ՀՀ նախագահն ասաց այն, ինչ սպասում էինք
Երեկ աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում էր գտնվում նախագահ Սերժ Սարգսյանը: Նա Ստրասբուրգում հանդիպումներ ունեցավ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ:
ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահը և ԵԽ գլխավոր քարտուղարը հանդես են եկան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով և պատասխանեցին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև մասնակցեց ԵԽԽՎ լիագումար նիստին, որտեղ հանդես եկավ ելույթով ու պատասխանեց վեհաժողովի անդամներին հետաքրքրող հարցերին:
Անշուշտ նախագահի այս այցն ու ելույթը կարևոր իրադարձություն էին, ուստի թեʹ հայաստանցիները, թեʹ այլ երկրների քաղաքական ուժերը ուշի ուշով հետևում էին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի անցուդարձին: Կարևոր երկու պատճառով: Նախ` Հայաստանն առաջին անգամ ստանձնել է Եվրոպայի խորհրդի Նախարարական կոմիտեի նախագահությունը, երկրորդ` այս իրադարձությունը չէր կարող չդիտվել վերջերս նույն Սերժ Սարգսյանի Մոսկվայում արած հայտարարության համատեքստում, որով Հայաստանն ընտրություն կատարեց ոչ թե Եվրոպական գործընկերության, այլ Մաքսային միության օգտին: Բայց հենց այդ հայտարարության ժամանակ էլ Ս. Սարգսյանը հայտարարեց, որ սա չի նշանակում, թե խզվում է գործընկերությունը Եվրոպայի խորհրդի հետ: Ընդհակառակը: Բնական է, որ բոլորին հետաքրքրում էր, թե ինչ է ասելու նա հիմա, Խորհրդարանական վեհաժողովում: Եվ նա ասաց այն, ինչ ուզում էինք:
«Մեր երկրի համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է առաջին անգամ նախագահել Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեում: Մեր ձգտումն է այս վեցամսյա նախագահության շրջանում մեր ներդրումը բերել եվրոպական արժեքային համակարգի ամրապնդման գործին, և դրանով իսկ ևս մեկ անգամ վերահաստատել, որ Եվրոպան ոչ այնքան աշխարհագրական տեղանուն է, որքան ընդհանուր արժեքներին հանձնառու պետությունների ընտանիք»,- մասնավորապես ասաց նա:
Այնուհետև համառոտ անդրադառնալով մեր անկախ պետության անցած 22-ամյա դժվարին ուղուն, նա շեշտեց, որ «անկախության հռչակումը մեր ժողովրդի բազում դարերի ու սերունդների երազանքի իրականացումն էր, իսկ Եվրոպայի խորհրդին անդամակցությունը եվրոպական ժողովուրդների ընտանիքին պատմական ու մշակութային պատկանելության վերահաստատումն էր»:
Ընտրությունները
Թվարկելով անցած 22 տարիներին մեր ունեցած ձեռքբերումները և մանավանդ վերջին երեք ընտրությունները, նա հիշեցրեց, որ բոլոր երեք ընտրություններին Եվրոպայի խորհուրդը մասնակցել է դիտորդական առաքելություններով: Նախագահական և խորհրդարանական ընտրությունների դեպքում Վեհաժողովի, իսկ Երևանի ավագանու ընտրություններին Եվրոպայի Խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունները հնարավորություն են ունեցել դիտարկել ընտրությունների ընթացքը և պատրաստել զեկույցներ՝ համապատասխան առաջարկություններով: «Ես այդ զեկույցները գնահատում եմ որպես Հայաստանի ապագայով հետաքրքրված գործընկերների անկեղծ կարծիք»,- ասաց նա` միաժամանակ նշելով, որ ազատ և արդար ընտրությունների կազմակերպման վերաբերյալ թեʹ Խորհրդարանական վեհաժողովի, թե միջազգային մյուս գործընկերների առաջարկություններն անարձագանք չեն մնացել, և առաջիկա օրերին կայանալու են համապատասխան առաջարկություններին վերաբերող օրենսդրական փոփոխությունների լայն հանրային քննարկումներ` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և միջազգային կառույցների աջակցությամբ:
Նախագահն անդրադարձավ նաև մեր խնդիրներին ու առաջնահերթություններին. գործազրկություն, աղքատություն, կոռուպցիա, իրավունքի գերակայություն, հավասարություն օրենքի առջև: «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները դիտվում են որպես բարձրագույն նպատակ»,- ասաց նա:
Անկախ այն հանգամանքից, արվում է դա, թե ոչ, և եթե նույնիսկ հակառակն է արվում երկրում, ցանկացած երկրի քաղաքացի ուզում է, ոի իր երկրի նախագահը նման բարձր ամբիոնից վերահաստատի այդ արժեքները: Այլ հարց է, որ վերադարձից հետո կարելի է շարունակ «կռիվ» տալ նրա հետ, հիշեցնել և պարտավորեցնել տարբեր քաղաքական ու քաղաքակիրթ միջոցներով, որ այդ ամենը սոսկ խոսք չլինի, այլ նաև գործ:
Բանախոսը հատուկ անդրադարձավ դատական ոլորտի բարեփոխումներին` հավաստիացնելով, որ դատական օրենսգրքում կատարված մի շարք էական փոփոխություններ ավելի թափանցիկ ու արդար են դարձնում դատավորների թեկնածուների ընտրության ընթացակարգը: Հղում անելով Հայաստանի իրավական ու դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագրին` նա վստահեցրեց, որ արդյունքում ունենալու ենք ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող դատաիրավական համակարգ: «Այս առումով, շատ կարևոր եմ համարում Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014 թթ. գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը, որում ընդգրկված են այս ոլորտին վերաբերող մի շարք կարևոր ձեռնարկումներ»,- ասաց նա: Բացի այդ ընդգծեց, որ հենց ինքը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումների գործընթաց, «որի նպատակը մեր երկրում իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը առավել կատարելագործելն է, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելը և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելը»:
ԵՄ Արևելյան գործընկերությունը
Հավանաբար այս հարցին էին ամենից շատ սպասում բանախոսի ելույթին հետևողները: «Այս օրերին հաճախ է խոսվում Եվրոպական միության Արևելյան գործընկերության պետությունների քաղաքակրթական ընտրության մասին: Մենք միշտ հայտարարել ենք, որ պատրաստ չենք հարցն այդ հարթության մեջ դիտարկել: Հայաստանը նպատակադրված է շարունակելու համակողմանի փոխշահավետ գործակցությունը Եվրոպական միության հետ։ Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, մենք ասել և շարունակում ենք ասել, որ ձգտում ենք հնարավորինս սերտ և ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել Եվրամիությանը: Այս քաղաքականությունը չի ընդհատվելու»:
Սա էինք ուզում, և ասվեց:
«Հայտնի է, որ Հայաստանը սերտ դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ,- այնուհետև շարունակեց նա:- Հայաստանը չի կառուցել նոր հարաբերություններ ի հաշիվ իր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների: Ճիշտ այնպես, ինչպես մենք մերժում ենք որևէ գործընկերոջ հետ հարաբերությունների կառուցում, որոնք միտված լինեն որևէ այլ գործընկերոջ դեմ: Մենք շարունակելու ենք մեր առանցքային գործընկերների հետ հարաբերությունների և շահերի համադրումը»:
Ղարաբաղի հիմնախնդիրը
Բնականաբար, նախագահն անդրադառնալու էր նաև մեր հարցերի հարցին` Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը: «Մենք գնահատում ենք բոլոր նրանց ջանքերը, ովքեր օժանդակում են տարածաշրջանում կայունության ապահովմանը, բայց նաև գիտենք, որ պարտավոր ենք առաջին հերթին ապավինել մեր ուժերին՝ հնարավոր բացասական զարգացումների դեպքում հակառակորդին զսպելու և խաղաղությունը պահպանելու համար: Առավել ևս, որ մեր հարևան երկրի ղեկավարը շարունակում է իր հրապարակային ելույթներում պատերազմով սպառնալ, հայերին համարել թիվ մեկ թշնամի, հպարտանալ ռազմական ծախսերի անհամաչափ աճով և սպառազինությունների կուտակմամբ: Այնուհանդերձ, կարծում եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը կամ նրա զգալի հատվածը իրականում չի կիսում նման տրամադրությունները: …Վստահ եմ, որ մեր ժողովուրդներին ավելի լավ ապագա է սպասվում, քան նախատեսում են պատերազմի և ատելության քարոզ սփռող որոշ ղեկավարներ: Ինչպես ես առիթ եմ ունեցել հրապարակավ ասելու՝ ես չեմ համարում, որ Ադրբեջանի ժողովուրդը հայերի թշնամին է. մենք ի զորու ենք արժանապատվորեն լուծելու մեր տարակարծությունները և խաղաղությամբ գոյակցելու որպես հարևաններ»:
Սա էլ, կարծում ենք, հաղթանակած երկրի նախագահի զուսպ ու կշռադատված խոսք է, ուստի և` ընդդիմախոսություն չընդունող:
Նախագահն իր խոսքը տպավորիչ դարձնելու համար արժանի համարեց հիշատակել երջանկահիշատակ Սոս Սարգսյանի վերջին հրապարակային խոսքը` ուղղված Ադրբեջանի մտավորականներին, «Դուք ինչ է, լրջորեն պատրաստվում եք պատերա՞զմ սկսել: Թանկագին իմ հարևաններ, ոչինչ չի՛ ստացվի, բացի անմեղ զոհերից: Ինչո՞ւ: Շատ պա՛րզ. ձեզ համար Ղարաբաղը տարածք է, իսկ մեզ համար՝ սուրբ Հայրենիք»:
Եվս մեկ անգամ հաստատելով, որ հակամարտությունների խաղաղ կարգավորման համար առավել նպաստավոր պայմաններ են ապահովում ժողովրդավար հասարակությունները, նախագահը կարևոր համարեց թվարկել Լեռնային Ղարաբաղի ձեռքբերումներն այս ասպարեզում` հղում անելով հենց հեղինակավոր միջազգային կազմակերպությունների եզրակացություններին: «Ղարաբաղը եղել է, կա և կմնա Եվրոպայի մաս: Ղարաբաղի այսօրվա հանրությունը եվրոպական հանրության` եվրոպական ընտանիքի մասնիկ է` անկախ իր պետության քաղաքական կարգավիճակից: Ուստի ես կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը կարող է, կարգավիճակից անկախ, ուղղակիորեն շփումներ նախաձեռնել Ղարաբաղի հետ` իր իսկ գործառույթների շրջանակներում, առավել ևս, երբ Եվրոպայի խորհուրդը նման փորձ ունի այլ հակամարտությունների գոտիներում»,- ամփոփեց նա:
Ցեղասպանությունը
Բանախոսը հիշեցրեց, որ որպես ցեղասպանություն ապրած ժողովրդի ներկայացուցիչ, չի կարող չկարևորել նմանօրինակ ոճիրներ ծնող նախադրյալների դեմ պայքարը: «Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանն իր նախագահության գերակայություն է հռչակել պայքարը անհանդուրժողականության, խտրականություն և ատելություն սերմանող քարոզչության դեմ: Մենք ամոթալի ենք համարում, որ մերօրյա աշխարհում նման երևույթները շարունակում են գոյություն ունենալ և որոշ երկրներում անգամ խրախուսվում են պետական մակարդակով: Մենք պետք է վճռական լինենք աշխարհի ցանկացած անկյունում նման դրսևորումներն արմատախիլ անելու հարցում»,- ասաց նա:
Սիրիան
Անդրադառնալով Սիրայի իրավիճակին, Ս. Սարգսյանը հիշեցրեց, որ այնտեղ ունենք բազմահազարանոց հայ համայնք, որը Սիրիայի ժողովրդի անբաժանելի մասն է կազմում: Ուստի Հայաստանը ողջունում է ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ և օրերս ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը:
Զարուհի Փոստանջյանը` սպասելի ու անսպասելի
Որտեղ Զարուհի Փոստանջյանը, այնտեղ սկանդալ: Միշտ էլ բոլորն էլ սպասում են նրա հերթական անակնկալին: Բայց այս անգամ նա գերազանցեց իրեն և արեց մի բան, որ ոչ ոքի մտքով չէր անցնի: Կարելի է ցանկացած մակարդակով ցանկացած հարթակ ու ամբիոն օգտագործել սեփական քաղաքական շահերի համար, բայց անել պատշաճ, քաղաքակիրթ ու կշռադատված: Բայց երբ դուրս ես գալիս բարոյականության ու քաղաքավարության սահմաններից ու հանուն տվյալ բանակռվում հաղթելու նվաստացնում ես հակառակորդիդ` ձեռքի հետ ոտնատակ տալով ժողովրդիդ արժանապատվությունն ու պետությանդ հեղինակությունը, արդեն քստմնելի բառից բացի, մտքիդ ուրիշ բան չի գալիս: Մեր տանը, մեր մեջ ամեն ինչ կարող ենք ասել, և ամենախիստ ձևով, բայց դրսում, մանավանդ երբ մեջտեղ ես բերում խոհանոցային բամբասանքի մակարդակի չստուգված աղբ, ուղղակի սահմռկեցուցիչ է: Չգիտենք` ինչ նպատակ ուներ այս պատգամավոր աղմկարար կինը, բայց ակնհայտ է, թե ինչի հասավ: Նա ընդամենը ջուր լցրեց մեր հակառակորդների ջրաղացին և վարկաբեկեց այն քաղաքական ուժը, որին ներկայացնում է: Մնում է կարեկցել այն բոլոր հայրենակիցներին, որոնք ձայն են տվել «Ժառանգություն» կուսակցությանը և այդպիսով պատգամավոր դարձրել Զարուհի Փոստանջյանին:
Հասկանում ենք, որ այս կինը քաղաքական խիզախությունն ու արդարամտությունը շփոթում է լաչառության հետ: Բայս խայտառակությունը, ինչպես տեսնում ենք, միջազգային կշիռ է սոտանում:
