Ինչպես ենք պահպանում մեր ազգային հարստությունը

թանգարանՄշակութային  նշանակության կառույցները կարծես վաղուց արժեզրկվել են, քանի որ դուրս են մղվել պետական հոգածությունից: Ամենուր ականատես ենք լինում պետական նշանակության կառույցների կամ նմանատիպ շինությունների բարեկարգման աշխատանքների, մինչդեռ մշակութային արժեք ներկայացնող կառույցներից շատ քչերն են այսօր բարեկարգված ու արդիականացված:

Հայաստանի բնությունը՝ մեկ ցուցադրությամբ

Ամբողջ տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի է Հայաստանի բնության պետական թանգարանը, որը տարբեր պատճառներով դժվարությամբ է  կարողացել պահպանել իր գոյությունը և երկարատև դադարից հետո վերսկսել գործունեությունը: Թանգարանը հիմնադրվել է 1952 թ.  «Կապույտ» մզկիթի բակում և այդ տարիներին համարվում էր ԽՍՀՄ տարածքում գործող բնության ութ համալիրային թանգարաններից մեկը:

90-ականներին  «Կապույտ» մզկիթի վերանորոգման աշխատանքների պատճառով թանգարանը հիմնովին քանդվել է և նրա հետագա գործունեությունը դադարեցվել է անժամանակ: Այնուհետև թանգարանի զարգացման գործում իր հարուստ գիտելիքներն ու հմտություններն  է ներդրել թանգարանի հիմնադիրներից մեկը՝ Իրեն Ֆրանգյանը: Նրա շնորհիվ է այն վերածնվել և շարունակել  իր գործունեությունը 13 տարվա դադարից հետո: Այստեղ հյուրերը` օտարերկրյա և հայ զբոսաշրջիկները, կարողանում են ծանոթանալ մեր երկրի բնության կենսաբազմազանությանը, ինչպես նաև ընդերքի հարստություններին:

Թանգարանն ունի երեք սրահ, գործում  է նաև ակվարիումային ձկնատեսակների մշտական գործող ցուցադրություն: Այցելուի ծանոթությունը բնության հետ սկսվում  է հենց ՀՀ ռելիեֆի մանրակերտից:

Կիսաանապատային գոտում հանդիպող գիշատիչ թռչունների սրահում ներկայացված են սովորական հողմավար բազեն, լորաճուռակը, արտույտաբազեն, սև ցինը, գաճաճ արծիվը, տափաստանային մկնաճուռակը և բալոբանը: Սրանք հազվադեպ հանդիպող անուններն են, որոնցից երեքը գրանցված են Կարմիր գրքում: Աչքի է զարնում Գոռավանի ավազուտներից մեկի տեսարանը, որը պետական արգելավայրերից է: Այստեղ են կովկասյան ագամանը, մորմը, հաստապոչ կարիճը, անդրկովկասյան տակիրային կլորագլուխը և առավել թունավոր օձերից մեկը՝ գյուրզան:

Ներկայացնելով այդ ցուցանմուշների պատմությունն ու ծագումը`  թանգարանի փոխտնօրեն Ռուզաննա Զոբոբուրյանը ցույց տվեց բրածո կաթնասունների տարածման քարտեզի վրա ներկայացված կենդանիներին, որոնք տարածված են եղել մոտ  1 մլն տարի առաջ: Գիտնականների կողմից ապացուցվել է, որ Սևանա լիճը շրջապատված է եղել փարթամ այգիներով, որոնցում ապրել են ազնվացեղ եղջերուներ: Դրանց ոչնչացումից հետո վերացել են նաև բնակիչները: Եղջերուների բրածոները բերվել են լճի հատակից: Այդ ժամանակաշրջանում Շիրակի մարզում ապրել են նաև զուբրեր և մի քանի այլ կենդանատեսակներ` երկսապատավոր ուղտեր, ռնգեջյուրներ, որոնց ոսկորները հայտնաբերվել են նաև Երևանում` Ավանի համայնքում  և Արարատյան դաշտավայրում:

Հայաստանի բնությունը ներկայացվում է ըստ բնական գոտիների: Այստեղ կիսաանապատային գոտին ներկայացված է Արարատյան դաշտի տեսարանով: Կիսաանապատային գոտում բուսականությունը ծայրաստիճան չորասեր է: Բազմաթիվ փաստեր են վկայում, որ մեր երկրում բանջարանոցային բույսերը մշակվել են դեռևս հնագույն շրջանում: Ներկայացված է խաղողի վազը` տարբեր ցրտադիմացկուն տեսակներով: Արևավառ Հայաստանի բարիքները ներկայացված են մոմե և գիպսե կաղապարվածքներով: Այս գոտուն բնորոշ թռչնատեսակներից տարածված են սպիտակ արագիլը, ծիծեռնակը, սերմնաքաղը, սարյակը և այլն: Իսկ ներկայացված գիշատիչ թռչուններից  երեքը գրանցված են Կարմիր գքրում:

Թանգարանի  վերջին սրահը նվիրված է թեհրանաբնակ  բարերարներ տեր և տիկին Ահարոնյանների ընտանիքին: Թանգարանի փոխտնօրենը տեղեկացրեց, որ այս ցուցասրահի ամբողջ հավաքածուն ձեռք է բերվել Ահարոնյան ամուսինների շնորհիվ: Նրանք նվիրաբերել են այնպիսի ցուցանմուշներ, որոնք թանգարանային արժեք ունեն և բազմատեսակ կենդանիների մի անբողջ հավաքածու են: Բացի ցուցանմուշների նվիրաբերումից,  մեծ է եղել նաև նրանց ներդրումը թանգարանի վերանորոգման և վերակառուցման հարցում: 2002 թ. թանգարանն ամբողջովին արդիականացվել է: «Թեպետ կորուստներ շատ են եղել, հատկապես` միջատների պահպանության առումով, ջերմային ոչ արդյունավետ ռեժիմի պատճառով, բայց կարողացել ենք ուժ ու կորով գտնել՝ հաղթահարելու բոլոր դժվարությունները և  պահպանելու բոլոր ավանդույթները»,- ասաց տկն Զոբաբուրյանը:

Նախկինում թանգարանը գործել է  տարբեր անուններով և կրել է ավելի շատ հակակրոնական բնույթ, այնուհետև վերածվել է  «Հանրապետական բնագիտական թանգարանի», վերջապես վերանվանվել «Բնության պետական թանգարան»: «Կյանքի գնով պահպանել ենք այս կառույցը, որ նվիրաբերենք մեր սերունդներին. այն մեծ ազգային հարստություն է»,- ասում է տկն Ռուզաննան՝ հավելելով, որ այս ցուցանմուշները դեռ մի քանի տասնամյակ էլ պահպանվելու ներուժ ունեն, և եթե ժամանակին խնամվեն և ախտահանվեն, ապա դեռ շատ երկար կծառայեն թանգարանին:

Հայաստանի Հանրապետության Կարմիր գիրքը ևս թանգարանի ցուցանմուշներից է, որը ստեղծվել է բույսերի և կենդանիների հազվագյուտ և անհետացող տեսակների պահպանության, վերարտադրության, օգտագործման և գիտականորեն հիմնավորված հատուկ միջոցառումների մշակման և իրագործման, ինչպես նաև դրանց մասին բնակչությանն իրազեկելու նպատակով:

Շիրակի մարզում անցած տարի բացվել է թանգարանի մասնաճյուղը, որը գտնվում է Աշոցքում: Արդեն մի քանի տարի է` թանգարանը գործում է  անվճար:

Թե ինչ մեխանիզմով են հավաքվում և թարմացվում ցուցասրահների նմուշները հարցին, թանգարանի փոխտնօրենը պատասխանեց, որ դրանք ձեռք են բերվում տարբեր ճանապարհներով: Մի քանիսը հավաքվում են աշխատակիցների կազմակերպած գիտարշավների արդյունքում: Շատ ցուցանմուշներ այստեղ են հայտնվում առանձին անձանց և հավաքորդների նվիրատվությունների շնորհիվ: Ընդհանուր առմամբ, ցուցանմուշների թիվը 6 հազար  է,  ամեն տարի դրանք մոտ  20-ով ավելանում են:

Թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանն ասաց, որ տարեցտարի այցելուների թիվն աճում է, թանգարանը տարեկան ունենում է մինչև 25 հազար այցելու: «Երկար տարիներ թանգարանը չի գործել, ուստի այցելուներից շատերը նոր են տեղեկանում, որ այն վերաբացվել է: Նրանցից շատերն իրենց հետ տանում են գիտելիք և ինֆորմացիա, թե ինչպես պահպանեն բնությունն ու չվնասեն այն: Սովորեցնում ենք, որ  էքսկուրսիաների ժամանակ իրենց խոհեմ դրսևորեն, արմատախիլ չանեն ծաղիկները և այլն»,- ասաց տնօրենը:

Այցելուների մեջ թերևս այնքան էլ մեծ տոկոս չեն կազմում օտարերկրյա զբոսաշրջիկները: Պատճառը տնօրենը վերագրում է տուրիստական ընկերությունների հետ պայմանագրեր չունենալուն:  Բացի այդ, թանգարանում օտարալեզու գիտաշխատողների խնդիր կա, ինչն էլ դժվարացնում  է  օտարերկրացիների հետ հաղորդակցվելը: Կադրային  հարցը լուծելու համար գումար է պետք, որը թանգարանի ղեկավարությունը չունի: Ինչպես նշեց Գայանե Ղազարյանը, պետական ֆինանսավորումը չի բավականացնում և մի կերպ ծածկում է  խիստ անհրաժեշտ ծախսերը: Նա ասաց նաև, որ իրենց խնդիրներից մեկն այժմ  թանգարանների մասին  համապատասխան օրենքի ընդունումն է, որի նախագիծը կա: Օրենքի ընդունումն ու կիրառումը հնարավորություն կտա առավել արդյունավետ դարձնելու աշխատանքները:

Լ.Ն