«Փակ շուկայի սեփականատիրոջ դեմ կարող են հայց ներկայացնել բոլոր այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրության մեջ ամրագրված է պատմա-մշակութային արժեքների պահպանության հարցը»,- ասում է բնապահպան, «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Կարինե Դանիելյանը:
Նրա համար ամենաանհեթեթն այս ամենի մեջ այն է, որ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը բազմիցս արգելել են շինարարությունը` այն համարելով ոչ օրինական, ապամոնտաժման որոշում են կայացրել և այլն, բայց շինարարությունը շարունակվում է: «Եթե լիազոր մարմինը համաձայն չէ, քաղաքապետարանը համաձայն չէ, ուրեմն պետք է որ նույն ոստիկանությունը գար և դադարեցներ շինարարությունը, հետո ապամոնտաժվեր, բայց հակառակն է տեղի ունենում»,- նկատում է նա:
Կան լուսանկարներ, որոնք փաստում են, որ դա այլևս այն շուկան չէ, դա «սիթի» է. երկրորդ հարկ է ստեղծվել, կամարների մի մասը վերացել է, չկա ջրավազանը, որտեղ ոսկե ձկնիկներ էին լողում, մի խոսքով, ըստ Դանիելյանի, ստանդարտ սուպերմարկետ է դարձել. «Մենք կորցրեցինք մեր պատմա-մշակութային հուշարձանը, որը սովետական, նաև միջազգային մրցանակներ էր ստացել»:
Կարինե Դանիելյանին ամենից շատ ցավ է պատճառում այն, որ իրար դիմաց գտնվող երկու պատմա-մշակութային հուշարձանները` Ծածկած շուկան և Կապույտ մզկիթը, պիտի ներկայցվեին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու, և որքան ինքն է տեղյակ, մզկիթի գործընթացը շատ դրական ընթացքի մեջ է, իսկ Ծածկած շուկայինը` ոչ:
«Մենք մեր ձեռքով քանդեցինք մեր պատմությունը, սա ուղղակի խայտառակ երևույթ է»:
Բնապահպանին ցավ է պատճառել նաև Սամվել Ալեքսանյանի շահերը ներկայացնող մի խումբ կանանց պահվածքը և այն տեսարանը, երբ շուկայի մոտ հավաքված այդ կանայք սկսել են բղավել, որ իրենց պետք չեն այդ կամարները. «Կամարս ո՞րն ա, ի՞նչ պատմա-մշակութային արժեք, մեզ աշխատանք է պետք, ստեղ կռիսանոց էր, ինքը (Սամվել Ալեքսանյանը) մաքրեց…»:
«Ես հասկանում եմ, չեմ ուզում մեղադրել, մարդիկ այդ վիճակին չպիտի հասնեին, որ լրիվ մոռանային իրենց արժանապատվությունը, ազգի արժանապատվությունը»,- ասում է նա:
Իսկ երբ հաջորդ օրն այդտեղով անցել է, զարմացած է մնացել Սամվել Ալեքսանյանի կողմից ստեղծած այն հզոր բանակից, որը մի գիշերվա մեջ հասցրել էր հսկա պաստառներ պատրաստել և հայտնվել շուկայի մոտ. «Անգամ նոյեմբերի 7-ին` խորհրդային տարիներին, նման պաստառներ
մարդիկ չէին տանում,- ասում է նա,-պաստառներ, որոնց վրա գրված էր, թե ի՜նչ բարերարի հետ մենք գործ ունենք, ի՜նչ լավ գործ է նա արել, մարդկանց աշխատանքով է ապահովել և այլն և այլն: Ամո՛թ է, շա՛տ ամոթ, որ մենք իջել ենք այս մակարդակի: Մենք այլևս այն ազգը չենք, որ 88-ին մեր արժանապատվության համար կանգնած էինք հրապարակում`մոռանալով մեր հացի խնդիրը»:
Ինչ վերաբերում է «կռիսանոցը մաքրելու և տարածքը բարեկարգելու» հակադարձ հիմնավորումներին, ապա Կարինե Դանիելյանը նկատում է, որ դա մարտավարություն է, որը կիրառվում է նաև կանաչ տարածքները կառուցապատելու դեպքում. «Երբ որ աչք են դնում տվյալ կանաչ գոտու վրա, որ պիտի կառուցապատեն, առաջին փուլում ջուրն են կտրում, որ չորանա, հետո աղբը չեն հավաքում, բերում, նույնիսկ իրենք են աղբ լցնում, իբր աղբանոց է, հետո ասում են` էկոլոգներ, էս աղբանոցի, էս կռիսանոցի համա՞ր եք պայքարում: Հիմա նույն պատմությունն էստեղ է»:
Բնապահպանին շատ է զարմացրել վերջերս Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հայտարարությունը, թե ինքն էլ է տխրած: Մինչ այդ բուռն դեպքերը Երևանի քաղաքապետարանի էկոլոգիական հանձնաժողովը ճարտարապետական հանձնաժողովի ճարտարապետների հետ միասին հանդիպել է Տարոն Մարգարյանի հետ, որտեղ կրկին բարձրացվել է Ծածկած շուկայի հարցը: Կարինե Դանիելյանի խոսքով` քաղաքապետն ընդունել է, որ սխալ է տեղի ունեցել:
Այնուամենայնիվ, սխալն ընդունելով հանդերձ, որևէ բան չի փոխվել, ինչն էլ, ըստ Դանիելյանի, ամենագլխավոր խնդիրն է: «Եթե ամենաթողությունը մեր կյանքի հիմնական սկզբունքն է, ուրեմն մենք բոլոր ոլորտներում նույն վիճակին պիտի հանդիպենք, և գնալով վիճակն ավելի պիտի վատանա: Սա հանգույց է, որ պե՛տք է լուծվի»:

Իսկ լուծումը, ըստ նրա, քաղաքական կամքի խնդիր է: Սական դրանից էլ առանձնապես մեծ հույսեր չունենալով` Կարինե Դանիելյանն անիրական լավատեսությամբ հույս է հայտնում, որ միգուցե «մարդկանց կողմից ընտրված» պատգամավոր Սամվել Ալեքսանյանը բարի կամք կդրսևորի և կասի. «Հա՛յ ժողովուրդ, ես վերադարձնում եմ քեզ քո պատմա-մշակութային արժեքը»:
Tags: փակ շուկա
