«Օգնեք ինձ տեսնել որդուս….»

KuyrԱրման Հարությունյանը 32 տարեկան է և կյանքի ուղիղ կեսն անց է կացրել առանց արևի լույսի:

Ընդամենը 6 տարեկան էր, երբ մանկապարտեզի ուսուցչուհին ձեռքով հարվածեց ծոծրակին, որի հետևանքով կամաց-կամաց մի աչքը կուրացավ: Երկու անգամ վիրահատվեց, սակայն ապարդյուն: Իսկ երբ 16 տարեկան էր, երկրորդ աչքն էլ կուրացավ, ու նա լրիվ զրկվեց տեսողությունից:

Սակայն բարձրահասակ, հաղթանդամ, կյանքով ու էներգիայով լի երիտասարդը չհուսահատվեց ու չկորցրեց ինքնավստահությունը: Նա կարողացավ գերել անգամ սիրած աղջկա սիրտը:

«Ես օծանելիքների խանութում էի աշխատում,- պատմում է Մարգարիտան,- Արմանը հաճախակի էր գալիս այնտեղ: Զուտ գործնական հարաբերություններ էին: Մի օր էլ ինձ համար Ռաֆաելլո ուղարկեց, հետո` ռոմանտիկ երգերի դիսկ, մի օր էլ` մի մեծ ծաղկեփունջ, բայց չէր խոստովանում…»:

Անգամ այն օրը, երբ Արմանը եղբոր ու նրա կնոջ հետ Մարգարիտային սրճարան է հրավիրում և անակնկալ ձևով ծաղկեփունջ նվիրում, կրկին չի խոստովանում, որ սիրահարված է: Բայց ի վերջո համարձակվում է:

«Երբ խոստովանեց, ինձ համար շատ դժվար էր, ճիշտն ասած` բացարձակապես մտքովս չէր անցնի, որ ինձ նման բան կպատահի: Իսկ երբ ծնողներս իմացան, կտրականապես դեմ եղան: Ստիպում էին, որ հարաբերությունները չշարունակեմ, չխորացնեմ: Երբ հասկացան, որ ուզում եմ ամուսնանալ նրա հետ, ուղղակի չէին ուզում հավատալ, ասում էին` ո՞նց կարող է նման բան լինել, ի՞նչ կմտածեն հարևանները, բարեկամները, կմտածեն` ուրեմն դու էլ որևէ թերություն ունես…»:

Բայց Մարգարիտան նրան սիրում էր ոչ գեղեցիկ աչքերի համար: Նա Արմանի մեջ էր գտել մարդկային այն բոլոր արժանիքները, որոնց համար պատրաստ էր անգամ նրա հետ կապել իր ողջ կյանքը: Բայց այդ ամենը միայն ինքն էր զգում, որովհետև ճանաչում էր Արմանին, իսկ շրջապատի համար դա ուղղակի զարմանալի էր ու անհեթեթություն:

Մարգարիտան ծնողներին խնդրում է հնարավորություն տալ գոնե ծանոթացնելու սիրած տղայի հետ: Համոզված էր, որ եթե տեսնեն, մի քիչ կփափկեն: Հանդիպումը տեղի է ունենում, սակայն ծնողները մնում են անդրդվելի և ստիպում մոռանալ Արմանին: Անցնում է որոշ ժամանակ, և աղջկա ծնողները կամաց-կամաց համակերպվում են այն մտքի հետ, որ նրա որոշումը վերջնական է: Նրանք տեղի են տալիս: «Երևի թե Աստված նրանց սրտի հետ խոսեց, և ճանապարհը հարթվեց»,- ասում է Մարգարիտան:

Ի վերջո, մեկուկես տարի պայքարից հետո` 2011 թ. մարտի 26-ին` Արմանի ծննդյան օրը, նրանք ամուսնանում են ավանդական հայկական հարսանիքով: Մարգարիտան խոստովանում է, որ բարեկամներից շատերն այդպես էլ չեն իմանում, որ փեսացուն կույր է: «Ես էլ էնքան հուզված էի, ոնց որ հարսը ես լինեի»,- կատակում է Արմանը և հպարտորեն ավելացնում,- բայց հիմա ամենասիրված փեսան եմ»:

Ծնվում է նրանց որդին` Ռաֆայելը: Նրա ծնունդից հետո Արմանը հասկանում է, որ լիարժեք երջանկության համար իրեն մի բան է պակասում` տեսնել որդուն և ոչ միայն զգալով, այլև տեսնելով վայելել իր երջանկությունն ու իր սիրո պտուղը: Սկսում է հետաքրքրվել տեսողության վերականգնման հնարավորություններով: Դիմում է Գերմանիայի բժիշկներին, որոնք անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո հայտնում են, որ կարող են վերականգնել նրա տեսողությունը: Դա իսկական հրաշք էր, բայց ոչ հասանելի: Վիրահատությունն արժե 50-70 հազար եվրո, 10 հազար եվրո էլ` ճանապարհածախսն ու հիվանդանոցային ծախսերը: Ընդամենը 18.000 դրամով և մի փոքրիկ առևտրային բիզնեսով ապրող առաջին կարգի հաշմանդամն արդյոք կարո՞ղ է գնալ իր երազանքի հետևից: Բայց Արմանը հավատում է, որ եթե Աստված ցանկանա, ապա իր երազանքն անպայման իրականություն կդառնա:

Հարազատները դժվարությամբ են նրան համոզում, որ համապատասխան գումարը հայթայթելու համար դիմի նաև մարդկանց: «Դա ինձ համար շատ դժվար քայլ է եղել, ճիշտն ասած` դա արել եմ կնոջս և որդուս համար, թե չէ չէի անի: Ինձ համար ընդունելի չէ խնդրել, որ ինձ օգնեն, չեմ ուզում, որ ինձ խղճան, համ էլ մարդիկ պարտավոր չեն, բայց հիմա ես պատրաստ եմ նաև այդ քայլին գնալ, դիմել բոլորին և խնդրել` օգնեք ինձ տեսնել որդուս….»:

Հ.Գ.

Եթե կլինեն մարդիկ, որոնք կցանկանան օգնել Արմանին, կարող են գումար փոխանցել Ինեկոբանկի Երևանի մասնաճյուղի հետևյալ հաշվեհամարներին.

2051252553771020 USD

2051252553771001 AMD

2051252553771040 EUR

Կարող են նաև զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` /094/ 00 44 05

 

Tags: