Քո լեգենդը, մա’յր. քառասուն տարի անց

Դու չկաս արդեն աշխարհում այս մեծ,

Բայց զուր է մահը քեզ ինձնից խլում,

   Մայր, ես կրում եմ քեզ հիմա իմ մեջ,

Ինչպես դու էիր ինձ քո մեջ կրում…

 Մորիս Քարեմ

 New Picture (1)Քառասուն տարի է արդեն, ինչ մայրս` Քնարիկ Վախթանգի Մելիքսեթյանը, որ հպարտությամբ էր կրում հորս ազգանունը, չկա այս մեծ աշխարհում: Իսկ ապրածը բազում հոգսերով ու դառնություներով լի 43 տարիներ էին ընդամենը, նաև համառության, կամքի դռսևորման, ծնողական սիրո ու մայրական հոգածության, նվիրումի օրինակելի տարիներ:

Շատ անգամ եմ հիշել կորստի առիթով հորեղբորս խոսքը մորս մասին. «Նա էլ մի ղուշ էր, որ իջավ մեր օջախին ու թռավ գնաց»:

Բոլորի պես մայրս էլ ուներ իր համոզմունքները: Ընդգծված առաքելությունը, որ մնացել է մերձավորների ու ճանաչողների հուշերում, նվիրումն էր օջախին, աշխատանքին ու ինքնամոռաց ծառայելը շրջապատին:

Մայրս հարգում էր ուսումը, գիրը, գրականությունը: Չգիտես ինչու, որոշել էր, որ ես ինժեներ եմ դառնալու: Սովորաբար չէր երգում (բնատուր շատ շնորհքներ ուներ, բայց այդ մեկը չուներ, կամ էլ գուցե ճակատագիրը երգելու տրամադրություն չէր թողնում), բայց այդ ժամանակ շատ տարածված «Ինժեներ բալա» երգի տողերը հաճախ էր արտասանում: Մորս այս ցանկությունը ես չկատարեցի, բայց ոչ նրա համար, որ դա չէր իմ ճանապարհը, այլ ուզեցի գնալ հենց նրա կիսատ թողած ճանապարհով: Նա ժամանակին ընդունվել էր մանկավարժական ինստիտուտ ու կիսատ թողել ընտանիքի ու նաև առողջական խնդիրների պատճառով:

Մանկավարժության մեջ իմ վարած նաև ունկնդրած ամեն մի դաս մորս տված «դասերն» էր հիշեցնում: Գերիշխում էր համոզման ու նվիրումի մեթոդը:

Հավերժ պարտք մնալով քեզ, մայր, շնորհակալ եմ իմ կյանքն իմաստավորելու, դասեր տալու համար: «Ուրիշի գործ չկա»,- սիրում էիր կրկնել: Հավատա մայր, որ դա ինձ համար ևս համոզմունք է:

Շատ բան տվեց աշխարհին մայրս, վայելքներ գրեթե չտեսավ: Հայրս դեռ կենդանի էր, երբ կիսակառույց մեր գյուղական տանը Վարդավառի առիթով մորթված ուլի  մսին մորաքույրս աղի փոխարեն շաքարավազ էր խառնել, ծիծաղը չէր դադարում: Մորս շատ ուրախ այդ օրն եմ տեսել ու մեկ էլ իմ և քրոջս օրագրերը թերթելիս, նաև ծնողական ժողովների օրերին:

Ինը տարի խնամել է հիվանդ հորս, հետո առանց նրա տասը տարի միայնակ իր հոգնած ուսերին առել մեր հոգսը: Երբ նայում էր հորս լուսանկարին, ու աչքերը սկսում էին թրջվել, մի պատրվակով առանձնանում էր մեզնից:

Հիմա ներողություն եմ ուզում խնդրել մորս, թող լինի ուշացած, թող լինի հիշատակի խոսք ու զղջում, բայց կոկորդս կչորանա, եթե չասեմ: Մորս միշտ ասում էի, որ հորս եմ շատ սիրում: Այդ անիմաստ հարցի իմ հստակ ու նույնքան անիմաստ պատասխանը այսօր էլ ճնշում է հոգիս: Ես կրկնակի եմ շնորհակալ ճարտարապետության դոկտոր, իմ համագյուղացի Գառնիկ Շախկյանին, որ շնողեցիներին նվիրված կենսագրական հանրագիտարանում հայրիկիս հետ նաև մորս  նկարն է ներկայացրել ու նրան, որպես հարգանքի տուրք, պարուրել իր չտեսած թոռնիկներով: Իմ Աղասին այնպես լիաթոք է ասում` «Քնարիկ տատիս արևը», որ ինձ թվում է, ահա դուռը կբացվի և տատ ու թոռ կգրկախառնվեն:

Ինչո՞ւ քեզ չխնայեցիր, մայր, նաև դրա համար: Առավոտյան դաշտ էիր գնում աշխատանքի, երեկոյան գալիս, ուսից գցում խոտի խուրձն ու տարվում ընտանեկան հոգսերով` այգի, բակ, անասուն… Ծխախոտագործ էր մայրս, այգեգործ, խոհարար, մի բառով` հրաշագործ: Ավարտել էր Օձունի գյուղատնտեսական տեխնիկումը, բայց չինովնիկ չէր ու չէր էլ ուզում դառնալ: Նրան նկատում էին, գնահատում: Գյուղական խորհրդի, շրջխորհրդի պատգամավոր էր, օղակավար…

Դեպքից դեպք ասում էր` հոգնել եմ: Ուզում էին օգնել, գյուղխորհրդի նախագահ էր լինելու: Տրտնջում էր, հրաժարվում, բայց համոզել էին կարծես:

Ես չեմ սիրում ոչ մի ընտրություն, քանզի մորիցս հավերժ բաժանումը ընտրական օրվա հետ է կապված: Նախախնամությունը մորս մեզնից խլեց Պարույր Սևակի մահվան օրը: 1971-ի այդ օրը նրա այգում տապալվեց հսկա ծիրանենին, իսկ 1973-ին երկփեղկվեց իմ սիրտը: Ու այդ օրից հոգիս շշնջում, մեկ-մեկ էլ հրաբխի նման ժաթքում է:

…Աստվածային էր օրհնանքը նրա,

Որ զգացել եմ ես ինձ վրա,

Իմ ամեն գործում, իմ ամեն քայլում

Մորս ուղեկից հայացքն է փայլում:

…Դու նախանձ չունեիր մայր ու դրա սաղմն անգամ իմ մեջ չկա, բայց բարի նախանձով եմ նայում նրանց, ովքեր հարազատ գյուղ ու հայրական տուն են գնում` մոր մերած մածունը կտրելու կամ տնական հավի ձվածեղը համտեսելու, կամ էլ  պարզապես բարի լույս ասելու նրան, ով արդեն արժանացել է հարևանների աչքալուսանքին:

Տոն չէր քեզ համար մարտի 8-ը, մայր, կապված հորս կորստյան սև օրվա հետ, իսկ ապրիլի 7-ն այն ժամանակ չէր նշվում: Հիմա թույլ տուր շնորհավորել բոլոր մայրերին ու նաև այդպես փարատել կարոտս…

 

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

 

 

Tags: