Ի՞նչ չափանիշներով են դասակարգվում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները

1331208900_zvartnotsՀայ ժողովրդի համար բոլոր ժամանակներում աշխարհին ներկայանալու լավագույն այցեքարտերից մեկը եղել ու մնում են դարերից եկած անխոս վկաները` պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանները, որոնք կարևորության շնորհիվ գտնվում են պետության հատուկ ուշադրության կենտրոնում: «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի (ընդունված 1998 թ. նոյեմբերի 11-ին) 1-ին հոդվածում տրվում է դրանց սահմանումը. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ (այսուհետ` հուշարձաններ) են պետական հաշվառման վերցված պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող կառույցները, դրանց համակառույցներն ու համալիրները` իրենց գրաված կամ պատմականորեն իրենց հետ կապված տարածքով, դրանց մասը կազմող հնագիտական, գեղարվեստական, վիմագրական, ազգագրական բնույթի տարրերն ու բեկորները, պատմամշակութային և բնապատմական արգելոցները, հիշարժան վայրերը` անկախ պահպանվածության աստիճանից»:

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանները գտնվում են պետության պահպանության ներքո:

Իսկ ահա նույն օրենքի 6-րդ հոդվածում դասակարգվում են այդ հուշարձանները: Այսպես, հուշարձաններն ըստ արժեքավորման չափանիշների դասակարգվում են հանրապետական և տեղական նշանակության:

Հանրապետական նշանակության կարգն են դասվում ժողովրդի պատմության, նրա նյութական և հոգևոր մշակույթի նշանակալի հուշարձանների բարձրարժեք, հնագույն, տիպական կամ հազվագյուտ նմուշները:

Տեղական նշանակության կարգն են դասվում հանրապետության որևէ տարածաշրջանի պատմությունն ու մշակույթը, տեղական առանձնահատկությունները բնութագրող հուշարձանները:

Հուշարձանների դասակարգումը կատարում է հուշարձանների պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Պատմամշակութային բացառիկ արժեք ունեցող հուշարձանները միջազգային մակարդակով սահմանված չափանիշներով կարող են սահմանված կարգով ընդգրկվել համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում:

Հուշարձանները դասակարգվում են նաև ըստ բնույթի`

ա) հնագիտական` քարեդարյան կայաններ, քարայր-կացարաններ, հնագույն և միջնադարյան բնակատեղիներ, ամրոցներ, դամբարանադաշտեր, գերեզմանոցներ, մեգալիթյան կոթողներ, ժայռապատկերներ, վիմագրական հուշարձաններ, հնագիտական մշակութային շերտեր,

բ) պատմական` պատմության և մշակութային նշանավոր իրադարձությունների և նշանավոր գործիչների հետ առնչվող կառույցներ, կոթողներ, հուշահամալիրներ, գերեզմաններ,

գ) քաղաքաշինական և ճարտարապետական` պատմական բնակավայրերի, թաղամասերի, փողոցների, այգիների կառուցապատման հատվածներ, բնակելի, պալատական, պաշտամունքային, հասարակական, արտադրական և ճարտարագիտական կառույցներ, ժողովրդական տներ, ճարտարապետական կոթողներ,

դ) մոնումենտալ արվեստի` մոնումենտալ քանդակագործության, գեղանկարչության և դեկորատիվ արվեստի նմուշներ:

 

 

Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ