Քիչ են պատահում մարդիկ, որոնք դառնում են լրագրողների սիրելի կերպարը: Այդ քչերի շարքում է երևի «Փարիզյան սուրճ» սրճարանի նախկին հիմնադիր-սեփականատեր, ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը:
Սփյուռքահայ կինն իր բարեհամբույր վերաբերմունքով միշտ էլ պատրաստ է պատասխանել լրագրողների հարցերին: Իսկ հարցադրումները կարող են բազմազան լինել՝ քաղաքականությունից մինչև բիզնես, ընտանեկան հարաբերություններից մինչև Հայաստան-Սփյուռք կապեր:
Ավելի քան 17 տարի Վալերին ապրեց ու աշխատեց Հայաստանում: Իր ասելով` կատարվեց երազանքը: Աբովյան փողոցում գտնվող «Փարիզյան սուրճ» սրճարանին էլ հարազատի պես էր նվիրված, բայց կյանքի բերումով ստիպված էր վաճառել ու հեռանալ Հայաստանից՝ իր ապագա ծրագրերը կապելով հայրենի Ֆրանսիայի հետ:
Վալերին արդեն բավական ժամանակ է, ինչ ապրում է Փարիզում՝ իր ընտանիքի հետ: Նա թաքուն հետևում է Հայաստանում կատարվող իրադարձություններին, հաճախ էլ զարմանքն ու զայրույթը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնում:
- Աշխեն, այնուամենայնիվ, Դուք նախանձելի կյանք եք ապրել. այն եղել է շքեղ, հարուստ, հետաքրքիր:
- Այո՛, համաձայն եմ: Ես լավ եմ ապրել ու ապրում եմ, իմ կյանքը հարուստ է, լեցուն է վառ հիշողություններով, սիրով: Հիշո՞ւմ ես, մի անգամ պատմել եմ Աֆրիկայի սքանչելի հիշողությունների մասին, պատմել եմ, որովհետև շատ սիրուն էր և տպավորիչ: Վաղ երիտասարդության տարիներն էին, Եգիպտոսում էինք և հաճախ Ալեքսանդրիա էինք գնում ու հիանում այնտեղի մշակույթով: Եկավ ամուսնանալու ժամանակը: Ինձ հարս տարավ Առնո Բաբաջանյանը: Արա Բաբաջանյանի հետ ամուսնացա ու չորս տարի սիրով ապրեցինք մի հարկի տակ՝ Առնոյի երաժշտության տակ: Այդ տարիներն իմ երիտասարդության սքանչելի տարիներն էին. պատիվ ունեցա հանդիպելու շատ ու շատ հայ և ռուս արվեստագետների հետ: Անգամ ռուսերենին էի լավ տիրապետում: Հետո ամուսնացա լիբանանահայի հետ, որ ինձ ծանոթացրեց Բեյրութի պատերազմական խնդիրներին, պաղեստինյան պայքարին: Այս անգամ էլ, բնականաբար, ամուսնացա հայի հետ: Տհաճ հիշողություններ ունեմ այս առիթով: Բայց ես ուզում էի գալ Հայաստան ու աշխատատեղեր հիմնել, օգնել: 17 տարի ապրեցի Հայաստանում, ու աչքովս շատ բան տեսա, շատ բան հասցրեցի սովորել:
- Ձեր ամուսինները կարծես մի բանով էին միայն իրար նման. նրանց երակներով հայի արյուն է հոսում…
- Այո՛, երեքն էլ հայ են եղել: 16 տարեկան էի, զբոսաշրջիկի կարգավիճակով եկա Հայաստան, սիրահարվեցի Հայաստանին: Երբ Արային հանդիպեցի, մտածում էի, որ Հայաստանում պիտի ապրեմ, դա ինձ համար շատ կարևոր էր: Դժբախտաբար, Մոսկվայում ապրեցի: Իսկ երկու տղաներիս հորն էլ պայքարի մեջ հանդիպեցի: Դրանք այն տարիներն էին, երբ հայկական բանակը պայքարում էր: Հիանում էի տղաներով, նրանք պատրաստ էին իրենց կյանքը զոհաբերել: Ես էլ իրենց հետ միասին պայքարում էի: Երրորդ ամուսնուս միամտորեն հավատացի, թե սիրում է ինձ: Ես արդեն որոշել էի Հայաստանում գործ դնել: Ինքն այդ ժամանակ ԱՄՆ-ում էր, հետո եկավ Փարիզ, ու չնայած համաձայն չէր` ես Հայաստանում գործ դրեցի ու սխալվեցի:
- Լսել եմ, որ եղել եք նաև Հայկական գաղտնի բանակի՝ ԱՍՍԱԼԱ-ի անդամ, ինչպե՞ս հայտնվեցիք այնտեղ:
- Ես գործում էի Փարիզում և իրականում հայկական պայքարի անդամ էի: Մի օր ինձ նամակ տվեցին, մարդ չկար, որ այն Բեյրութ հասցներ, ես այն տարա, և այդպես մտա ԱՍՍԱԼԱ: Դա արդեն դարձել է պատմություն: Գիտես, այդ շրջանն իմ կյանքում ճիշտ պայքար էր և ինձ հնարավորություն տվեց հանդիպելու իմ տղաների հորը: Այդ ժամանակ ես հանդիպեցի Մոնթե Մելքոնյանին, Ալեք Ենիգոմշյանին, Մարտիրոս Ժամկոչյանին և այլ մարդկանց, որոնք պայքարում էին միմիայն հայության համար: Սա ես երբեք չեմ կարող մոռանալ: Նրանք են ինձ ուժ տվել:
- Աշխեն, նորություններ ունեք, բայց չեք ցանկանում բարձրաձայնել: Ֆեյսբուքում գրել էիք, որ Ձեզ հաջողվել է հանդիպել այն տղամարդուն, որը Ձեզ քաջալերում է: Ի վերջո, ո՞վ է նա:
- Այո՛, ճիշտ է: Ես ընկեր ունեմ, որ ինձ համար ճիշտ տղամարդու սիմվոլն է: Երբ նա ինձ հաճոյախոսություններ է անում, գիտեմ, որ հաստատ սուտ չի ասում: Ես ինձ գեղեցիկ կին եմ զգում: Նա ինձ միշտ ուժ է տալիս, միշտ քաջալերում է: Նա միշտ ասում է` դու այն կինը չես, որ տղամարդու միջոցով է կին, այլ դու կին ես՝ հենց քո ուժերով: Նա ինձ կարող է պաշտպանել, երբ դրա կարիքը լինի: Նա իդեալական տղամարդ է ինձ համար:
- Հետաքրքիր է իմանալ՝ ինչով են զբաղվում Ձեր երկու զավակները:
- Մեծ տղաս մենեջմենթի կրթություն է ստացել և աշխատում է մի ընկերությունում, որը 80 երկրների գազ է մատակարարում: Իսկ կրտսեր որդիս` Վահագնը, աշխատում է Փարիզի հյուրանոցներից մեկում, բայց շուտով, եթե Աստված կամենա, իր սեփական սրճարանը կհիմնի:
- Ժամանակն ինչպե՞ս է անցնում սիրո քաղաքում:
- Պետք է անկեղծ խոստովանեմ, որ իրականում բավականին դժվար էր Փարիզում նորից դասավորվել: 17 տարի ապրել եմ Երևանում, հասկացեք: Բայց արդեն մտել եմ իմ նորմալ կյանքի մեջ, հանդիպում եմ ընկերներիս հետ, փնտրում եմ այն դերը, որով Փարիզում պետք է գործեմ, շարունակում եմ իմ հայկական կյանքը` մասնակցելով տարբեր բարեգործական միջոցառումների:
- Կարծիք կա, որ կինը պետք է լինի խոհանոցում ու չզբաղվի բիզնեսով: Հայկական լրագրերից մեկը վերջերս հրապարակման մեջ տեսակետ էր ներկայացրել, թե կին գործարարները վաղ թե ուշ տապալում են բիզնեսը…
- Քանի տարի է` կինն անդադար պայքարում է իր սահմանադրական իրավունքների համար: Այո՛, ցանկանում է վերականգնել իր խախտված իրավունքները, բայց մեկ է, չի հաջողվում: Եվրոպայում բավականին առաջ են գնացել այս առումով, բայց դեռևս ամեն ինչ արդար չէ: Հայաստանում կինը երկար ճանապարհ պետք է անցնի, որ կարողանա իր գիտելիքներով, արժանիքներով հավասարվել տղամարդուն, չնայած միշտ նկատել եմ, որ այդտեղ կինն ավելի շատ է աշխատում, քան տղամարդը:
Հայ կինը նախևառաջ պետք է իրեն հարգի, որ կարողանա առաջ գնալ: Շատ կարևոր է, որ այն սխալ սովորությունները, որոնք հասարակության մեջ կան, վերանան, որ առողջ հասարակություն լինի, և կինն իրեն մարդ զգա:
- Աշխեն, հիշում եմ՝ երբ գնում էիք Հայաստանից, ասացիք. «Ես հեռանում եմ, պարոն պետություն, ես չեմ ենթարկվում ձեր ճնշումներին»:
- Հայաստանի մեջ եթե իրենց օրենքներով չլինես, չես կարող գործել: Եթե իրենց պես կաշառակեր չլինես կամ կաշառակերությամբ չզբաղվես, չես կարող աշխատել: Գիտես, Հայաստանում շատ դժվար է այդ օրենքներով աշխատելը: Ես չգիտեմ ու չեմ կարող կաշառել մարդկանց, ոչ էլ ուզում եմ, մտքովս անգամ չի անցել:
- Երբ դեռ Հայաստանում էիք, շատ ակտիվ մասնակցում էիք ֆեյսբուքյան քննարկումներին: Մեկնաբանություններ էիք անում և հիմա էլ շարունակում եք անել՝ թիրախ ընտրելով քաղաքական զարգացումները…
- Ես կարծում եմ, որ Հայաստանն այսօր էլ ցավալի վիճակում է: Եվ դրա մեղավորը քաղաքական մարդիկ են: Այն օլիգարխներն են, որոնք երկրի հարստությունը մոնոպոլ են դարձրել և ուրիշ երկիր սարքել:
Եթե մարդ ինձ նման հայասեր է և պայքարում է հայության համար, նրան օգտագործում են ուրիշ նպատակներով: Ուղղակի զզվելի է, հոգնել եմ արդեն: Եթե հարցազրույց են ուզում, ու զրուցում եմ, հետո հայկական լրատվամիջոցները վատաբանում են ինձ: Կա՛մ երևի ես անչափ կարևոր մարդ եմ նրանց համար, կա՛մ էլ չգիտեմ…
- Դուք պայքարում էիք նաև այն ժամանակ, երբ Առնո Բաբաջանյանի հա՞րսն էիք:
- Երբ Առնո Բաբաջանյանի հարսն էի, պայքար չկար: Բայց պայքարողներ եղել են, ես էլ եղել եմ նրանց կողքին: Եվ դա բոլորը գիտեն: Չպետք է մտածել, որ ես հայ եմ դարձել այն ժամանակ, երբ եկել եմ Հայաստան: Ես եկա Հայաստան, որովհետև հայասեր էի, թե չէ Փարիզում շատ ավելի լավ էի ապրում: Երանի չգայի: Այդքան փող չէի կորցնի, իմ կյանքս կշարունակեի, ոչ էլ այդքան մարդու կհանդիպեի, որ ինձ «քցեին» ու դավաճանեին:
Tags: կին, հասարակություն