«Անտրամաբանական վիճակ տկարամտության հետևանքով». հայտնի փաստաբանը` նոր օրինագծի մասին

Փաստաբաններ-պալատ«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է կառավարության կողմից իրականացվող բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական համակարգերի կիրառմամբ էլեկտրոնային գրանցամատյանների ներդրման միջոցով ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, պետական և այլ մարմինների ու կազմակերպությունների միջև տեղեկատվության արագ փոխանակման կապակցությամբ իրականացվող պետական քաղաքականությունից»-այսպես է հիմնավորում արդարադատության նախարարությունը մեծ աղմուկ բարձրացրած օրենսդրական իր նոր նախաձեռնությունը:

Ըստ նախարարության` անհրաժեշտություն է առաջացել ստեղծել փաստաբանների պետական գրանցամատյան, որի վարման և համակարգման աշխատանքներն իրականացնելու է ՀՀ արդարադատության նախարարությունը, իսկ գրանցամատյանում հաշվառման, հաշվառումից հանելու և հաշվառման տվյալներում փոփոխություն կատարելու աշխատանքներն իրականացնելու է ՀՀ փաստաբանների պալատը:

Գրանցամատյանում գրանցվելու համար փաստաբանները պարտավոր են վճարել ամսական հինգ հազար դրամ, որը նախարարությունը նախատեսում է ուղղել հանրային պաշտպանի գրասենյակի պահպանման, փաստաբանների պետական գրանցամատյանի տեխնիկական սպասարկման և շահագործման ծախսերի համար:

Ի՞նչն է այս կարգավորման նպատակն ու ակնկալվող արդյունքը: Փաստաբանների պետական գրանցամատյանի ներդրմամբ գործադիրը ցանկանում է նպաստել օրինականության ապահովմանը և յուրաքանչյուրի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրականացմանը, փաստաբանների հետ իրավահարաբերությունների մեջ գտնվող անձանց իրավունքների և շահերի պաշտպանվածությանը, փաստաբանների պետական գրանցամատյանում հաշվառված անձանց և պետական, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների միջև տեղեկատվության արագ փոխանակմանը՝ կառավարման տեղեկատվական համակարգերի կիրառման միջոցով:

Բայց պարզվում է, որ նախարարության այս «բարեկիրթ և օրինաստեղծ» նախաձեռնությունն ամենևին էլ փաստաբանների սրտով չէ. ավելին, մեծ փոթորիկ է բարձրացրել փաստաբանական հանրույթում` կառավարության դեմ ուղղելով սվինների մի նոր խմբաքանակ:

Նախաձեռնության դեմ առաջին կոշտ արձագանքը հնչեց հենց փաստաբանների կողմից` ի դեմս Փաստաբանների պալատի, որը կտրականապես դեմ արտահայտվեց օրինագծի ընդունմանը:

Փաստաբանները նախևառաջ  հարց բարձրացրեցին` ինչու՞ պետք է իրենք տարեկան 60 000 դրամ գումար վճարեն հանրային պաշտպանի գրասենյակի պահպանման, փաստաբանների պետական գրանցամատյանի տեխնիկական սպասարկման և շահագործման ծախսերի համար, եթե սահմանադրությամբ և օրենքով ամրագրված է, որ դա պետության պարտավորությունն է: Մինչդեռ այս պահին փաստաբանների հաշվառումն իրականացնում է Փաստաբանների պալատը` բոլորովին անվճար:

Սակայն փաստաբաններին հուզող գլխավոր հարցը ոչ այնքան գումարն է, որքան նախարարության գրանցամատյանում գրանցվելու իրողությունը, որը, ըստ նրանց, կախվածության մեջ կգցի իրենց պետական գերատեսչությունից` խոչընդոտելով իրենց անկախ ու անկաշկանդ գործունեությունը:

Ոլորտի առաջատար ընկերություններից մեկի` «Տեր-Տաճատյան» իրավաբանական Արմեն-Տեր-Տաճատյանգրասենյակի հիմնադիր-տնօրեն Արմեն Տեր-Տաճատյանը մեզ հետ զրույցում նույնպես մտահոգություն հայտնեց օրինագծի վերաբերյալ` սուր քննադատության ենթարկելով այն. «Պետության կողմից անվճար իրավաբանական ծառայություններ մատուցող փաստաբանների թիվն ավելացնելու անհրաժեշտություն կա, քանի որ երկրում աղքատությունն ավելացել է, և դրա հետ մեկտեղ` ավելացել է նաև այդ ծառայությունից օգտվողների թիվը: Եվ նախարարը չի էլ ժխտում, որ այո, այդ խնդիրը կա, և պետությունը պետք է լուծի այս ճանապարհով, այսինքն` փողը հավաքի մեզանից, տա անվճար ծառայություն իրականացնող իրավաբաններին, մինչդեռ նրանց վճարելը պետության սուրբ պարտականությունն է»:

Արմեն Տեր-Տաճատյանին ու իր գործընկերներին նաև պարզ չէ` այդ գումարը, որ իրենցից հավաքելու են, պետական տո՞ւրք է, թե՞ հարկ: Եթե հարկ է, ապա փաստաբաններն առանց այդ էլ հազար ու մի հարկ են տալիս` առանց որևիցե արտոնության: Իսկ եթե պետական տուրք է, ապա դրա դիմաց պետությունը պետք է որևէ ծառայություն մատուցի, այս դեպքում նման ծառայություն փաստաբանների համար ուղղակի գոյություն չունի:

Ինչ վերաբերում է գրանցամատյանին, ապա Արմեն Տեր-Տաճատյանը նկատում է. «Կառավարությունն իրավունք չունի փաստաբանությամբ զբաղվելու, որովհետև դա անկախ իրավապաշտպան գործունեություն է, շատ հաճախ նաև` կառավարության դեմ ուղղված, այսինքն` ներկայացնում է հաճախորդի շահերը, որը խնդիրներ ունի կառավարության հետ: Այնպես որ այդ գրանցամատյանը փաստաբանական գործունեության կորուստ է: Ցանկացած պահի անհնազանդ փաստաբանին գրանցամատյանից կհանեն ու կասեն` գնա, դատարանում բողոքի: Մի խոսքով, տկարամտության հետևանքով բացարձակապես անտրամաբանական իրավիճակ է առաջացել»:

Իսկ եթե հիմնավորումը ճիշտ է, որ ուզում են գումար հավաքել պետության հոգսը թեթևացնելու համար, ապա իրավաբանը հիշեցնում է, որ դրա համար կա Պետեկամուտների կոմիտե, որի գործառույթների մեջ է մտնում բյուջե մուտքեր ապահովելը. «Արդարադատության նախարարությունն ո˜ւր, բյուջե լցնելն` ո˜ւր, թող ամեն մեկն իր գործով զբաղվի»:

Փաստաբանը կարծում է, որ եթե նախարարությունն այսքանից հետո հետ չվերցնի նախագիծը, ապա կփաստի, որ կա՛մ ընդհանրապես ոչինչ չի հասկանում, կա՛մ գործում է իրավական համակարգի կառուցման դեմ:

Ինչ վերաբերում է փաստաբանների հետագա քայլերին, ապա Տեր-Տաճատյանը հավաստիացնում է, որ իրենք հաստատակամ են իրենց որոշման մեջ և անգամ օրենքի ընդունման դեպքում ուղղակի չեն գրանցվի գրանցամատյանում` վայր դնելով իրենց լիցենզիաները. «Թող այդ ժամանակ գնան, փաստաբան գտնեն երկրում»,- ասում է նա:

Հիշեցնենք, որ օրենքի նախաձեռնությանը հոկտեմբերի 10-ին կայացած նիստում դեմ է արտահայտվել նաև Հանրային խորհուրդը` գտնելով, որ այն բացասական ազդեցություն կունենա դատաիրավական ոլորտի վրա` խոչընդոտելով փաստաբանների անկախ ու անկաշկանդ գործունեությունը: Ինչ վերաբերում է գանձվող գումարին, ապա Հանրային խորհուրդը դա նույնպես անթույլատրելի էր համարել` նշելով, որ անվճար իրավաբանական օգնության համար օրենքով սահմանված կարգով պարտավոր է վճարել պետությունը: Հանրային խորհրդի անդամները հույս էին հայտնել, որ կառավարությունը կվերանայի այդ որոշումը և հետ կվերցնի նախագծերը, իսկ եթե ոչ, որոշվել է հարցը քննարկման դնել Հանրային խորհրդի լիագումար նիստում` պարզաբանումների համար հրավիրելով նաև արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին:

Փաստաբանների դիմում-բողոքին ի պատասխան` Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ. «Առաջին հերթին խնդրահարույց է այն, որ արդարադատության նախարարությունը միջամտում է փաստաբանների անկախ գործունեությանը՝ իր վրա վերցնելով փաստաբանների գրանցամատյանի վարման գործառույթը, ինչի համար նաև գանձում է հավելյալ տուրք: Բացի այդ, ընդունելի չէ այն հիմնավորումը, որ փաստաբաններից գանձվող տուրքը նախատեսվում է ուղղել Հանրային պաշտպանի գրասենյակի պահպանմանը, քանի որ այդ գրասենյակի պահպանումը հանդիսանում է պետության պոզիտիվ պարտականությունը»:

Ուստի պաշտպանն առաջարկել է նախարարին վերանայել օրենքների նախագծերը և պատշաճ կերպով շահագրգիռ անձանց հետ քննարկելուց հետո միայն դնել համապատասխան շրջանառության մեջ՝ հաշվի առնելով նաև իրենց կողմից նշված դիտողությունները:

 

 

 

Tags: , ,