Անցյալ շաբաթ բոլորին անխուսափելի էր թվում Արևմտյան մի քանի երկրների կողմից Սիրիային ռազմական հարվածներ հասցնելու հեռանկարը: Մասնավորապես` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի` ՆԱՏՕ-ի առաջատարներից երեք երկրների իշխանությունները հայտարարում էին, որ Սիրիային ռազմական հարվածներ հասցնելու անհրաժեշտություն կա, որ պետք է ռազմական հարվածներով ստիպել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին` թողնել նախագահի պաշտոնը`հիմնավորելով իրենց «բարի ցանկությունն» այն հանգամանքով, որ իբր օգոստոսի 21-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններում ապստամբների դեմ քիմիական զենքի կիրառումը Սիրիայի գործող իշխանությունների` Ասադի վարչակարգի ձեռքի գործն է:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանն աննախադեպ որոշում կայացրեց
Միացյալ ուժերի կողմից նշվում էր անգամ հարվածներ հասցնելու հավանական օրը` նախորդ հինգշաբթի, եթե ՄԱԿ-ի` Սիրիայում քիմիական զենքի կիրառման հարցերով ուսումնասիրություններ կատարող փորձագետներն անհերքելի ապացույցներ բերեին, որ կառավարական զորքերն իրոք քիմիական զենք են կիրառել ապստամբների ու նրանց կողմնակիցների դեմ:
Հարվածը տեղի չունեցավ, որովհետև, որքան էլ անսպասելի էր, Մեծ Բրիտանիայի խորհրդարանը գործադիր իշխանություններին ռազմական հարված հասցնելու իրավունք չտվեց: Գրեթե նույնպիսի իրավիճակ ստեղծվեց Գերմանիայում, որտեղ ևս գերմանացի խորհրդարանականները դեմ էին իրենց երկրի զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությանը Սիրիայի դեմ իրականացվելիք մարտական գործողություններին:
Եվրոպական մի շարք երկրներ ևս հայտարարեցին, թե առանց ՄԱԿ-ի համապատասխան բանաձևի` դեմ են Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելուն: ԱՄՆ-ի կամակատարը դարձած ՆԱՏՕ-ի բարձրագույն ղեկավարությունն էլ իր հերթին հայտարարեց, թե չի պատրաստվում մասակցել ԱՄՆ-ի կողմից կազմակերպվող այդ ռազմական արշավին:
Այսպիսով, ԱՄՆ-ն մնում է միայնակ Սիրիայի դեմ մարտական գործողություններ իրականացնելու իր նպատակներով ու ծրագրերով:
ՄԱԿ-ի ներկայացուցիչները, որոնք Սիրիա էին մեկնել տեղի իշխանությունների առաջարկով` տեղում հետաքննելու քիմիական զենքի կիրառման փաստերը և ըստ նախնական պայմանավորվածության` Սիրիայում պետք է ուսումնասիրություններ կատարեին 14-օրյա ժամկետում, իսկ անհրաժեշտության դեպքում նաև կարող էին կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ երկարաձգել ուսումնասիրությունների տևողությունը, արդեն վերադարձել են Սիրիայից: Այժմ աշխարհը սպասում է նրանց վերջնական եզրակացությանը, թե իրականում ով և ինչպիսի զենք է կիրառել և ում դեմ:
Ինչևիցե, ելնելով այն հանգամանքից, որ ԱՄՆ-ի և եվրոպական քարոզչամեքենան չէր էլ սպասում փորձագետների եզրակացությանը, քանի որ արդեն իսկ սկսել էր տեղեկատվական գրոհ իրականացնել Սիրիայի դեմ (օրինակ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշում էր, թե փորձագետների մուտքը Դամասկոս կառավարության կողմից միտումնավոր խոչընդոտվել է`քիմիական զենքի կիրառման փաստական ապացույցները վերացնելու համար և այլն), պարզ է, որ Արևմուտքին ամենևին էլ չէր հետաքրքրում ՄԱԿ-ի փորձագետների կարծիքը Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ:
Հայտնի էր նաև ԱՄՆ-ում անցկացված սոցհարցումների մասին, ըստ որոնց` ԱՄն քաղաքացիները չեն ցանկանում, որ իրենց երկիրը մարտական գործողություններ սկսի Սիրիայի դեմ, սակայն պատկերը կփոխվի, եթե Սիրիայում քիմիական զենք կիրառվի: Պատրվակը պարզ է: ԱՄՆ-ի նախապատրաստական քայլերը նույնպես հուշում են, որ Արևմուտքը, վերջիվերջո, որոշել էր վճռական գործողությունների անցնել սիրիական թնջուկի լուծման հարցում:
Պատերազմ սկսելը խաղուպար չէ, ամեն մեկի բան չէ…
Այստեղ կան մի շարք նրբություններ: Նախ, ըստ ԱՄՆ սահմանադրության, նախագահը մի որևէ երկրի դեմ ռազմական գործողություններ ստանձնելուց առաջ պետք է ստանա Կոնգրեսի թույլտվությունը: Սա դժվար կլինի, քանի որ բազմաթիվ կոնգրեսականներ չեն ողջունում ԱՄՆ վարչական ապարատի ռազմատենչ ձգտումները: Սակայն, սահմանադրության այս դրույթը գործում է մարտական գործողությունների` երկու ամսից ավելի ձգձգվելու դեպքում: Իսկ ԱՄՆ նախագահը, ինչպես նախապես հայտարարվել էր, ցանկանում է Սիրիային միայն օդային հարվածներ հասցնել: Սակայն, միայնակ այդ քայլին գնալ ԱՄՆ-ն, ըստ ամենայնի, չի կարող և չի էլ ուզում: Առավել ևս, երբ սեփական քաղաքացիները դրա համար, ինչպես ցույց են տալիս վերոհիշյալ սոցիոլոգիական հարցումները, բացի Կոնգրեսի հավանությունից, պահանջում են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությունը ևս: Իսկ այնտեղ ԱՄՆ-ն լուրջ հակառակորդներ ունի ի դեմս Ռուսաստանի և Չինաստանի, որոնք միշտ Սիրիայի հարցում Արևմուտքին հակառակ կեցվածք են ընդունել: Ու եթե վերջին շրջանում Չինաստանը հիմնականում չեզոքություն է որդեգրել այս հարցում, ապա Ռուսաստանը պարբերաբար կիրառում է ՄԱԿ-ի ԱԽ-ում ունեցած իր վետոյի իրավունքը և «վիժեցնում» ԱՄՆ-ի իղձերը:
Ամեն դեպքում, Սիրիայի դեմ մարտական գործողություններ սկսելու հարցում ԱՄՆ-ն այս պահին միայնակ չէ. Թուրքիան է պարբերաբար կուրծք ծեծելով հանդես եկել դրա անհրաժեշտության մասին, ինչպես նաև` Ֆրանսիան, որ ինչպես ԱՄՆ-ը, Սենատի հավանության կարիքը չունի, ինչը Օլանդի կառավարությանը ազատ գործելու հնարավորություն է տալիս: Ու ինչպես երևում է Միջերկրական ծովում ԱՄՆ ռազմական ներկայության էական ընդլայնումից, նա լրջորեն պատրաստվում է Սիրիայում մարտական գործողություններին:
ԱՄՆ-ն Սիրիայի ափերի մոտ էր ուղարկել սկզբում երեք, իսկ այժմ նաև չորրորդ ականակիր ռազմանավը` զինված երկիր-երկիր դասի թևավոր հրթիռային համակարգերով: Ինչպես նշվում է միջազգային մամուլում, Միջերկրական ու Ադրիատիկ ծովերում են գտնվում նաև բրիտանական ու ֆրանսիական ռազմանավեր և սուզանավեր, Պարսից ծոցում ԱՄՆ-ն տեղակայել է նաև ավիակիրների մի ամբողջ տորմիղ, իսկ Կարմիր ծովում` մեկ ավիակիր ու երկու ծովային հետևակի դեսանտային ռազմանավեր: Թուրքիան էլ Սիրիայի հետ սահմանին մարտական վիճակի է բերել իր զենիթա-հրթիռային համակարգերն ու զինուժը:
Այս համատեքստում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը շարունակում է պնդել, որ քիմիական զենք կիրառել են ապստամբները, որ այդ զենքը ապստամբներին է փոխանցվել Արևմուտքից և Սիրիա է հասել Վրաստանի ու Թուրքիայի ճանապարհով: Բաշար Ասադը հայտարարել է նաև, որ Սիրիայի դեմ մարտական գործողություններ սկսողն անպատասխան չի մնա:
Սիրիային, բնականաբար, շարունակում է աջակցություն ցույց տալ Իրանը: Մեր հարևանն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ կաջակցի Սիրիային, ինչպես նաև «ակնարկել» է, որ Սիրիայի դեմ ռազմական գործողությունների սանձազերծման դեպքում ԱՄՆ-ն պետք է մտածի նաև իր տարածաշրջանային դաշնակցի` Իսրայելի մասին: Սա արդեն լուրջ սպառնալիք է`տարածաշրջանային մեծ պատերազմ սկսելու առումով:
Մի նրբություն էլ կա. երբ ներկայացվում էին Սիրիա հավանական ներխուժման սցենարները, առաջարկված չորս սցենարներից ԱՄՆ ղեկավարությունն ընտրեց ավիա- և հրթիռային հարվածների սցենարը: Դրան զուգահեռ, ԱՄՆ-ն ակտիվորեն դիվանագիտական խողովակներով «բանակցություններ սկսեց» Ռուսաստանի հետ: Համապատասխան հայտարարություններով հանդես եկան ԱՄն պետքարտուղար Ջոն Քերրին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Եվ այս համատեքստում հետաքրքիր է, թե ինչից է, որ եթե անգամ ԱՄՆ-ն Սիրիայում ռազմական գործողություններ սանձազերծի, այնուամենայնիվ դրանց համար ցամաքային ճանապարհը չի ընտրի: Ինչպես իր հարցազրույցներից մեկում փաստում էր Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, Սիրիայի արևմտյան`միջերկրածովյան ափերին հարող շրջաններում Ռուսաստանն ունի մի քանի ռազմաբազաներ և Միջերկրական ծովում հերթապահություն իրականացնող ռազմանավերի համար նյութատեխնիկական ապահովման բազա: Շ. Գանտահարյանը նաև նշում էր, որ այն շրջաններում, որտեղ ռուսական զինուժն է այսօր տեղակայված, նույնիսկ մարտական գործողություններ էլ չկան, ու դա «բոլորովին ուրիշ Սիրիա» է: Պարզ է, որ եթե Սիրիայի Միջերկրածովյան ափամերձ շրջանները զբաղեցված են ռուսական ուժերի կողմից, իսկ ԱՄՆ ռազմանավերն էլ Սիրիայի սահմաններին ուղղակիորեն`առանց այլ երկրների տարածքներ օգտագործելու, կարող են մոտենալ միայն Միջերկրական ծովից, ԱՄՆ-ն բնականաբար, չի համարձակվի դա անել «ձիու քայլով»` ռուսական զորքերի վրայով թռչելով… Առավել ևս, որ ինչպես տեղեկացվել էր դեռևս անցյալ տարի, սիրիական բազաներում Ռուսաստանը նաև «Իսկանդեր – Մ» օպերատիվ-տակտիկական հրթիռներ ունի` բոլոր հետևանքներով հանդերձ…
Դեռ ավելին, այն պահից սկսած, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, թե ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են Սիրիային ռազմական հարվածներ հասցնել, տարածաշրջանում ռուսական շահերը պաշտպանելու նպատակով դեպի Միջերկրական ծով ուղղություն են վերցրել նաև ռուսական ռազմանավերը:
Այս առումով արդեն հասկանալի կարող է դառնալ, թե ինչու Մեծ Բրիտանիայի խորհրդարանն աննախադեպ որոշումով արգելեց իր զինված ուժերի մասնակցությունը սիրիական կոնֆլիկտի ռազմական հանգուցալուծման ծրագրերում: Նույնը վերաբերում է նաև ՆԱՏՕ-ի 11 անդամ երկրներին, որոնք դեմ արտահայտվեցին Սիրիայի դեմ մարտական գործողությունների անցկացմանը:
Այս «հարգելի» պատճառները հաշվի առնելով` կարելի է հասկանալ, թե Մերձավոր Արևելքում, որտեղից տարածաշրջանային «պատերազմի հոտ էր գալիս», ինչու նոր ռազմական զարգացումներ չեղան: Չնայած դրանք դեռ իսպառ բացառված չեն:
Tags: ԱՄՆ, Սիրիա
