Աշխարհահռչակ հունգարացի ռեժիսոր Իշտվան Սաբոյի «Մեֆիստո» ֆիլմը (1981 թ.) Կլաուս Մաննի «Մեֆիստո. մի կարիերայի պատմություն» վեպի էկրանավորումն է, որը պատմում է Հենդրիկ Հյոֆգեի մասին: Ֆիլմի սյուժեն դառն է, հեգնական, հերոսը պատրաստ է վաճառել իր հոգին հանուն երազանքների:
Ներկայացնում ենք «Անկախի» հարցազրույցը հունգարացի ռեժիսորի հետ ոչ միայն «Մեֆիստո» ֆիլմի, այլև կյանքի փիլիսոփայության մասին:
- Հարգելի Սաբո, «կվերծանե՞ք» Ձեր «Մեֆիստո» ֆիլմը:
- Ֆիլմը Գյոթեի «Ֆաուստի» յուրօրինակ մեկնաբանություն է: Մարդկությունը դեռ ֆաուստյան գործարքի ծուղակում է, սատանայի հետ նոր գործարքի պատճառը` ապահով զգալու ցանկությունը: Ֆիլմում օպերային երգիչ Հենդրիկ Հյոֆգեն վաճառում է հոգին ոչ թե սատանային, այլ նացիստներին և դառնում նացիստական գաղափարների քարոզիչը: Նա այդ ճանապարհին տրորում է իրական արժեքները՝ ընտանիք, սեր, ընկերություն, մարդկություն, բարոյականություն, իրական արվեստ և այլն: Սակայն երբ գիտակցում է, թե ինչ մեծ սխալ է գործել, արդեն ուշ է:
- Ի՞նչ է Ֆաուստը Ձեզ համար:
- Այն մեծ խնդիր է, քանի մարդկությունը միշտ գիտելիքների, հարստության ձգտելու համար պատրաստ է եղել նույնիսկ վաճառել ամենաթանկ էակին: Այսօր այդ խնդիրը փոխարինվել է մեկ ուրիշով:
- Ձեր ֆիլմերից մեծ մասում առանցքային է «մարդն իր հետ կարող է անկեղծ լինել, թե ոչ» հարցը: Այդպե՞ս է:
- Դա անկեղծություն չեմ անվանում: Ի՞նչ է նշանակում անկեղծություն… Ես ընդամենը ռեժիսոր եմ և կարծում եմ, որ ամենակարևոր հարցն այս է՝ արդյոք մարդը կարո՞ղ է հավատարիմ մնալ իրեն և գտնել իր ինքնությունը:
- Իսկ ի՞նչ է մարդու ինքնությունը:
- Ինքնությունն այն է, թե ով ես դու, որտեղից ես, ում ես պատկանում, ինչ նպատակներ ունես կյանքում և այլն:
- Սակայն շատ հաճախ մարդիկ չեն կարողանում հավատարիմ մնալ նույնիսկ իրենք իրենց:
- Գուցե նրանք հավատարիմ են իրենց էությանը, բայց աշխարհը նրանց թույլ չի տալիս մնալ այդպիսին: Խնդիրները միշտ ծագում են պատմությունից, քաղաքականությունից և գաղափարախոսությունից: Ֆիլմերի բոլոր դերակատարները տաղանդավոր մարդիկ են: Նրանք ունեն մի բան, որը կցանկանային արտահայտել, սակայն աշխարհը նրանցից այլ բան է պահանջում: Եվ հենց այդտեղից էլ առաջանում են խնդիրներն ու հարցերը. արդյոք նրանք կգնա՞ն զիջումների, կընդունե՞ն կամ կզոհաբերե՞ն ինչ-որ բան աշխարհից, իրենցից..:
- Կարծում եք՝ պատմությունն առհասարակ ողբերգակա՞ն է:
- Ոչ միայն Գերմանիայի, այլև ամբողջ Կենտրոնական Եվրոպայի XX դարի պատմությունը ողբերգական է, որը սկսվում է երկու համաշխարհային պատերազմներով և շարունակվում մի քանի հեղափոխություններով: Չեք գտնի մի ընտանիք, որն անդամ կամ հարազատ կորցրած չլինի կամ էլ տուժած չլինի քաղաքական, պատմական ու գաղափարախոսական տարբերությունների պատճառով:
- Շատ տպավորիչ է ֆիլմի ավարտը. հսկայական ստադիոնում, լուսարձակների լույսի ներքո Հենդրիկը պտտվում է ինքն իր շուրջը…
- Եվ այդժամ լսվում է նացիստական պարագլխի լկտի «խրխինջը»… (կիսաժպիտ)
- Ձեր կարիերան սկսվեց 60-ականներից, երբ Ձեր ֆիլմերում նկատելի դարձավ ֆրանսիական ձեռագիրը: Կպատմե՞ք այդ մասին:
- Սկզբնական շրջանում ինձ մեծ երևակայություն պետք էլ չէր, որպեսզի նոր պատմություններ հորինեի, քանի որ իմ կյանքն արդեն լի էր էկրանին բարձրացնելու բամազան նյութերով: Իմ կարիերան կարելի է բաժանել երեք փուլի. հունգարական (1964-1980 թթ., օրինակ՝ «Հայր» ֆիլմը), երբ ֆիլմերի սցենարներն ինքս էի գրում, գերմանական` 1981-1988 թթ., որը ներառում է ոչ պաշտոնական եռագրությունը՝ «Մեֆիստո», «Գնդապետ Ռեdլը» և «Հանուսեն» ֆիլմերը, և երրորդ փուլը՝ 90-ականների սկիզբը, երբ սկսվեց իմ միջազգային համագործակցությունը:
- Մի անգամ նշեցիք, որ արվեստն ու քաղաքականությունը չեն կարող անջատ լինել:
- Միանգամայն ճիշտ եք: Դրանք առանց մեկը մյուսի գոյություն ունենալ չեն կարող: Գուցե այդ է պատճառը, որ իմ ֆիլմերը քաղաքականացված ու ինքնակենսագրական են:
- Ինչպիսի՞ն են այսօրվա պրոդյուսերության պայմանները:
- Մեր հնարավորությունները պակասել են: Մեզ օրեցօր ավելի քիչ ֆինանսներ են տրամադրում, և դա այդպես է ամենուրեք: Հանդիատեսն էլ է փոխվել, նախ և առաջ հեռուստատեսության պատճառով: Եթե քո ֆիլմի ցուցադրության ժամանակ կանգնես մարդկանց հետևում, կտեսնես, որ բոլորը խաղում են իրենց բջջային հեռախոսներով, զրուցում, բամբասում: Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ են տոմս գնում, եթե ամբողջ ցուցադրության ընթացքում պետք է համացանցից չհեռանան: Այսօր համացանցի շնորհիվ յուրաքանչյուր մարդ կարող է նայել, օրինակ՝ Լեոնարդո դա Վինչիի աշխատանքները կամ դիտել ամենատարբեր ֆիլմեր: Իսկ կինոթատրոնը դարձել է ավելի շատ ժամանցի վայր: Մենք պետք է ֆիլմեր նկարահանելու նոր ձևեր, մեթոդներ գտնենք, դրանք հետաքրքիր դարձնենք մարդկանց համար:
- Ինչպե՞ս եք վերաբերվում փառատոներին:
- Փառատոները կարևոր են, քանի որ հայ հանդիսատեսը սիրում է այն ֆիլմերը, որոնք ասելիք ունեն և ոչ թե առևտրային են: Իհարկե, ֆիլմերն այնպես պետք է նկարել, որ վաճառվեն, սակայն պետք է հստակ արտահայտվես, պահպանես հետաքրքրությունը, մարդկանց դրդես զգալու, մտածելու, նաև սովորելու: Չի կարելի նկարահանել մի ֆիլմ, որը ինքնասպանություն քարոզի: Հանդիսատեսին` հեռուստադիտողին պետք է հնարավորություն ընձեռել հասկանալու, որ կյանքը մեկ անգամ է և այլևս չի կրկնվի:
- Իսկ ինչպիսի՞ն են այսօրվա մարդն ու կյանքը:
- Սերն է պակասում այսօր: Թեպետ այն հնարավոր է սովորել: Երբ երեխաներին դաստիարակում են առանց սիրո, ի՞նչ կարող ես սպասել նրանցից: Գիտեք, այս աշխարհում յուրաքանչյուր ոք փորձում է գտնել իր ինքնությունը՝ այդ փնտրտուքի մեջ փորձելով տարբերվել մյուսներից: Սակայն, ի վերջո, այդ տարբերվելու անհագ ցանկության հետևանքով բազմաթիվ մարդիկ կարող են ընկնել «թակարդը»: Պետք է ուղղակի հագնել, ուտել, կարդալ այն, ինչը քեզ դուր է գալիս: Կարծում եմ՝ դա է ճիշտ ճանապարհը:
Հարցազրույցը` Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԻ
