Պլաստիկը մեր կյանքում

պլաստիկՄեր կենցաղն անհնար է պատկերացնել առանց սննդային պլաստիկի: Ամառային շատ սրճարաններ կամ արագ սննդի կետեր օգտագործում են պլաստիկ ամաններ: Գրեթե բոլոր զովացուցիչներն ու շշալցված ջրերը պլաստիկի մեջ են:

Կարելի է ենթադրել, որ եթե պլաստիկն ամենուր է, ուրեմն անվտանգ է ու չարժե դրա մասին մտածել: Մինչև որոշ սահման` դա ճիշտ է, եթե  օգտագործման պայմաններին հետևում ենք: Պլաստիկ շշերն ու ամանները պատրաստվում են զանազան պոլիմերներից: Դրանցից ամենաշատ կիրառվողը բազմավինիլքլորիդն է, պրոպիլենը, պոլիէթիլենը, պոլիկարբոնատը: Այդ նյութերն անվտանգ են ու սննդի մեջ էլ չեն ընկնում; Սակայն, որոշ դեպքերում դրանք սկսում են թույներ արտադրել, որոնք, հայտնվելով օրգանիզմում, վնաս են հասցնում: Ե՞րբ է այդպես լինում: Երբ մթերքը երկար է մնում սառնարանում, ու մարդն իր ծուլության պատճառով փորձում է սնունդը տաքացնել այն պլաստիկ ամանով, որով գնել է խանութից: Գործնականում բոլոր պոլիմերները ժամանակի ընթացքում «ծերանում» են: Դրա հետևանքով պլաստիկ իրերում քայքայում է  սկսվում: Արժե նշել, որ պլաստիկ արտադրանքի որոշ տեսակներ տարբեր պայմաններում են թունավոր դառնում, մեկը չի կարելի լվանալ, մյուսը` տաքացնել: Այսինքն` եթե կիրառման պայմանները խախտվում են, ապա այն դառնում է թունավոր ու վտանգավոր առողջության համար: Ուստի միշտ ուշադրություն դարձրեք մակնշման վրա: Պլաստիկ իրերի վրա միշտ էլ պայմանական նշաններ են դրվում` ընդունված գրեթե բոլոր երկրներում: Ամանի տակ 3 նետերով եռանկյուն է պատկերված, որում 1-ից 7 թվերն են, իսկ դրա տակ` պլաստիկի տառային կոդը:

1 թիվը  և տառային PETE կոդը ասում է, որ այդ ամանը պատրաստված է պոլիէթիլենտերեֆտալատից: Դա ամենատարածված սննդի պլաստիկն է: Դրանից պատրաստվում են շշեր, փաթեթավորման համար տարբեր ամաններ ու միանգամյա օգտագործման բաժակներ: Այն կիրառվում է ջուր, հյութեր, զովացուցիչներ պահելու համար:

2-ը և HDPE կոդը  ցույց են տալիս, որ փաթեթավորման տարան պատրաստված է բարձր ճնշման պոլիէթիլենից:Այն օգտագործվում է կաթնամթերքի, շամպունի, լվացամիջոցների ու սպիտակեցնող նյութերի համար:

3-ն ու PVC-ն ասում են, որ իրը պատրաստված է պոլիվինիլքլորիդից, որն օգտագործվում է սննդային յուղերի, ապակիների ու հայելիների լվացման հեղուկի համար: Այս պլաստիկն է օգտագործվում պլաստիկե խողովակների, հատակի  ծածկույթների, ձգվող առաստաղների, լոգասենյակի վարագույրի, պլաստիկե լուսամուտների, այգու կահույքի  պատրաստման նպատակով: Փաստորեն, մենք  ապրում ենք պոլիվինիլքլորիդի թագավորությունում: Բայց չգիտենք, որ այն պլաստմասսայի ամենավտանգավոր տեսակն է, որը  գրեթե անհնար է վերամշակել: Այրելու դեպքում վտանգավոր դիօքսիններ է արտադրում, որոնք քաղցկեղային հիվանդություններ կարող են առաջացնել:

4 և LDPE կոդը նշանակում է, որ այդ պլաստիկը ստեղծվել է ցածր ճնշման պոլիէթեիլենից: Այն օգտագործվում է տոպրակներ ու փափուկ  փաթեթավորման համար, կարելի է վերամշակել. սա սննդային պլաստիկներից թերևս ամենաանվտանգն է:

5 և PP կոդը պոլիպրոպիլենն է: Դրանից են պարտաստվում շշերի կափարիչները, թթվասերի, յոգուրտի, կետչուպի, մանանեխի ու մանկական սննդի շշերը: Դրանից նաև խաղալիքներ են պատրաստվում: Մարդու համար անվտանգ պլաստիկ է: Միակ թերությունն այն է, որ բացասական ջերմաստիճանի դեպքում դառնում է փխրուն:

6 և PS`  նախատեսված են պոլիստիրոլի համար, որից պատրաստվում են թռչունների վանդակի տակդիրները, մսամթերքի ամանները, մեկանգամյա բաժակներ ու ամաններ: Սա երկրորդային մշակման չի ենթարկվում, քանի որ պոլիվինիլքլորիդը տաքացնելիս քաղցկեղածին նյութեր է անջատում:

7 թիվն ու OTHER կոդը նշանակում է տարբեր պոլիմերների խառնուրդ: Այս խմբում  են պոլիկարբոնատից պատրաստված ապրանքները, որոնք երկար օգտագործելու ու հաճախակի լվանալու դեպքում կարող են  առողջության համար վտանգավոր բիսֆենոլ Ա անջատել:

Մեզ զանազան պոլիմերներ են շրջապատում, որոնցից պատրաստվում է սննդի պլաստիկը: Փաթեթավորման վրա նշված սննդի պահպանման ժամկետը  վերաբերում է նաև սննդի պլաստիկին: Մի մոռացեք, որ պոլիմերային փաթեթը պետք է օգտագործել ըստ նշանակության ու մեծ զգուշությամբ:

 

Tags: