Միքայել Արամյանցի անունը կանմահանա ոչ միայն թբիլիսյան, այլև երևանյան հիվանդանոցով

7-2Մինչ Թբիլիսիում վերանորոգման անվան տակ քանդում են Արամյանցի հայտնի հիվանդանոցը, Երևանում հիվանդանոց է վերանվանվում: Երևանի երրորդ կամ ինչպես ընդունված է ասել` Պռոշյանի կամ շտապօգնության հիվանդանոցն այսուհետ կկոչվի «Արամյանց բժշկական կենտրոն»` ի պատիվ թիֆլիսահայ տաղանդավոր գործարար, նավթարդյունաբերող, մեծ բարերար Միքայել Արամյանցի:

Հիվանդանոցը նշանավոր հայի անունով դարձնելու գաղափարը գլխավոր տնօրեն Սամվել Հարությունյանինն է: Ասում է, որ Արամյանցն իր ազգականն է մորական կողմից` մորական պապի հորեղբայրն է եղել: «Դեռ մանկուց հաճախ եմ լսել Արամյանցի անունը: Մայրս էր պատմում այդ կապի մասին` իր հորից ստացած տեղեկությունները փոխանցելով մեզ: Արամյանցների գործունեությունը հայտնի է եղել բոլորին, իսկ այդ տոհմի գլուխգործոցը եղել է Միքայել Արամյանցը: Ես միշտ հպարտացել եմ, որ նրա տոհմի շառավիղն եմ մոր կոմից»:

1383549089-62

Սամվել Հարությունյան

Հիշում է, որ մոր ընտանեկան ալբոմում Միքայել Արամյանցի եղբորորդու` Ստեփանոս Արամյանցի լուսանկարը կա: Վերջինս եղել է հայ գործարարի կողմից հիմնադրված Թբիլիսիի ազնվական բանկի կառավարիչը: Սամվել Հարությունյանը դեռ մանկուց լսել է նաև Թբիլիսիում Արամյանցի կողմից կառուցված բազմաթիվ հայտնի շինությունների մասին, որոնցից մեկն էլ Արամյանցի հիվանդանոցն է: 1970-ականներին, երբ Հարությունյանն արդեն բժիշկ էր, այդ հիվանդանոցում անգամ մեկ ամիս անցկացրել է` խնամելով զինվորական ծառայության ընթացքում հիվանդացած եղբորը:

Հայտնի է, որ Արամյանցը շատ է սիրել Թիֆլիսը և մեծ ներդրումներ է կատարել քաղաքի զարգացման համար: Երբ Թիֆլիսում որոշել են կառուցել խոշոր հիվանդանոցային համալիր, Արամյանցն առաջինն է արձագանքել` դրա կառուցմանը նվիրաբերելով 100 հազար ռուբլի: Քաղաքի հայտնի թաղամասերից մեկում` Հավլաբարում կառուցված հիվանդանոցը ժամանակին եղել է եվրոպական չափանիշներին համապատասխանող լուրջ կենտրոն` վարակիչ հիվանդությունների, վիրաբուժության, ծննդատան, մանկական և այլ բաժիններով:

images

Արամյանցի հիվանդանոցը Թբիլիսիում

Հիվանդանոցի կառուցումն ավարտվել է 1909 թ. և կոչվել հենց նրա անունով, սակայն խորհրդային կարգերի հաստատումից հետո, երբ նշանավոր բարերարի ու գործարարի ողջ ունեցվածքը թալանվել է, իսկ անունը` հետևողականորեն ջնջվել պատմության էջերից, բժշկական կենտրոնը վերանվանվել է` դառնալով Թբիլիսիի թիվ 1 հիվանդանոց: Անցել է մեկ դար և ավելի, սակայն թիֆլիսցիներն այդ հիվանդանոցն այդպես էլ կոչում են` Արամյանցի հիվանդանոց:

Վերջին տարիներին հիվանդանոցն իր նպատակին չէր ծառայում, իսկ այսօր արդեն քանդում են` պատճառաբանելով, թե հին է, պետք է վերակառուցվի: Բայց թե ինչ կմնա հիվանդանոցից վերակառուցումից հետո, դժվար է ասել, քանի որ մեր հարևաններն այնքան էլ մտահոգված չեն իրենց երկրում հայկական շենք-շինությունների պահպանմամբ, ընդհակառակը` հաճախ դրանք աչքի առաջ կորցնում են իրենց պատմական հիշողությունը, իսկ պետական մարմինները քար անտարբերություն են դրսևորում:

Սամվել Հարությունյանի` իր հիվանդանոցը վերանվանելու որոշմանը մեծապես նպաստել է հենց Թբիլիսիի Արամյանցի հիվանդանոցի քանդման տխուր փաստը: Նա կարծում է, որ այդ քայլով իր փոքրիկ լուման է ներդնում նշանավոր հայի անունը մոռացությունից հանելու և իր արժանի տեղը վերադարձնելու գործում: Իսկ որոշման մասին առաջին անգամ բարձրաձայնել է այս տարվա մայիսին` Արամյանցի 170-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներից Արամյանցմեկի ժամանակ, երբ ներկայացվում էր Արամյանցի կյանքին ու գործունեությանը նվիրված առաջին գիրքը` Վահե Անթանեսյանի հեղինակությամբ:

Հիվանդանոցի վերանվանման պաշտոնական միջոցառումը տեղի կունենա տարեվերջին` հիվանդանոցի 40-ամյա հոբելյանի շրջանակներում: Նախատեսվում է նաև հիվանդանոցի ճակատային հատվածում տեղադրել հուշատախտակ Արամյանցի կյանքի և գործունեության մասին, իսկ նախասրահում`  նրա կիսանդրին: Հատուկ սենյակ կտրամադրվի նաև փոքրիկ թանգարանի համար: Այնտեղ կներկայացվեն Արամյանցի լուսանկարները, ձեռագրերը, նամակները: Հիվանդասենյակների ու բժիշկների աշխատասենյակների պատերից կկախվեն Արամյանցի լուսանկարները: Մի խոսքով` հիվանդանոցն արամյանական շունչ կստանա:

Նշենք, որ Միքայել Արամյանցի մասին հայկական նորօրյա մամուլում առաջին լուրջ անդրադարձը եղել է «Անկախի» կողմից` շնորհիվ երիտասարդ պատմաբան Վահե Անթանեսյանի, որը սկսել էր մեծ հայի կյանքի և գործունեության ուսումնասիրությունը:

Միքայել Արամյանցը ծնվել է 1843 թ. Արցախի Քյաթուկ գյուղում: Խելացի, նպատակասլաց ու ազնիվ երիտասարդն իր աշխատասիրության ու տաղանդի շնորհիվ ձեռք է բերել հսկայական կարողություն և զբաղվել լայնածավալ բարեգործությամբ: Հիմնադրել է Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերությունը», որի շնորհիվ ոչ միայն Վրաստանում, այլև հայրենիքում բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացրել:

Նա եղել է Ներսիսյան դպրոցի մշտական հոգաբարձուն ու հովանավորը, և նրա շնորհիվ հարյուրավոր երիտասարդներ հնարավորություն են ունեցել կրթվելու Եվրոպայի առաջավոր համալսարաններում:

1918 թ. մայիսի 28-ին հայ ժողովրդի ամենաբախտորոշ որոշումներից մեկը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը, տեղի է ունեցել Միքայել Արամյանցի տանը:

Նրա անունը իրավամբ կարելի է կապել մեկ այլ մեծ հայի` Ալեքսանդր Մանթաշյանի հետ, քանի որ նրանք եղել են մտերիմ ընկերներ ու գործընկերներ` ազգային շատ ծրագրեր իրականացնելով միասին: Հայտնի է նաև, որ Մանթաշյանը Բաքվում իր նավթային գործունեությունը սկսել է Արամյանցի հետ, և նրա շնորհիվ էլ հետագայում նավթային մագնատ է դարձել:

Արամյանցի բարեգործություններն անթիվ ու անհամար էին. նա նաև ապաստաններ էր կառուցում հայ գաղթականների համար: Հայտնի է «Արամաշեն» ավանը, որտեղ ոչ միայն ապրել, այլև բամբակագործությամբ են զբաղվել ավելի քան 80 հայ գաղթական ընտանիքներ:

tbsmc_home01

Մաժեստիկ, ներկայումս` Թբիլիսիի Մարիոթ հյուրանոցը

Թբիլիսիում Միքայել Արամյանցի կառուցած շենքերի գլուխգործոցը Վրաստանի մայրաքաղաքի պարծանք, շքեղաշուք «Մարիոթ Թբիլիսի» հյուրանոցն է` նախկին «Մաժեստիկը», որը նա կառուցել է 1912-15 թթ`. իր սիրած նավի նմանությամբ և անվամբ: Ցավոք, այդ հյուրանոցի վրա անգամ մի գողտրիկ հատվածում գոյություն չունի Արամյանցի անունը:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո Արամյանցից խլել են գրեթե ողջ կարողությունը: Նա վախճանվել է է 1924 թ. իր առանձնատներից մեկի նկուղում` սովի ու աղքատության մեջ: Սակայն թբիլիսյան ողջ հանրությունը հավաքվել է հողին հանձնելու այն նշանավոր հայի դին, որն այդքան մեծ գործեր է կատարել Թիֆլիսի  համար:

Արամյանցը թաղվել է Թբիլիսիի հայկական Խոջիվանքի գերեզմանատանը, որտեղ թաղված են եղել բազմաթիվ նշանավոր հայեր: Սակայն ստալինյան ժամանակաշրջանում գերեզմանատունն ավերվել է, իսկ տարիներ անց այդ նույն վայրում հիմնօրհնվել վրաց եկեղեցու մի կառույց: Կատարված հողային աշխատանքների պատճառով հարյուրավոր աճյուններ, այդ թվում նաև Արամյանցինը, ոչնչացել են:

Ուրախալի է, սակայն, որ վերջին շրջանում ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում սկսել են վերհիշել Արամյանցին: Բոլորովին վերջերս` Հոկտեմբերի 24-ին, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ Թբիլիսիի Մաչաբելի 6 հասցեում, որտեղ բնակվել է Արամյանցը, տեղի է ունեցել անվանի հայի հուշատախտակի բացման արարողությունը: Սա իսկապես լուրջ քայլ է, և հուսանք` շարունակական:

Իսկ Հայաստանում Միքայել Արամյանցի կիսանդրին դրվել է անցյալ տարի սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ստեղծված Բարերարների ճեմուղում: Պատմական արդարությունը հետզհետե վերականգնվում է:

 

Tags: