ԵՄ, թե Մաքսային միություն. քննարկումները չեն դադարում
Վերլուծություններ դեռևս չեն արվել` հասկանալու համար, թե Մաքսային միության որոշման արդյունքում ինչ օգուտներ կամ վնասներ կունենա մեր երկրի տնտեսությունը կարճաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում, սակայն կան կանխատեսումներ, որոնք հնարավորություն են տալիս գոնե հասկանալու և առավել իրատեսորեն գնահատելու իրավիճակը:
Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյան
Մաքսային միությանն անդամակցելու անկյունաքարը եկեք դիտարկենք հանրապետության անվտանգության խնդիրների տեսանկյունից: ՀՀ նախագահի հնչեցրած այն բացատությունը, թե երկիրը չի կարող գտնվել անվտանգության մեկ համակարգում և միաժամանակ տնտեսաական զարգացման մեկ այլ համակարգում, կարծում եմ` լավագույնս ցույց է տալիս այդ որոշման հիմնական պատճառը: Ընդհանրապես, քաղաքական և ժողովրդավարական զարգացման առումով Եվրոպական միության հետ ասոցացման պայմանագիրը և դրան ուղղված նախապատրաստական գործընթացները, ինչպես նաև եվրոմերձեցման քաղաքականությունը նպաստում են Հայաստանում առավել ժողովրդավարական գործընթացների իրականացմանը և դրանց առավել արագ տեմպերին: Իմ կարծիքով, ԵՄ ասոցացման պայմանագրի չստորագրման գաղափարը, այնուամենայնիվ, բացասաբար կանդրադառնա այդ գործընթացների իրականացման վրա:
Իսկ տարածշրջանային և աշխարհաքաղաքական տեսանկյունից հարակից տարածաշրջաններում ԵՄ-ն բավական սահմանափակ է իր հնարավորություններով: Նրանք անվտանգության ապահովման որևէ միջոց ու հնարավորություն չունեն և հիմնականում կենտրոնացած են ԵՄ պետությունների, մասնավորապես` տնտեսական ճգնաժամերի հետևանքների հաղթահարման գործընթացների վրա: Նույնը չի կարելի ասել Ռուսաստանի Դաշնության առումով, որը գոնե հարակից երկրներում բավական ազդեցիկ է և վճռորոշ դեր ունի քաղաքական գործընթացներում: Եթե դիտարկենք այս տեսանկյունից, ապա Մաքսային միությանն անդամակցելը, իսկ հետագայում Եվրասիական միավորման ձևավորման գործընթացին մեր մասնակցությունը կարող են նպաստել նաև հետխորհդային տարածաշրջանում և Հարավային Կովկասում Հայաստանի քաղաքական կշռի բարձրացմանը:
Սովորաբար կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, ուստի ձեռնպահ կմնամ, մանավանդ որ Մաքսային միությունը, դեռևս չձևավորված կառույց լինելով, արդեն իսկ բավական լուրջ խնդիրներ է պարունակում իր մեջ, և խոսքը առաջին հերթին վերաբերում է Բելառուսի հետ Ռուսաստանի հարաբերություններին: Այստեղ մրցակցությունը դեռևս սուր է և կարող է անգամ Մաքսային միության չկայանալու պատճառ դառնալ:
Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերությունների հետագա ընթացքին, ապա կարծում եմ, որ որևէ սահմանափակում չի լինի: Բոլորս էլ գիտենք, որ Վրաստանի իշխանություններն այնքան էլ ոգևորված չեն այն հանգամանքով, որ Հայաստանը ավելի է սերտացրել իր հարաբերությունները ՌԴ-ի հետ, որին Վրաստանը դիտում է որպես հակառակորդ պետություն: Բայց մյուս կողմից կարծում եմ, որ առկա մարտահրավերները Հայաստանի համար այլ տարբերակ չեն թողնում, և այդ իրավիճակը փաստացի առկա է եղել ԽՍՀՄ փլուզման հենց առաջին օրվանից, երբ Հայաստանը տարածաշրջանում ՌԴ-ի միակ դաշնակիցն էր:
Իհարկե, հայ-վրացական հարաբերություններն ապագայում ևս շարունակական կլինեն: Սակայն ավելի լուրջ խոչընդոտող խնդիրներ կան, քան Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը: Խոսքն ադրբեջանական գործոնի ազդեցության մասին է Վրաստանի հետ, կամ տեղի հայության նկատմամբ Վրաստանի վարած քաղաքականության: Սրանք ավելի հիմնավոր պատճառներ են հայ-վրացական հարաբերությունների վատթարացման համար, քան Մաքսային միությանն անդամակցելը:
ՀՀ արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյան
Իմ կարծիքով` մամուլում, հասարակական քաղաքական գործիչների ելույթներում ավելի շատ գերակայում է այս հարցի մշակութային կողմնորոշումը՝ ընտրել Արևմո՞ւտքը, թե՞ Արևելքը: Եթե ամփոփենք մեր պետության և առհասարակ տնտեսության զարգացումները այս 22 տարիներին, ապա շատ տրամաբանական է, որ արդեն հասել ենք մի էտապի, երբ ինքներս պետք է ցանկանայինք լինել Մաքսային միության անդամ, քանի որ այն բարձրացնում է մեր տնտեսական և ռազմաքաղաքական անվտանգությունը մի քանի աստիճանով: 1991-ից Հայաստանը դարձավ ԱՊՀ անդամ պետությունների լիիրավ անդամ և եղավ նրա ստեղծման ամենաակտիվ մասնակիցներից: Հետագայում զարգանալով Հայաստանը մտավ Ռազմաքաղաքական դաշինքի մեջ՝ ՀԱՊԿ-ի կազմում, և ՌԴ-ն դարձավ մեր անվտանգության երաշխիքը: Մեր արտահանման զգալի հատվածն իրականացվում է դեպի ԱՊՀ երկրներ, մասնավորապես` Ռուսաստան:
Այս տարի մենք աննախադեպ ծավալներով ծիրան ենք արտահանել ՌԴ, այժմ նույն տեմպերով շարունակվում է պտուղ-բանջարեղենի արտահանումը, իսկ կոնյակի արտահանումը վերջին երեք տարիներին շուրջ 10 տոկոսով աճել է և դեռ կաճի, քանի որ շուկան բավական մեծ է: Դա մի շուկա է, որտեղ մուտք գործելու համար եվրոպական և ԱՄՆ-ի բիզնես շրջանակները մեծ ջանքեր են գործադրում: Մենք դեռևս տարիներ առաջ ԱՊՀ տարածքում ունեինք առանց մաքսատուրքի ռեժիմ: Մտնելով մեկ միասնական մաքսային համակարգի մեջ՝ մենք երաշխավորում ենք, որ մեր արտահանումները երբևիցե քաղաքական կամայականությունների պատճառով չեն դադարեցվի:
Քանի որ մենք Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ ենք, ապա Եվրոպայից ներկրումները կշարունակվեն, իսկ ՌԴ-ն վերջինիս միացել է երկու տարի առաջ, և մեր միասնական ստանդարտները եվրոպականի հետ համահունչ են: Մուտք գործելով Մաքսային միություն` մենք սկսելու ենք ձեռք բերել հումք, զենք, զինամթերք ներքին շուկայի գներով: Կարծում եմ, որ հացազգիների և վառելիքի զգալի մասը ևս կսկսենք ՌԴ-ից ներմուծել՝ արտահանման մեջ 30 տոկոս տնտեսելով: Հետայսու կասեցվելու է նաև գազի թանկացումը, որովհետև մենք արդեն այդ շուկայի մեջ ենք, այլ իրավական խիստ ռեժիմով: Իսկ որպես գործարար` ես հստակ տեսնում եմ, որ մեր պոտենցիալի զգալի մասն այդ շուկաներում ավելի հեշտ է իրացվելու: Խնդիր չի լինելու դեպի Լարս, Բաթում, Փոթի հասնելու հարցում, և շարունակելու ենք այդ տարանցիկ ճանապարհից օգտվել, ինչպես և նախկինում: Եթե նույնիսկ նման որոշում կայացվի Վրաստանի կողմից, ապա դա կկասեցվի միջազգային կոնվենցիաները խախտելու պատճառով:
Ես սկզբունքորեն դեմ եմ այն տեսակետին, որ մի կառույցին անդամակցելով՝ մյուսի ուղղությամբ ճանապարհը փակվելու է: Հայաստանը կամուրջ է Արևմուտքի և Արևելքի միջև: Իմ համոզմամբ, ԵՄ-ի հետ բանակցությունները չեն դադարեցվելու, ստեղծվելու են ռեժիմներ, և Հայաստանը դառնալու է մի հարթակ, որը կապելու է Մաքսային միությունը ԵՄ շուկայի հետ: Մենք չենք հակադրվելու և բարեփոխումներն ու ինտեգրացումները շարունակվելու են: Չպետք է հրապուրվենք ազատ առևտրի պայմանագրերով, քանի որ ցանկացած պետություն իր շուկայի շահերը պաշտպանելու համար որոշ բացառություններ է ներկայացնում: Հիշում եմ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու օրը Ժնևում: Երբ բացվում էին շամպայնները, Թուրքիան հանկարծ հայտարարեց, որ անդամակցում է կազմակերպությանը, սակայն առանց սահմանները բացելու:
Եվրոպայում ողջ գյուղատնտեսությունը դեռևս դոտացիաների վրա է և պահում է իր արտադրողի շահերը: Ինչպե՞ս էինք մրցելու այդ շուկայի հետ: Եվրոպական չափորոշիչները և շուկան, ՌԴ-ն և Մաքսային միությունը տարիներ հետո գալու են ներդաշնակության: Մենք միացյալ տարածք ենք, և չի կարելի մոռանալ ամեն ինչ ու այս քայլը վերագրել ազգային դավաճանության: Գուցե մենք բոլորս մեղավոր ենք, որ հասարակական գիտակցությունը չենք պատրաստել սրան: Սա մեր շահերից բխող շատ լուրջ տնտեսական և քաղաքական քայլ է:
Լ.Ն
