Գնել տեղակա՞նը, թ՞ե արտասահմանյանը. Հայկական տրիկոտաժը դեռ շատ հեռու է հայ սպառողի աչքը շոյելուց

տրիկոտաժԽորհդային տարիներին Հայաստանը կոշիկի և հագուստի արտադրության բավական մեծ ներուժ ուներ: Կային արտադրամասեր և ձեռնարկություններ, որոնք լայնածավալ արտադրանք էին թողարկում և հաջողությամբ իրացվում ներքին շուկայում: Այդ տարիներից թերևս շատ քիչ բան է մնացել: Մի քանիսը միայն, որոշ հզորություններ պահպանելով, կարողացել են նորից վերականգնել իրենց արտադրությունը: Այսօր կարելի է տեսնել հին կամ նոր հենքի վրա գործունեություն ծավալող նոր ընկերություններ: Կան տեղական ընկերություններ, որոնք արտադրում են տրիկոտաժ, կոշիկ և հագուստի ամենատարբեր պարագաներ:

Պետությունը թեթև արդյունաբերության ճյուղը դասել է գերակա ոլորտների շարքը և այն զարգացնելու ուղղությամբ ռազմավարություն մշակել: Փորձ է արվում վերականգնել մեր արտադրության երբեմնի կարողությունները:

Անցած տարի արդյունաբերական ձեռնարկությունները թողարկել են  ավելի քան 1 տրլն դրամի արտադրանք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 8,8%-ով: Ըստ  մշակված ռազմավարության` նախատեսվում  է այդ ծավալները մեծացնել: Այսպես, թեթև արդյունաբերության ոլորտում 2012 թ. արտահանվել է մոտ  2,5 մլրդ դրամի արտադրանք, որը հիմնականում ուղղվել է  դեպի եվրոպական շուկա, ՌԴ, ԱՄՆ, Կանադա: Նախատեսվում է 2010 թ. արձանագրված 1 մլրդ դոլարի արտահանումը  2015-ին, հասցնել 1,8 – 2,1 մլրդ-ի, իսկ 2020-ին՝  2,8-3,3 մլրդ դոլարի: Այս թվերն անհամեմատելի են ներկա ծավալների հետ, և հարց է ծագում՝ արդյոք հայկական տրիկոտաժը սպառման այդքան լայն շրջանակներ կունենա՞, երբ տեղական ատադրանքը ներքին շուկայում այնքան էլ պահանջված ու մրցունակ չէ:

Իրացման ենթակա արտադրանքի ընդհանուր ծավալից  արտահանվել է մոտ  430,8  մլրդ դրամի ապրանք կամ ընդհանուր արտադրանքի 38,6%-ը:  Ըստ տվյալների` 44,6%-ով աճել է դեպի ԱՊՀ երկրներ արտահանումների մասնաբաժինը` կազմելով 106,8 մլրդ դրամ: Դեպի այլ երկրներ արտահանված ապրանքների ծավալը աճել է 7,8%-ով՝ կազմելով  324 մլրդ դրամ:

Տեքստիլ արդյունաբերությունն ընդգրկում է բոլոր տեսակի գործվածքները` բամբակի, բրդի, վուշի, մետաքսի և արհեստական թելերից ստացվող իրերի արտադրությունը: Գործող կարի ձեռնարկություններն աշխատում են հիմնականում արտաքին շուկայի համար՝ տոլինգային սկզբունքով: Այդ ընկերություններն այս պահին ապահովում են մոտ 1900 աշխատատեղ՝ միջինը  70 հազար դրամ աշխատավարձով:

Ընկերություններն ավելի շատ գործում են մարզերում, որոնցից առաջատարներն են Վանաձորի  «Գլորիա» տրիկոտաժի կարի ֆաբրիկան, «Լենտեքս» գուլպաների-զուգագուլպաների ֆաբրիկան, Գյումրիի «Գևորգ և Վահան» ընկերությունը, Չարենցավանի «Լա Պեռլան», «Բրադեքսը», ինչպես նաև Երևանում գործող «Տոսպ» կարի ֆաբրիկան: Չարենցավանի «Բրադեքս» ընկերությունը «Հոլանի» ընկերության բազայի վրա սկսել է իրականացնել իտալական «Լա Պեռլա» ընկերության պատվերները: Այդ ընկերությունը համագործակցում է Չարենցավանի .«Բրադեքս» ապրանքանիշի տեքստիլ մանուֆակտուրային ընկերության հետ` նպատակ ունենալով Հայաստանում ձևավորել տեքստիլ արդյունաբերության նոր կենտրոն:

Ոլորտի առաջնահերթ խնդիրներից են կադրերի պակասը, ցածր աշխատավարձերը, ինչպես նաև համապատասխան աջակցության պակասը: Իհարկե, կան խոշոր ընկերություններ, օրինակ` Վանաձորի «Գլորիան», որը բազմիցս է  կառավարության ուշադրության և խրախուսման կենտրոնում հայտնվում, պետությունից ստանում   ժամանակավոր ներմուծման մաքսային ռեժիմների  ժամկետների երկարաձգման արտոնություններ, ինչը  նպաստավոր պայմաններ է ստեղծում գործունեության համար: Սակայն փոքր ընկերությունները դժվար թե կարողանան շուկայում գոյատևել և հզորանալ այլ աջակցություն չստանալու պատճառով: Նկատի ունենանք, որ կարի արտադրությունը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել միայն տեղական հումքով: Հումքի ձեռքբերումը ևս դժվարացնում է գործունեությունը փոքր և միջին ձեռնարկությունների համար:

Ինչ կարող են ակնկալել ընկերությունները մշակվող ռազմավարությունից` պարզ չէ, բայց այն հանգամանքը, որ նույնիսկ խոշորները գործունեությունը պահելու խնդիր ունեն, փաստ է: Օրինակ` «Տոսպ» տրիկոտաժ արտադրող ընկերության ղեկավարը մեզ հետ զրույցում դժգոհությամբ նշեց, որ որքան էլ իրենց ապրանքանիշը շուկայում կայուն է, չի սպառվում անհրաժեշտ ծավալներով: Առկա խնդիրների  և ռազմավարության  մասին առհասարակ չցանկացավ խոսել: Կարելի է ենթադրել, որ անմրցունակության հետևանքով ձեռնարկություններից շատերը զուտ պահպանում են իրենց գործունեությունը` առանց եկամուտներ ստանալու:

Հայ սպառողն այնուամենայնիվ ձգտում է արտասահմանյանին:  Գաղտնիք չէ, որ Հայաստան հագուստ և կոշիկ հիմնականում ներկրվում է Թուրքիայից և Չինաստանից: Թե տոկոսային արտահայտությամբ որքան է ներքին շուկայում ներմուծված հագուստի իրացումը, հնարավոր չեղավ պարզել, սակայն հայ առևտրականները համոզված են, որ  շուկայում երբեք չի դադարի ներկրված հագուստի սպառումը:

Տոնավաճառներում և առևտրի կենտրոններում վերջին տարիներին հայտնվել են հայկական ապրանքանիշ ունեցող հագուստի բազմապիսի պարագաներ, կանացի կիսաշրջազգեստներ, տաբատներ, վերարկուներ, կոստյումներ, տղամարդու վերնաշապիկներ և այլն: Սակայն դրանց իրացումը բավական փոքր է և մի քանի անգամ հետ է մնում ներմուծված հագուստի իրացման ծավալներից: Արտաքուստ գունագեղ ապրանքանիշ ձևավորած հայկական հագուստը, պարզվում է, դեռ բավական  հեռու է հայ սպառողի աչքը շոյելուց, թեպետ գնային առումով գուցե ավելի էժան է:

Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության և ռազմավարության վարչության պետ Արմեն Եգանյանի կարծիքով` այս երևույթն  իսկապես տեսանելի է: Ըստ նրա` քաղաքականությունը պետք է տարվի տեղական արտադրանքի ծավալների սպառման ուղղությամբ հենց ներքին շուկայում, ինչն էլ իր հերթին կնվազեցնի ներմուծման ծավալները: Դրան զուգահեռ կմեծանա նաև հայկական արտադրանքի արտահանումը:  «Տեղական հագուստ գնելու խնդիրը հասարակության մեջ իսկապես կա, պարզապես մարդկանց շրջանում պետք է  փոխել վերաբերմունքը տեղական արտադրանքի նկատմամբ: Նախ` պետք է գնել անմիջապես արտադրողից: Արտադրողն էլ իր հերթին պետք է ձգտի արտադրել այնպիսի ապրանք, որ շուկայում մրցունակ լինի, որակյալ և էժան: Օրինակ` տեղական արտադրության կոշիկի վաճառքն ու իրացումն արդեն մեծ ծավալների է հասնում մեր երկրում, և կարող եմ ասել, որ դիզայնի և որակի առումով տեղականը չի զիջում արտասահմանյանին: Ես ինքս էլ  հագնում են տեղական արտադրության կոշիկներ, ուրիշներն էլ պետք է փորձեն արթնացնել հայ հասարակության մեջ հավատը հայկականի նկատմամբ և ապացուցել սպառողին, որ հայկականը լավն է, որակյալ և մատչելի: Պարզապես հայկական ընկերությունները պետք է  զարկ տան դիզայնի կատարելագործմանը, և ժողովրդի շրջանում պետք է պրոպագանդվի տեղականի առավելությունը»,- մեզ հետ զրույցում նշեց ոլորտի պաշտոնյան: Նա հավելեց, որ տեղական շուկայի ռեսուրսների լիակատար օգտագործմամբ  լուրջ հաջողություն կունենան թե՛ հայկական ընկերությունները, թե՛ հայ սպառողը:

Լ.Ն

Tags: