Վերջին երկու շաբաթն աննախադեպ ակտիվ էր սիրիական խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի հարցում:Նախ` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կոչ արեց Դամասկոսին հանձնել քիմիական զենքը միջազգային հանրությանը և միանալ քիմիական զենքն արգելող կազմակերպությանը, ինչին Սիրիայի իշխանությունները համաձայնեցին: Այնուհետև պաշտոնական Վաշինգտոնը հայտարարեց, որ պատրաստ է հետաձգել Սիրիայի դեմ պատրաստվող ռազմական գործողությունը, եթե Ասադը միջազգային հանրության վերահսկողությանը հանձնի քիմիական զենքը:
Սիրիական խնդրում դեպքերն աննախադեպ արագ զարգացումներ են ապրում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հենց այն օրը, երբ նշվում էր Սիրիային հարվածներ հասցնելու ամենահավանական ժամկետը` սեպտեմբերի 11-ը, հանկարծ փոխեց իր քաղաքական կուրսը` համաձայնելով Ռուսաստանի` սիրիական քիմիական զենքը միջազգային հանրությանը հանձնելու առաջարկին: Օբաման հայտարարել է, թե պատրաստ է սպասել է ՄԱԿ-ի հետաքննությանը` կապված Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետ, և կոչ է արել Կոնգրեսին դեռևս քվեարկության չդնել Սիրիայի դեմ ուժ կիրառելու հարցը: Սիրիայի նախագահ Բաշար Ասադն էլ սեպտեմբերի 12-ին հաստատել է, որ իր երկիրը պատրաստ է հրաժարվել քիմիական զենքից ու ստորագրել դրա կիրառումն արգելող համաձայնագիրը:
Դրանով Սիրիայի հարցով բանակցությունները Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև մտան աննախադեպ բուռն զարգացումների շրջան: Ժնևում Ռուսաստանը և ԱՄՆ-ն երկկողմ մակարդակում և ՄԱԿ-ում քննարկում էին Սիրիայի քիմիական զենքերը միջազգային վերահսկողության տակ դնելու առաջարկը: Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ «Ժնև-2» (ԱՄՆ և ՌԴ) համաժողովի շրջանակներում ԱՄՆ-ն պնդելու է Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար ալ-Ասադի հեռացումը:
Սեպտեմբերի 14-ին Ժնևում բանակցություններ վարող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջիմ Քերին հայտարարեցին, որ բանակցությունների արդյունքում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցրել են Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողության հանձնելու վերաբերյալ ծրագիրը:
Ժնևյան եռօրյա բանակցություններն աննախադեպ էին ու կդառնան դիվանագիտության դասագրքային օրինակ, քանի որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարողացան համաձայնեցնել սիրիական քիմիական զենքի խնդրի կարգավորման խաղաղ սցենարն այն պահին, երբ ռազմական միջամտությունն Արևմուտքի կողմից անխուսափելի էր թվում:
Այս բանակցությունները եկան ապացուցելու, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանն աշխարհի երկու ամենահզոր գերտերություններն են, որոնք կարող են որոշել, թե աշխարհի որ կետում ինչպիսի զարգացումներ ընթանան կամ չընթանան:
Ինչպես այս առիթով գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, հղում անելով ռուսական պատվիրակության կազմում իր աղբյուրին, ռուսական պատվիրակությունը մինչև վերջին պահը լիովին համոզված չի եղել, որ ամերիկացիները կընդունեն Մոսկվայի նախագիծը սիրիական քիմիական պահեստները միջազգային վերահսկողությանը հանձնելու վերաբերյալ: Անորոշությունը պահպանվել է անգամ, երբ համաձայնությունը կայացած է եղել, և բանակցողներին մնացել է միայն այդ մասին հայտարարել լրագրողներին:
«Ջոն Քերին երկար ժամանակ ձգձգում էր ճեպազրույցը: Այդ ժամանակ Սերգեյ Լավրովը ոչ սովորական քայլի դիմեց. նա մամուլի սրահ գնաց միայնակ, նստեց իր աթոռին ու սկսեց խոսել եղանակի մասին: Նրան անմիջապես շրջապատեցին արևմտյան լրագրողները: Նրանցից մեկի հարցին, թե ինչ է այս ամենը նշանակում, Լավրովը պատասխանեց. «Ես ժամանակ եմ սպանում, պարզապես անելիք չունեմ»: Դրանից քիչ անց Ջոն Քերին հայտնվեց»,- գրում է թերթը:
Ըստ պարբերականի` բանակցությունների ընթացքում ամենադժվար կետը եղել է այն, թե ինչ կլինի, եթե հակամարտող կողմերից մեկը խախտի պայմանավորվածությունը: ԱՄՆ-ն պնդել է, որ պատասխանատվություն կարող է կրել միայն Բաշար ալ-Ասադի ռեժիմը, և եթե այն չգործի ըստ ռուսական սցենարի, ապա անմիջապես պետք է պատժել և ուժ կիրառել` համաձայն ՄԱԿ-ի օրենսդրության: Իսկ Ռուսաստանը պահանջել է համաձայնությունը խախտելու դեպքում պատասխանատվությունը տարածել նաև ընդդիմության վրա` կտրուկ դեմ արտահայտվելով որևէ ավտոմատ պատժիչ միջոցի: Հատկանշական է, որ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Քերին հրապարակավ խոստովանեց, որ ընդդիմությունը ևս քիմիական զենք ունի:
Ընդամենը` «թայմ աութ»
Մի խոսքով, բանակցությունները Ժնևում դեռ նոր էին ավարտվել, երբ հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ը ստացել է Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիային Սիրիայի անդամակցությանը վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Այդպիսով Սիրիայում կոնվենցիան ուժի մեջ կմտնի այս տարվա հոկտեմբերի 14-ին` անդամակցության մասին փաստաթղթերի փոխանցումից 30 օր հետո:
Թվում էր` մնում են արդեն միայն տեխնիկական խնդիրները: Սակայն սեպետեմբերի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում կայացած հանդիպման ընթացքում հանգեցին այն եզրակացության, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայի իրավիճակի վերաբերյալ «ուժեղ և պարտադրող» բանաձև պետք է ընդունվի:
Այդ նույն օրը OPCW-ն` Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը (ՔԶԱԿ), հայտարարել է, որ պատրաստ է մի քանի օրվա ընթացքում սկսել Սիրիայի քիմիական զենքերի ոչնչացման ծրագիրը:
Եվ եկավ ամենասպասելի ժամը` սեպտեմբերի 16-ին հրապարակվեց Սիրիայում քիմիական զենքի օգտագործման մասին ՄԱԿ-ի պատրաստած զեկույցը, որում հաստատվել է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձաններից մեկում քիմիական զենքի կիրառման փաստը: Մասնագետների խոսքով` Սիրիայում օգտագործվել է «երկիր-երկիր» տիպի հրթիռ` զարին գազով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի- Մունը, սակայն, հայտարարել է, որ քիմիական հարձակման մեղավորներին բացահայտելու համար պետք է լրացուցիչ հետաքննություն իրականացնել, քանի որ առկա տվյալները բավարար չեն ռեժիմին պատասխանատու համարելու համար:
Սրանից հետո հայտարարությամբ հանդես եկավ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը: Նա նշեց, որ ՄԱԿ-ի հրապարակած զեկույցից պարզ է դառնում, որ Դամասկոսի մոտ քիմիական զենքի կիրառման պատասխանատուն կարող է լինել միայն Բաշար ալ-Ասադի զորքը: «Ելնելով զեկույցի տեխնիկական մանրամասներից` շատ պարզ է, որ միակ կողմը, որը պետք է պատասխանատվություն կրի քիմիական զենքի համար, Սիրիայի ռեժիմն է»,- ասված է նախարարի հայտարարության մեջ:
Նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ նաև ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը, թե ՄԱԿ-ի զեկույցը հաստատում է Բաշար ալ-Ասադի ռեժիմի մեղքը քիմիական զենքի կիրառման հարցում:
Այս փաստը հետաքրքիր է դառնում հատկապես Բարաք Օբամայի այն հայտարարության համատեքստում, որ ԱՄՆ-ն կշարունակի իրականացնել Սիրիայի վրա միջազգային ճնշման քաղաքականությունը: ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն նախկինի պես պատրաստ է Սիրիայի դեմ ռազմական գործողություններ իրականացնել, եթե այս խնդրի լուծման դիվանագիտական տարբերակը արդյունք չտա: Ըստ Օբամայի, Սիրիայի նախագահ Բաշար Ասադին խնդիրներ են սպասում, եթե նա փորձի շեղվել նախագծված ծրագրից:
Ամենայն հավանականությամբ, հենց ՄԱԿ-ի համապատասխան զեկույցի բովանդակությունն էլ բխում է այդ տրամաբանությունից, քանի որ «տեղ է թողնում» ԱՄՆ-ի համար, ցանկացած պահի այդ զեկույցին հղում կատարելով, դարձյալ ակտիվացնել Սիրիայի վրա ռազմական ուժի կիրառման սցենարները: Այս դեպքում, համոզված ենք, Ռուսաստանի արձագանքը չի ուշանա: «Պատերազմում` ինչպես պատերազմում»,- ասում է ռուսական ասացվածքը: Իսկ հիմա ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ծավալվում է նյարդերի և ուղեղների լարված պայքար` սառը պատերազմ: Ամեն դեպքում, մինչև հոկտեմբերի 14-ը ԱՄՆ-ն դժվար թե ռազմական ուժ կիրառի Սիրիայի նկատմամբ: Սիրիայի դեմ ռազմական ուժ կիրառելու մտադրությունները վերջնականապես չեզոքացված չեն, ընդամենը մտել են «թայմ աութի» փուլ:
Tags: Սիրիա
