«Վիլնյուսյան գագաթնաժողովում այդ փաստաթուղթը չի ստորագրվի». Մաքսային միությանն անդամակցելու որոշմանն անդրադարձել է Ռայներ Մորելը

Rajner MorelՀայաստանի միացումը Մաքսային միությանը երկրի համար տնտեսական հետևանքներ կունենա։ Այս մասին օրեր առաջ հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը առաջացրել է նաև դիվանագիտական ոլորտի ներկայացուցիչների դժգոհությունը: Պարոն դեսպանը այս ուղղությամբ կատարել է իր դիտարկումները և հայտնել, որ նախ և առաջ այս որոշումը կհանգեցնի Եվրամիության երկրների հետ ապրանքաշրջանառության կրճատման:  «Թեև ես տնտեսագետ չեմ տնտեսական ազդեցության աստիճանը գնահատելու համար, սակայն ՄՄ-ին Հայաստանի միացումը կարող է հանգեցնել ԵՄ երկրների հետ ապրանքաշրջանառության կրճատման` չնայած Ռուսաստանը նրանց հետ նույն մակարդակում է: ԵՄ-ն և անդամ երկրները, բնականաբար, կընդունեն Հայաստանի այս որոշումը որպես սուվերեն որոշում` չհստակեցնելով, սակայն, թե ինչ հետևանքներ այն կարող է ունենալ», – ասել է Ռայներ Մորելը։

Նա մեծ ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ Հայաստանը շարժվում է Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ ոչ իր առևտրային ծավալները մեծացնելու պատճառով: Բացի այդ, Հայաստանը, ըստ նրա, այլևս հնարավորություն չի ունենա օգտվելու մաքսային ոլորտում ԵՄ-ի կողմից առաջարկվող սակագներից և արտոնություններից:

Նրա համոզմամբ, Ասոցացման մասին համաձայնագրի շրջանակներում շատ կարևոր է ավարտին հասցնել ուրվագծված համագործակցությունը, թեև բազմաթիվ դրույթներ պետք է վերանայվեն։ Դեսպանը միաժամանակ կարծում է, որ Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովում այդ փաստաթուղթը չի ստորագրվի։ Մորելի կարծիքով` Արևելյան գործընկերության վեց երկրներից միայն Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը կստորագրեն պայմանագիրը։

«Հայաստանը հայտնել է ՄՄ-ի հետ համագործակցության  իր մտադրության մասին առանց մյուս գործընկերների հետ կապերը վատացնելու և  ԵՄ-ն, հնարավորության դեպքում, կշարունակի համագործակցությունը, եթե հնարավոր  ոլորտներ մատնանշվեն»,- վստահեցրել է բանախոսը: Դիվանագետը նաև մեջբերել է, որ առկա է նաև շահերի համադրելիության և հարաբերությունների իրավական հիմքի ըմբռնման հարցի վերանայման անհրաժեշտություն։ «ԵՄ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը, առավել ևս, երբ Հայաստանն արդեն անցել է բարեփոխումների իրագործման  ճանապարհով, և մենք վստահ ենք, որ բարեփոխումների օրակարգը կշարունակվի հօգուտ երկրի և տնտեսության»,- նշել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

Լ.Ն

Հ.Գ. Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության համաձայն` Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը ԵՄ երկրների հետ 2013 թ. հունվար-օգոստոսին կազմել է 1 059,18 մլն դոլար (2012 թ. հունվար-օգոստոսի համեմատ աճը` 1,6%)։

 

Tags: