Կրթական համակարգի սեպտեմբերյան անակնկալները

Արմեն-ԱշոտյանՀայաստանում վիճակագրական տվյալներ չկան բուհ ընդունված, սակայն վարձավճարը չվճարելու պատճառով բարձրագույն կրթական համակարգից դուրս մնացած ուսանողների մասին: Այնուամենայնիվ, առանց  դրա էլ տեսանելի է, որ ցուցանիշներն այնքան էլ մխիթարական չեն: Իհարկե, արտասահմանյան երկրներում էլ այսպիսի խնդիրներ կան, սակայն այնտեղ այս  խնդիրը կարգավորվում է պետության կողմից, և բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող յուրաքանչյուր երիտասարդ, այսպես թե այնպես, գործընթացից դուրս չի մնում:

ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱԿՑԻԱՆԵՐԸ

Ամռան տապին, երբ բոլորը վայելում էին իրենց երկար սպասված հանգիստը, հայաստանյան մի շարք բուհերի ռեկտորներ հայտարարություն տարածեցին այն մասին, որ գալիք ուսումնական տարվա մեկնարկի հետ վարձավճարները թանկանալու են: Թերևս ո՛չ ռեկտորները, ո՛չ էլ առավել ևս կրթության և գիտության նախարար Աշոտյանը չէին կարող ենթադրել հանրային արձագանքն ու վերաբերմունքը:

Protesters rally in front of the RA Government buildingԱմենուր և ամեն տեղ ուսանողները հանդես էին գալիս ուսանողական ակցիաներով՝ պահանջելով ոլորտի պատասխանատուներից հետ կանգնել այդ մտքից և չբարձրացնել ուսման վարձավճարները: Ռեկտորները, իհարկե, պատճառաբանելու շատ բան ունեին, բայց դա այնքան էլ երիտասարդների սրտով չէր: Շարժման ակտիվ մասնակիցներ էին նրանք, ովքեր բուհ են եկել ոչ թե դիպլոմ ստանալու և, մեղմ ասած, այդ դիպլոմն «օժիտ» տանելու, այլ գիտելիք ստանալու համար:

Առաջին ամենամեծ հարվածը ստացան մայր բուհի ուսանողները, որոնք արդեն իսկ բավական թանկ էին վճարում իրենց կրթության համար: Քաղաքացիական նախաձեռնությունը տեղին էր, առավել ևս, որ դրան որևէ մեկը չտվեց քաղաքական բովանդակություն:

Հետաքրքիր է, որ տարբեր բուհերի ռեկտորներ սկսեցին PR ակցիաներ անել, հարցազրույցներ տալ, «երևալ» ուսանողական շրջաններում և ամեն կերպ համոզել, որ բարձրացված գումարը ծառայելու է հենց նրանց օգտին:

Այս օրերին մայրաքաղաքում դեռ շարունակվում են համանման ակցիաները, ուստի այս պահի դրությամբ երևույթին գնահատական տալ չենք շտապում:

 ՏԻԿԻՆ ԳՐԵՏԱՅԻ ԵՐԱԶԱՆՔԸ

Տիկին Գրետան երեք զավակի մայր է, ասում է՝ երեքն էլ տղա են, Աստված թող պահապան լինի: Մի տղան այժմ բանակում է, երկուսն էլ՝ ուսանող:

- Ամուսինս շուտ է մահացել, մենակ պահել-մեծացրել եմ երեխաներիս: Դժվար է մենակ կնոջ համար երեք երեխա մեծացնելը: Բարեկամներ էլ չունեմ, որ ասեմ` օգնում են: Ես եմ իմ գլխի ճարը տեսնում,- շարունակում է տիկին Գրետան:- Երկու երեխաներս էլ ուսանող են: Արմանս գյուղինստիտուտ (Հայաստանի Ագրարային համալսարան) է ընդունվել, վճարովի, Տիգրանս էլ պետհամալսարանի կենսաբանության  ֆակուլտետում է սովորում: Ճիշտ է՝ երկուսն էլ ուսմանը զուգահեռ երկու տեղ աշխատում են, որ կարողանանք և՛ ապրել, և՛ ուսման վճարները տալ: Պատկերացրեք՝ էդ գումարը մի կերպ ենք տալիս, հիմա էլ որոշել են էս թանկուկրակ ամեն ինչի մեջ մի հատ էլ ուսանողների փողն ավելացնել: Չգիտեմ՝ ինչ եմ անելու: Բա կարելի՞ է, էս պետությունը չի ցանկանում հաշվի առնել, որ միջին ու ցածր խավ էլ կա, մի կերպ յոլա ենք գնում, ուղղակի գոյատևում ենք, բա սա անելո՞ւ բան է:

Տիկին Գրետայի նյարդերը տեղի են տվել, իսկ տղաները, ասում է, ավելի հանգիստ են տանում. «Մամ ջան, կաշխատենք, կտանք»:

- Բայց մեր ժամանակ էսպիսի բան չկար: Մենք նորմալ կրթություն ենք ստացել սովետի ժամանակ: Հիմա երեխաներս աշխատում են, վարձ են տալիս, բայց մի կողմից էլ կասկածում եմ՝ նորմալ մասնագետ կդառնա՞ն: Մենք միսենյականոց փոքր, խարխուլ տան մեջ ենք ապրում, որևէ հարմարություն չունենք, ախր հազիվ ծերը ծերին հասցնելով յոլա ենք գնում, էն տղես էլ` Սաքոս բանակում է, էս հարուստների լակոտների տեղն ա ծառայում, էրեխեն պրոբլեմներ ուներ, բայց մեկ ա` տարան:

Ո՞րն է ելքը: Տիկին Գրետան ասում է.

- Իմ վերջին հույսը ջահելներն են, որ էսօր կառավարության շենքի դիմաց իրենց ոտնահարված, խախտված իրավունքներն են ուզում պաշտպանել: Ուրիշ հույս ես չունեմ: Եթե մի բան կարողացան անել, հենց էս սովորող էրեխեքը կարող են անել, թե չէ հարուստների հեչ պետքն ա, պապաները կտան էլի: Հիշում եմ՝ Արմանս առաջին կուրսում էր, գիշերը ցերեկ էր արել, առավոտը գնում էր դասի, գալիս, երկու տեղ էլ աշխատում էր, հետն էլ պարապում էր, մեղքս գալիս էր, ասում էի՝ մի նորմալ երիտասարդություն էլ էրեխեքս չեն տեսնում, հետո կամաց-կամաց գործերը մի քիչ լավացան, բայց, օրինակ, մեր ընտանիքը էդքան փող չի կարողանա տալ: 

ԼՈՒՍԻՆԵՆ ԴՐՍՈՒՄ Է ՏԵՍՆՈՒՄ ԻՐ ԱՊԱԳԱՆ

Ակցիայի ակտիվիստ աղջիկներից Լուսինեն (սովորում է մայր բուհում), ասում է, որ այլևս իր ապագան տեսնում է Եվրոպայում: Իր պատմելով, խախտելով բոլոր օրենքները, իրեն անվճար համակարգից զրկել են, որ իրենց կուրսի տղաներից մեկին բանակից ազատեն:

- Մի հարուստի պատճառով ես այսօր նորմալ կրթություն էլ չեմ կարողանում ստանալ, սովորելուն զուգահեռ աշխատում եմ, որ ծնողներիս օգնեմ` վարձը տանք: Դե, գիտեք, դասախոսներն էլ մի տեսակ են լինում, երբ իմանում են, որ սովորելուն զուգահեռ աշխատում ենք,- ասում է Լուսինեն:- Առաջին օրը, երբ իմացանք, որ մեր հարգարժան ռեկտորը որոշել է վարձավճարները բարձրացնել, նամակով դիմեցինք իրեն: Սփոփելու համար պրոռեկտորն ասաց, թե բոլորի վրա հո չի տարածվելու սա: Բայց եթե ոչ իմ կամ իմպեսների, ապա էլ ո՞ւմ վրա պետք է տարածվի:

Լուսինեն կտրական էր տրամադրված: Անգամ ցանկանում էր դատի տալ կրթության և գիտության նախարարին և բուհի ռեկտորին: Ասում է՝ ծնողներն են հետ պահել:

- Էսօր քի՞չ են ուտում, որ ավելին են ուզում, ի՞նչն ա պակաս: Իրոք: Մի կերպ ենք վճարում էս փողը: Աղջիկ եմ, բայց տարին մի անգամ եմ շոր առնում, շորի ու կոշիկի փող չունեմ: Պատկերացնո՞ւմ եք՝ իմ պայուսակում անգամ աղջկա համար նախատեսված պարագաներ չկան, ռոբոտացել ենք, աշխատում ենք, որ ապագա ունենանք, բայց ես արդեն հույսս կորցրել եմ ու այստեղ էլ ապագա չեմ տեսնում:

Լուսինեն, իր ասելով, հրաշալի տիրապետում է անգլերենին և ֆրանսերենին ու ցանկանում է մշտական բնակության անցնել Եվրոպայում, այնտեղ ապրել ու սովորել:

- Անկեղծ ասած, ես արդեն Հայաստանում ապագա չեմ տեսնում: Եվրոպայում էլ հեշտ չէ, բայց գոնե սովորողին տեղ են տալիս, մարդու տեղ են դնում: Չեմ կարծում` դեկանները մերոնց նման մուննաթ-զուննաթ գան, ինչ է մեզնից հավելյալ կաշառք չեն ստանում: Իմ միակ հույսը, վերջին հույսը հանրապետության նախագահն է, գոնե նա պետք է ստիպի, որ նման քայլի չգնան ռեկտորները:

«Անկախի» այն հարցին, թե որքանով է հնարավոր  Եվրոպայում ուսանելը, ասում է.

- Ընկերս անցած տարի գնաց Ֆրանսիա՝ Մարսելի համալսարաններից մեկը, ու շատ գոհ է: Ասում է՝ այստեղ ես զգում, թե ինչպիսին պետք է լինի ուսանողը: Հայկական բուհը նա համեմատեց հայկական դիսկոտեկների հետ, ասում է. «Հայաստանում սովորելը, այստեղի հետ համեմատած, ուղղակի խաղուպար է»: Ես ուզում եմ ինչ-որ բանի հասնել ու դա կանեմ Եվրոպայում: Հիմա ինձ անգամ պետք էլ չեն «Լույս» հիմնադրամի փողերը: Նման բան կա, չէ՞, ուսանողներին փող են տալիս դրսում սովորելու համար: Ամենակարևորը՝ ծնողներս արդեն համաձայն են որոշմանս:

 ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը զարմանում է, թե ինչու են ուսանողները հենց այս օրերին բողոքի ակցիաներ անում և ոչ թե, ասենք, ապրիլ ամսին, երբ կայացվել է որոշումը: Դրան ուսանողներից մեկը պատասխանեց, որ նախաքննական շրջան է եղել, և դրա ժամանակն իրենք չեն ունեցել:

 Վերջապես օրերս նախարարության շենքում տեղի ունեցավ մի խումբ ուսանողների և նախարար Աշոտյանի սպասված հանդիպումը: Ուսանողները դժգոհում էին ուսման վարձերի բարձրացումից և հորդորում նրան միջամտել և  վեց համալսարանների ռեկտորների կայացրած որոշումն ապօրինի համարել:

 Աշոտյանը հորդորեց ուսանողներին իրենց առաջարկներն ու պահանջները ներկայացնել նաև գրավոր տարբերակով, ինչին նա ևս գրավոր պատասխան կտա:

Այնուհետև ԿԳ նախարարը տեղեկացրեց, որ ուսման վարձավճարների հետ մեկտեղ մի շարք բուհերում ավելանալու է զեղչերի և պետպատվերի քանակը:

 

 

Tags: , ,