«Յուրաքանչյուր կնոջ մեջ կա առաջնորդ լինելու նախադրյալ». Ջեմմա Հասրաթյան

 

Jemma-Hasratyan-2«Ինձ բախտ է վիճակվել ապրելու երկու հազարամյակների խաչմերուկում,- ասում է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ, հասարակական ակտիվ գործիչ Ջեմմա Հասրաթյանը,- անցումը նոր հասարակարգին շատ բարդ իրավիճակ ստեղծեց կանանց համար: Մի մասը, հատկապես` միջնակարգ կրթությամբ, հարմարվեց նոր իրավիճակին, սկսեց զբաղվել առևտրով և այլն: Իսկ բարձրագույն կրթությամբ շատ կանայք իրենց տեսնում էին միայն պետական համակարգում, դպրոցում և իրենց տեղը չգտնելով նոր համակարգում` հաճախ ընկճվում էին, մեկուսանում»:

Եվ քանի որ նախորդ տարիների փորձը նրան սովորեցրել էր, որ եթե ինչ-որ բանով կարող ես օգտակար լինել, ապա պիտի անես, սկսում է գործել:

1995 թվականն էր: Ջեմմա Հասրաթյանն այդ ժամանակ Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրենն էր, և նրան` որպես փորձառու կին գործչի, հրավիրում են մասնակցելու Անդրկովկասի կանանց երկխոսության խմբի աշխատանքներին: Այդ ժամանակ Պեկինի խորհրդաժողովի շրջանակներում տեղի էր ունենալու նաև ՀԿ-ների համաժողով, և Անդրկովկասի կանանց երկխոսության հայաստանյան խումբը որոշում է Պեկին գործուղել հենց նրան:

5«Խորհրդային տարիներին կանայք երբեք դժվարություն չեն ունեցել, որովհետև նրանց միշտ առաջ են քաշել, իսկ նոր ժամանակահատվածում կանայք պետք է պայքարեին իրենց տեղն ու դերը հաստատելու համար, և մասնակցելով համաժողովին` ես հասկացա, թե ինչ մեծ ռեսուրս է իրենից ներկայացնում բնակչության կանանց խումբը, համոզվեցի, որ հիմա էլ կանայք կարող են լուրջ դերակատարում ունենալ երկրի կայացման գործում»:

Վերադառնալուց հետո Ջեմմա Հասրաթյանն իր շուրջն է համախմբում աշխատավայրի պայծառ դեմքերին, և 23 հոգով համախմբվելով` 1995 թ. դեկտեմբերին հիմնում են Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան, որի նպատակը բարձրագույն կրթությամբ կանանց օգնելն էր ու նրանց ռեսուրսը երկրի կայացման գործին ծառայեցնելը:

Շատ արագ նրանց միանալու ցանկություն են հայտնում մարզերի կանայք, ստեղծվում են մասնաճյուղեր նաև մարզերում, որոնց թիվն այսօր հասել է 35-ի:

gender_discrimination«Մենք օգնում ենք կանանց ձեռք բերելու հմտություններ և առաջընթաց ունենալու: Գյուղական վայրերում կանանց մեծ ռեսուրս կա, որը պետք է ճիշտ օգտագործել: Դա նույնպես մեր գլխավոր խնդիրներից է»:

Խնդիրներն ու անելիքները դեռ շատ են, որոնք ծագել են նաև ժողովրդավարությունը սխալ հիմքերի վրա դնելուց: «Մենք ժողովրդավարությունը սկսեցինք վերևից ներքև: Դա սխալ է, Ժողովրդավարությունը պետք է սկսվի ներքևից` բարձրանալով վերև»,- ասում է նա:

Կանանց իրավահավասարության հարցերում էլ դեռ շատ անելիքներ կան, պետական համակարգում կանանց ներգրավվածության տեսանկյունից անգամ հարևան պետություններից` Վրաստանից ու Ադրբեջանից ենք հետ մնում, ինչը, կին գործչի կարծիքով` երկրի ղեկավարության քաղաքականության հետևանք է:

«Նախ և առաջ մարդուն պետք է սովորեցնել լինել քաղաքացի, պահանջկոտ քաղաքացի, ակտիվ քաղաքացի: Մասնակցային ժողովրդավարությունն ամենակարևորն է, որը մեզ մոտ դեռևս կայացած չէ: Պետք է հասնենք նրան, որ յուրաքանչյուր կին, թեկուզև տանը նստած, ապուր եփելիս տեսնի, որ դրսում ինչ-որ բան են քանդում, անտարբեր չմնա, համարձակորեն բարձրացնի հարցը, պայքարի, մասնակցի»:

Ակտիվ կին լինելը կարևոր է ոչ միայն կնոջ, այլև ողջ հասարակության համար, իսկ Ջեմմա Հասրաթյանը դեռևս դպրոցական տարիներին է եղել ակտիվ: Հիշում է` 9-րդ դասարանում արդեն ջոկատի ղեկավար էր, որը նրան կազմակերպչական հմտություններ էր տալիս: Հետո նրան ավագ ջոկատավարի աշխատանք առաջարկեցին: Համալսարանի պատմության ֆակուլտետի վերջին կուրսերում դպրոցում դասավանդում էր:

Jemma Hasratyan d shkoleԱմենևին պատահական չէր, որ 24 տարեկանում Ջեմմա Հասրաթյանին ընտրեցին Կոմերիտմիության կենտկոմի քարտուղար: Հենց նրա երիտասարդական ավյունի շնորհիվ էր, որ այդ տարիներին կազմակերպվեցին համապետական մի շարք լուրջ միջոցառումներ, ներդրվեց և հետագայում խորհրդային մյուս հանրապետություններում տարածվեց ամառային բակային ճամբարների մոդելը: Նա եղել է նաև Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների կոմիտեի նախագահը, զբաղվել միջազգային կապերով և հենց այդ ժամանակ է սփյուռքահայ երեխաների առաջին խումբն այցելել հայրենիք: Աշխատել է նաև կոմկուսի Կենտկոմի կուսակցական կազմակերպչական աշխատանքների բաժնում, որը, ինչպես ինքն է ասում, կենտկոմի սիրտն էր: Դա մեծ դպրոց էր նրա համար, որովհետև աշխատում էր գրեթե միայն տղամարդկանց հետ: Ջեմմա Հասրաթյանը զբաղեցրել է նաև  Օրջոնիկիձեի կուսակցության շրջկոմի (Երևանի էրեբունու համայնք) առաջին քարտուղարի պաշտոնը:

Խոստովանում է, որ այդ շրջանում կին նշանակելը մի քիչ անհավանական էր թվում, քանի որ դա ամենաբարդ շրջանն էր. երբեմն կատակով ասում էին «յոթ հրաշալիքների շրջան», որտեղ կա երկու գերեզմանոց, աղբավայր, երկաթգիծ, երկու դատախազություն և այլն: Սակայն դա չէր ամենակարևորը. Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի մեկ երրորդն այդ շրջանում էր, և դա ստեղծել էր նաև որոշակի կրիմինալ բազա:

6

1965 թ. ՀԽՍՀ կոմերիտմիության կենտկոմի քարտուղար Ջեմմա Հասրաթյանը դիմավորում է անվանի տիեզերագնացներին. ձախից աջ` Յ. Զարուբյան, Վ. Տերեշկովա, Ն. Անդրիանով, Ջ. Հասրաթյան

Դժվար էր, բայց նրան հաջողվում է արդյունավետ աշխատանքի եզրեր գտնել բոլորի հետ, այդ թվում նաև երկաթգծի պետի` Համբարձում Ղանդիլյանի, որն իր ոլորտում անփոխարինելի էր, սակայն հայտնի էր իր չափազանց կոպիտ վարքով:

«Երկու սեռերը տարբեր մոտեցումներ ու պատկերացումներ ունեն այս կամ այն  ոլորտի նկատմամբ, և այդ երկու սեռերի կարծիքների բախումից էլ ճիշտ ու գրագետ որոշում է կայացվում»,- ասում է նա:

Խորհրդային համակարգի փլուզումից հետո սխալներ շատ եղան, և դրանցից մեկն էլ այն էր, որ հին սերնդի փորձառու պաշտոնյաներին դուրս թողեցին երկրի կերտման բարդ գործընթացից, մինչդեռ նա կարծում է, որ անցումային յուրաքանչյուր ժամանակահատվածում հին ու նոր կադրերը պետք է համագործակցեն, իսկ անփորձ կադրերի մուտքը կառավարման համակարգ կարող է մեծ ցնցումներ առաջացնել:

Ինչևէ, նա ընտրեց հասարակական գործունեության ոլորտը և հավատում էր, որ իր և գործընկերների փորձն ու գիտելիքները կարող են ծառայել Անկախ Հայաստանի կայացմանն ու զարգացմանը: Բարդ էր, քանի որ նոր հասարակարգը ենթադրում էր նոր սկզբունքներ. մասնակցային ժողովրդավարությունը դառնում էր այն անկյունաքարը, որի շուրջ պետք է կառուցվեր աշխատանքը: Բարդ էր, բայց գործընթացը կայանում է, և Ջեմմա Հասրաթյանը 1995-ից ի վեր կատարած այդ հասարակական գործունեությունը արդյունավետ է համարում:

3 (1)

Ջեմմա Հասրաթյանը, Մարտիրոս Սարյանն ու Հենրիկ Սիրավյանն այցելում են Մարտիրոս Սարյանի անվան դպրոց

Վաղ երիտասարդ տարիներից ակտիվ պետական, քաղաքական ու հասարակական գործունեության մեջ ներգրավված կինը ոչ մի վայրկյան իրեն չի կտրել ընտանեկան, անձնական կյանքից և կարողացել է ներդաշնակորեն համադրել դրանք. «Կարծիք կա, որ կին հասարակական գործիչներն ինչ-որ թերություն ունեն,- ծիծաղում է նա,- ոչ, ես զերծ եմ այդ թերությունից: Ամուսնացել եմ, երկու շատ լավ զավակներ ունեցել, հիմա էլ չորս թոռ ունեմ և հպարտ եմ իմ ընտանիքով ու երեխաներով, քանի որ կարողացել եմ առաջին հերթին լավ քաղաքացիներ դաստիարակել»:

Տիկին Ջեմմայի տնայնագործական բարձր վարպետության մասին իր բոլոր ընկերներն ու ծանոթները գիտեն: Անգամ անեկդոտներ են պատմում, թե ինչպես է կարողանում այդքան ծանրաբեռնվածության պայմաններում չրեր ու պահածոներ պատրաստել:

«Տղաս ասում է` ինչո՞ւ ես սարքում, հիմա խանութներում ամեն ինչ կա: Այո, կա, բայց ինձ համար դա հաճույք է»,- խոստովանում է նա:

Ասում է, որ միշտ խուսափել է իր տնային գործերը մեկ ուրիշին հանձնելուց, որովհետև դրանով իրեն լիարժեք մայր, տանտիրուհի, ամուսին չէր կարող զգալ: «Երբեք չի եղել, որ ժամը 6-ին աշխատանքն ավարտվեր  ու ես գնայի տուն: Անգամ պատահել է, որ ամուսինս զանգել ու ասել է` անկողինդ ուղարկե՞նք քեզ: Բայց երբ վերադարձել եմ, չի էլ նախատել: Գիտակցել է, որ դա իմ ընտրությունն է, իմ սիրած գործն է, և եթե ինձ կտրեն դրանից` ինչ-որ բան իմ մեջ կպակասի: Դա ճիշտ փոխհարաբերությունների արդյունք է, ամուսինները պետք է գտնեն միմյանց փոխլրացնելու ձևը»:

Ի դեպ, նա դեմ է տարածված այն կարծիքին, թե հայ տղամարդիկ սիրում են իրենց կողքին ունենալ միայն լավ տնային տնտեսուհի: «Ոչ, այդպես չէ, լավ էլ սիրում են, որ իրենց կինը լինի ակտիվ, խելացի, գործունյա: Անգամ հպարտանում են դրանով: Ուղղակի կանայք պետք է չափի մեջ լինեն»:

g_imageՋեմմա Հասրաթյանն արդեն 80 տարեկան է, և նրա տարիքը չիմացողը երբևէ չի էլ ենթադրի, որ նա պատկառելի տարիքում է. ուժը, եռանդը, էներգիան անսպառ են, և այսօր էլ, ինչպես երիտասարդ տարիներին, կարողանում է համադրել աշխատանքային գործունեությունն ու ընտանիքը` լիովին բավարարված լինելով երկուսից էլ:

Չնայած դրան` աշխատանքում արդեն իրեն փոխարինողներ է պատրաստում.  «ժամանակն է, որ կառույցը ղեկավարեն ավելի երիտասարդ կանայք»,- ասում է նա: Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ ինքը նստելու է տանը և կտրվելու է աշխատանքից: Ոչ, շարունակելու է աշխատել և իր փորձն ու գիտելիքները փոխանցել նոր մասնագետներին: «Երբ ուզում ես մարդկանց պատրաստել որպես լիդերի, պետք է ինքդ օրինակ ծառայես, պետք է օրինակելի լինես: Մարդու մշակութային, քաղաքական, սոցիալական որակները ձեռբերովի են, որոնք ձևավորվում են սոցիալականացման պրոցեսում: Ես կարծում եմ, որ յուրաքաչյուր կնոջ մեջ կա առաջնորդ լինելու նախադրյալ: Պետք է բացահայտել դա ու զարգացնել»:

 

Tags: , ,