Սոս Սարգսյանն այլևս մեր կողքին չէ
«Տառապում եմ, տանջվում, որ թատրոն չեմ կարողանում գնալ, չեմ կարողանում աշխատել»,- հաճախ էր կրկնում անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն իրեն այցելողներին: Կյանքի վերջին ամիսներին տնից գրեթե դուրս չէր գալիս, իսկ այցելուներին սիրով և համբերությամբ էր ընդունում, եթե անգամ ծածուկ ցավից տնքում էր: Հիմա այլևս չենք կարող վարպետին այցելել, որովհետև նա մեր կողքին չէ: Սեպտեմբերի 26-ին նա հեռացավ երկրային կյանքից:
Հոկտեմբերի 24-ին մեծ վարպետը կդառնար 84 տարեկան: Դեռ կենդանության օրոք չէր համակերպվում այն մտքի հետ, որ իր ընկերներից՝ Խորեն Աբրահամյանից, Ֆրունզիկ Մկրտչյանից ավելի երկար է ապրում: Ասում էր. «Արդեն ոնց որ համը հանում եմ: Էսքան ապրե՞լն ում է պետք»: Անելիք շատ ուներ, ստեղծագործողի եռանդն ու միտքը հանգիստ չէին թողնում նրան, բայց ընկերների կարոտն ու բացակայությունը շատ էր տանջում: «Ձեն եմ տալիս, բայց ո՛չ Ֆրունզը, ո՛չ Խորիկը, ո՛չ էլ մյուսները չեն պատասխանում: Գիտե՞ք՝ ի՜նչ սոսկալի բան է:
Լի էր նրա էությունը, մի տեսակ` փիլիսոփայական գույներով: Նա խինդով էր հիշում իր մանկության տարիները, որոնք այնքան էլ հարթ չէին անցել: Նրա «Ոտնամաններ» գիրքը հենց այդ տարիների՝ նրա մանկության ոտնամաններ ունենալու երազանքի, դիմանալու և խիզախելու մասին էր: «Որքան էլ մակությունը ծանր լինի, քաղցր բան է»,- ժպիտով նշում էր վարպետը: Սովի, պատերազմի տարիներ էին, բայց, մարդիկ դեռ փորձում էին ապրել: Ասում էր. «Եթե չգրեի, էդ մտքերը ինձ կտանջեին: Գուցե այդպես ազատվեմ դրանցից»: Զարմանում էր, թե կյանքը ինչքան է փոխվել: Փոխվել է նաև մարդկանց մտածելակերպը: «Այսօր մուրացկանություն են անում ոչ թե հացի, այլ փողի համար»:
Նրան շատ էր մտատանջում հայ ժողովրդի, ի՛ր ժողովրդի հոգսերն ու լարված կյանքը: «Խե՛ղճ ժողովուրդ, ո՞նց ես ապրում էս թանկուկրակ աշխարհում. ո՛չ հիվանդանալու, ո՛չ էլ մահանալու իրավունք չունես»։ Նա նաև ցավով էր տանում իր ժողովրդի մեջ եղած բացասականությունը:
Չէր սիրում ընտրությունները, մի տեսակ լարվում էր: «Երբ գալիս են ընտրությունները, շատ ներվային վիճակի մեջ եմ հայտնվում և Աստված եմ կանչում, որ դրանք անփորձանք ավարտվեն: Ախր, ժողովրդի համար էդ ընտրությունները փորձանք են, քանի որ ամեն ինչ խարխլվում է, իսկ ժողովուրդը` իրար խառնվում»:
Նրա սեղանին, գրապահարաններում հազար ու մի գիրք կար: Ի՞նչ էր կարդում, ի՞նչ էր գրում- ջնջում: Ասում էր. «Եթե չասեմ, չգրեմ, սիրտս կպայթի»: Բայց դեռ շատ գործեր ուներ անելու: Մեծ փափագ ուներ` կառուցել իր հիմնած թատրոնի շենքը, Երևանը նոր մշակութային օջախով հարստացնել: Ավաղ, չհասցրեց:
Նրա սիրտն ու հոգին բեմում էին: Չէր մոռանում իր առաջին քայլերը թատրոնում: Ասում էր՝ դրանք ամենաերջանիկ տարիներն էին, որոնք կուզենար նորից ու նորից վերապրել:
Վարպետի խորհուրդն ազդեցիկ էր շատերի համար: Նա երիտասարդների վրա շատ էր բարկանում, որ չեն ամուսնանում, ընտանիք չեն կազմում: «Մարդիկ չեն հասկանում, որ կյանքի ամենամեծ հաճույքն ու երջանկությունը ընտանիքն է, սերը»: Հորդորում էր միշտ ուշադիր լինել հոգու կանչին, թելադրանքին:
Ասում են՝ հանճարին, տաղանդավոր մարդկանց միայն մահից հետո են հիշում, բայց Սոս Սարգսյանին սիրում էին մեծ թե փոքր, կանայք թե տղամարդիկ… Հենց նրա կենդանության օրոք: Ժողովուրդը նրա ֆիլմերով, խաղացած դերերով հպարտանում էր և դեռ շատ երկար կհպարտանա:
Նրա վերջին ծածուկ երազանքն էլ կատարվեց. «Հոգիս չառած, միտքս չառնես, Աստված»: Այդպես էլ եղավ: Անվանի դերասանի մահը մեծ կորուստ է հայ ժողովրդի և համաշխարհային մշակույթի համար, սակայն ոչ բոլորին է հաջողվում 80-ը բոլորել: Նախախնամությունը XX դարի մշակութային տաշտից, որպես մերան, թթխմոր, Սոս Սարգսյանին պահեց XXI-ի համար…
Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ
