Երանի նրան, ով առանց տեսնելու հավատում է

gaxut2Արմանն արդեն 27 տարեկան է, որից 13 տարին անցկացրել է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում: Դեռևս անչափահաս` ուղղիչ գաղութում էր, բայց կյանքի մրուրը ճաշակած տղային չուղղեցին  գաղութի կանոնները: Հաջորդ  հանգրվանը պատժիչն էր…

Վարույթը բացվեց մի կիսատ ընտանիքի պատմությամբ: Պարզվեց, որ դեռևս դպրոցական` Արմանը (անունը փոխված է իր խնդրանքով) առաջին անգամ իր աչքերով է տեսել, թե ինչպես է սեփական հայրը ծեծում մորը. հարբեցող հայրը կյանքից շուտ հեռացավ: Դպրոցականի մանկական հոգին միանգամից մթագնեց, և  երևան եկան կյանքի դառնությունները:

Արմանը դպրոցում լավ էր սովորում, և՛ մատյանով էր առաջին համարը, և՛ գիտելիքներով: Բայց կյանքը մի թվականով փոխվեց. սովորական 1999-ին փոխարինեց «պատմական» 2000-ը:

- Հայրս միշտ խորհուրդ էր տալիս, որ լավ կրթություն ստանամ: Դպրոցում գերազանց եմ սովորել: Ծնողական ժողովներին մայրս գնում էր հպարտությամբ, որովհետև գիտեր՝ տուն է վերադառնալու հատուկ տրամադրությամբ: Դասղեկի ամենասիրելի աշակերտն էի, դասարանում միակ օրինակելի տղան: Բայց կյանքս, չգիտեմ ինչու, միանգամից փոխվեց: Դա ամենածանր տարին էր, երբ կորցրեցի հորս:

- Հայրդ ցանկանում էր, որ լավ կրթություն ստանաս

- Այո՛, ես էլ էի ցանկանում, մայրս էլ էր ցանկանում, բայց սովորեցի այնքան ժամանակ, որքան կարողացա: 14 տարեկան կլինեի, որ առաջին անգամ թմրադեղ օգտագործեցի: Հորս մահը սարսափելի հարված էր ինձ համար: Վերջին տարիներին նա աշխատանք չուներ ու իր նյարդայնությունը մեր վրա էր կոտրում կամ էլ այդ նյարդային վիճակը  խեղդում էր օղու շշի մեջ:

Դպրոցական տարիներին իմ ամենասիրելի առարկան գրականությունն էր: Հանձնարարված գրքերից բոլորը մեկ առ մեկ կարդացել եմ: Անգամ հիշում եմ՝ ամառային արձակուրդին գրադարանից գրքեր էի վերցնում ու կարդում: Խնկո Ապոր անվան գրադարանի լավագույն դպրոցական ընթերցողն էի. գրադարանավարուհին արդեն ինձ վստահում էր, ու քանի որ կենտրոնից մի քիչ հեռու էինք ապրում, ինձ միանգամից մոտ 5 գիրք էր տալիս, հետո գրքերը վերադարձնելիս նրան պատմում էի իմ տպավորությունները:

- Գրքի հանդեպ սերդ մարեց ու սկսվեց ա՞յլ կյանքով ապրելու ցանկությունդ:

- Դա այնքան արագ ստացվեց, որ անգամ չեմ էլ կարողանում հասկանալ: Լինելով դեռ անչափահաս` միանգամից անսպասելի ապտակ ստացա կյանքից: Դա իմ կյանքում տիրող խառնաշփոթից էր: Պատճառը երևի հետաքրքրասիրությունն էր: Սուտ է, որ ասում են՝ ըհը, վատ շրջապատ ընկավ, նարկոման դարձավ: Եթե տղան չուզենա, շրջապատի ընկերները նրան զոռով դեղեր չեն ներարկի:

- Եվ ի՞նչն էր հետաքրքիր:

- Հետաքրքիրն էն էր, թե մարդ ինչ զգացողություններ է ունենում, ինչ է իրենից դա ներկայացնում: Դա ծխելու պես մի բան ա, ու որ առաջինը ծխում ես, էլ չես մտածում, որ կգայթակղվես ու կցանկանաս երկրորդ կամ երրորդ անգամ:

- Առաջին անգամ դու հայտնվեցիր անչափահասների ուղղիչ քրեակատարողական հիմնարկում, ու որքան տեղյակ եմ, ոչ թմրադեղերի համար:

- Այո՛, փառք Աստծո, որ մեկ երկու անգամ փորձելուց հետո գլխիս խփեցի ու հասկացա, որ դա իմը չէ: Ղումարբազ էի դարձել ու պարտվել, փող էր անհրաժեշտ: Ընկերներիցս հարցուփորձ արեցի, ու խորհուրդ տվեցին գողություն անել: Հենց առաջին փորձն անհաջող էր: Ինձ սխալ ինֆորմացիա էին տվել, ու արագ բռնվեցի: Բայց փողն ամեն դեպքում ճարեցի, տվեցի: Դասարանցիներս ինձ շատ օգնեցին: Ոստիկանության քննիչները դպրոցից բնութագիր էին վերցրել: Հիշում եմ՝ այնպիսի արտահայտություններ էին գրված, որ ես էլ էի զարմացել: Դպրոցի տնօրենը գրել էր, որ ուղղակի չի հավատում կատարվածին, ու մեղադրում էր ոստիկաններին անմեղ երեխային բերման ենթարկելու համար: Քննիչն ինձ ձերբակալեց, իսկ դատախազն ասաց. «Այ այլանդակ, դու նստելու ես գողության համար, սրիկայի մեկը»: Դատավորը մի քիչ մարդ էր ու հաշվի առավ, որ երեխա եմ դեռ ու գուցե չմտածված եմ արել դա: 

- Ու սկսվեց անազատությո՞ւնը:

- Սկսվեց դաժան անազատությունը: Ես երբեք քյարթու չեմ եղել ու չեմ էլ կարող լինել, գողական էլ երբեք չեմ ձևացել ու չեմ ցանկացել լինել: Առաջին անգամ կյանքում տեսա անարդարություն: Սիրտս մի տեսակ փշրվեց, հասկացա, որ այնքան գրքերը, որ քարոզում էին բարություն, այնքան էլ երևի ճշմարիտ չէին:

Այնտեղի օրենքները մի քիչ այլ էին. կա՛մ պետք է ենթարկվեիր ռեժիմին, կա՛մ պատժվեիր հենց ներսում: Մայրս այդ ժամանակ ամեն հնարավոր տարբերակ օգտագործում ու այցելում էր ինձ: Երևի միակ մարդն էր, որ  իրեն էր մեղադրում անուշադրության համար: Ասում էր՝ անցումային տարիքում ամեն ինչ էլ երեխաներն անում են: Փաստորեն, սփոփում էր ինձ: Հիմա մամայի առողջականն այնքան էլ լավ չէ: Աշխատում եմ անել ամեն հնարավորը, լավ է՝ արդեն մամայի տրամադրությունը մի քիչ փոխվել է: Երևի ներել է ինձ:

- Ինչպե՞ս էր անցնում ժամանակը քրեակատարողական հիմնարկում

- Ժամանակն ինձ համար գոյություն չուներ: Ես ինձ մեղավոր էի համարում ու որևէ մեկին չէի ցանկանում տեսնել: Ֆիզիկայի դասատու ունեի, ինձ շատ էր սիրում, մամային խնդրել էր, որ գա տեսնի ինձ: Ես չէի ուզում, բայց նա եկավ: Ասաց, որ շատ երկար ժամանակով չի եկել: Մի քանի թանկ խորհուրդներ տվեց կյանքի հետ կապված ու մի գիրք նվիրեց: Այդ գիրքը մինչև այսօր իմ կողքին է: Դա Աստվածաշունչն է: Ես կարդում էի ու հասկանում, որ, այո՛, եթե ես մեղավոր եմ եղել, ուրեմն պետք է պատժվեմ դրա համար: Բայց ես կյանքում երևի շատ ավելի թանկ վճարեցի:

- Ինչպե՞ս էին քեզ վերաբերվում:

- Ես խցի գիտունիկն էի, բոլորը տարբեր հարցերով ինձ էին դիմում, սիրում էին ինձ, բայց երբ գալիս էր քնելու ժամանակը, անտանելի էր: Անգամ սկզբնական շրջանում վախենում էի: Հասկանում ես՝ դու մեն-մենակ ես, մի խցում ու կրում ես քո պատիժը: «Ներսում» էի, երբ իմացա, որ ինձ մեղադրող դատախազին հանել են գործից, սիրտս ընկավ տեղը: Գաղութի պետը միջնորդություն էր տվել մի քանի տարի անց, և ինձ ազատ արձակեցին: Եկա տուն, տեսա մորս ու խոստացա, որ էլ երբեք գաղութ չեմ ընկնի:

- Եվ պահեցի՞ր քո խոստումը:

- Պահեցի, բայց որոշ ժամանակով: Ավելի շուտ ես խոստացա, որ էլ երբեք հանցագործություն չեմ անելու: Մի քանի ամիս աշխատում էի, մամային էի օգնում: Որոշեցի անգամ բարձրագույն ընդունվել: Դասատուները ստուգեցին գիտելիքներս ու ասացին, որ անգամ անվճար էլ կարող եմ սովորել: Բայց ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ:

- Էլի գողությո՞ւն:

- Բանակից նոր էի եկել: Սիրած աղջիկ ունեի` Մարիաննան, ու նրա սիրո համար պատրաստ էի համարյա ամեն ինչի: Միասին գծել էինք մեր ապագան ու ցանկանում էինք միասին լինել: Իմ կյանքի ամենաերջանիկ ժամանակներն էին:

Մի օր իմացա, որ «երրորդ ավելորդ» է հայտնվել ու Մարիշի սրտում տեղ է փնտրում: Խոսեցինք ու հասկացանք իրար: Տղան շատ համարձակ էր ու ամեն ինչ անում էր, որ Մարիշն ինձնից հիասթափվի: Ասել էր՝ ընկերդ նարկոման ա, գող ա, նստած-հելած ա, մերն էլ՝ հավաքարարություն ա անում, դու է՞դ աղջիկն ես, որ իրան ընտրես: Մարիշն օր օրի փոխվում էր, սկսել էինք հաճախ կռվել: Այդ տարի նա գործերը համալսարան էր տալու: Մոնումենտի այգում նստած էինք, ու նա այս ամենի մասին պատմեց ինձ, պատմեց ուղղակի, առանց հետին մտքի, անգամ չմտածեց էլ, որ կարող եմ հաշվեհարդար տեսնել: Իմ ու մորս արժանապատվությանն էր կպել, տաքացել էի, ու վերջը դանակահարեցի: Ծնողները բողոքեցին ու ինձ էլի նստացրին: Մամայի տրամադրությունն էլի ընկել էր, իսկ մինչ այդ անշիրիմ հորս գերեզմանի մոտ երդվեցի, որ կպաշտպանեմ մամային:

- Խոստումդ կատարեցիր, բայց էլի անազատության գնով…  

- Այս անգամ չփոշմանեցի, որովհետև ինձ այլ բան չէր էլ մնում անելու: Բոլորն էլ իմ կողմից էին, այս անգամ՝ նաև հուսալքված մայրս: Եթե առաջին անգամ ամաչում էի նայել ընկերներիս ու բարեկամներիս աչքերին, վախենում էի, ապա այս անգամ ներքին հպարտություն ունեի, ու մի տեսակ ապահով էի ինձ զգում:

«Ներսում» անցկացրած տարիների մասին հիմա չեմ էլ ուզում խոսել, պատմել: Դա որքան դաժան էր, անմարդկային, այնքան էլ՝ ուսուցանող: Ես «ներսում» էի իմ ճիշտ քայլի համար, ու չէի էլ զղջում:

- Իսկ ի՞նչ ես զգում հիմա` արդեն ազատության մեջ:

- Տղան, որին դանակահարել էի, եկավ գաղութ ու ներողություն խնդրեց ինձնից: Իմ ամենածանր հանդիպումն էր, չէի ուզում լսել ու տեսնել նրան: Խորհուրդ տվեց Մարիշից հեռու մնալ ու ասաց, թե ինչեր գիտի: Հանցագործությունը պետք է կրկնվեր, բայց կանխեցին հսկող ոստիկանները: Օրերն էի հաշվում, որ դուրս գամ ու… Սեփական աչքերով տեսա, որ իմ սիրած աղջիկը մարմնավաճառ է դարձել ու փողի դիմաց անում է ամեն ինչ: Ոչինչ չեմ խոսել նրա հետ: Երիտասարդ կյանքս էլի թունավորման ճանապարհին էր, որոշել էի խմել: Մանկության ընկեր ունեմ՝ Տիգրանը, հիմա ծրագրավորող է, նա ինձ կարողացավ «վերակենդանացնել», ու ես դարձա հին Արմանը, որի մանկության երազներում գիրն ու գրականությունն էին, որը լիդեր էր ուսման մեջ ու հարգված ընկերական շրջապատում:

«Ներսում» ապրած ժամանակն ու անցած-գնացած օրերը ստիպեցին ինձ հասկանալ կյանքն ամբողջությամբ, ստիպեցին, որ անկախ ամեն ինչից չկորցնեմ հավատը ու գնամ առաջ: Հիմա ես աշխատում եմ ու չեմ դժգոհում: Ուղղակի ցանկացա պատմել, որ մարդիկ իմանան` հնարավոր է ուղղվել, հնարավոր է ինքնամաքրվել ու չկործանվել… Աստվածաչնչում է գրված. «Երանի նրան, ով առանց տեսնելու հավատում է»:

 

 

Tags: , ,