Ժայռ-մարդը. Վլադիմիր Մովսիսյանն ազերիների կացնի հարվածի տակ, անգամ, չստորագրեց փաստաթուղթը

Վլադիմիր ՄովսիսյանՆշանավոր պետական, քաղաքական, հասարակական գործիչ, որի ողջ կյանքն ու գործունեությունը շաղկապակցված է մեր պետության տարեգրությանը, խորհրդային և անկախ Հայաստանի կարևոր ու շրջադարձային էջերին, վաստակաշատ մարդ, որն իր մեծ ավանդն ունի երկրի կայացման գործում, վառ անհատականություն, ժայռ…

Այս վերջին բնութագրումը տվել է երջանկահիշատակ Սոս Սարգսյանը` հայոց լեզվի բառագանձից ընտրելով ամենադիպուկ ու լակոնիկ բառը: Այո, ժայռի պես աներեր ու իմաստուն:

Ավագ և միջին սերնդի համար գուցե ավելորդ լինի ներկայացնել Վլադիմիր Մովսիսյանին, քանի որ այդ սերունդն իր աչքով է տեսել նրա կատարած աշխատանքները: Սակայն երիտասարդ սերնդին իսկապես արժե ներկայացնել նրա կենսագրությունը, որպեսզի մտորելու առիթ ունենա: Մեր իրականության մեջ, երբ շատ արժեքներ աղավաղված են ու ստորադասված,  նման մարդկանց կյանքի օրինակը խիստ կարևոր է ճշտելու համար  նորօրյա չափանիշներն ու մոտեցումները: Նման մարդկանց օրինակը խիստ անհրաժեշտ է նաև մերօրյա բարձրաստիճան պաշտոնյաների համար, որոնք սովորելու  շատ բան ունեն:

Ես նույնպես երիտասարդ եմ ու շատերի պես Վլադիմիր Մովսիսյանի անունը հաճախ լսել եմ Սևանա լճի հետ կապված խոսակցություններում, գիտեմ, որ նրա դերն անգնահատելի է համազգային արժեք հանդիսացող և ռազմավարական նշանակություն ունեցող մեր լճի վերականգնման ու պահպանման գործում: Սակայն նրա կենսագրության էջերը հետ թերթելով` ապշում  ու հիանում եմ` հայտնաբերելով նորանոր փաստեր, նաև զարմանում, որ այս մարդն իր գործունեության սկզբից մինչ օրս ոչ մի վայրկյան չի դադարել, անընդմեջ աշխատել է ամենադժվարին ու պատասխանատու ոլորտներում:

Նոյեմբերի 12-ին Վլադիմիր Մովսիսյանը դարձավ 80 տարեկան, սակայն եռանդուն ու երիտասարդ ավյունով լի գործիչը կարծես թե ամենևին էլ մտադիր  չէ թուլացնելու տեմպը և վաստակած հանգստի գնալու: Միգուցե պատճառը պատասխանատվության այն մեծ զգացումն է, որ քանի դեռ կա, պետք է ծառայի պետությանն ու ժողովրդին:

Հոբելյանական ցերեկույթին, որի ընթացքում տեղի ունեցավ նաև նրա կյանքին ու գործունեությանը նվիրված երկու գրքի շնորհանդես, ներկա էին պաշտոնյաներ ու գործիչներ գրեթե բոլոր ոլորտներից` պետական, քաղաքական, հասարակական, մշակութային: Դա պատահական չէ, քանի որ ինչպես մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, Վլադիմիր Մովսիսյանն ամենուր է, քանի որ ամենուր նրա կարիքը կա:

1975-1990 թթ., վարելով պետական և կուսակցական բարձր պաշտոններ, նա լուրջ ներդրում է ունեցել երկրի զարգացման գործում, որոնց մասին մանրամասն ներկայացված են Ֆելիքս Բախչինյանի և Վլադիմիր Պետրոսյանի գրքերում: Ամենահետաքրքրաշարժ և Հայաստանի  համար ճակատագրական դրվագներից մեկն էլ այն է, որ Վլադիմիր Մովսիսյանի շնորհիվ 1984 թ. Հայաստանին է վերադարձվել Ադրբեջանի կողմից զավթված 14 451 հեկտար հող:  Ինչպես Վազգեն Մանուկյանն է ասում, առանց զորքի ազատագրել է հողը:

Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային արոտավայրերի վեճի մասին է, որը սկիզբ է առել դեռևս 1920-ականներին և նոր փուլ մտել 1941 թ. սկսված Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, երբ ԽՍՀՄ պաշտպանության պետական կոմիտեի որոշմամբ ժամանակավորապես Հայաստանից Ադրբեջանին է տրվել 160 հազար հեկտար ամառային արոտավայր` ռազմաճակատին մսամթերքով ապահովելու նպատակով: Պատերազմի ավարտից հետո Հայաստանի` Ադրբեջանի կողմից արոտավայրերն այլևս չօգտագործվելու և վերադարձվելու պահանջը տարբեր պատճառաբանություններով մերժվել է, հետագայում արոտավայրերը մաս-մաս վերադարձրել են, սակայն ոչ ամբողջությամբ, և վեճը ժամանակ առ ժամանակ սրվել է: Խնդիրը, ի վերջո, լուծվել է ՀԽՍՀ Մինիստրների սովետի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանի համառ ջանքերի գնով, նա անգամ մահից է փրկվել: Ադրբեջանական պաշտոնյաների հրահրմամբ կատաղած ամբոխը հարձակվել է նրա ու մի քանի հայ պաշտոնյաների վրա, որոնք Մովսիսյանի գլխավորությամբ գնացել էին կանխելու հայկական հողերի վրա իրականացվող ջրատարի ապօրինի շինարարությունը: Ամբոխը նախ շրջել է նրանց ավտոմեքենան, հետո դուրս քաշել նրանց, մահակներով հարվածել, քարեր նետել, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելուց հետո` բռնությամբ տարել Քյամառլու գյուղ, որի ակումբում սեղանին դրել թուղթ ու գրիչ և կացնի սպառնալիքի տակ ստիպել Մովսիսյանին և մյուսներին արնաշաղախ բարձրանալ բեմ և ստորագրել այդ հողերն Ադրբեջանին պատկանելու մասին փաստաթուղթը: Շուրջ երեք ժամ տևած տանջալի իրադրության պայմաններում Մովսիսյանն անընդհատ հրաժարվել է ստորագրելուց, և նրա ամեն խոսքից հետո ազերիները բարձրացրել են սեղանին դրված կացինն ու սպառնացել, որ կկտրեն վիզը: Ի վերջո Մովսիսյանին հաջողվել է սթափեցնել գազազած ազերիներին և նրանց կազմակերպիչներին, երբ հայտարարել է, որ այս ամենը սադրող պաշտոնյաների մասին կզեկուցի ՍՄԿԿ կենտկոմին: Այդպես հայ պաշտոնյաների խումբն ազատվել է մարդասպան ամբոխի ճիրաններից` առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու:

Պատահական չէ, որ 1990 թ.` Հայաստանի համար ամենադժվարին ժամանակահատվածներից մեկում, Վլադիմիր Մովսիսյանը միաձայն ընտրվել է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար: Կեսկատակ-կեսլուրջ ասում է, որ լավ գիտեին, թե իրեն ուր են ուղարկում, ինչ ծանր ու պատասխանատու գործի, և եթե դա լիներ ավելի խաղաղ ժամանակներում, իրեն երբևէ հերթ չէր հասնի, ուզողներ շատ կլինեին: Նույն տարին նա ղեկավարել է ՀՀ պաշտպանության արտակարգ հանձնաժողովը պատերազմի առաջին գծից: 1991-96 թթ. ղեկավարել է նաև ՀՀ փախստականների հարցերի պետական վարչությունը: Պատմում է, որ լինում էին օրեր, երբ օրական մինչև 300 մարդ էր ընդունում և  մեկ առ մեկ լսում բոլորի ահասարսուռ պատմությունները Ադրբեջանում կատարված ոճիրների մասին: Մխիթարում էր բոլորին, կարեկցում ու աջակցում ոչ միայն ի պաշտոնե, այլև մարդկայնորեն:

Մեծ է նրա ավանդը նաև 1988 թ. ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման, անօթևաններին և տուժածներին աջակցելու գործում: 1992-94 թթ. Լեռնային Ղարաբաղում հենց նա է կազմակերպել 2837 տների ու բնակարանների վերականգնումն ու կառուցումը և շուրջ 40 հազար փախստականների Հայաստանից ԼՂՀ վերաբնակեցումը:

Վլադիմիր Մովսիսյանը եղել է նաև Գեղարքունիքի մարզպետ, գյուղնախարար, 1999-2004 թթ.` ՀՀ վարչապետի խորհրդական: 2004-ից ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենն է, 2008-ից` ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահը: ՀՀ Հանրային խորհրդի ստեղծման օրվանից խորհրդի անդամ է, ամենաակտիվ անդամներից մեկը:

Հոբելյանական ցերեկույթին նրա բազմաթիվ շքանշաններին ավելացան ևս մի քանիսը, իսկ հոբելյարը լոռեցու պարզ ու անկեղծ խոսքով ներկաներին ասաց. «Արել եմ այնքան, ինչքան ուժերս ներել են: Հավատացեք` կանեի ավելին, այդքանն եմ կարողացել: Ավել-պակասի համար ներողամիտ եղեք»:

Վազգեն Մանուկյանը Վլադիմիր Մովսիսյանի մասին խոսելիս ասում է, որ նման դժվարին, պատասխանատու և ծանր աշխատանք ուսերին տանելու համար նախ և առաջ պետք է սիրես քո երկիրը, քո հողն ու ջուրը. «Վլադիմիր Մովսիսյանի սերն իր հող ու ջրի նկատմամբ անվերջ է»,- ասում է նա:

Իսկ Սոս Սարգսյանը պատահաբար չի ասել, որ Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել այն գործիչներին, որոնք ոչ միայն եղել են բոլոր բնակավայրերում, այլև հանդամասերում, արոտավայրերում, այգիներում և անուն-ազգանունով, տոհմով են ճանաչում մարդկանց: «Անունները հանրահայտ են` Անտոն Քոչինյան, Վլադիմիր Մովսիսյան, Ալեքսան Կիրակոսյան»,- նշել է նա:

Երբ վերջին շրջանում Մովսիսյանն այցելել է հիվանդանոց` Սոս Սարգսյանին տեսակցելու, վերջինս այդ այցից հետո տպավորված գրել է. «Պառկած նայում եմ նրան. թիկնեղ, բարձրահասակ, առնական, լայն դեմքին խոշոր, իմաստուն աչքեր, խոր կնճռի երկու ակոս և հզոր ծնոտ… Էն տղամարդկանցից է, որ եթե կինը սիրահարվեց, ապա մինչև կյանքի վերջը: Կարծում եմ` իմ սիրելի քույրիկ, նրա տիկին Մառլենան լռելյայն ինձ հետ կհամաձայնի»:

Տիկին Մառլենան մեզ հետ զրույցում, խոսելով համբերատար, ներողամիտ, ազնիվ, զիջող, հոգատար ու չափազանց բարի ամուսնու մասին, նաև հիշեց, թե ինչպես են ծանոթացել. «1958 թվականն էր: Նա որպես կրտսեր գիտաշխատող եկավ աշխատելու Կալինինոյի փորձարարական տնտեսության բազայում, որի տնօրենը հայրս էր: Ես այդ ժամանակ ուսանող էի, սովորում էի Երևանում, իսկ ամռան ամիսներին մի փոքրիկ աշխատանք էի կատարում հայրիկիս մոտ: Հիշում եմ` պետք է կուրսային գրեի, չգիտեի` որ կողմից սկսեմ, հայրս խորհուրդ տվեց դիմել Վլադիմիրին` որպես խելացի, երիտասարդ աշխատողի: Մոտեցա, ասացի` կարո՞ղ եք օգնել ինձ, ասաց` խնդրեմ: Երկու ժամ հետո հսկայական պրոյեկտը բերեց, հանձնեց ինձ»,- պատմում է նա:

Այդ ծանոթությունից անցել է ուղիղ 55 տարի, բայց մինչ օրս տիկին Մառլենան հպարտանում է նրանով և ասում, որ ոչ մի վայրկյան չի նեղսրտել, երբ ամուսինն իր ժամանակի մեծ մասը նվիրել է պետական, քաղաքական ու հասարակական աշխատանքին: Ավելին` նրան օգնել է, ընտանեկան հոգսերից ազատել, որպեսզի նա իր գործն անի անմնացորդ նվիրումով:

 

Tags: ,