Այն արտահայտությունը կամ դժգոհությունը, թե սեփական հայրենիքում հանգստանալը թանկ արժե, ամեն տարի լսվում է հայաստանաբնակներից: Առաջին հայացքից զարմանք հարուցող այս միտքը թվում է անհավանական: Որքան էլ նոր կառուցվող շքեղ ու օտարահունչ հյուրանոցների ու հանգստյան տների թիվն օրեցօր մեծանում է, միևնույն է, չի նպաստում մրցակցությանը և առաջարկվող ծառայությունների սակագների մատչելիությանը: Ընդհակառակը, յուրաքանչյուր նորակառույց համալիր փորձում է մյուսներից ավելի բարձր գնային ռեկորդ սահմանել:
Փոքրիկ ճամփորդության մեծ բացահայտումները
Ինչևէ, այս տարի դարձյալ երկմտանքի մեջ էի. որտե՞ղ անցկացնել ամառային արձակուրդս: Դարձյալ պրպտեցի համացանցը հետաքրքիր առաջարկներ փնտրելու նպատակով: Խոստովանեմ, որ վերջին երկու երեք տարում Հայաստանից դուրս չէի եկել, հանգիստս անցկացրել էի Հայաստանի տուրիստական կենտրոններում: Ուստի այս տարի որոշեցի ընտրել ծովափնյա հանգիստը, բայց այնպիսի վայրում, որտեղ համեմատաբար սակավամարդ կլիներ: Ուստի գների և համարավետության առումով գրավիչ էր հարևան երկիրը՝ Աջարիան, բայց ընտրությունից դուրս էին աղմկոտ ու հայաշատ Քոբուլեթն ու Ուրեկին: Իսկ Չակվիի մասին լսել էի բազմիցս, ասում են, որ այնտեղ կլիման բարենպաստ է և բավական առողջարար, բացի այդ՝ սակավամարդ: Եվ գնային առաջարկներն էլ գրեթե չէին տարբերվում: Մեկ անձի դիմաց յոթնօրյա հանգիստը միջին պայմաններում Քոբուլեթում սկսվում և տատանվում էր 80-110 հազարի միջև՝ ներառյալ ճանապարհածախսն ու նախաճաշը: Ուրեկիում, որտեղ համեմատաբար մերձափնյա հատվածն ավելի նպաստավոր ու առողջարար է, գները մի փոքր ավելի բարձր են, բայց ոչ այնքան, որքան մեր երկրում: Հաջորդ վայրը, ուր հայերը նախընտրում են հանգստանալ, Գոնիոն է, որը բացի ծովափնա հանգստից, լեռնային գոտում է և տուրիստներին գրավում է իր հրաշալի բնությամբ: Այստեղ ևս վերջին տարիներին նոր հյուրատներ են կառուցվել, հենց ծովի մերձակայքում և բավական մատչելի պայմաններում հազարավոր զբոսաշրջիկների են ընդունում: Այս տարի զբոսաշրջիկների համար բոլորովին նորույթ էր Անակլեան, որը տեղակայված է հարևան Վրաստանի և Աբխազիայի սահմանամերձ գոտում և բավական բարենպաստ կլիմա և մաքուր ու ավազուտ լողափ ունի: Այս վայրում միայն մեկ տարվա ընթացքում երեք հյուրանոց է կառուցվել, այստեղ, ի դեպ, գնտվում է նաև Վրաստանի նախագահի նորակառույց ամառանոցը: Տուրիստական ընկերություններից տեղեկացանք, որ ուղեգրված հայերից մի քանիսը գոհ են եղել այնտեղ անցկացրած հանգստից, և միակ դժգոհությունը կապված է եղել ծառայությունների և ապրանքների թանկ գների հետ: Լինելով նոր բացահայտված հանգստավայր` այն ամենուր գովազդվում է և ներդրումների համար բարենպաստ վայր համարվում:
Այսպիսով, ընտրությունս կանգ առավ Չակվի տանող ուղերթի վրա: Կարծում էի, որ այս վայրում իսկապես հանգիստս կվայելեմ, կկտրվեմ քոբուլեթյան հայաշատ իրարանցումից, հայկական համարանիշներով արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաներից և ամենուր հնչող հայկական ռաբիս երաժշտությունից: Համացանցից գտա մի բանուկ հատվածում տեղակայված հյուրանոցային համալիր և որոշեցի ուղևորվել այնտեղ:
Չակվին բավական փոքր ավանատիպ գյուղակ էր, Բաթումի քաղաքից մի քանի կմ հեռու: Հյուրանոցը կառուցված էր անտառի գողտրիկ անկյունում՝ շրջապատված կանաչապատ պուրակներով և ծառախիտ այգիներով: Սակայն զարմանքս հարուցեց կայանատեղիում բեռնաթափվող հայկական ավտոմեքենաներիից հնչող հայկական երաժշտությունը: Իսկ ավելի ուշ, ճաշարանում պարզ դարձավ, որ նախաճաշում եմ միայն այզգությամբ հայ զբոսաշրջիկների հետ: Քսան հյուրանոցային համար ունեցող այս հյուրանոցի գրեթե բոլոր համարները զբաղեցրել էին հենց հայ քաղաքացիներ: Ի դեպ, մի քանիսը Հայաստանի մարզերից էին. երկու ընտանիք ժամանել էր Կապանից, երեքը՝ Եղեգնաձորից: Պարզվեց, որ մեր ցանկությունները համընկել էին, և նրանք ևս այս գողտրիկ հանգստավայր էին եկել ամենօրյա աղմուկից զերծ մնալու նկատառումներով:
Մի քանի օր այստեղ հանգստանալուց հետո, զբոսնելու նպատակով մեկնեցի հայաշատ Ուրեկի: Բացահայտեցի, որ շատ հյուրանոցային համալիրներ շատ ավելի մատչելի պայմաններով են պատրաստ տուրիստների ընդունել, քան առաջարկում են հայկական տուրիստական ընկերությունները: Մի քանի հյուրատներ էլ նոր էին կառուցվել, որտեղ զբոսաշրջիկներին ժպիտով ընդունում ու ծառայությունների մասին տեղակացնում էին ազգությամբ հայ աղջիկներ: Հետաքրքիր էր նաև շրջիկ վրաց-ուկրաինական համատեղ կրկեսի առկայությունը, որը մի քանի ամսով տեղակայվել էր ավանի կենտրոնում, և ցուցադրությունները հիմնականում անցկացվում էին հայ զբոսաշրջիկների պատվերով:
Բազմամարդ Ուրեկին լի էր հայերով, իսկ հայկական երաժշտությունը հատկապես` երեկոյան ժամերին, ցնծում էր մեր հայրենակիցների գավաթների զրնգոցների և բազմատեսակ կենացների ներքո: Կենտրոնական հրապարակում` ռեստորաններից մեկում, երեկոները հայրենակիցների պատվերով հնչեցվում էին հայրենասիրական երգեր, հատկապես` Անին ու «Երևան դարձած իմ Էրեբունին»: Քայլում էի այդ բազմամարդ նեղ փողոցով ու ամենուր տեսնում հայկական համարանիշով մեքենաներ, որոնք համարձակ սուլոցներով ազդարարում էին իրենց երթը և ճանապարհ խնդրում: Նույնիսկ առևտրի կենտրոններից շատերում վաճառողուհիները ազգությամբ հայ էին, մի քանիսը ժամանակավոր աշխատանքի նպատակով այնտեղ էին տեղափոխվել Քութաիսիից և Թբիլիսիից: Որոշ հյուրանոցային համալիրների ղեկավարների հետ զրուցելով` տեղեկացա, որ հատկապես այս տարի էլ ավելի է մեծացել հայ զբոսաշրջիկների հոսքը, ինչը, ըստ նրանց, պայմանավորված է առաջարկի մեծացմամբ և նոր ծառայությունների ավելացմամբ:
Այս տարի հարևան Վրաստանում զբոսաշրջիկների 45-50 տոկոսը եղել են հայեր:
Այս թիվը իսկապես մտահոգիչ է ներքին տուրիզմի վիճակագրության նվազեցման պարագայում: Որքան էլ մեր երկրում անընդհատ խոսվում է ցուցանիշների բարելավման, հյուրատների առաջարկի մեծացման, ճանապարհների վերանորոգման, ենթակառուցվածքների զարգացման մասին, հայաստանաբնակների մեծամասնության համար դեռևս սեփական հայրենիքի զբոսաշրջային բարիքներից օգտվելը մնում է անմատչելի: Դրանք կարծես կառուցվում և գործարկվում են միայն որոշակի խավի պահանջները բավարարելու և որոշ վճարունակ օտարերկրյա հայրենակիցների համար:
Եթե պարզ հաշվարկ կատարենք, որպեսզի իմանանք, թե մեկ հայ զբոսաշրջիկը որքան գումար է ծախսում իր հանգիստը հարևան երկրում կազմակերպելու համար, ապա տվյալներն էլ ավելի մտահոգիչ կդառնան: Բացի հյուրանոցային և սննդի ծախսերից, զբոսաշրջիկը գումար է վատնում նաև երթևեկության, ժամանցային կենտրոններից օգտվելու, սրճարանների ու ռեստորանների մատուցած ծառայությունների դիմաց: Չմոռանանք նշել նաև, որ առևտրային կենտրոններից ևս զբոսաշրջիկը օգտվում է թե՛ սննդամթերք, թե՛ ծովափնա պարագաներ գնելու նպատակով: Այսինքն՝ հարևան երկրում միայն ամռան այս ամիսներին մեկ հայաստանցի զբոսաշրջիկը միջին հաշվարկով ծախսում է 110-130 հազար դրամ: Հայ զբոսաշրջիկների ծախսած գումարները ամեն տարի շրջանառվում են հարևան երկրի տնտեսության մեջ:
Եվ պատահական չէ, որ դեպի Վրաստան հայ զբոսաշրջիկների հոսքը նվազեցնելու համար այս տարի ստահոդ լուրեր էին շրջանառվում, թե այդ երկրում հանգստանալը վտանգավոր է տարատեսակ վիրուսների տարածման պատճառով: Փոքր ճշգրտում անելուց հետո հասկացա, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, այլ հերթական խայծն են ներքին տուրիզմը զարգացնելու համար: Այս երկրի հյուրատների առաջարկած մեկ օրվա միջին գինը համազոր է մեր երկրի ամենասովորական հյուրանոցային համարների առաջարկած գներին: Բայց հաշվի առնենք այն հանգամանքը, որ մենք ծով չունենք, և միայն մի փոքրիկ լճով հայ զբոսաշրջիկին զարմացնելն ու սեփական ծածկի տակ պահելը խրթին գործ է:
Բացի Վրաստանից, այս տարի մեծ է եղել հոսքը նաև դեպի Արաբական Էմիրություններ: Թեպետ ամռան այս ամիսներին դեպի այդ պետություն մեկնողների հոսքը նվազում է բարձր ջերմաստիճանի պատճառով, այս տարի, զարմանալիորեն հաղթահարելով տապը, հայ զբոսաշրջիկներից շատերը ուղևորվել են նաև դեպի Դուբայ, Շարժա, Աբու Դաբի: Դեպի Անթալիա և Վառնա չվերթները նույնպես աշխույժ են եղել, մանավանդ հուլիս ամսվա վերջին: Իսկ օգոստոսի սկզբներին փոքր-ինչ աշխուժացել է դեպի Հունաստան և Շրի Լանկա մեկնողների հոսքը: Չվերթներ են եղել նաև դեպի Ֆրանսիա և Թաիլանդ:
Լ. Ն
Tags: տնտեսական, տուրիզմ