Հասարակության արձագանքը կարող է շատ խիստ և անկանխատեսելի լինել

մխիթարյանՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին առաջիկայում լուրջ փորձություններ են սպասում: Մերոնք աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում երկու խաղ են անցկացնելու: Հայաստանի ընտրանին առայժմ անհաջող է հանդես գալիս եվրոպական B խմբում ընդգրկված 6 հավաքականների մրցաշարում և 6 խաղից հետո վաստակած 6 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

Սեպտեմբերի 6-ին մեր երկրի ներկայացուցիչները Պրահայի «Էդեն արենա» մարզադաշտում կմրցեն Չեխիայի հավաքականի հետ, որին  մարտին սեփական հարկի տակ զիջել են 0:3 հաշվով: Իսկ սեպտեմբերի 10-ին Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալելու է Դանիայի ներկայացուցիչներին: Սերնդափոխություն ապրող հեղինակավոր այս թիմը Հայաստանի հավաքականին հյուրընկալելիս պարտվել էր 0:4 հաշվով, և կասկած չկա, որ փորձելու է վրեժը լուծել, վերականգնել սասանված հեղինակությունը:

Դժվար է լինելու հատկապես Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի համար: Առայժմ նրա գլխավորած հավաքականի ցուցանիշներն անբավարար են, մասնագետն ինքն էլ դժգոհ է և հրաժարական է տվել, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն այն չի ընդունել: Ակնհայտ է, որ նոր անհաջողություններից հետո ամեն ինչի պատասխանատվությունը կընկնի ՀՖՖ-ի ղեկավարության վրա: Հայկական ֆուտբոլում միակ հետաքրքրությունը մնացել են ազգային հավաքականի խաղերը, և հասարակության արձագանքը կարող է շատ խիստ և անկանխատեսելի լինել:

Թե Հայաստանի հավաքականն ինչպես հանդես կգա, շատ բանով պայմանավորված կլինի դրսում հանդես եկող մեր ֆուտբոլիստների խաղամակարդակից:

Բարեբախտաբար, թիմի առաջատար խաղացող Հենրիխ Մխիթարյանն իր նոր ակումբի` Դորտմունդի «Բորուսիայի» կազմում ի վերջո դրսևորեց իրեն: Նրա մասին քննադատական խոսքեր էին սկսել հնչել նաև գերմանական լրատվամիջոցներում: Եվ ահա Գերմանիայի առաջնության 4-րդ տուրում Մխիթարյանը  երկու գնդակ խփեց  Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դարպասը, և նրա թիմն առավելության հասավ 2:1 հաշվով: Լավ է, որ 24-ամյա հայ ֆուտբոլիստն արթնացել է նիրհից: Մնում է, որ Մխիթարյանը նվիրումով խաղա և իրեն դրսևորի նաև Հայաստանի հավաքականի կազմում: Յուրա Մովսիսյանը մարտնչող ֆուտբոլիստ է, և կասկած չկա, որ  կներդնի բոլոր ուժերը, որպեսզի Հայաստանի հավաքականին իր խաղով օգտակար լինի: Ի դեպ, ֆուտբոլի Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում նա Մոսկվայի «Սպարտակի» կազմում 3 գնդակ է խփել: Վերջին` 7-րդ տուրում Մովսիսյանի թիմը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Տոմի» նկատմամբ, և Յուրան էլ գրավեց մրցակցի դարպասը: Նրա խաղընկերը` Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Արազ Օզբիլիսը, նույնպես այդ հանդիպման ժամանակ մարզադաշտում էր և փոխարինվել է: Կարևորն այն է, որ նա խաղային փորձ ունի և կարող է օգտակար լինել մեր երկրի ազգային ընտրանուն:

Հայաստանի հավաքականի մյուս լեգեոնականները, բացառությամբ Կարագանդայի «Շախտյորի» հարձակվող Գևորգ Ղազարյանի, իրենց թիմերում բոլոր հանդիպումներին գրեթե չեն մասնակցում: Նրանք փոխարինողներ, փոխարինվողներ են կամ էլ նստում են պահեստային ֆուտբոլիստների կողքին: Այդուհանդերձ, ֆուտբոլը կոլեկտիվ խաղ է, անկանխատեսելի, և Հայաստանի հավաքականը կարող է իրեն լավ դրսևորել:

 

 

Tags: