Թվում է, թե պետք է անմիջապես այս հարցին բացասական պատասխան տալ: Այլապես ինչպե՞ս կարող են մարդիկ իմանալ, որ մենք դժգոհ ենք ինչ-որ բանից: Ինչպե՞ս կհասկանան, որ պետք է դադարեցնեն մեզ համար անընդունելի վարքագիծը: Շատ մասնագետներ, լուրջ հոգեբաններ խորհուրդ են տալիս կամքին ազատություն տալ անմիջապես: Արտահայտվել, չզսպել զայրույթը: Դուրս թողնել ներսում կուտակվածը:
Սակայն այլ բան են մարդկային հարաբերությունները: Երբեմն մենք սխալմամբ ուրիշի ցավն ու լուռ վիրավորանքն արհամարհանքի, անշնորհակալության հետ ենք շփոթում: Ճանապարհին ուրիշի շտապողականությունը կամ դանդաղկոտությունն ընկալում հատուկ մեր նկատմամբ արված ոտնձգություն: Բայց մի՞թե բոլորը ցանկանում են իրար վիրավորել, նվաստացնել:
Ահա մի այսպիսի պատմություն: Մի անգամ մի գործարար գնացքով մեկնում է ուրիշ երկիր: Գնացք է բարձրանում մի տղամարդ երեխաների հետ ու նստում իրեն հատկացված տեղում, իսկ երեխաները սկսում են վազվզել, խառնաշփոթ ստեղծել: Հայրը դիտողություն չի անում նրանց ու ասես չի էլ նկատում, թե ինչ է շուրջը կատարվում: Երբ երեխաներից մեկը նստած կանանցից մեկի մազերն է քաշում, գործարարը մոտենում է հայրիկին ու զայրացած նախատում. «Ինչո՞ւ չեք սաստում ձեր երեխաներին, մի՞թե չեք տեսնում, թե նրանք ինչ են անում»:
Տղամարդը նրան պատասխանում է. «Դուք իրավացի եք: Ես ցավում եմ, որ նրանք իրենց այդպես են պահում: Բանն այն է, որ կինս` այդ երեխաների մայրը, մի քանի ժամ առաջ է մահացել, ու ես չգիտեմ, թե ինչպես եմ այսուհետ ապրելու: Երեխաները դեռևս չեն գիտակցում այդ, գուցե նրանք այդ կերպ են արձագանքում: Խնդրում եմ, ներող եղեք»:
Գաղտնիք չէ, որ տարբեր մարդիկ նույն իրավիճակը տարբեր կերպ են տեսնում ու գնահատում, դա հավասարապես վերաբերում է թե՛ հարազատներին, թե՛ օտարներին: Չիմանալով մարդկային արժեհամակարգի մասին` դժվար է որոշակի մարդու վարքագծի մասին սեփական անձի դիրքերից գնահատել ու դատել: Ուստի ավելի դյուրին է ներելն ու հասկանալը, քան թե անմեղին մեղադրելը: Ընդ որում, հիմնականում բոլոր «զանցանքները» չեն արվում միտումնավոր, այլ սոսկ ենթագիտակցորեն ազդանշելու, որ ուշադրության արժանանանք կամ էլ մեզ նկատեն: Ուստի գուցե ներենք այդ փոքրիկ թուլությունները:
Անձնական տարածք
Անձնական տարածքը մարդու շուրջ այն գոտին է, որտեղ մուտք ունեն միայն մտերիմները: Դա պարզապես մեկնված թևի հեռավորությամբ տարածություն չէ: Անձնական տարածք հասկացության մեջ բնակարանն է, բանկային հաշիվը, ավտոմեքենան, պայուսակի պարունակությունը, գրագրությունը: Յուրաքանչյուր մարդ ունի սեփական նախապատվություններն անձնական տարածքի հարցերում. ինչ-որ մեկը տանել չի կարողանում ուրիշ մարդու հպումը, մեկի համար շատ է կարևորվում անձնական բաժակը, իսկ ոմանք էլ իրենց իրերի հսկողությունը հեշտությամբ վստահում են անծանոթ մարդկանց: Ձեռքսեղմումը, ուսին կամ թիկունքին թեթևակի թփթփացնելը համարվում են սոցիալապես թույլատրելի հպումներ, իսկ «գործերդ ոնց են» հարցը հարգանքի հասարակ դրսևորում է: Սակայն, հոգեբանների հավաստմամբ, նման անմեղ թվացող «ներխուժումներն» անգամ կարող են զայրացնել: Իսկ ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ ուսումնասիրում կամ նայում են ձեր համակարգչի էկրանին, առանց հարցնելու վերցնում իրերը ձեր դարակից կամ հյուր գնում առանց նախապես զգուշացնելու:
Անձնական տարածքի սահմանները յուրաքանչյուրի մոտ տարբեր են ու հաճախ կախված են նաև բնակության վայրից: Օրինակ` մեծ քաղաքներում այդ տարածքները բնակչության խտության պատճառով ավելի փոքր են: Անձնական տարածքի գլխավոր գործոններից են այն պայմանները, որոնցում մեծանում է մարդը: Մեծ ընտանիքում անձնական տարածքի շրջանակներն ավելի լղոզված են, ոչ հստակ, քանի որ մեծ ընտանիքներում հիմնականում իրերի մեծ մասն ընդհանուր է ու առանձնանալու հանարավորություններն էլ` ոչ շատ: Սակայն, հարկ է նշել, որ անձնական տարածքի պաշտպանությունը ոչ մի կապ չունի եսասիրության կամ ժլատության հետ: Բացարձակապես նորմալ է անձնական հարմարավետությանը վերաբերող կանոններ հաստատելն ու պահանջելը, որ շրջապատողները նույնպես հետևեն այդ կանոններին: Իհարկե հետևելով, որ ինքներդ էլ չխախտեք մեկ ուրիշի կանոնները: Անհրաժեշտ է շրջապատի մարդկանց հստակ բացատրել, թե որն է ձեր անձնական տարածքը, ու խնդրել չներխուժել այնտեղ առանց ձեր թույլտվության: Գուցե դրա մասին անընդհատ հիշեցնելու կամ անգամ դռների վրա փականներ շարելու հարկ լինի:
Երբեմն մարդը չի կռահում անգամ, որ իր տեսանկյունից անմեղ գործողությունները կարող են մեկ ուրիշին տհաճություն պատճառել: Կարևոր է նաև «ոչ» ասել սովորել: Դա այն կարևոր խոսքն է, որը սահմաններ է գծում: «Ոչ»-ը պետք է արտաբերել հանգիստ ու վստահ: Ու չպետք է մերժումը դիտարկել որպես բացասական երևույթ: Դա սոսկ տեղեկությունը հասցնելու, շրջապատին հասկացնելու միջոց է, երբ ցանկանում ես բացատրել, որ սեփական հարմարավետությունը որոշակի սահմաններ ունի, և ձեր ժամանակի չարաշահումը, խաղը ձեր զգացմունքների հետ, առանց հարցնելու ձեր իրերն օգտագործելն ազդում է ձեր տրամադրության ու նույնիսկ առողջության վրա: Իսկական ընկերներն ու բարեկամները պետք է դա հասկանան ու երբեք չվիրավորվեն: Չէ՞ որ նրանք էլ են ուզում, որ մենք մեզ հարմարավետ զգանք: Միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունքն անձնական տարածքի հարցում վճռորոշ դեր է խաղում ու հնարավորություն տալիս խուսափելու կոնֆլիկտներից:
Ուրախանալ ամեն աստծո օրով
Յուրաքանչյուրն էլ գեթ մեկ անգամ բողոքել է կյանքից. ինչքան ամեն ինչ դժվար է ու անարդարացի, ինչքան չարություն ու դժբախտություն կա: Ցավոք, հաճախ նկատում ենք ու նշում միայն բացասական երևույթները` համառորեն հրաժարվելով նկատել դրականները: Մինչդեռ դրանք քիչ չեն, հարկավոր է միայն նկատել: Ուրեմն ինչպե՞ս կարելի է երբեմն սև-սպիտակ կյանքին գույներ ավելացնել: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ կյանքի որակը միայն փողով, հաջողություններով, հասարակության մեջ գրաված դիրքով ու «բարեկեցության այլ մանրուքներով» չի որոշվում ու չափվում: Չէ՞ որ նույնիսկ ամեն ինչ ունենալով էլ կարելի է դժբախտ զգալ: Ինչո՞ւ: Որովհետև ոչինչ չի երջանկացնում: Բերկրանքը երջանկության զգացումն է տվյալ պահին: Իսկ եթե հաշվի առնենք, որ ողջ կյանքը բաղկացած է կարճ պահերից ու ակնթարթներից, ապա ինչքան շատ ենք բերկրանքի պահեր ունենում, այնքան երջանիկ ենք:
Ուրեմն ի՞նչն է խանգարում մեզ այդ զգացումն ապրելուն: Հաճախ ուրիշի հաջողություններից շատերն ասես «պայթում» են նախանձից: Մտածում են` լինեի նրա փոխարեն: Կամ` ինձ մոտ պետք է պարտադիր ամեն ինչ ավելի լավ լինի: Հաճախ չենք էլ խորանում, թե հարկավո՞ր է արդյոք մեզ այն, ինչն ուրիշին է պետք: Ցավոք, ամեն լավ բան ասես ակնթարթորեն ջնջվում է հիշողությունից: Երբ նախանձը սկսում է խեղդել, փորձեք հիշել, թե վերջերս ինչ հաճելի բան է եղել ձեր կյանքում: Անպայման կգտնեք, միայն մի մոռացեք մանրուքների մասին: Համեղ թխվածքը, ընկերների հետ սուրճի սեղանի շուրջ զրույցը: Իսկ եթե դժգոհության ու դատարկության զգացումը չի նահանջում, ապա մտածեք, թե ինքներդ ինչ կցանկանայիք հենց այդ պահին, և ինչպես կարելի է այդ ցանկությունն իրականացնել: Ամեն ինչ փորձեք, սակայն ձեռքերը մի ծալեք ու նստեք: Գործի անցեք երազանքն իրականություն դարձնելու համար, և երջանկությունը կայցելի ձեզ:
Երբեմն մեզ ներսից կրծում է վիրավորանքի զգացումն անարդարացիությունից. թվում է, թե մեզ թերագնահատում են, օգտագործում, չեն սիրում: Ու սկսվում է` ինչու է իմ ճակատագիրն այսպիսին: Մինչդեռ իրական պատճառը գտնելն ու վերացնելը շատ բարդ է: Սակայն ոնց էլ պտտվես, ամեն ինչ փոխելու համար պետք է սկսես ինքդ քեզնից:
Փորձեք չաղտոտել , եթե ձեզ նյարդայնացնում են կեղտոտ փողոցները: Ժպտացեք ու հաճոյախոսեք ձեր մռայլ հարևանին, որը ձեզ անգամ չի բարևում: Թուփ կամ էլ ծառ տնկեք ձեր լերկ բակում: Մի խոսքով, ավելի շատ անշահախնդիր բարություն արեք: Այն կվերադառնա եռապատիկ, բայց ոչ անմիջապես: Սակայն բերկրանքի ու հպարտության զգացումը կլցնի ձեր սիրտը շատ շուտով: Մի մասնակցեք բամբասանքին ու այն ամենին, ինչը կգցի ձեր տրամադրությունը: Հավատացեք, այդ խոսակցություններն ամենևին չեն թեթևացնում հոգին, այլ միայն բացասականով են աղտոտում: Պարզապես ձեզ պատնեշեք այն անպետք տեղեկությունից, թե ինչքան վատ է ամենուր: Ավելի լավ է կատակերգություն դիտեք կամ էլ հետաքրքիր գիրք կարդացեք: Ուշադրություն մի դարձրեք չար, կոպիտ ու անտաշ մարդկանց վրա: Ի՞նչ կարելի է նրանցից սովորել: Կարելի է ու պետք է միմիայն ծիծաղել ամեն վատի վրա. օրվա մռայլության, չարի ու նախանձի, կոպտության, սեփական անհաջողությունների: Ու կտեսնեք, թե ինչպես է փոխվում տրամադրությունը, դուք ուրախ եք դառնում, ու հոգին էլ թեթևանում է:
Փորձեք ծիծաղել. ինքներս մեզ վրա ծիծաղելը դժվարին խնդիր է, սակայն երբ սովորեք, կզգաք, թե որքան է դա թեթևացնում: Հումորի զգացումը հոյակապ բալասան է ունայնության ու անհուսության պարագայում: Ու մի բան էլ. ոչինչ այնպես չի շեղում տխուր մտքերից, որքան սիրած գործը: Եթե ունեք հոբբի, ապա օգտվեք դրա պատճառած բերկրանքից ու բավականությունից:
Կարելի է, ասենք, մաքրություն ձեռնարկել հաճելի ուրախ երաժշտության ներքո:
Նույնիսկ ամենադրական ու պայծառ մարդիկ ժամանակ առ ժամանակ զայրանում են, վշտանում և անգամ արտասվում: Սակայն դժվար թե նրանք իրենց կյանքը վերածեն փնթփնթոցի: Մի ծուլացեք երջանկացնելու ձեր իսկ սիրտը, դա այնքան էլ դժվար բան չէ:
Փորձեք նախանձը վանել. իրական նպատակներ դրեք ձեր առջև ու մշակեք դրանց հասնելու պլաններ: Փորձեք ապրված յուրաքանչյուր օրից, մի հաճելի մանրուքից բավականություն ստանալ: Փորձեք ինքներդ լցնել կյանքը, մի սպասեք երկնային մանանայի: Դատարկ խոսակցությունների, բամբասանքի ու բացասական տեղեկությունների վրա ժամանակ մի վատնեք: Ավելի լավ է ուրիշ գործ գտնել: Ագրեսիային ագրեսիվությամբ մի պատասխանեք: Փորձեք մի լավ ծիծաղել ինքներդ ձեզ վրա: Բարի գործ կատարեք առանց պատասխան ակնկալելու: Դա ձեր կյանքն ավելի կհետաքրքրացնի: Արժե միայն ցանկանալ, և անպայման կգտնեք երջանկանալու առիթ:
Tags: առողջական