Լավ իմունիտետ` ամուր առողջություն

acquired_immune-2_bigԻմունիտետի ամրապնդումը հարկավոր է սկսել  լյարդից

Իմունիտետ հասկացությունը հայտնի է բոլորին: Շատերն են փորձում գտնել այն բարձրացնելու և ամրապնդելու միջոցները, հատկապես հիմա, երբ սկսվել է գրիպի ու մրսածության հետևանքով առաջացող հիվանդությունների սեզոնը: Սակայն քչերն են գիտակցում, թե ինչ ասել է իմունիտետ այն բարդ ու բազմամակարդակ համակարգի իմաստով, որի ակտիվությունը կապված է ներքին օրգանների աշխատանքի հետ:

Պարզվում է, որ իմունիտետի «աջ ձեռքը» լյարդն է: Գիտականորեն հաստատված է, որ լյարդն ավելի քան 500 ֆունկցիա է կատարում ու նյութափոխանակության գործում «գլխավոր խաղացողն» է համարվում: Եթե համեմատելու լինենք բժշկական լաբորատորիաների հետ, ապա լյարդը ողջ օրգանիզմի հետազոտական ու վերամշակող կենտրոնն է, որն օրվա 24 ժամն ու տարվա 365 օրն աշխատում է  անընդմեջ: Բացի այդ, լյարդն «առանց հանգստյան օրուժամի» իմունագլոբուլինի, հակամարմինների ու ինտերֆերոնի և իմունիտետի համար պահանջվող այլ «աղյուսիկների» համար սպիտակուց արտադրող ֆաբրիկա է:

Լյարդի ֆունկցիայի խանգարման հետևանքով օրգանիզմի դիմադրողականությունն ինֆեկցիաների նկատմամբ նվազում է: Օրինակ` շաքարային դիաբետով տառապող մարդիկ (երբ մարդը կորցնում է գլյուկոզան նորմալ յուրացնելու ունակությունը) հաճախ հիվանդանում են  բորբոքային քրոնիկ հիվանդություններով, երկար ու վատ են ապաքինվում վարակներից, մրսածությունից ու վնասվածքներից:

Ուրեմն իմունիտետի ամրապնդման համար առաջինը հարկավոր է ուշադրություն դարձնել լյարդի առողջությանը:  Սակայն դժվար է հասկանալ լյարդի վիճակը, քանի որ այն «լուռումունջ» է, ու դրա շեղումները նախնական փուլում ընթանում են առանց հատուկ ու ընդգծված ախտանշանների: Իսկ երբ զգալի են ու ակնհայտ, կնշանակի խնդիրը խորացել է ու բուժման իմաստով բարդացել: Նման ախտանշաններ են ուժահատությունը, շուտ հոգնելը, քնատությունը, սրտխառնուքը, ախորժակի կորուստը, աջ կողատակում ծանրության զգացումը, նույն տեղում` մաշկի քորը, հաճախակի մրսածությունը: Սակայն մեծ մասը գլխի չի ընկնում, որ այդ  տհաճ ախտանշանները կապված են  լյարդի խանգարման հետ:

Լյարդի լիարժեք ու արդյունավետ աշխատանքի համար հարկավոր է նորմալ սնունդ ստանալ. գլյուկոզա և ճարպաթթուներ, որոնք ծառայում են որպես էներգիայի աղբյուր:

Բնական վիճակում ճարպաթթուներ պարունակում են ձեթը, ընկույզը, ցանկացած սերմը, քնջութը, սոյան, ջրիմուռներն ու ձկան յուղը: Այդ մթերքները  հարկավոր է հնարավորինս հաճախ ընդունել, դրանք են առողջության  համալիր վերականգնման հիմքը:

downloadՀիշեցեք` եթե նույնիսկ փորձում ենք առողջ ապրելակերպ վարել,  միևնույն է, ժամանակակից էկոլոգիական  պայմաններում օրգանիզմը  գուցեև չկարողանա հասցնել մաքրվել: Առողջությանը հետևեք, որ բանը լյարդին չհասնի, քանի որ լյարդի առողջությունը հարկավոր է լավ ինքնազգացողության ու հիվանդություններից խուսափելու համար:

Ինչպես է մեր օրգանիզմը պայքարում հիվանդությունների դեմ

Իմունիտետը օրգանիզմի բնական դիմադրողական պաշտպանությունն է , որը կարող է փոփոխվել զանազան գործոնների ազդեցությամբ: Անծանոթ «թշնամու» հանդիպելով` բնական դիմադրողականությունը պայքարի առաջին դիրքերում  սովորում է  հատուկ նյութեր մշակել` հակամարմիններ, կոնկրետ հակառակորդի դեմ պայքարի համար: Լավ է, իհարկե, եթե այդ ուսուցումը կատարվում է պատվաստանյութերի վրա, որոնց օրգանիզմը  կարողանում է դիմադրել առանց հատուկ ջանքի: Ավելի բարդ է, երբ օրգանիզմը ստիպված է մասնակցել «իրական մարտերի»` իսկական վարակի դեմ: Պատվաստանյութի ազդեցությամբ կամ վարակիչ հիվանդության  հետևանքով արյան մեջ հակամարմիններ են հայտնվում, որոնք կարող են պայքարել հարուցիչի դեմ: Հակամարմինները  ոստիկանությունն են, որի գործողությունների համար պատասխանատու է «կենտրոնական իշխանությունը»: Սակայն, քաղաքապետարանը մարտի գոտում չի քնում: Օրգանների հյուսվածքներում ու բջիջներում «չարագործների» գործողություններին ի պատասխան` մշակվում են լուծվող պաշտպանական նյութեր, որոնք բարձրացնում են հատուկ վարակի հանդեպ տեղի դիմացկունությունը:

Կհիվանդանանք, թե ոչ, դա ոչ միայն հարուցիչի ակտիվությունից է կախված, դրա ախտածնությունից, հիվանդություն առաջացնելու ունակությունից, այլև իմունիտետից: Այն կարող է լինել բնական (բնածին), երբ մեր անընկալությունը պայմանավորված է  բնածին կենսաբանական առանձնահատկություններով: Բնածին իմունիտետը տեսակի, ժառանգաբար փոխանցվող հատկություն է: Ձեռքբերովի իմունիտետը`  մեր օրգանիզմի ու հարուցիչի «շփումների» արդյունք է: Երբեմն մարդն անընկալունակ է այս կամ այն հիվանդության նկատմամբ անհայտ պատճառով: Ավելի շուտ, դա անբավարար ակտիվություն ունեցող մանրէների կամ դրանց փոքր քանակի հետ «շփման» արդյունք է: Նորածինների իմունիտետը բացատրվում է հակամարմինների առկայությամբ, որոնք փոքրիկի օրգանիզմ են ընկնում մոր արգանդից կամ կաթի միջոցով: Արհեստական իմունիտետը բժշկության ձեռքբերում է:

Հետաքրքիր փաստեր

Համբույրը` պատվաստում

Միջին վիճակագրական մեկ համբույրի ժամանակ զույգերը թքի միջոցով միմյանց են  փոխանցում հսկայական քանակությամբ միկրոֆլորա: Ավստրիական ակադեմիայի անցկացրած լայնամասշտաբ ուսումնասիրություններն ապացուցեցին, որ համբույրը պատվաստանյութի ազդեցություն ունի,  ուստի խորհուրդ են տալիս հաճախակի «պատվաստվել»: Ի դեպ, փորձին մասնակցել ցանկացողներն անհամար են եղել:

Իմունիտետն ու նրա տերը

Եթե ձեր ամուսինը փափուկ ու հաշտվող բնավորություն ունի, ապա ուշադրություն դարձրեք նրա  առողջությանը. դա նշանակում է, որ նրա իմունիտետը բնությունից թույլ է: Սա պնդում  են Փենսիլվանիայի համալսարանի մասնագետները: Նրանց ուսումնասիրությունն ապացուցել է, որ  համառ և նույնիսկ ագրեսիվ տղամարդկանց իմունային համակարգը լավ է պայքարում վարակների դեմ, քանի որ նրանց արյան մեջ միշտ շատ լիմֆոցիտներ կան, որոնք սպանում են օրգանիզմում հայտնված ցանկացած  օտար մանրէ: Սակայն չափազանց ագրեսիվությունը ի չիք է դարձնում այդ առավելությունը:

Սպորտ. վտանգավոր է իմունիտետի համար

Բարեկազմություն կամ պինդ առողջություն ընտրել ստիպված են նրանք, ովքեր տանջում են իրենց մարզասրահում: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նվազեցնում է  օրգանիզմի դիմադրողականությունն ինֆեկցիաների նկատմամբ, քանի որ դանդաղեցնում է լիմֆոցիտների մշակումը: Ավստրալացի բժիշկները, հետազոտելով 168 մարզիկի, պարզել են, որ մարզումների ժամանակ նրանք ավելի խոցելի են, հաճախ են հիվանդանում մրսածության հետևանքով առաջացող  հիվանդություններով: Օրինակ` մարաթոնյան վազքից հետո առաջին 2 շաբաթը մրսածության հիվանդություններ ունեին աթլետների 72%-ը: Նվազ ինտենսիվ մարզումները հակառակը` բարձրացնում են օրգանիզմի պաշտպանական ուժերը: Միջին տեմպով ամենօրյա 45-րոպեանոց զբոսանքը 50%-ով  նվազեցնում է մրսածության ու գրիպի վտանգը:

Իմունային «կլիմա-կոնտրոլ»

Բարերար կլիման միջոց է, որը բարելավում է իմունիտետը, եթե անգամ քաղաքից դուրս գալ կարողանում ենք միայն արձակուրդի ժամանակ: Իմունային համակարգի համար հատկապես օգտակար են ծովի (չափավոր շոգ, թեկուզև խոնավ աղի օդը) և բարձրլեռնային կլիման (չափավոր շոգ չոր օդը` թթվածնի ցածր պարունակությամբ):

 

Իմունիտետն առավոտյան չեն մարզում

Մեծ Բրիտանիայի, Բուռնելի համալսարանի մասնագետները զգուշացնում են, որ առավոտյան մարզումներն ավելի շատ վնաս կարող են պատճառել, քան օգուտ տալ: Դա ապացուցվել է փորձով. տարբեր պատրաստվածություն ունեցող 14 մարդ  սպորտով զբաղվել է առավոտվա 6-ին և երեկոյան 6-ին: Անալիզները ցույց են տվել, որ առավոտյան ծանրաբեռնվածությունների ժամանակ հակամարմիններից Ա դասի մակարդակը նկատելիորեն նվազել է, նշանակում է` մեծացել է հիվանդանալու ռիսկը: Ուստի լավ է մարզումները  երեկոյան անել:

Իմունիտետ. միացնել-անջատել

Կոլումբիական համալսարանի գիտնականները գտել են իմունային համակարգը ժամանակավոր անջատելու միջոցը: Ընդ որում, այդ «վարդակը» հենց մարդու օրգանիզմում է. դրանք  տ-սուպրեսոր կոչված լիմֆոցիտներն են: Դրանք խթանում են հատուկ սպիտակուցների մշակումը, որոնք արգելափակում են իմունային համակարգի ակտիվությունը, և այն ավելի «հանդուրժող» է դառնում օտարածին մարմինների նկատմամբ: Այս բացահայտումը հաջողությամբ կարելի է կիրառել 2 դեպքում. փոխպատվաստման (դա կօգնի լուծելու օրգանիզմի կողմից  դոնորական օրգանի մերժման հարցը) և աուտոիմունային հիվանդությունների բուժման:

Իմունիտետի ամրապնդման միջոցներ

Իմունիտետի ամրապնդման (հատկապես երեխաների) խնդիրը հատկապես սրանում է հիվանդությունների ու քրոնիկ հիվանդությունների  սրման շրջանում: Աշնանային վարակիչ հիվանդությունները վտանգավոր չեն, եթե օրգանիզմի պաշտպանական ուժերը կարգին վիճակում լինեն: Առաջին հերթին վարակիչ հիվանդությունները խոցում են թույլ իմունիտետով մարդկանց: Հետևաբար, իմունիտետի բարձրացումն ու ամրապնդումն այն գլխավոր խնդիրն է, որի համար պետք է հնարավորինս արագ ու շուտ հոգ տանել: Իսկ դա այնքան էլ դժվար չէ:

Նախ պետք է ուշադիր լինել, որ վարակի ախտանշանները շուտ  նկատեք: Ժամանակը թանկ է, ուստի անմիջապես հարկավոր է գործի անցնել: Օրական առնվազն մեկ անգամ օդափոխեք սենյակը թե՛ տանը և թե՛ աշխատավայրում: Առաջին հերթին թթվածինը հարկավոր է ուղեղի, սիրտ-անոթային, նյարդային ու իմունային համակարգի  նորմալ աշխատանքի համար: Երկրորդ, այդպիսով վնասակար մանրէներն ու վարակները սենյակում չեն կուտակվի:

Իմունիտետի բարձրացման համար հարկավոր է շատ շարժվել ու հնարավորության դեպքում մարզվել: Թարմ օդին զբոսանքը կլուծի այդ խնդիրը: Ոտքով 20-30 րոպե զբոսանքն արյունը հարստացնում է թթվածնով, թուլացնում էմոցիոնալ լարվածությունն ու ամրացնում նյարդային համակարգը և այդպիսով օգնում դիմադրելու հիվանդություններին:

Լիարժեք քուն ապահովեք, քրոնիկ անքնությունը կամ կիսատ քունը վնասում է իմունիտետը, հատկապես` երեխայինը, և վատ է անդրադառնում նրա ինքնազգացողության վրա: Քնեք  օրական ամենաքիչը 7-8 ժամ: Բոբիկ քայլեք կամ մերսման սարքի վրա մարզվեք, քանի որ ոտնաթաթի վրա բազում կետեր կան, որոնց վրա ներազդելով` օգնում ենք օրգանիզմին աշխատել ինչպես հարկն է: Հաճախ ժպտացեք. վերջերս հոգեբանները հետաքրքիր բացահայտում կատարեցին.  լավատեսներն ավելի պինդ իմունիտետ ունեն, քան հոռետեսները:

Բուսական միջոցներ կիրառեք, որոնք խթանում են իմունային համակարգի աշխատանքը: Տաք-սառը հերթագայությամբ ցնցուղ ընդունելը ամրապնդում է իմունիտետը, լավացնում արյան շրջանառությունն ու օգնում, որ անոթները կարգին վիճակում լինեն, սակայն մի մոռացեք, որ բարձր ճնշման, սրտի ու արյան հիվանդությունների դեպքում դա հակացուցված է: Ամեն օր  տաք ցնցուղի տակ 10-15 վայրկյան կանգնեք, ապա նույնքան էլ` սառը ցնցուղի տակ: Կրկնեք 3-5 անգամ: Ցնցուղից հետո լավ չորացեք:

Խուսափեք սթրեսներից: Նյարդային ցնցումները բացասական հետևանք են ունենում նաև  ներքին օրգանների վրա: Էմոցիոնալ լարվածությունից կրկին տուժում է իմունիտետը: Ծանր օրվանից հետո 30-40 րոպե զբաղվեք սիրած գործով, որը ձեզ բավականություն է պատճառում:

Բանջարեղեն ու միրգ օգտագործեք, որոնք հարուստ են ցինկով, երկաթով ու C վիտամինով. կիտրոն, լոբի, մասուր, կաղամբ, դդում, սև հաղարջ, սոխ, սև սալոր, խնձոր:

 Հասմիկ ԱԶԱՐՅԱՆ