Մարզական վաշտում արժանավորների համար տեղերը սահմանափակ են

Lyova VARDANYANՓորձը ցույց է տվել, որ բանակ զորակոչված մարզիկների մեծ մասը զինծառայության ավարտից հետո թողնում է սպորտը: Թերևս պատճառներից մեկն  այն է, որ ոչ բոլոր երիտասարդներն են հնարավորություն ստանում զինվորական մարզական վաշտում ծառայելու և զուգահեռ նաև շարունակելու կանոնավոր մարզումները: Այն դեպքում, երբ կարգ է սահմանված, սևով սպիտակի վրա գրված, որ տարբեր տարիքային խմբերի աշխարհի, Եվրոպայի առաջնություններում 1-6-րդ տեղերը գրավողները պետք է զինածառությունն անցնեն մարզական վաշտում: Թե ինչու են այս հարցում խնդիրներ ծագում, խնդրեցինք պարզաբանել Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ Լյովա Վարդանյանին:

- Այո, Հայաստանի պաշտպանության նախարարության համապատասխան զորամասի մարզական վաշտում ծառայութունն անցնում են աշխարհի, Եվրոպայի առաջնություններում 1-6-րդ տեղեր գրավողները: Արտոնյալ վիճակում են ֆուտբոլիստները, նրանց զինծառայության հարցը բացառության կարգով լուծում է Հայաստանի կառավարությունը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան է համապատասխան միջնորդագրեր ներկայացնում, իսկ մյուս մարզաձևերի ներկայացուցիչների հարցերով զբաղվում է սպորտի գերատեսչությունը: Լինում են դեպքեր, երբ աչքի ընկած ոչ բոլոր մարզիկներն են զինվորական ծառայությունը մարզական վաշտում անցկացնելու իրավունք ստանում: Եվ դա դժգոհությունների տեղիք է տալիս: Հայաստանի սպորտի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների հանձնաժողով է ստեղծված,  որը քննարկում է զինվորական վաշտում ծառայության թեկնածու մարզիկների ցուցակները: Ընդ որում, հանձնաժողովում երկու նախարարությունների փոխնախարարներ են, վարչությունների պետեր և այլն: Ըստ արդյունքների, որոշվում են արժանավորները: Նրանց անունները գրվում են հերթականությամբ: Եթե տվյալ զորակոչի համար առանձնացված է 15 տեղ, ապա  զինծառայությունը մարզական վաշտում  անցկացնելու հնարավորություն են ստանում 1-15-րդ տեղերում գտնվողները: 16-17-րդ հորիզոնականները զբաղեցնողները և մյուսները չեն ընդգրկվում մարզական վաշտում: Այդուհանդերձ, վերջիններս զինվորական ծառայության ընթացքում  ժամանակ առ ժամանակ գործուղվում են մասնակցելու ուսումնամարզական հավաքների և մրցումների: Մարզական վաշտում ընդամենը 56 տեղ կա:

 - Ի՞նչ իմաստ ունի այս կամ այն մարզաձևի ներկայացուցչին գործուղելը, երբ նա կանոնավոր չի մարզվում և միջազգային ստուգատեսների մասնակցելու դեպքում էլ այլևս ի վիճակի չէ բարձր արդյունքներ ցույց տալ:

- Այդուհանդերձ, այս ճանապարհով մարզիկները հնարավորություն են ստանում որոշ չափով պահպանելու մարզավիճակը: Այլ ելք չկա: Հնարավոր չէ, որ բանակում ծառայող բոլոր մարզիկները մարզական վաշտում ընդգրկվեն, լիովին ազատ լինեն և բոլոր մարզական մեկնարկներին մասնակցեն: Մասնավորապես, այս տարվա գարնանային զորակոչին 13 մարզիկ է ընդգրկվել մարզական վաշտում, իսկ աշնանային զորակոչի ժամանակ հատկացվել է համալրման 14 տեղ:

 - Ինչո՞ւ մարզական վաշտի զորակոչի որոշակի թիվ չկա:

- Բանն այն է, որ ինչքան մարդ զորացրվում է, այնքան էլ զորակոչվում է:

 - Աշխարհի բոլոր երկրներում բանակային սպորտը բարձր մակարդակում է: Գաղտնիք չէ, որ ունենք լավ, մարտունակ բանակ: Այդ դեպքում ինչո՞ւ մեր երկրում բանակային սպորտն այն չէ: Ֆինանսակա՞ն խնդիրներն են խանգարում, թե՞ ուրիշ բան կա:

- Նախագիծ կա, որ Հայաստանի ՊՆ-ն զինվորական մարզական վաշտի ծառայողների թիվը 20-25-ով ավելացնի: Եթե դա արվի, որոշ բաներ կփոխվեն, և ավելի շատ մարզիկներ լավ մարզավիճակում կմնան և կհամալրեն Հայաստանի տարբեր մարզաձևերի հավաքականները:

 - Հատկապես շատ են տուժում խաղային մարզաձևերի ներկայացուցիչները: Ամբողջական կազմերով հավաքականներ են զորակոչվում բանակային ծառայության: Եվ ընդհանուր հիմունքներով ծառայած մարզիկներն այլևս չեն վերադառնում սպորտ:

11-13-1-2- Կա նաև սոցիալական գործոնը: Բանն այն է, որ զորացրվեուց հետո երիտասարդները ցանկանում են ապրուստի խնդիր լուծել, իսկ խաղային մարզաձևերով զբաղվողների համար դա շատ ավելի բարդ է անելը: Երիտասարդները ցանկանում են այնպիսի մասնագիտություններ ձեռք բերել, որ կարողանան ֆինանսական միջոցներ հայթայթեն: Իսկ բանկում  ամեն ինչ արվում է այն հնարավորությունների սահմաններում, որոնք ունի ՊՆ-ն:

 - Ի դեպ, երբեմն կասկածներ են ծագում. արժանավոր այս կամ այն մարզիկը  մարզական վաշտում չի ընդգրկվում, փոխարենն այդ վաշտում ծառայում է մեկ ուրիշը, որը որպես մարզիկ ավելի փոքր ներդրում է ունեցել հայկական սպորտում: Մասնավորապես, շախմատիստներն այս առումով ավելի արտոնյալ են համարվում: Կարելի՞ է դա վերագրել նրան, որ այդ մարզաձևի ֆեդերացիայի նախագահը նաև Հայաստանի նախագահն է: Հնարավո՞ր չէ ամեն ինչ ավելի թափանցիկ անել:

- Հաշվի են առնվում մարզիկների արդյունքները: Ընդ որում, հետագայում տարբեր մարզաձևերի ֆեդերացիաները գրաֆիկ են ներկայացնում, թե մարզիկները երբ և որտեղ են ուսումնամարզական հավաքների, մրցումների մասնակցելու, և բոլորին էլ ընդառաջում են, թողնում են, որ միանան հավաքականների իրենց թիմակիցներին:

 - Նշանակություն ունի՞, թե այդ մարզիկներն ինչ մարզաձևերի ներկայացուցիչներ են` օլիմպիական կամ ոչ օլիմպիական:

- Նախապատվությունը տրվում է օլիմպիական մարզաձևերի ներկայացուցիչներին: Բայց եթե մարզիկը ոչ օլիմպիական մարզաձևից աշխարհի չեմպիոն է, ապա նա էլ չի անտեսվում: Ընդհանրապես բոլոր մարզաձևերի ներկայացուցիչները չեն կարող ընդգրկվել մարզական վաշտում: Առաջնային կարգով ընդգրկվում են օլիմպիական մարզաձևերի, նաև սամբոյի, ուշուի ներկայացուցիչները: Դրանք այն մարզաձևերն են, որոնք տարածում ունեն Հայաստանում, և մեր մարզիկները միջազգային խոշորամասշտաբ ստուգատեսներից մեդալներ են բերում:

- Մարզական վաշտում ծառայողներն ունե՞ն համապատասխան պայմաններ` ընդհանուր ֆիզիկական պատրաստականության մակարդակը բարելավելու համար:

- Կա հիանալի մարզաբազա, այն զբաղեցնում է Երևանի նախկին պատանի հնգամարտիկների դպրոցի տարածքը:

 - Իսկ հակասական իրավիճակներն ինչի՞ հետևանք են: Երբեմն այս կամ այն մարզաձևի ներկայացուցիչները դժգոհում են, երբ միջազգային մրցումներում ցանկալի արդյունք չի լինում, պատճառաբանելովոր զինծառայությունում գտնվող այս կամ այն մարզիկին արգելել են միանալ իր թիմին, ժամանակին մարզվել և մրցումների ողևորվել:

- Եթե դժգոհություններ կան, ապա դրանք անհիմն են: Գուցե դեպքեր եղած լինեն, երբ այս կամ այն մարզիկը զորավարժանքների է մասնակցել, և նրան չեն ազատել: Բայց բանակ է, և այդ ամենին պետք է ըմբռնումով մոտենալ: Եթե այս կամ այն մարզաձևի ֆեդերացիան հիմնավորումով նամակ է ներկայացնում, ապա մարզական վաշտի ղեկավարությունը ծառայությունում գտնվող մարզիկների համար ոչ մի խոչընդոտ չի ստեղծում, և նրանք գործուղվում են թիմեր: Խնդիրներ կարող են ունենալ այն մարզիկները, որոնց անունները դուրս են մնացել  մարզական վաշտում ընդգրկվածների ցուցակներից: Պատճառները կարող են լինեն զորավարժանքները, ուսումնական պարապմունքները և այլն:

 - Իսկ ինչո՞վ է զբաղվում ԲԿՄԱ-ն:

- Զինծառայությունում գտնվող մարզիկները պարբերաբար հանդես են գալիս  բանակայինների միջազգային ստուգատեսներում: Մասնավորապես, մեր երկրի ըմբիշները 2013-ին Երևանում մասնակցել են ԱՊՀ երկրների բանակային մարզիկների սպարտակիադայի ծրագրով ազատ ոճի ըմբշամարտի թիմային մրցումներին և դարձել են չեմպիոն: Մերոնք կրկնեցին իրենց հաջողությունը, քանի որ մեկ տարի առաջ չեմպիոն էին դարձել Ալմաթիում կազմակերպված ստուգատեսում: Այս տարի Իրանում կայացած բանակայինների աշխարհի առաջնությունում ազատ և հունահռոմեական ոճի մեր ըմբիշները տիրացել են երկուկան արծաթե և երկուական բրոնզե պարգևների:

 - Զինվորական մարզական վաշտում աշխատող մարզիչներ կա՞ն:

- Առայժմ հավաքական թիմերի մեր մարզիչներն են օգնում: Բայց հարց է բարձրացվել, որ մարզական վաշտում աշխատող մարզիչների հաստիքներ էլ ավելացվեն: ԲԿՄԱ-ն ունի իր մարզահամալիրը, մարզադաշտը, լողավազանը, ըմբշամարտի մարզասրահները: Այնպես որ` լիարժեք պարապմունքների համար բոլոր պայմանները կան: Ընդ որում կազմակերպվում է տարբեր մարզաձևերի սպարտակիադա:

 - Ուսումնասիրվե՞լ է, թե արտասահմանյան երկրներում մարզական վաշտի առումով ինչ փորձ է կիրառվում:

- Վրաստանում 120 տեղ է մարզական վաշտի ծառայողների համար: 2007-ին ըմբշամարտի աշխարհի առաջնության օրերին եղել եմ Բաքվում, բայց տեղյակ չեմ, թե այս առումով Ադրբեջանում ինչ է կատարվում: Իսկ Ռուսաստանի հետ համեմատվել չենք կարող: Այդ երկրի ամեն երկրամասում մարզական վաշտ կա: Տարբեր տարածաշրջաններն ունեն կենտրոնացված բանակային ակումբներ: Հզոր կառույց է, հազարավոր մարզիկներ, նաև տարբեր մարզաձևերի ուժեղ ակումբներ կան: Վերջիններս հանդես են գալիս խոշորամասշտաբ ստուգատեսներում:

 - «Դինամո» մարզընկերությունը Հայաստանի ոստիկանության մարզական կազմակեպությունն է: Ուժային երկու կառույցների մարզական կառույցների միջև կապ կա՞:

- Ոչ մի կապ չկա: Նախկինում «Դինամոն» ունեցել է մարզական վաշտ, 3-4 տարի է, ինչ այն չկա, եթե վերականգնվի, ապա լավ կլինի: «Դինամոյի» մարզական վաշտում ընդգրկվում էին մենապայքարային մարզաձևերի Հայաստանի առաջնություններում 2-3-րդ տեղեր գրավողները, խաղային մարզաձևերի թիմեր կային, և դա օգնում էր, նպաստում սպորտի զարգացմանը:

Tags: