Երևանի մարզահամերգային համալիրի կամարների ներքո բարձրակարգ մարզիկների մասնակցությամբ շատ մրցումներ են անցկացվել: Եվ ահա սեպտեմբերի 19-ին մարզական այս կառույցում տափօղակով հոկեյի ընկերական մրցամարտ կանցկացվի: Սահադաշտ դուրս կգան ռուսական «Հոկեյի լեգենդներ» և «Գրադ» ակումբների խաղացողները: Ուշագրավն այն է, որ միջոցառումը նվիրվելու է տափօղակով հոկեյի օլիմպիական խաղերի առաջին հայ չեմպիոն Գրիգոր Մկրտչյանի մահվան 10-ամյա տարելիցին:
Նա ԽՍՀՄ հավաքականի հուսալի դարպասապահն է եղել և 1956-ին դարձել օլիմպիական խաղերի չեմպիոն: Մկրտչյանն աշխարհի, Եվրոպայի եռակի չեմպիոն է, 1948-59 թթ. 9 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, ունեցել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում: 1965-67 թթ. հայ մասնագետը որպես մարզիչ գլխավորել է գնդակով հոկեյի ԽՍՀՄ հավաքականը, և նրա սաները երեք անգամ հռչակվել են աշխարհի չեմպիոն:
Մկրտչյանը ծնվել է 1925 թ. Կրասնոդարում, մահացել է 2003-ին Մոսկվայում:
Գրիգոր Մկրտչյանի ընկերների նախաձեռնությամբ առաջարկ է եղել Հայաստանում յուրօրինակ միջոցառում կազմակերպելև հարգանքի տուրք մատուցել նրան:
«Հոկեյի լեգենդներ» թիմի կազմում խաղալու համար Երևան են ժամանելու օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի բազմակի չեմպիոններ, դարպասապահ Վլադիմիր Միշկինը, պաշտպաններ` Վլադիմիր Լուտչենկոն, Սերգեյ Բաբինովը, Յուրի Լյապկինը, Ալեքսանդր Գվոզդևը, հարձակվողներ Իրեկ Գիմաևը, Ալեքսանդր Գոլիկովը, Վիկտոր Շալիմովը, Իգոր Միշուկովը, Ռոման Իլյինը, Եվգենի Դավիդովը, Անդրեյ Կովալենկոն, Ալեքսանդր Յակուշևը:
Հայաստանում սիրում են տափօղակով հոկեյը: Ցավոք, 2011-ին Երևանի մարզահամերգային համալիրում կազմակերպված C խմբի աշխարհի առաջնության մրցաշարից հետո Հայաստանի հավաքականը որակազրկվել էր մեկ տարով: Բանն այն է, որ մեր թիմի կազմում խաղում են հիմնականում ԱՄՆ-ում մարզվող և մրցելույթ ունեցող մեր հայրենակիցները: Եվ փաստաթղթերի ձևակերպում պահանջված ձևով չէր կատարվել:
Երևանի գեղասահքի դպրոցն ավերակի վերածելուց հետո էլ Հայաստանի առաջնություններ չեն անցկացվում:
Թվում էր, թե սահադաշտ չունենք, սակայն հավաքական կա: Բայց, չգիտես ինչու, 2012-ին նպատակահարմար չհամարվեց խաղալ Թուրքիայի Էրզրում քաղաքի մարզապալատում կազմակերպված C խմբի աշխարհի առաջնությունում:
Ինչևէ, մեր երկրի տափօղակով հոկեյի սիրահարները հնարավորություն ունեն հետևելու բարձրակարգ խաղացողների գործողություններին: Կազմակերպիչները լավ նվեր են մատուցել, ՄՀՀ-ի դռները բաց են բոլորի առջև:
Tags: սպորտ
