Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման համար նշվում էր, որ դա տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի կեսերին: Ու թեև արդեն վերջանում է սեպտեմբերը, օդանավակայանն այդպես էլ չի գործարկվել: Հիշեցնենք, որ նախկինում Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը նախատեսվում էր 2011 թ. մայիսի 9-ին, ու առաջին թռիչքի ուղևորն էլ պետք է լիներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ: Հետագայում ևս մի քանի անգամ տեխնիկական պատճառաբանությամբ հետաձգվեց օդանավակայանի գործարկումը: Այս անգամ էլ, փաստորեն, օդանավակայանի գործարկումը հետաձգվեց` պատճառաբանությամբ, թե ձեռք բերած ինքնաթիռները, որոնք պետք է թռիչքներ իրականացնեն, տեխնիկական վերազինման կարիք ունեն:
Ստեփանակերտի օդանավակայանի տեխնիկական վիճակի մասին «Անկախի» հարցերին պատասխանում է ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը:
- Պարո՛ն Ադբաշյան, Դուք բազմիցս նշել եք, թե Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է գործարկման, բայց չի գործարկվում: Ներկայացրեք խնդրեմ, թե ինչպիսի տեխնիկական վիճակում է այն այսօր:
- Օդանավակայանն այսօր նորմալ տեխնիկական վիճակում է, թռիչք-վայրէջքի ուղին նորմալ վիճակում է, բոլոր աերոնավիգացիոն միջոցները նորմալ սպասարկվում են և աշխատում են, օդանավակայանի կազմը` աշխատողները, բոլորը ավարտել են հատուկ կուրսեր, ստացել են միջազգային սերտիֆիկատներ և իրավունք ունեն աշխատելու օդանավակայանում տեղադրված սարքավորումներով:
- Օդանավակայանի նախնական` տեխնիկական փորձարկումներ իրականացվե՞լ են արդեն: Օդանավակայանի աշխատանքները գործի մեջ ստուգելու համար տեխնիկական թռիչքներ իրականացվե՞լ են:
- Ունենք ICAO-ի նորմատիվներ, և այդ ցուցանիշներով օդանավակայանը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին: Նաև երկու անգամ ստուգվել է Հայաստանի Հանրապետության քաղավիացիայի վարչության կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից: Տեխնիկական թռիչքներ դեռ չեն իրականացվել: Փոքր ինքնաթիռներ մենք ունենք, որոնք թռչում են, սակայն դրանք շատ փոքր են, որպեսզի համարենք, թե փորձնական թռիչքներ ենք իրականացրել: Տեխնիկական թռիչքը կատարում է այն օդանավը, որը նախատեսվում է, որ պետք է հետագայում շահագործվի` աշխատի այդ օդանավակայանում: Օրինակ` եթե Airbus A-320-ն ուզի մեզ մոտ վայրէջք կատարել, օդանավը մեզ մոտ պետք է կատարի տեխնիկական թռիչք մի քանի անգամ, որից հետո եզրակացություն արվի` հնարավո՞ր է արդյոք այդպիսի վայրէջք ու անվտա՞նգ է այդ օդանավակայանում նման ինքնաթիռ շահագործելը: Այդ թռիչքները կատարվում են, որ բացահայտվեն բոլոր այն խնդիրները, որոնք մինչ այդ աննկատ են եղել:
- Կխնդրեի անդրադառնալ օդանավակայանը սպասարկող անձնակազմի տեխնիկական պատրաստվածությանը, անձնակազմը պատրա՞ստ է իրականացնելու օդանավակայանում վայրէջք կատարող ու օդանավակայանից թռչող ինքնաթիռների տեխնիկական սպասարկումը:
- Airbus A-320 տեսակի օդանավից փոքր ինքնաթիռները կարող են մեզ մոտ իջնել: Մենք ունենք կարճ կանգառների ժամանակ սպասարկումն իրականացնելու համար պատրաստված մասնագետներ: Խորը տեխնիկական սպասարկումներ նույնիսկ «Զվարթնոցում» չեն անում, այլ Եվրոպայի ու այլ երկրների հատուկ տեխնիկական կենտրոններում:
- Վերջերս տեղեկություն տարածվեց, որ ԼՂՀ քաղավիացիան հենց Ստեփանակերտի օդանավակայանից չվերթներ իրականացնելու համար ինքնաթիռ է գնել, որը, սակայն, տեխնիկական վերազինման կարիք ունի, ո՞ր փուլին եք հասել:
- Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց սպասում ենք մինչև օդանավակայանի գործարկումը: Հետո պետք է օդաչուական կազմը պատրաստվի, որովհետև մենք չենք գնի օդանավ, որը գա ու կանգնի մեզ մոտ միայն այն պատճառով, որ համապատասխան կադրեր չունենք: Մենք պետք է պատրաստենք որակյալ օդաչուական կազմ: Չեմ կարող ասել, թե քանի օդանավ ենք պատրաստվում ձեռք բերել, քանի որ դա կոմերցիոն գաղտնիք է:
- Ստեփանակերտի օդանավակայանն ինչպիսի՞ օդանավակայան է, ռեգիոնա՞լ նշանակություն ունի, թե՞, այնուամենայնիվ, կառուցված է հետագայում միջազգային օդանավակայանի վերածվելու հաշվարկներով:
- Օդանավակայանը միանգամից հիսուն հոգու թռիչքային սպասարկման համար է նախատեսված: Բայց եթե 100 հոգանոց ինքնաթիռ իջնի, բոլորն էլ, իհարկե, հանգիստ կարող են սպասարկվել: Այսինքն` օդանավակայանն իր չափերով ու տեխնիկական հնարավորություններով հանդիսանում է ռեգիոնալ թռիչքների համար նախատեսված օդանավակայան: Այն նախատեսված է Airbus A-320-ների ու դրանցից չափերով փոքր մոդելի ինքնաթիռների համար: Այսինքն` տեղական գծերի, Երևան հասնելու համար: Պլանավորում ենք սկսել երևանից, որից հետո, իհարկե, կարող ենք զարգացնել այլ ուղղություններ: Դա կարող է լինել կես, մեկ կամ մի քանի տարի հետո. կյանքը ցույց կտա: Երևանը կարող ենք օգտագործել որպես տրանզիտային կետ: Հետո պարզ կդառնա` տնտեսական տեսանկյունից հնարավո՞ր է կամ արժե՞ նոր չվերթներ զարգացնել, թե՞ ոչ:
- Իսկ ի՞նչ եք կարծում, Հայաստանից բացի, այլ ուղղություններով թռիչքներ կունենա՞ք, արտասահմանյան երկրների ընկերություններից դեպի Ստեփանակերտ ու, Ստեփանակերտից թռիչքների պահանջարկի ցանկություն հայտնե՞լ են:
-Այո, այո, շատերն են նման ցանկություն հայտնել` Իտալիայից, Ռուսաստանից, եվրոպական մի քանի այլ երկրներից արդեն որոշ ընկերություններ կապվել են մեզ հետ ու ցանկություն հայտնել մեր օդանավակայան թռիչքներ իրականացնել: Ու բոլոր նման ցանկություններ հայտնողներին ես ասել եմ, որ եթե ուզում են թռիչքներ իրականացնել դեպի Ստեփանակերտ, ապա թող գնան, իրենց թռիչքնեը ձևակերպեն ու թռչեն, քանի որ մեր օդանավակայանը բաց է: Բայց ընկերություններն էլ իրենց խնդիրներն ունեն, քանի որ ICAO-ում մեր օդային տարածքը դեռ ճանաչված չէ:
- Իսկ այդ խնդիրներն ինչպե՞ս պետք է լուծվեն, որպեսզի այդ ընկերությունները կարողանան օրինական գրանցվել ու թռիչքներ իրականացնել:
- Սկզբում մենք կսկսենք թռիչքներ իրագործել, հետո կերևա, որովհետև ինչպես ԼՂՀ անկախությունը ճանաչված չէ, նույնպես էլ մեր օդային տարածքը միջազգային մարմինների կողմից ճանաչված չէ: Իսկ քաղաքացիական օդանավերն իրավունք չունեն մուտք գործել չճանաչված օդային տարածքներ:
- Այսինքն` օդանավակայանի տնտեսական, քաղաքական, կապի ու հաղորդակցության առումներով նշանակությունն այնքան մեծ է, որ մեզ պե՞տք է Ստեփանակերտում օդանավակայան ունենալ:
- Իհարկե, շատ է պետք: Եթե օդանավակայանը գործի, թռիչքները կարողանանք լավ կազմակերպել, ամբողջ ԼՂՀ-ի ազգաբնակչությունը կկարողանա օգտվել իր ազատ տեղաշարժվելու միջազգային իրավունքից: Գործարար մարդիկ կկարողանան իրենց բեռները տեղափոխել, մարդիկ կարող են ավելի արագ հասնել Արցախ և այլն, և այլն: Օդանավակայանը բեռնատար ինքնաթիռների համար էլ է նախատեսված: Իհարկե, առաջնային նշանակությունը տրված է ուղևորափոխադրումներին, բայց մենք պլանավորում ենք, ու ոչինչ չի խանգարում օդանավակայանը կիրառել նաև բեռնատար ինքնաթիռներ ընդունել-ճանապարհելու համար:
- Այսօրվա դրությամբ, եթե լինի համապատասխան քաղաքական որոշումը, կարո՞ղ եք հենց վաղվանից թռիչքներ իրականացնել:
- Ես չեմ պատասխանի քաղաքական հարցերին, քանի որ դրանք իմ իրավասությունների շրջանակներից դուրս են: Ինչ վերաբերում է օդանավակայանին, մի քանի փոքրիկ խնդիրներ դեռ ունենք շտկելու, ու քանի դրանք լիովին հաղթահարված չեն, ես չեմ կարող 100 տոկոս վստահությամբ ասել, որ հենց վաղն օդանավակայանից կարող են թռիչքներ կատարվել: Դրանք մանրուքներ են, օրինակ` ԼՂՀ-ի ձեռք բերվելիք ինքնաթիռի վրա որոշ տեխնիկական սարքերի համալրումներ պետք է իրականացվեն, չեկեր լրացվեն և այլն. այդ գործընթացները ընթացքի մեջ են ու շուտով կհարթվեն: Դրանք, ճիշտ է, օդանավակայանի հետ այնքան էլ կապ չունեն, խանգարում են 100 տոկոսով ասելու, թե հենց վաղն էլ կարող ենք մեր մոտից թռիչքներ իրականացնել: Այսինքն` ինչպես նշեցի, օդանավակայանը պատրաստ է թռիչքներ սպասարկելուն:
Հարցազրույցը` Գևորգ ԱՎՉՅԱՆԻ
Tags: Ստեփանակերտի օդանավակայան