ԼՂՀ-ի երկրորդ ճանապարհը և հեռանկարները

արցախՆերկայիս Արցախի Գորիս-Ստեփանակերտ մայրուղին այնքան էլ հարմարավետ չէ, այդ պատճառով «Հայաստան» համահայկական հիմնադրամը որոշեց ԼՂՀ-ի նորերկրորդ  ճանապարհ կառուցել, որն ավելի կարճ կլինի, քան առաջին՝  հիմնական ճանապարհը: Հենց այդ մասին էլ որոշեցինք  զրուցել միջազգային հարաբերությունների վերլուծաբան և խորհրդատու Մարկ Դիզենի հետ:

-        Պրն. Դիզեն, ինչո՞ւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը վերջերս որոշեց կառուցել Հայաստան-Արցախ նոր՝  երկրորդ ճանապարհ:

- Նախ և առաջ պետք է սկսել Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից, որը ուղիղ կապ ունի մեր թեմայի հետ, քանի որ ԼՂՀ-ի կոնֆլիկտի հիմնահարցերից ամենակարևորը վերաբերում է ապագա ԼՂՀ-ի անվտանգությանը: Հայաստանի տեսանկյունից դա ևս կարևոր է և կապված է բուֆերային տարածքների հետ, որոնց ներգրավման գլխավոր պատճառը նախկին ԼՂ Ինքնավար Մարզի անվտանգության գոտու ստեղծումն է: Ուստի ապացուցված մարդասպանի ներման միջոցով Ադրբեջանը, ըստ էության, հասկացրեց հայաստանյան կողմին և միջազգային հանրությանը, որ հային սպանելը հերոսական արարք է: Եվ կարծում եմ, որ հայերը լուրջ ընդունեցին, քանի որ Ադրբեջանի այդօրինակ վարքագիծն իսկապես անհանգստացնող է: Դա է պատճառը, որ հայերը որոշեցին լինել ավելի ակտիվ և հեռատես՝ կառուցելով երկրորդ ճանապարհը, որպեսզի պաշտպանեն Արցախի անվտանգությունը:

- Ի՞նչ փոփոխություններ կարող է բերել այդ ճանապարհի կառուցումը:

- Նոր ճանապարհը կնպաստի ԼՂՀ-ի տնտեսական զարգացմանը, հատկապես` Շահումյանի և Մարտակերտի տարածաշրջաններում: Կհեշտանա ապրանքների փոխադրումը ԼՂՀ և դրանից դուրս, որովհետև նոր ճանապարհը Երևանից Ստեփանակերտ կկրճատի ճանապարհորդության ժամանակը մոտ 3 ժամով: Առաջին ճանապարհի համեմատ, որն անցնում է Բերձորի միջով, երկրորդ՝ Վարդենիսից Մարտակերտ ճանապարհն ավելի վստահելի կլինի: Այն հատկապես կարևոր է, եթե հաշվի առնենք Ստեփանակերտի օդանավակայանի փակ լինելու հանգամանքը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր հակամարտության հավանականությունը: Երկրորդ ճանապարհը հնարավորություն է տալիս ապահով և ռազմավարական այլընտրանքային տրանսպորտային երթուղի ստեղծել Հայաստանի և ԼՂՀ-ի միջև:

-        Նշեցիք, որ կառուցվող ճանապարհը կնպաստի տնտեսական զարգացմանը: Դա ենթադրում է նաև սոցիալական զարգացո՞ւմ:

- Տնտեսական զարգացումը կհանգեցնի սոցիալական զարգացման: Ռազմական և անվտանգության ասպեկտները ևս կարևոր են, որպեսզի նպաստեն սոցիալական զարգացմանը, չէ՞ որ Արցախում ապրող երիտասարդ հայերի համար առաջին և ամենակարևոր հարցն այն է, թե ինչպես ապահովել ընտանիքն ու հարմարավետ կյանք ունենալ այնտեղ: Ուստի Վարդենիս-Մարտակերտ ճանապարհն անվտանգության նշանակություն կունենա՝ ապահովելով ԼՂՀ-ի քաղաքացիներին: Դրանից զատ, այն կնպաստի նաև զբոսաշրջությանը, քանի որ զբոսաշրջիկներն ի վիճակի կինեն ավելի արագ, հարմարավետ և հեշտ հասնել Հայաստանից Արցախ:

-        Ինչպե՞ս կարձագանքի Ադրբեջանն այդ ծրագրին:

- Երբ Ադրբեջանը լսում է Հայաստան-ԼՂՀ նոր տրանսպորտային ծրագրերի մասին, բողոքում է: Այս անգամ կարող ենք ևս սպասել բողոքի: Բայց քանի որ արդեն կա գործող մայրուղի՝ Գորիս-Ստեփանակերտ, Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը չի արժանանա նմանօրինակ հարվածների, այնպես ինչպես ականատես եղանք Ստեփանակերտի օդանավակայանի դեպքում: Ի տարբերություն նոր օդանավակայանների, Ադրբեջանի լծակներն ավելի քիչ են, երբ խոսքը ԼՂՀ նոր ճանապարհների մասին է:

արցախ (1)-        Այն կհանգեցնի՞ պատերազմի կամ ներքին կոնֆլիկտի:

- Չեմ կարծում, որ այս ծրագիրը կհանգեցնի ռազմական հակամարտության: «Հայաստան» համահայկական հիմնադրամը, անշուշտ, հաստատել է նոր ճանապարհի կառուցման ծախսերն ու օգուտները, իսկ ծրագրին հետամուտ լինելու իր որոշումը արտացոլում է իր վստահությունը: Դա շատ կարևոր է նաև հայկական սփյուռքի համար, որպեսզի իմանա, որ իրենց ֆինանսական աջակցությունը կօգտագործվի վստահելի ծրագրերի իրականացման մեջ, իսկ նոր ծրագիրը այդ վստահության ապացույց կլինի:

-        Ո՞ր երկրները, հատկապես գերպետությունները կօգտվեն նոր ճանապարհի կառուցումից:

- Երկրորդ ճանապարհն առաջին հերթին նպաստավոր կլինի Արցախի համար, հետո՝ Հայաստանի: Սակայն գերտերությունների համար այն էական նշանակություն չի ունենա: Այսօր Հայաստանն ու ԼՂՀ-ն առավել ակտիվ քայլեր են ձեռնարկում իրենց ապագան անվտանգ դարձնելու նպատակով, ինչն էլ ազդում է ԼՂՀ-ի հիմնահարցի առնչությամբ գերպետությունների քաղաքականության վրա: Դրանք Մինսկի խմբի համանախագահող խմբերն են՝ Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ, ինչպես նաև այլ տարածաշրջանային պետությունները՝ Իրանը, Թուրքիան և Եվրամիությունը: Ուստի Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը հայերի նախաձեռնության խորհրդանիշն է, որպեսզի խրախուսի միջազգային հանրությանը ԼՂՀ-ին նայել այլ աչքերով:

- Ինչպիսի՞ն է Արցախի «նոր քարտեզը»:

- ԼՂՀ-ի հարավային տարածքը կարևոր է Իրանի հետ հարևանության տեսանկյունից: Օվկիանոս չունեցող երկրների համար միջազգային սահմաններն արժեքավոր են: Այդ տարածքը ԼՂՀ-ի համար ապագա կարևոր առևտրային ներուժ ունի: Կովկասցիները շատ լավ գիտեն, որ միջազգային հարաբերությունները փոփոխվում են, և ներկա իրավիճակը` կապված Իրանի հետ, ի վերջո կարող է փոխվել: Իսկ ԼՂՀ-ն գիտակցում է, որ ապագայում  այն փոքր սահմանը, որը կիսում է Իրանի հետ, շատ կարևոր նշանակություն ունի իր համար:

-        Նոր ճանապարհը կարո՞ղ է որոշ անձանց համար բիզնեսի նպատակ լինել:

- Բիզնեսի տեսանկյունից երկրորդ ճանապարհը նպաստավոր է ԼՂՀ-ի համար, սակայն չեմ կարող վստահաբար ասել՝ արդյոք որոշ անհատներ կօգտվե՞ն դրանից: Կարծում եմ՝ դա կախված է բիզնեսի տեսակից: Այսպես, օրինակ՝ նրանք, ովքեր Արցախում ներգրավված են գյուղատնտեսության, հանքարդյունաբերության (օրինակ՝ Դրմբոն հանքը), փոքր արդյունաբերության և զբոսաշրջության մեջ, անպայման կօգտվեն:

Կարևոր է, որ Արցախը շարունակի պահպանել իր գեղեցիկ միջավայրը, բնությունը թե՛ այնտեղ ապրողների, թե՛ հյուրընկալվողների, զբոսաշրջիկների համար: Չէ՞ որ նա չի ցանկանա կորցնել զբոսաշրջիկներին: Ինչպես Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, այնպես էլ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը կայուն զարգացման դրական օրինակ կծառայի:

-        Ի՞նչ շրջահայաց քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը Ադրբեջանի և այլ երկրների հետ քաղաքականության առումով:

- Հայաստանը Արցախի հետ կապված կարող է դիմել երեք խելացի քայլի. առաջին`  շարունակի համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ ԼՂՀ-ի հակամարտության դիվանագիտական լուծում գտնելու ուղղությամբ, քանի որ դեռ ժամանակ կա: Երկրորդ` անդադար աշխատի ԼՂՀ-Ադրբեջան սահմանի լարվածությունը նվազեցնելու համար, և երրորդ՝ պետք է նպաստի Մինսկի խմբում ԼՂՀ-ի մեծ դերին՝ քարոզելով Արցախի ներառումը որպես բանակցությունների պաշտոնական կողմի:

Եվ վերջում նշեմ, որ որքան ագրեսիվ է դառնում Ադրբեջանը Հայաստանի և ԼՂՀ-ի նկատմամբ, այնքան ԼՂՀ-ի բուֆերային գոտիները Հայաստանի համար կարևոր են դառնում:

 Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

Tags: