Շատ դաժան եղավ ցեղասպանությունից մազապուրծ սերնդի ճակատագիրը. անհիմն քաղաքական հալածանքներ, Հայրենական մեծ պատերազմ: Բաղձալի հաղթանակը ձեռք բերվեց բազմաթիվ շնորհալի երիտասարդների կյանքի գնով:
91-ամյա գեղանկարիչ Արմեն Աթայանը հիշում է.
- 1936 թ. ես 14 տարեկան էի, երբ ընդունվեցի Գեղարվեստի տեխնիկում: Ինձ առաջին կուրսում դասավանդում էր Կորյուն Սիմոնյանը, հետո նրան փոխարինեց Վահրամ Գայֆեճյանը: Չորրորդ կուրսում դարձյալ Կորյունն էր դասավանդում: Հիշում եմ` նա «Կոմունիստների գնդակահարումը Տաթևում» դիպլոմային աշխատանքն էր անում Կոնդում: Մենք տղաներով հաճախ էինք գնում նայելու: Կորյունին մենք կարծես ավելի լավ էինք հասկանում, քան մյուսներին: Հինգերորդ կուրսի կեսից մենք դիպլոմային աշխատանքներ էինք անում և չհասկացանք` ինչու Կորյունը չդասավանդեց: Նրան փոխարինեց Բաբկեն Քոլոզյանը: Նա ևս լավ դասատու էր, կիրթ, լավ էլ սովորեցնում էր: Մեր կուրսի տղաները չէին համակերպվում, ուզում էին, որ Կորյունը դասավանդեր: Նրանք ինձ խնդրեցին. «Դու լավ ես սովորում, խոսի’ր, մենք բոլորս կմիանանք քեզ, մենք սովորել ենք Կորյունին և դիպլոմի ժամանակ ուրիշ դասատու չենք ուզում»: Ես բացատրեցի տղաներին, որ չարժե, Քոլոզյանն էլ լավն է: Սակայն տղաներն անդրդվելի էին: Ես մեր խնդրանքը հայտնեցի Բ.Քոլոզյանին և նստեցի տեղս: Տղաները լռեցին, ոչ ոք ելույթ չունեցավ: Հետո ես բարկացա նրանց վրա, որ այդպես վարվեցին:
Կապը Կորյունի հետ պահում էինք: Մեր գործերը ցույց էինք տալիս իրեն: Նա շատ էր զբաղված և մեզ մոտ հազվադեպ էր լինում: Մենք պիտի ավարտեինք 1941 թ. հունիսի 20-ին, խնդրեցինք, որ մի 5 օր ավելացնեն, քանի որ չէինք հասցնում: Ես և՛ աշխատում էի, և՛ սովորում, որովհետև հորս` Արշակ Աթայանին գնդակահարել էին 1937-ին, չնայած հետո արդարացրեցին:
Դիպլոմի պաշտպանության ժամանակ ներս խուժեց մեր պահակը (վանեցի, բեղերով մարդ էր, «պապաշա» էինք ասում) և ասաց.
- Տղանե՛ր, գերմանացի ֆաշիստները հարձակվել են մեր երկրի վրա, պատերազմ է:
Զարմացանք, ի՞նչ պատերազմ, ի՞նչ բան: Սկսեցինք հետևել լուրերին, դրանք սովորականի նման էին, մտածեցինք, թե սխալ է հասկացել: Հետո ժամը 12-ին Լևիտանի ձայնը հայտարարեց, որ պատերազմ է: Գլուխներս կախ հավաքվեցինք տեխնիկումի ամենամեծ դասարանում և նստեցինք պատերի տակ, հենց հատակին: Մտածում էինք` կարճ կտևի, կվերջանա:
Դիպլոմները պաշտպանեցինք: Պաշտպանելու ժամանակ եկավ քիմիայի դասատուն` Սարգիս Ալիմյանը և ասաց.
- Տղանե՛ր, եթե ես որևէ մեկիդ նեղացրել եմ, ներեցե՛ք ինձ, խնդրում եմ վատ չհիշեք:
Դիպլոմի պաշտպանությունը դարձավ մի հանդիսավոր հայրենասիրական դաս: Ալիմյանին ճանապարհեցինք, իսկ ոգին մնաց: Դեռ չգիտեինք, որ առաջիկա գիշերը մեր դասատուներից շատերին տանելու էին ռազմաճակատ, իսկ մեր տղաներին էլ դիպլոմի պաշտպանությունից հետո տարան: Ինձ չէին տանում, բայց գցել էին մի զորամաս, որտեղ մորզե էինք անցնում, սովորում էինք պարաշյուտով իջնել, մեզ պիտի գցեին թշնամու թիկունքը: Ընկերներս բանակում էին, նամակագրական կապը պահում էի, շուտով ինքս էլ կամավոր գրվեցի:
Մեր տղաներից շատ-շատերը զոհվեցին, 22 հոգուց մնացել էինք 4-ը: Երբ վերադարձա, Սարգիս Առուշյանն աշխատում էր թատրոնի նկարիչ, նա վտանգավոր տեղերում էր ծառայել, հրաշքով կենդանի էր մնացել: Մինչև հիմա սիրտս մղկտում է, որ շատ տաղանդավոր տղաներ չվերադարձան` Սևաչերյան Վանիկը, Գևորգյան Համլետը, Ալթունյան Զազիկը, նա իմ ամենամոտ ընկերներից էր, Լևոն Թոթովենցը, Ավագյան Սուրենը, որ տիկնիկային թատրոնում էր աշխատում: Հիշում եմ` թատրոնը Չարենցի դպրոցի տեղում` «Անաստված» կինոթատրոնում էր տեղավորված, իսկ դրա տեղում եկեղեցի էր եղել:
Շատ եմ մտածում, տանջվում ու ափսոսում, որ լավագույն տղաները գնացին, զոհվեցին` Կորյուն Սիմոնյանը, Վանիկ Կարապետյանը, Լևոն Տոնականյանը, Սարգիս Ալեքսանյանը, Անդրանիկ Մարկոսյանը, շատ-շատերը: Հիշում եմ Լևոնին, Լենինգրադում նա ամուսնացել էր Ելենա Տաբակովայի հետ: Տաբակովան հոյակապ նկարիչ էր: Նկարել էր կոլտնտեսականներին հանգստանալիս, տարել էր ցուցահանդես: Առաջինը նայել էր Ստալինը և հարցրել աշխատողին. «Այդ ե՞րբ աշխատեցին, որ հիմա էլ հանգստանում են»: Այդքանը հերիք էր, որ նրա նկարը հանեին ցուցադրությունից:
Հետագայում ես ուսումս շարունակեցի Մոսկվայի կերպարվեստի ինստիտուտում, ինձ Ալ.Օսմյորկինն էր դասավանդում, նա աշխատում էր նաև Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում: Նա ինձ շատ բան սովորեցրեց, չտեսնված մարդ էր: Պատմեց, որ 1937-ին Թ.Չորեքչյանը Կորյունի դիպլոմը փչացրեց, պաշտպանության ժամանակ վեր կացավ և հայտարարեց, որ նա օգտագործել է դաշնակցական դրոշի գույները: Այդ պաշտպանությունը չընդունեցին, հաջորդ տարի Կորյունն աշխատում էր իր դիպլոմի վրա, դրա համար էլ մեզ դաս չէր տալիս: Օսմյորկինը շատ էր գովում Կորյունին, ասում էր. «Նա հոյակապ զգում էր լույսը, նա շատ լավ ուսանող էր, դիպլոմային աշխատանքն էլ հոյակապ էր, ափսոս, այդ տականքը փչացրեց»:
Իմ սիրելի ուսուցիչը` Կորյունը, քչախոս էր, զուսպ, շատ տպավորիչ էր բացատրում, ավելի շատ շարժումներով էր ցույց տալիս, երկու բութ մատերով, կարծես ծեփում էր նկարը: Նա գույնը չտեսնված լավ էր զգում: Նրա «Ինքնանկա՜րը» հոյակապ գործ է: Իհարկե, երիտասարդ նկարիչը դեռ պիտի հղկվեր, շատ փորձ ունենար, հետո գտներ իր սիրած ուղղությունը: Կորյունը ցավոք չհասավ դրան իր կարճ կյանքում, պատերազմն անավարտ թողեց բոլորի երազանքները:
Կարինե ԱՂԱԲԱԲՅԱՆ
