մարմնի կողմից, հիշյալ ՍՊԸ-ն մասնավոր ընկերություն է և չի գտնվում առողջապահության նախարարության ենթակայության տակ, հետևաբար նախարարությունը չի կարող որևէ կերպ տեղեկատվություն պահանջել ընկերությունից:
Օգտագործված խթանիչներ օգտագործելու մասով հետաքննությունն այդքանով ավարտվել է:
Մի խոսքով, գրեթե երկու տարի տևած նախաքննության արդյունքում ձեռք բերված փաստերը համակցության մեջ գնահատելով՝ քննիչը գտել է, որ Ջամալյանի առնչությամբ բացակայում է խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմը:
Քննիչը նաև գտել է, որ Կաթրջյանի, Մելքումյանի և «Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊԸ-ի միջև ծագած գույքային հարաբերությունները կրում են քաղաքացիա-իրավական բնույթ և ենթակա են լուծման դատական կարգով:
2011-ին Կաթրջյանն առիթմոլոգիական կենտրոնի դեմ հայց է ներկայացրել դատարան, սակայն մինչ օրս դատական նիստերն անց են կացվում առանց պատասխանող կողմի ներկայության: Կաթրջյանը դատարանից մեծ սպասելիքներ չունի, բայց եթե անգամ նրա հայցը բավարարվի, ապա որոշումը կմնա զուտ թղթի վրա արձանագրված փաստ, և հիվանդին որևէ փոխհատուցում չի տրամադրվի: Բանն այն է, որ Հայաստանի առիթմոլոգիական կենտրոնը՝ որպես ՍՊԸ, այլևս գոյություն չունի. այս տարվա ապրիլի 23-ից կենտրոնը պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը: Սակայն դե յուրե: Դե ֆակտո կենտրոնը գոյություն ունի, բայց գործում է «Նատալի-Ֆարմ» ՍՊԸ-ի Մալաթիա բժշկական կենտրոնի կազմում՝ որպես սրտաբանական բաժանմունք: Այսինքն` անցյալի հետ հաշիվները մաքրված են:
Ինչ վերաբերում է քննիչի որոշմանը, ապա Կաթրջյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բողոքարկել է այն, սակայն արդարության վերականգնման հույս չունի: «Ես միգուցե պարտված եմ, բայց ուզում եմ, որ բոլորն իմանան, թե ինչ է կատարվել այդ կենտրոնում,- ասում է նա,- Ջամալյանը բժիշկ կոչվելու իրավունք չունի: Փողը տալիս ես, մաղարիչ անում ես, շնորհակալություն հայտնում ես, ջան ասում ես, քեզ հաշմանդամ է դարձնում, ուղարկում: Հիմա էլ գործը կարճեցին, Դանիայից հետ կգա, նորից կշարունակի իր հանցավոր գործունեությունը: Եվ էս տեսակի բժշկին դեռ մրցանակ են շնորհում»:
Հիշեցնենք, որ 2009 թ. Սմբատ Ջամալյանին շնորհվել է հանրապետության նախագահի մրցանակ` Հայաստանի Հանրապետությունում առիթմոլոգիայի և էլեկտրաֆիզիոլոգիայի զարգացման համար:
Հովհաննես Կաթրջյանի և Արտյոմ Մելքումյանի խոսքով՝ ժամանակին իրենցից բացի Ջամալյանից տուժած ևս երկու հիվանդներ էին պայքարում արդարությունը վերականգնելու համար, սակայն նրանցից մեկն արդեն մահացել է, իսկ մյուսը, հույսը կտրած, լռել:
Արտյոմ Մելքումյանը նույնպես կարծում է, որ պայքարելն այլևս անիմաստ է. «Նորմալ երկրում կարելի էր հույս դնել արդար դատական գործընթացի վրա, բայց ինչպես տեսնում եք, իրավապահ համակարգն աշխատում է նմանների օգտին: Իմ տպավորությամբ, եթե Ջամալյանը մեղավոր ճանաչվի, կբացահայտվի մի մեծ հանցագործության կծիկ, որը շատերին ձեռնտու չէ: Դրա համար էլ գործը կոծկում են»:
Tags: առողջական, իրավունք
