Հոկտեմբերի 27-ին Վրաստանը նախագահ կընտրի

վրաստանՎրաստանում հոկտեմբերի 27-ին կանցկացվեն նախագահական ընտրություններ: Այս ընտրություններում երկրի գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այլևս առաջադրվելու իրավունք չունի: Գրանցված են նախագահի երկու տասնյակից ավելի թեկնածուներ: Պայքարը, սակայն, կընթանա հիմնականում երեք թեկնածուների միջև` «Վրացական երազանքը» ներկայացնող Գեորգի Մարգվելաշվիլու, Ազգային միացյալ շարժման ներկայացուցիչ Դավիթ Բաքրաձեի և Նինո Բուրջանաձեի միջև: 

Վրաստանի մի քանի տասնյակ թեկնածուները

Արդեն քարոզարշավի վերջին օրերն են, և կարելի է ասել, որ այն ընդհանուր առմամբ անցնում է ոչ այնքան լարված: Չնայած փոխադարձ բավականին սուր քննադատություններին՝ կողմերը միմյանց հանդեպ չեն ստեղծում կոնֆլիկտային իրավիճակներ:

Այս հանգամանքը, ինչպես նշում է Վրաստանի հարցերով փորձագետ Վահե Սարգսյանը, հնարավոր է` կապ ունի այն հանգամանքի հետ, որ երկրի փոփոխված սահմանադրության համաձայն, որն ուժի մեջ կմտնի այս ընտրություններից անմիջապես հետո, Վրաստանի նախագահի լիազորություններն էականորեն կրճատվում են, և նախագահը չի ունենալու այլևս այն մեծ ազդեցությունը կառավարության, խորհրդարանի և հատկապես ուժային կառույցների վրա, որ ուներ նախկինում:

«Իր հայտարարությունների համաձայն, վարչապետի աթոռը շուտով թողնել պատրաստվող Բիձինա Իվանիշվիլու համար այս ընտրություններում կարևորն իր հիմնական հակառակորդ Միխայիլ Սահակաշվիլու թիմի ամբողջական հեռացումն է իշխանական աթոռներից, որով և վերջնականապես ապահովված կլինի նրա հաղթանակն այն անձնավորության նկատմամբ, որն իրեն ժամանակին այդքան նյութա-բարոյական վնասներ էր հասցրել` քաղաքացիությունից զրկում, բռնաճնշումներ և այլն: Հակառակը՝ Սահակաշվիլի-Բաքրաձե կողմի համար կարևորը ոչ թե հաղթանակն է, որին այլևս դժվար է հավատալ, այլ առավել լայն էլեկտորատի ու դրանով հանդերձ՝ քաղաքական ավելի ամուր հարթակի ձևավորումը, որով վերջիններս հնարավորություն կստանան չնետվելու քաղաքական աղբանոց, ավելին՝ սպասվելիք հնարավոր պատիժները Սահակաշվիլին ձգտում է առավելագույնս մեղմացնել կամ չեզոքացնել ժողովրդական ալիքի ստեղծման միջոցով: Իսկ որ կարող են իրագործվել Սահակաշվիլու համար խիստ անցանկալի սցենարներ, գրեթե չի բացառվում, քանի որ արդեն վերջինիս կողքից «մաքրված են» նրա գրեթե բոլոր զինակիցները»,- ասում է Վահե Սարգսյանը:

Վահե ՍարգսյանԱյս ընտրությունների կապակցությամբ Հայաստանի համար կարևոր է նաև ռուսամետ թեկնածուի հնարավորությունը` կապված Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների հետագա ընթացքի ու Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցությունների հետ: Այդ առումով այս ընտրություններում թե՛ Իվանիշվիլուն, թե՛ Սահակաշվիլուն ձեռնտու է ռուսամետ Բուրջանաձեի չեզոքացումը կամ պարտությունը, որի երկրորդ տեղում հայտնվելը տարբեր առումներով բնավ չի բխում թե՛ Սահակաշվիլու, թե՛ Իվանիշվիլու շահերից: Բուրջանաձեի առնչությամբ նշենք նաև հատկապես հայերիս համար մի հետաքրքրական փաստ. վերջինիս ակտիվ թիմակիցն ու նախընտրական գլխավոր շտաբի պետը հանդիսանում է Գիգլա Բարամիձեն՝ մարդ, որը 1994-2002 թթ. նորաստեղծ Սամցխե-Ջավախք նահանգի առաջին նահանգապետն էր: Նշենք նաև, որ նա իր այս պաշտոնավարման հետ միաժամանակ մինչ 1998 թ. հանդիսացել է ՀՀ-ում Վրաստանի առաջին դեսպանը: Հայտնի հայագետ և իր գործունեությամբ հայատյաց այս անձնավորությանն անվանել են պաշտոնական Թբիլիսիի քաղաքականության գլխավոր և երկարամյա  ճարտարապետը Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում:

Հոկտեմբերի 27-ը երկրում շրջադարձային կարող է լինել՝ կապված ՌԴ-ի հետ հարաբերությունների փոփոխման կամ ավելի ճիշտ կլինի ասել` բարելավման հետ: Գաղտնիք չէ, որ ՌԴ բարձրագույն ղեկավարությունը, մի շարք հանգամանքներով հանդերձ, նաև անձնական հակակրանքից ելնելով էր, որ այսքան ժամանակ խիստ խզել էր հարաբերությունները Վրաստանի հետ: Դրանք մեկ տարի առաջ մասնակի թուլացան իշխանափոխությամբ, սակայն վերջնահանգրվանը  2013 թ. հեկտեմբերի 27-ն է: Պետք է նշել, որ ամեն դեպքում  երկրում առկա թուրք-ադրբեջանական բազմակողմանի և մեծ ազդեցությունը, որն առկա է և օրավուր մեծանում է հատկապես երկրի հարավում, մեծապես դժվարացնելու է Հայաստանի` տարածաշրջանային այս փոփոխություններից օգտվելը:

Վրաստանի նախագահական ընտրությունները կարևոր են հայերի համար

Այս ընտրությունները հայերիս համար կարևորվում են հատկապես Վրաստանի հոծ հայ համայնքի առկայությամբ և հայկական Ջավախքի` Վրաստանի կազմում գտնվելու հանգամանքով:

Ազգային փոքրամասնությունների մասով, ինչպես նշում էր Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը, երկրում ընդհանուր զարգացման ուղի կա, որն ընդունել և փորձում են իրականացնել նոր իշխանությունները, իսկ նախկին իշխանություններն ու Նինո Բուրջանաձեն տարբեր խոստումներ են տալիս: Փորձագետը նշեց, որ այս պահին հնարավորություն կա, որ ընտրություններն անցնեն երկու փուլով, քանի որ նոր իշխանությունների հեղինակությունն ամիս առ ամիս անկում է ապրում:

Ջոնի ՄելիքյանԸստ Մելիքյանի` իշխանությունների հեղինակությունն ընկնում է, քանի որ Վրաստանում նոր իշխանությունների հետ բավականին մեծ հույսեր էին կապում` մարդկանց սպասելիքները շատ ավելին էին: Նույնիսկ որոշ մարդկանց թվում էր, թե մեծահարուստ Իվանիշվիլին, որ միլիարդատեր է, պետք է գար ու իր գումարներից մաս հատկացներ երկրին, բնակչությանը: Բացի այդ, Վրաստանն այն եզակի երկրներից է, որտեղ բարձրագույն իշխանությունը բաժանված է, բազմաթիվ պաշտոններում դեռ շարունակում են պաշտոնավարել Սահակաշվիլու թիմակիցները, և նոր իշխանությունները չեն կարողանում իրենց ծրագրերն ամբողջությամբ իրականացնել, ուստի նրանցից սպասելիքները չեն արդարանում:

Ազգային փոքրամասնությունների և բնիկ ժողովուրդների վրա այս ընտրությունների սպասվելիք ազդեցության առնչությամբ նշենք, որ դա որոշ չափով կախված կլինի այն հանգամանքից, թե ուժերի ինչպիսի համամասնությամբ կդասավորվի քաղաքական դաշտը:

«Ամեն դեպքում մի բան հստակ է. սահակաշվիլիական նախկին վարչախումբը, որն իր ներկայացուցիչ Բաքրաձեի միջոցով այսօր փորձում է իր ազդեցությունը պահպանել երկրում, միանշանակ ձեռնտու չէ երկրի հայությանը: Սա փաստ է, իսկ ապացույցը նախորդ տարիներին դրսևորված հայատյաց վարքագիծն է, որը չի կարող ունենալ որևէ արդարացում: Ջավախահայությունը մի պահ ազատ շունչ քաշեց, երբ հաղթանակեց Իվանիշվիլին: Կապված «Վրացական երազանք»  դաշինքի հետ՝ կարելի է փաստել, որ բացի բռնությունների դադարեցումից և անօրինական հալածյալների ու դատապարտվածների նկատմամբ արդարության վերականգնումից, հայաբնակ Ջավախքում ազգային, կրոնական, քաղաքական, կրթական հողի վրա դեռևս չեն եղել էական տեղաշարժեր, գոնե այնպիսիք, ինչպիսիք խոստանում էր Իվանիշվիլին նախընտրական շրջանում կամ ՀՀ կատարած այցի ժամանակ»,- նշեց Վահե Սարգսյանը:

Հոկտեմբերի 27-ից հետո, ինչպես նշում է փորձագետը, Վրաստանի հայության շրջանում, Ջավախքում դեռ կպահպանվեն հուզող խնդիրները՝ ունենալով խորացման միտումներ, և տարբերությունը հավանաբար կլինի միայն այն, որ հայությունը կունենա այդ խնդիրները բարձրացնելու ազատություն, ինչը գրեթե բացակայում էր սահակաշվիլիական ռեժիմի ժամանակ: Հայության խնդիրների վրա մեծապես կազդի նաև Վրաստանում և հատկապես Ջավախքում մեծացող թուրք-ադրբեջանական գործոնը:

 

Tags: ,