«Արարատը» զարմանալի դիրքում

armenia-soccer-league-Pyunik-vs-AraratՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում  ավարտվեց առաջին խաղաշրջանը` 7 տուր: Ինչքան էլ զարմանալի է, առաջատարն է Երևանի «Արարատը», որը վերջին տարիների առաջնություններում ակնհայտ հետնապահ էր:

Թիմը բոլորից քիչ` 4 գնդակ է բաց թողել և վաստակել է բոլորից շատ` 14 միավոր:

Ուշագրավ է, որ 2008-ից հետո առաջին անգամ է  «Արարատը» վերին հորիզոնականում դիրք գրավել: Իսկ  տարիներ առաջ թիմը չեմպիոն չդարձավ, թեև արժանի էր: Պատճատն այն էր, որ «Փյունիկը» հաղթեց «Ոսկե խաղում»: Դրանից հետո տարաձայնություններն ավելի խորացան վերջինիս փաստացի տեր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և «Արարատ» ակումբի ներկայացուցիչների միջև: «Արարատի» արտասահմանցի ղեկավարները` Վարդան Սրմաքեշը և Հրաչ Կապրելյանը, արդարություն պահանջելով, հեռանկար չտեսնելով, այլևս չցանկացան, որ մեծ ներդրումներ արվեն: Թիմը քանդվեց: Հեռացողները քիչ չէին: Իսկ «Արարատի» լավագույն խաղացողը` Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որն այժմ կրում է ռուսական «Կրասնոդարի» մարզազգեստը,  տեղափոխվեց «Փյունիկ»:

Ինչևէ, «Արարատն» այս մրցաշրջանում, գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ, զգալիորեն առաջադիմել է, և արդյունքն ակնառու է:

Ի դեպ, թերևս զուգադիպություն է, բայց այս օրերին նշվում է լեգենդար «Արարատի» ԽՍՀՄ գավաթակիր և չեմպիոն դառնալու 40-ամյակը, և «Արարատի» ներկայիս զբաղեցրած դիրքը լավ նվեր է Հայաստանում հավաքված փառաբանված թիմի խաղացողների համար:

«Արարատից» 2 միավորով հետ է մնում «Փյունիկը»: Ապա հաջորդում են Կապանի «Գանձասարը» և «Միկան»` 11-ական միավոր: Վերջինս առաջնության մասնակիցներից միակն է, որ դեռևս չի ճաշակել պարտության դառնությունը: 9 միավորով 5-րդ հորիզոնականում  է հաստատվել նախորդ առաջնության չեմպիոն Գյումրիի «Շիրակը»: Թե ինչն է խանգարում, դժվար է գուշակել: Նույնը կարելի է ասել նաև 8 միավորով հաջորդող «Բանանցի» մասին, որը միայն մեկ հաղթանակ է տարել: Իսկ ահա աղյուսակը 3-ական միավորով եզրափակող «Ալաշկերտը» և «Ուլիսը» հիասթափեցնում են: Այս թիմերը դեռևս հաղթանակ չունեն:

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի հոկտեմբերի 19-ին:

 

Tags: