«Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ն և բազմաթիվ տաքսիստներ պահանջում են Գագիկ Բեգլարյանի հրաժարականը:
Եթե մի քանի ամիս առաջ հայ տաքսիստները բողոքում էին հիմնականում տրանսպորտի և կապի նախարարության տարբեր ծրագրերից` կապված տաքսիների լիցենզավորման, դեղին պետհամարանիշների ներմուծման, այնուհետև նաև դրանց անհրաժեշտությունը վերացնելու, հաշվիչների ձեռքբերման ու դրանց ստուգաչափման հարցերի հետ, ապա այժմ դժգոհությունների սահմաններն ընդլայնվել են: Այժմ հայ տաքսիստները բողոքում են նաև կայանման համար նախատեսված կարմիր գծանշաններից, տեսախցիկների անարդար տուգանքներից և այլն:
Տաքսու վարորդ Սարգիս Մաչկալյանը, օրինակ, նշում է, որ իրեն չեն թույլատրում ստուգաչափված բոլոր չափանիշներին ու պահանջներին համապատասխանող հաշվիչը հին մեքենայից հանել ու տեղադրել նոր մեքենայի մեջ և պարտադրում են նոր հաշվիչ գնել: Իսկ Մաչկալյանն ընդամենը 1 տարի առաջ է 300 ԱՄՆ դոլարին համարժեք գումարով գնել հաշվիչը:
Տաքսիստ Լևոն Մարկոսյանն էլ հայտարարելով, թե արդեն զզվել է իրենց հանդեպ անհասկանալի ու անտրամաբանական վերաբերմունքից, բողոքում է, որ լինում են դեպքեր, երբ մի քանի վայրկյանով կանգառ են անում ուղևորին իջեցնելու համար, ու մեկ էլ իմանում են, որ տեսանկարահանող սարքերը ֆիքսել են, որ իրենք արգելված վայրում կանգառ են արել, ու տուգանում են. «Ի՞նչ ա, գնամ բարձրանամ էդտեղ կանգնած ավտոների վրա՞, թե՞ ուղևորին ասեմ` կներես, բայց պիտի մի 2 հարյուր մետր ներքև կանգնեմ, ու դու ստիպված ես էդքան տեղը հետ վազել: Կամ ինչի՞ց է, որ մեզ պարտադրում են, թե վճարովի ավտոկայանատեղում կանգնելիս հեռախոսով հաղորդագրություն ուղարկիր, որ կանգնել ես, որպեսզի փող գանձեն, իսկ երբ արգելված տեղում ենք կանգնում, իրենք Էսեմես չեն ուղարկում, թե խախտում ես անում, իմացիր, որ էլ չանես: Ու մինչև տուգանքի մասին փոստով իմանում ենք երկու ամիս տևում ա, բայց էդ ընթացքում մենք արդեն մի հարյուր անգամ նույն տեղը կանգնած ենք լինում ու չենք իմանում, որ խախտում ենք անում»,- բորբոքված իր դժգոհություններն է թվարկում Լևոն Մարկոսյանը:
Մեկ այլ տաքսու վարորդ բողոքում է կարմիր գծանշմամբ վճարովի ավտոկայանատեղերից, թե երբ 5-6 կիլոմետրից մարդ են տեղափոխում, և ուղևորը պահանջում է մի քանի րոպե սպասել, պետք է ընտրեն` կա՛մ վճարովի կայանատեղում են կանգնելու և դրա համար 200 դրամ վճարեն, կա՛մ պետք է դրանից դուրս կայանեն, ու դրա համար տուգանվեն 5000 դրամով: Իսկ այդ 5-6 կիլոմետրն անցնելու համար իրենց վճարում են 600 դրամ: Ու տաքսիստները չեն հասկանում, թե որն է այստեղ տրամաբանությունը, որ հասարակական տրանսպորտը մնացած բոլորի հետ դիտարկվում է միևնույն շարքում:
Մի խոսքով` դժգոհություները շատ են: Ուստի մասնավոր տաքսի ավտոմեքենաների վարորդները բողոքում են, ցույցեր ու հավաքներ իրականացնում` վերջերս էլ «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի գլխավորությամբ սկսել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրաժարականը պահանջել:
«Ես դիմել եմ նախարարին, առաջարկել եմ, որ բոլոր վարորդներին չպարտադրեն դեղին համարանիշեր, հաշվիչներ և այլն, այդ պահանջները հանեն ու բոլորին սկսեն արտոնագրել. յուրաքանչյուրը մուծի 5000 դրամ ու ստանա տաքսի վարելու արտոնագիր: Դրա վերահսկողությունն էլ թող վերապահվի հարկային ծառայություններին, ոստիկաններն էլ տաքսիստներին ստուգեն ըստ այդ արտոնագրի առկայության»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը:
Լիգայի նախագահն ու տաքսիստները նաև պահանջում են, որ իրենց համար կայանելու, կայանատեղերի ծախսերի և այլ հարցերում բացառություն անեն, որպեսզի իրենք իրենց օրվա հացի խնդիրը կարողանան լուծել: Տիգրան Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ ինքը հայեցակարգ է ներկայացրել Գագիկ Բեգլարյանին` համապատասխան բոլոր առաջարկություններով, որում, բացի տաքսիստների հարցերից, ներառված են նաև գծատերերի խնդիրները, սակայն արձագանք չկա:
Արձագանք չի էլ լինելու, քանի որ հայեցակարգերն ընդունվում ու իրականացվում են այն դեպքում, երբ դրա կարգավորման ոլորտում համապատասխան օրենսդրական ու ենթաօրենսդրական դաշտ չի լինում: Իսկ այս ոլորտում, ինչպես մեզ բացատրեց տրանսպորտի և կապի նախարարության աշխատակիցներից մեկը, 2007 թվականից Հայաստանում գործում են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքերի մասին», «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքները և կարգավորման այլ իրավական ու ենթաօրենսդրական ակտեր: Այսինքն` այստեղ հայեցակարգի անհրաժեշտություն չի կարող լինել, եթե, իհարկե, առկա օրենսդրությունը վերացնելու և միայն հայեցակարգերով առաջնորդվելու որոշում չկայացվի:
Ինչևիցե, տաքսիստներն ու «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ն հանդես են գալիս Գագիկ Բեգլարյանի հրաժարականի պահանջով, քանի որ կարծում են, որ ոլորտում քաոսային վիճակ է, հարցերը չեն լուծվում, մարդկանցից միայն «գումար են պլոկում», իսկ նախարարը կարող է այս իրավիճակը փոխել, բայց չի փոխում. «Սաղ ազգը դարձել ա տաքսիստ, բոլորն էլ զզվում են իրենց գործից»,- եզրափակեց Տիգրան Հովհաննիսյանը:
Տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանն այս որակումները աբսուրդ է համարում: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ոլորտում չի կարող քաոսային վիճակ լինել, քանի որ բոլոր հարցերը կանոնակարգվում են համապատասխան օրենքներով ու իրավական ակտերով: Իսկ տաքսիստների բարձրացրած հարցերի մասին էլ նշեց. «Նրանք տարբեր ժամանակներում տարբեր դժգոհություններ են արտահայտում ու բողոքներ ներկայացնում, մենք ծանոթանում ենք նրանց բարձրացրած հարցերին ու խնդիրներին, որոնք մեկնաբանություն ու պարզաբանում են պահանջում, ներկայացնում ենք անհրաժեշտ մեկնաբանությունները, իսկ այն խնդիրները, որոնք լուծման ենթակա են լինում, անպայման լուծում ենք»:
Tags: տրանսպորտ