Կենսաթոշակային բազմաստիճան համակարգ. այն գործելու է 2014 թ. հունվարի 1-ից

կենսաթոշակԱրդեն մի քանի տարի է, ինչ պետությունը նախաձեռնել է բարդ և երկրի համար կարևոր սոցիալական նշանակություն ունեցող մի ծրագիր` կենսաթոշակային բազմաստիճան համակարգ, որը նախատեսվում է գործարկել 2014 թ. հունվարի 1-ից:

Ի՞նչ է իրենից ներկայացնում այս բարեփոխումների ծրագիրը, և ի՞նչ է դրանից շահելու սովորական քաղաքացին:

Պետական կենսաթոշակային բաղադրիչին ավելանալու է նոր՝ մասնավոր կուտակային երկու բաղադրիչ, որին պարտավորվելու են միանալ 16-40 տարեկան բոլոր աշխատող քաղաքացիները՝ առանց սահմանափակումների: Այսինքն՝ բարեփոխման հիմքում ընկած է այն գաղափարը, որ քաղաքացին անցնելու է անհատական կենսաթոշակային խնայողությունների համակարգին: Մարդն իր կյանքի ընթացքում խնայելու, կուտակելու է որոշակի գումար, իսկ կենսաթոշակի անցնելուց հետո ստանալու է իր կուտակած միջոցները կուտակային կենսաթոշակի տեսքով: Որքան շատ գումար խնայի նա կենսաթոշակի նպատակով, այնքան շատ կլինի հետագայում ստացվող կենսաթոշակը: Այն, իբրև «սոցիալական արդարության» սկզբունք, գալիս է փոխարինելու կամ համալրելու «սերունդների համերաշխության» սկզբունքը:

Ի՞նչ ենք ունենալու վաղը

Բարեփոխումների առաջին և հիմնական նպատակը հասարակության մեջ տարեց քաղաքացիների սոցիալական ապահովության խնդրի լուծումն է: Արդյունքում մեծանում է  քաղաքացու անմիջական մասնակցությունը սեփական կենսաթոշակի ձևավորման գործում, բարձրացնում նրա պատասխանատվությունը բարեկեցիկ ապագա ունենալու առումով:

Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ներդրումը, մասնագետների գնահատմամբ, բարդ գործընթաց է համարվում բոլոր երկրներում, քանի որ այն վերաբերում է  մարդկանց մտածելակերպի փոփոխությանը: Դեռ երիտասարդ տարիքից անձը պետք է  մտածի ապագայի մասին, խնայողությունների դիմի, պետք է կարողանա հաշվարկել եկամուտները, ճիշտ գնահատել ծախսերը և ընտրել ֆոնդի կառավարիչ, համեմատել առաջարկվող տարբերակները, որոշումներ ընդունել և մշտապես հետևել կուտակային միջոցների աճին և շարժին:  

Ի՞նչ ունենք այսօր                 

Մեր երկրում ներկայումս գործում է կենսաթոշակային բաշխողական համակարգը, որը ֆինանսավորվում է զբաղված քաղաքացիների և նրանց գործատուների ընթացիկ մուծումների հաշվին: Աշխատող քաղաքացիների մուծումներից գոյացած գումարներն ամբողջովին ուղղվում են ընթացիկ  կենսաթոշակների վճարմանը: Այսինքն՝ ներկայիս աշխատողները ապահովում են ներկայիս անաշխատունակ տարիքի անձանց: Այս համակարգն անարդյունավետ է այն պատճառով, որ չի արտահայտում մարդու անհատական ներդրումը կենսաթոշակային համակարգում, քանի որ, անկախ կատարված սոցիալական վճարների չափից, բոլորը կենսաթոշակի անցնելուց հետո հավասարվում են: Իսկ կուտակային համակարգը պահպանում է արդարության սկզբունքը, ով շատ է վճարում, նա էլ շատ է  ստանում: Իսկ նրանք, ովքեր այս կամ այն պատճառով չեն ունեցել աշխատանքային ստաժ և իրենց կյանքի ընթացքում ոչինչ չեն կուտակել, կստանան բազային կենսաթոշակ:

Նշենք, որ Հայաստանում այս համակարգին ուղղված բարեփոխումների հարցում պետությանն աջակցում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը` USAID-ը: Սոցնախարար Արտեմ Ասատրյանն այս ուղղությամբ կատարած իր դիտարկումներում նշել է, որ այս տարիների ընթացքում կատարված բարեփոխումների արդյունքում ներդրվել և կիրառվել է նոր տեղեկատվական համակարգ, որը հնարավորություն է տալիս լիարժեք տիրապետելու  հազարավոր կենսաթոշակառուների տվյալներին և կառավարելու այդ համակարգը:

Որոշակի աշխատանքներ են իրականացվել նաև ինտեգրացված սոցիալական ծառայությունների ուղղությամբ: Արդեն ձևավորվել են 19 տարածքային կենտրոններ, որոնք սոցիալական պաշտպանության ոլորտում  առաջարկում են ծառայությունների մատուցման նոր որակ և ձևաչափ: Նախատեսվում է հանրապետության տարածքում ձևավորել շուրջ 55 այդպիսի կենտրոններ ևս, որտեղ քաղաքացիները կկարողանան ստանալ սոցիալական ծառայություններ բոլորովին այլ մեխանիզմով: Բացի այդ, նախատեսվում է նվազեցնել քաղաքացիների դիմումների ընդունման հետ կապված խնդիրները: Դրամական վճարումների, կենսաթոշակների, նպաստների և այլ վճարներն  իրականացվելու են տեղեկատվական համակարգերի միջոցով,  և այդ գործընթացներին սոցիալական աշխատողների միջամտությունը հասնելու է նվազագույնի: Քաղաքացիներն այսօր ունեն նաև դիմումները ներկայացնելու և ծառայությունների մասին ճշգրիտ տեղեկանալու պակաս, որոնց արդյունավետ լուծման միակ ճանապարհը, ըստ համակարգի ներկայացուցիչների, լինելու է այս գործընթացների իրականացումը:

Նշենք, որ քաղաքացիների խնայողությունները պահվելու են ֆոնդի կառավարիչների միջոցով, որոնց ընտրելու են հենց իրենք՝ զբաղված անձինք: USAID՝ PRIP ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը հավաստիացրել է, որ առաջիկայում բոլոր զբաղված քաղաքացիները հնարավորություն կունենան ընտրելու կենսաթոշակային ֆոնդեր և ակտիվների կառավարիչներ: Այս մասին կհայտարարվի առաջիկայում: «Ես վստահ եմ, որ 2014 թ. նոր կենսաթոշակային համակարգը կմտնի ուժի մեջ: Նոր ծրագրով մեր աշխատանքները հիմնականում ուղղվելու են մի քանի բաղադրիչների իրականացմանը, և հիմնական աջակցությունը ուղղված է լինելու պետական համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին, մասնավորապես` ինտեգրացված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմանը և բարձր որակի ծառայությունների ապահովմանը:  Մենք ջանքեր ենք  գործադրելու, որպեսզի մեր քաղաքացիները տեղեկացված լինեն այս համակարգի մասին և կարողանան կենսաթոշակային ֆոնդերի և ակտիվների կառավարիչներ ընտրել»,- ասել է ծրագրի ներկայացուցիչը:

Քաղաքացին խնայելու է, տնտեսությունը` շահելու

Ապահովելու է նաև ֆինանսական կայունություն: Այսինքն՝ քաղաքացիների խնայողություններն անուղղակի առավելություններ են բերելու նաև երկրի տնտեսության զարգացմանը: Կուտակային վճարների հաշվին երկրում ձևավորվում են երկարաժամկետ միջոցներ. որոնք կարող են կարճ ժամանակահատվածում առաջացնել ազատ ֆինանսական հոսքեր ու ներդրվել տնտեսության մեջ: Այս գործընթացը նպաստելու է  երկարաժամկետ տնտեսական հեռանկարային աճին: Քաղաքացիների խնայողությունների արդյունավետ կառավարման շնորհիվ կուտակային համակարգը մոտ ապագայում բազմապատիկ օգուտներ է խոստանում ֆինանսական շուկայի աշխուժացման, ներդրումների աճի, վարկային տոկոսադրույքների նվազեցման և ընդհանուր առմամբ, տնտեսության դինամիկ զարգացման առումով:

Սակայն հանրության շրջանում դեռ  անվստահություն կա: Գուցե այս համակարգը իդեալական գործի այն երկրներում, որտեղ տնտեսությունը զարգացած է, մարդկանց եկամուտները բավարար են, աղքատության մակարդակն էլ ցածր է: Բայց եթե մեր երկրում սովորական քաղաքացու նվազագույն աշխատավարձը 45 հազար դրամ է, իսկ միջինը՝ 100 հազար, ապա ինչպե՞ս պետք է քաղաքացին այդ փոքր ամսական բյուջեով խնայողություններ նախատեսի: Աշխատավարձերի ցածր լինելու պարագայում զբաղված անձանցից թերևս շատ քչերը կցանկանան գումար խնայել, քանի որ  ստացածը բավարար չէ գոնե տարեկան կենցաղային ծախսերը հոգալու համար:

ՀՀ Ազգային ժողովի  սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, գիտակցելով ժողովրդի շրջանում այս համակարգի գործարկման հետ կապված ընդվզումը, հորդորում է այնուամենայնիվ գնալ կենսաթոշակային բարեփոխումների ճանապարհով` առանց երկմտելու: Եվ զբաղված քաղաքացիներին, փոքր ինչ ոգևորելու համար հիշեցրեց, որ 2014-ից աշխատավարձերի բարձրացում է սպասվում, և միջին աշխատավարձը  նախատեսվում է հասցնել 50 հազար դրամի,  իսկ առավելագույնը`  20 անգամ ավելի: Այս հանգամանքը, ըստ նրա, ստիպելու է համատարած բարձրացնել բոլոր քաղաքացիների աշխատավարձերը` անկախ պետական կամ մասնավոր կառույց լինելու գործոնից:

Լ.Ն

Tags: ,