Գևորգ Կոստանյանն այն անձը չէ, որ լուրջ փոփոխություններ բերի. փաստաբան

արտակ զեյնալյանՀայաստանի դատաիրավական համակարգի վերաբերյալ ոլորտի հետ սերտ առնչություն ունեցող մարդիկ բազմիցս բազմաթիվ խնդիրներ են բարձրաձայնել, վեր հանել, բողոքել: Օրինակ` միշտ էլ կարծիքներ են հնչել դատարանների անկախության, կառուցվածքային խնդիրների մասին և այլն: Փաստաբանների հետ զրույցներում կարմիր թելի պես անցնում են հատկապես դատարաններում փաստաբան-դատախազ հարաբերությունների ու հարաբերակցության մասին մտահոգությունները: Մասնավորապես` փաստաբանները դժգոհում են, որ դատարանը, ըստ էության, հանդես է գալիս, որպես դատախազության ներկայացրած մեղադրական եզրակացության դակիչ, որ դատարանում փաստաբանն ու դատախազը, որն, իր էությամբ, պետության փաստաբանն է դատարանում, պետք է հանդես գան հավասար դիրքերից, սակայն մեր երկրի դատարաններում դատախազները միշտ ավելի բարձր դիրքերից հանդես եկողներ են դիտարկվում:

Այս առումով` հետաքրքիր է, թե դատաիրավական համակարգի վրա ինչպես կազդեն  հատկապես վերջին երկու` ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություներըՄեր զրուցակիցն է փաստաբան Արտակ Զեյնալյանը:

- Պարո՛ն Զեյնալյան, ի՞նչ ակնկալիքներ ունեք այս փոփոխություններից, ու ինչպես այդ փոփոխությունները կանդրադառնան դատաիրավական համակարգի բարեփոխումների վրա:

-Փաստաբանների պալատի նախագահի ու ՀՀ գլխավոր դատախազի փոփոխություններն ինստիտուցիոնալ փոփոխություններ չեն: Դրանք զուտ եղած պաշտոններում նոր անձանց նշանակում է: Մի դեպքում փաստաբանների պալատն ուղղակի` անմիջական քվեարկությամբ ընտրեց պալատի նախագահ, և կողմնակի ու օբյեկտիվ դիտորդի համար ակնհայտ էր, որ ընտրությունները ազատ, արդար ու թափանցիկ էին, ընտրություններն օրինական էին: Փաստաբանների պալատի նախագահը լրիվ վայելում է փաստաբանների պալատի աջակցությունը, ընտրված է փաստաբանների կողմից և լեգիտիմ է` անկախ նրանից` բոլորը նրա օգտին են քվեարկել, թե ոչ: Ակնհայտ է, որ օրինական ընտրության արդյունքում փաստաբանների պալատի նախագահը լինելու է Արա Զոհրաբյանը: Սա շատ ողջունելի է, և այն, ինչ կատարվեց փաստաբանների պալատում, շատ դրական է, ինչը չեմ կարող ասել գլխավոր դատախազի նշանակման մասին: Այն, որ քվեարկության արդյունքները կեղծվել են. մեկ քվեաթերթիկի կեղծված լինելն էլ և դրա բացահայտված չլինելն էլ բավական է, որ ցանկացած արդյունք չլինի հավաստի: Որոշ գնահատականներով` 25 դեմ քվեարկված քվեաթերթիկներ են եղել նշանակված գլխավոր դատախազի դեմ: Այն, որ ընտրությունը կեղծված էր,  հավաստի կամ ճշմարիտ կարելի է համարել այն մեկ քվեաթերթիկի հրապարակման փաստով, որ կեղծիք տեղի ունեցել է: Սա, իհարկե, շատ բացասական երևույթ է:

- Ի՞նչ կարող է փոխվել դատախազ-փաստաբան հարաբերությունների մասով:

- Դիրքերի առումով կարծում եմ` կտրուկ փոփոխություններ չեն կարող լինել: Դատախազությունը դրական շատ լուրջ բարեփոխումների կարիք ունի: Այն սկզբունքներն ու մեթոդները, որոնցով գործում են դատախազները, շատ հնացած են, և դրանց փոփոխմանը կարող է նպաստել միմիայն դատարանների անկախությունը: Եթե դատարաններն իրենց անկախ դրսևորեն, չկատարեն դատախազության կանխավարկածը կամ չառաջնորդվեն այն սկզբունքով, որ դատախազն ինչ ասում է` դատարանը պետք է դա հաստատի, ապա դատախազությունը ստիպված կլինի բարեփոխվել:

Այսօր փաստաբանությունը շատ արագ է զարգանում, որովհետև մշտապես գտնվում է հարվածի տակ, կոնֆլիկտի մեջ ու պետք է կատարելագործվի, որպեսզի կարողանա դիմակայել հարվածներին ու հարձակումներին: Իսկ դատախազությունը` ոչ այնքան. պահպանել է իր ոճը, նույն ձեռագիրը: Մեղադրական եզրակացությունները, ընդհանրապես գործերը կազմելիս պահպանվել է այն ոճը, ինչ կար տասնամյակներ շարունակ:

-Գլխավոր դատախազի անձի փոփոխությունից ինչ-որ բան կախվա՞ծ է:

- Անձանցից, այո՛, որոշ բան կախված է: Բայց չեմ կարծում, թե Գևորգ Կոստանյանն այն անձնավորությունն է, ով նման մեծ ու կտրուկ փոփոխություններ բերի: Նրա վարքագիծը, համենայն դեպս ամենաթարմ` վերջին վարքագիծը` կապված Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած դեպքերի հետ, չի խոսում այն մասին, որ նա շատ լուրջ փոփոխություններ կկատարի: Քանի որ նա հանդուրժել է դա: Իսկ իր նշանակումն էլ տեղի ունեցավ կեղծիքով, սրանք այդ հույսը չեն տալիս:

- Դուք նշեցիք, որ փաստաբանների պալատն օրինական է ընտրվել, լեգիտիմ է, դա ինչպե՞ս է ազդելու փաստաբանների գործունեության վրա:

- Պալատի նոր նախագահը մանդատը ստացել է փաստաբաններից ու բավականին ուժեղ դիրքերից կարող է հանդես գալ և փաստաբանների հետ միասին կառավարել, ուղղորդել կազմակերպության ներուժը` որոշակի փոփոխությունների հասնելու համար: Նրա թիկունքին կանգնած է ամբողջ փաստաբանությունը:

- Այսինքն` զուտ ինքնավստահությա՞ն գործոնն է ազդելու:

- Ինքնավստահության, որ երկրի ամենամեծ ու հզոր, ամենագործուն և կայացած հասարակական կազմակերպությունը կանգնած է իր թիկունքին: Այսինքն` հասարակական կազմակերպությունը նրա դեմքով է հանդես գալիս:

- Ի՞նչ սպասելիքներ ունեք, առաջիկայում դատաիրավական համակարգում կլինե՞ն ինչ-որ փոփոխություններ, բարեփոխումներ, թե՞ ամեն ինչ կմնա այնպես, ինչպես մինչ այժմ էր:

- Որոշակի փոփոխություններ, ամեն դեպքում, կլինեն, իհարկե տեմպերը գոհացուցիչ չեն: Օրինակ` նախապատրաստվում է օրենսգրքի ընդունում, մոտ ապագայում` վարչական դատավարության օրենսգրքի: Նախագծի քննարկումն արդեն եղել է Աժ պետաիրավական հարցերի հանձնաժողովում,  ամսի 10-ից հետո կլինի ևս մեկ քննարկում, սակայն այստեղ ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի հարցի վրա: Իր էությամբ նախագիծը լրիվ նոր օրենսգիրք է, բայց որպեսզի խուսափեն երեք ընթերցմամբ անցնելու ընթացակարգից, ձևակերպում են հին օրենսգիրքը նոր խմբագրմամբ ընդունելու նպատակ: Իր էությամբ նախագիծը նոր օրենսգրքի նախագիծ է, բայց որպեսզի խուսափեն ԱԺ այդ ընթացակարգից, գնում են այդ տարբերակով: Սա լուրջ խնդիրներ է առաջացնելու: Մնալու է նույն վերնագիրը, օրենքի նույն համարը, բայց հոդվածների հերթականությունը լրիվ փոխվում է:

- Նաև բովանդակությունը:

- Այո, հերթականությունը երբ փոխվում է, բնականաբար, բովանդակությունն էլ է փոխվում: Սա առաջացնելու է խառնաշփոթ: Մյուս կողմից էլ ինքնանպատակ չէ նոր օրենքը կամ օրենսգիրքը երեք ընթերցմամբ ընթացակարգով ընդունելը: Դա օրենքի ընդունման պարտադիր ատրիբուտներից է` դրա որակի, լեգիտիմությամբ պայմանավորված: Բայց գտել են այդ զարտուղի ճանապարհը` սողանցքը, և երկու ընթերցմամբ պետք է անցկացնեն: Օրենքի որակը թողնենք մի կողմ, որակը լավն է, իհարկե, կարող է շատ ավելի լավը լինել: Բայց բարեփոխումներն այս ձևով անելը խորամանկություն է, կարծում եմ` չարժե ռիսկի տակ դնել այդքան կարևոր նախագիծը ընդամենը մի քանի ամիս շահելու համար: Կարծում եմ` չի կարելի այդ եղանակով բարեփոխումներ անել:

- Այսինքն` առաջիկա գոնե հինգ տարիներին Դուք լուրջ փոփոխության ակնկալիքներ չունե՞ք:

- Այդքան լավատես չեմ այդ առումով, հատկապես այդ Մաքսային միության ուրվականի առկայության պարագայում. լավատես չեմ, թե լուրջ ու էական բարեփոխումներ կլինեն:

Tags: ,