Սպանեց սիրելիին՝ կուսությունը պահպանելու համար

բանտԲացառիկ հարցազրույց երիտասարդ տարիները բանտում անցկացրած աղջկա հետ

 Մարդը ծնվում է ազատ, բայց ծնված պահից ի վեր սկսում է պայքարել հանուն ազատության… Մեր հերոս Մարիաննա Սարգսյանը (անուն-ազգանունը փոխված է իր խնդրանքով,- հեղ.) պայքարել է իր ազատության համար ու թանկ վճարել: Դժվար է դեմ գնալ ցանկությանը, երբ սիրահարված ես, բայց կյանքը, հասարակության մեջ կարծրացած մտածողությունը երբեմն մարդուն դրդում է, այսպես ասած, «ակամա» հանցագործության:

Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում Մարիաննան սպանել է սիրած էակին: Դեպքից րոպեներ առաջ զույգը դեռ երազում էր իդեալական ընտանիք ու պետությանը արժանի զավակներ տալու մասին:

25-ամյա նուրբ աղջկան կոփել է բանտում անցկացրած ժամանակը: Նա անազատության մեջ է անցկացրել դատարանի նշանակած գրեթե ամբողջ ժամկետը:

«Անկախ» շաբաթաթերթի զրույցը Մարիաննա Սարգսյանի հետ բավական երկար ստացվեց. նա  խոսեց իր անցյալից, անդրադարձավ իր մեղավորությանն ու մեղադրանքի պատճառներին, անազատության տարիներին և իր ներկա վիճակին:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ ԷՐ

Մարիաննան, դպրոցի կարմիր ատեստատը ձեռքին, որոշում է մասնագիտանալ լեզուների գծով: Գործերը տալիս է երևանյան համալսարաններից մեկի անգլերեն-ֆրանսերեն բաժինը:

- Մայրս և հայրս երազում էին, որ ես լավ կրթություն ստանամ: Մաթեմատիկայի մեծ սեր ունեի, բայց քանի որ հասկացա՝ աշխատանք չեմ ունենալու, մտածեցի գնալ լեզուների գծով,- ասում է Մարիաննան:

Աղջկա ծնողների  եկամուտը բավարար չէր. ստիպված էր ինքնուրույն պատրաստվել ընդունելության քննություններին:

- Իմ որոշումը վճռական էր, ու հիշում եմ՝ օր ու գիշեր պարապում էի համալսարան ընդունվելու համար:

Նա լավ է հիշում հենց ուսանողական  առաջին սեպտեմբերի 1-ը: Օրը ոչ միայն հիշարժան էր ուսանողական կյանք մտնելու առումով, այլև` առաջին հայացքից սիրահարվելու…

- Երբ ինձ ասում էին` գոյություն ունի սեր առաջին հայացքից, չէի հավատում: Դե, պարզ է, որ լեզուների գծով գնացող աղջիկներից շատերն իրենց արտաքին տվյալներով ավելի համոզիչ են, չէ՞, լինում, ու տղաները հենց այդ պատճառով են խմբվում համալսարանի առաջ՝ տեսնելու` ֆակուլտետը լի՞քն է գեղեցիկ աղջիկներով: Հենց առաջին օրն ինձ մոտեցավ մի տղա ու սկսեց խոսացնել: Ես որևէ բան չէի խոսում, որովհետև էդ երևույթը ինձ համար շատ խորթ էր, անսովոր:

Տղան սկսում է «հետապնդել» աղջկան, հետևում է՝ տեսնելու ուր է գնում, ում հետ է հանդիպում: Այսինքն՝ անում է այն ամենը, ինչ հատուկ է առաջին հայացքից հրապուրված յուրաքանչյուր հայ երիտասարդին:

- Հիշում եմ՝ շատ երկար վարդեր բերեցին համալսարան իմ անունով, զարմացա: Բացիկում նշված էր. «Ես քեզ սիրում եմ. Արմեն» (տղայի անունը նույնպես փոխված է- հեղ.): Միանգամից հասկացա, որ դա այն տղան էր, որն ինձ հետևում էր, խոսացնում, գալիս-գնում: Նա արդեն հասցրել էր մտերմանալ մեր ֆակուլտետի տղաների հետ ու համակուրսեցիների հավաքույթներից մեկի ժամանակ նկատեցի, որ նա ևս ներկա է: Եկել էր համեստ հանդերձանքով ու շատ լուրջ դեմքով: Ես էլ, բնավորությանս համաձայն, սիրում եմ կատակներ անել, ծիծաղել, անեկդոտներ պատմել: Այդ օրը, կարելի է ասել, իմ ու Արմենի առաջին պաշտոնական հանդիպումն էր:

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳՐՎԱԾ ԷՐ

Մարիաննան, խորհրդակցելով ընկերների հետ, հասկանալով ու գիտակցելով, որ ինքը ևս զգացմունք ունի այդ տղայի նկատմամբ, թույլ է տալիս Արմենին անել առաջին քայլերը: Անակնկալներ՝ մեկը մյուսի հետևից:

Մեկ շաբաթ անց նրանք դառնում են ընկեր-ընկերուհի:

- Արմենն ամեն օր պարտաճանաչ գալիս էր ինձ ուղեկցելու՝ տնից համալսարան և համալսարանից տուն: Մենք այդ ընթացքում հասցնում էինք զրուցել, ճանաչել մեկս մյուսին: Բայց մեզ արդեն չէր բավարարում էն ժամանակը, որ անցկացնում էինք միասին, ու հանդիպումները սկսեցին հաճախակիանալ:

Մարիաննան ու Արմենը իրար հետ ընկերություն են անում մոտ մեկուկես տարի ու ծրագրում են միասին կառուցել իրենց ապագան:

Բայց, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ է գալիս:

- Դեպքից մի քանի շաբաթ առաջ, Արմենն ինձ հարցնում էր իմ դիրքորոշումը մինչամուսնական կապերի մասին: Երբ իմացավ իմ բացասական վերաբերմունքը, զգացի, որ իմ հանդեպ բացասաբար է տրամադրվել: Մի տեսակ ինքն իր նման չէր: Գնացել էինք ամառանոց: Այդ օրը Արմենը շատ վճռական էր, իր համար սովորական դարձած համբույրներին ուշադրություն անգամ չէր դարձնում, մտքին այլ բան կար: Հետո ականջիս շշնջաց. «Քանի որ մենք միասին ենք, կարող ենք մեզ այլ բաներ էլ թույլ տալ»: Ասածը դուրս չեկավ, ու հակադարձեցի` այսի՞նքն: Ասաց՝ դե կարող է այսօր մեր առաջին ամուսնական գիշերը լինել, ասացի՝ չէ, չի կարող, երբ կամուսնանանք` կլինի: Ու մի քանի րոպե վիճեցինք: Նա ինձ ամուր գրկեց ու խնդրեց. «Այսօր, գոնե մի անգամ»: Բայց իմ պատասխանը վերջնական էր:

Նա չէր էլ կարող պատկերացնել, որ սովորական սիրային խոսակցությունը՝ զուգորդված վեճ ու կռվով, կարող է ողբերգական ավարտ ունենալ:

- Նա ուզում էր բռնաբարել ինձ, կուսազրկեր (Մարիաննան չզսպեց արցունքներն ու լաց եղավ), իսկ ես չէի կարող նման բան թույլ տալ, սեղանին դանակ կար, ասացի՝ չգաս մոտիկ, կսպանեմ, ասաց՝ սպանիր ու մոտ եկավ, ես էլ չհասկացա` ինչպես ստացվեց, դանակով մի քանի հարված հասցրի: Մտածեցի՝ դե մարմնական վնասվածք կլինի, մենք կբաժանվենք, բայց երբեք չէի էլ կարող մտածել, որ դա կլինի մեր վերջին հանդիպումը:

 ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ  

Մարիաննային քրեականի աշխատակիցները ոստիկանին հատուկ առաջին հայացքից ասել են, որ դաժանաբար սպանություն է տեղի ունեցել:

- Դա ծանր ողբերգություն էր: Անգամ նրա թաղմանը չկարողացա մասնակցել, իմ կյանքը վտանգված էր, քանի որ նրա քույրն ու եղբայրը, անկախ ամեն ինչից, սպառնացին վրեժ լուծել: Գործով քննիչը, ծանոթանալով ոստիկանի արձանագրությանը, զարմացել էր: Ասաց՝ քեզ սպառնում ա 15 տարի կամ գուցե ցմահ:

Դատարանը որոշում է խափանման միջոց կիրառել կալանավորումը՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանության համար:

- Ասես խելագար լինեի: Ոչինչ չէի հասկանում: Դատապարտված անձի կամ էլ կալանքի մասին միայն ֆիլմեր էի դիտել, որոշ բաների ծանոթացել թերթերից: Դա ինձ համար շատ խորթ միջավայր էր: Ես նստած էի իմ իրավունքների համար: Ես այդպես եմ դա ընկալում: Հիմա ցավ եմ ապրում, որ նա, ում հետ կապել էի ամբողջ կյանքիս գիծը, նա, ով պետք է իմ կյանքի ընկերը լիներ ու զավակներիս հայրը, չկա, չկա ֆիզիկապես, բայց նրա ձայնը, նրա կերպարը անընդհատ ասես հետևում է ինձ: Սկզբնական շրջանում մտածում էի, որ կյանքս կործանվեց ու ես կխելագարվեմ:

Կալանավայրում տեսակցություն թույլատրվում էր, բայց Մարիաննայի սրտով չէր. ինչպե՞ս էր նայելու հարազատ մոր ու հոր աչքերին, ինչպե՞ս էր նայելու Արմենի ծնողների աչքերին:

- Միայն սա կասեմ. շատ բան իրականում չեմ ուզում հիշել ու պատմել, քանի որ վերհիշելով դեպքերը` ծանր ապրումներ եմ ունենում: Մի անգամ ինձ այցի եկավ Արմենի հայրը: Եկավ ու խոսեց, ասես սեփական հայրս լիներ: Ես միայն լսում էի նրան, ոչինչ չէի կարող ասել, նա էլ չգնահատեց արարքս: Միայն հիշում եմ` ասաց. «Աղջիկս, գուցե դու ճիշտ ես վարվել, բայց կարող էիր ոստիկանություն դիմել, ի վերջո, նախքան դեպքն էլի էիք, չէ՞, քննարկել այս թեման, գայիր ինձ ասեիր, ու չէր լինի էս ողբերգությունը: Հասկացիր, այս ողբերգությունը երկկողմանի ա: Մի կողմում մենք ենք, մյուսում` դու: Ուզես թե չուզես` խիղճն ու տառապանքը քեզ ուղեկցելու է ամբողջ կյանքիդ ընթացքում»:

ՄԱՐԻԱՆՆԱՆ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ   

Արածն ու չարածը Մարիաննան այսօր չի վերլուծում, ուզում է մոռանալ ամեն ինչ, ու նորից սկսել: Չի հաջողվում, քանի որ սիրում էր, ու կատարվածն էլ որակում է ավելի շատ ինքնապաշտպանություն, քան այն, որ ուրիշի կյանքին դիտավորությամբ մահ է պատճառել:

- Հիմա ես ապրում եմ հոգևոր կյանքով, հիմնականում կարդում եմ հոգևոր գրականություն, ու գրեթե նույն մեկուսացված հոգեվիճակում են անցնում օրերս: Հավատացեք, մարդկանց հետ չեմ ցանկանում շփվել: Ընկերուհիներիցս մեկն ասաց` ինչ եղել, եղել է, պետք է առաջ նայես: Չեմ կարողանում, իսկապես չեմ կարողանում: Գուցե ապագայում վերանայեմ կյանքիս արժեքները ու փոխեմ կյանքի նկատմամբ գնահատականները, բայց այսօր, այս պահին դա անել չեմ կարող: Ընդհանրապես ես դարձել եմ տխուր մարդ, Չապլինը չեմ, բայց տխուր եմ: Երևի նրանից է, որ կյանքում ինձ ամեն ինչ շա՜տ դժվար է տրվել, կյանքն ինձ շատ բան է սովորեցրել:

Մարիաննան հիմա մտածում է նաև երկրից որոշ ժամանակով բացակայելու մասին` պատճառաբանելով, որ Երևանում իր տեղը չի կարողանում գտնել:

 

 

Tags: , ,