Միջոցառումներ՝ ուղղված ՏՏ ոլորտին. Ում և ինչի համար են դրանք կազմակերպվում

expo 2Արդեն մի քանի տարի է, ինչ մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը պետության կողմից ճանաչվել է  որպես գերակայություն: Մայրաքաղաքում բազմապիսի միջոցառումներ են կազմակերպվում, որոնք նպատակ ունեն այս կամ այն կերպ խթանել ՏՏ ոլորտի ներդրումները: Այդ խոշորագույն միջոցառումներից մի քանիսը, մասնավորապես`  «ԴիջիԹեք» ու «ԱրմԹեք» միջազգային ցուցահանդեսները,  արդեն դարձել են ավանդական: Վերջերս  նույն հարկի ներքո այս երկու միջոցառումները տեղի ունեցան միաժամանակ:

«ԴիջիԹեք» բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսն անցկացվեց Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի  «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում:

Ցուցահանդեսին մասնակցում էր մոտ 120 կազմակերպություն: Այս տարի մասնակից պետությունների թվում էին նաև Սինգապուրը, Կանադան, ՌԴ-ն ու Ամերիկան: Մոտ 100 տաղավարների միջոցով ընկերությունները ներկայացրել էին իրենց սարքավորումներն ու համակարգերը, ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումները: «ԴիջիԹեքի» հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: «ԱրմԹեք» համաժողովը նպատակ ունի աջակցել մեր երկրի բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացմանը` միաժամանակ նպաստելով միջազգային գործարար կապերի ամրապնդմանը և ներդրումների աճին:

Այս միջոցառումները կազմակերպվում են ՀՀ կառավարության աջակցությամբ, երբեմն` որոշ  կազմակերպությունների հովանավորությամբ: Իհարկե, ողջունելի է, որ պետությունն աջակցում է նման խոշոր միջոցառումների կայացմանը, սակայն հարկ է նկատել, որ դրանց ուղղությամբ բավական մեծ գումարներ են ծախսվում:   Հարց է առաջանում, թե իրականում այդ միջոցառումների արդյունքում արձանագրված հաջողությունները ինչքանով են իրատեսական, կամ արդյոք դրանց կայացմամբ է պայմանավորված որոշ ընկերությունների մուտքը Հայաստան:

Արդեն 9 տարի է, ինչ մեր երկրում կազմակերպվում է այս միջոցառումը՝ շեշտը դնելով նաև աշխատաշուկայի վրա: Այս տարի միջոցառման շրջանակներում կայացած կարիերայի տոնավաճառին մասնակցում էին մի քանի տեղական ու արտասահմանյան ընկերություններ, որոնք ներկայացնում էին իրենց թափուր հաստիքները մի քանի մասնագիտությունների ուղղությամբ, մասնավորապես` ինժեներ կոնստրուկտորների, ճարտարագետների, ծրագրավորողների և այլն:

Այցելուների թիվը տոնավաճառ բավական մեծ էր: Աշխատանք  փնտրելու էին եկել ոչ միայն շրջանավարտներ, այլև գործազուրկ անձինք, որոնք այս կամ այն տաղավարը շրջանցելով՝ աշխատանքի տեղավորման նոր հնարավորություններ էին փնտրում: Գործատուները հավաքում և մեկտեղում էին բոլոր այցելուների անձնական տվյալները՝ ասելով, որ իրենք դեռ պետք է  դրանցից ընտրություն կատարեն: Գործատուներից մի քանիսի տեղեկացմամբ` իրենք առաջնահերթությունը տալու են այն կադրերին, որոնք լավագույն տվյալներն ու փորձն ունեն պահանջված հաստիքում: Իսկ այցելուներից շատերը դժգոհությամբ ասում էին, որ արդեն երկրորդ տարին են աշխատանքի տոնավաճառին մասնակցում, բայց դեռ համապատասխան ոչինչ չեն գտել, կամ ավելի ճիշտ՝ չեն դիտարկվել որպես մրցունակ կադր:

Դժվար է հատուկ վիճակագրություն կազմելը, թե ինչքանով են գործատու-այցելու հարաբերությունները այս միջոցառման արդյունքում կայանում, կամ ինչքանով է նման նախաձեռնությունների արդյունքում շահում սովորական քաղաքացին:

 Լ.Ն

 

Tags: