ՄԻԱՎ/ՁԻԱՀ- ի վարակի կանխարգելման առումով Հայաստանը լավ դիրքերում է, իսկ թիրախային խմբերում շարունակում են մնալ միգրանտները

aids-2ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը շարունակում է սպառնալ աշխարհի մարդկությանը: Ըստ վիճակագրության` աշխարհում ավելի քան 20 մլն մարդ զոհ է դարձել այդ հիվանդությանը: Այն շարունակում է մնալ աշխարհում մահվան խոշորագույն սպառնալիքներից մեկը, իսկ Աֆրիկայում՝ թիվ մեկ պատճառը:

Մեր երկրում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988-ից: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով` 1988-ից սկսած  մինչև 2011 թ նոյեմբերի 1-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1127 դեպք, որոնցից 148-ը` 2010 թ. ընթացքում: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 797 մարդ (70,7%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 330 դեպք (29,3%): ՄԻԱՎ վարակի 22 դեպք (2%) է արձանագրվել երեխաների մոտ: ՄԻԱՎ-ով վարակվածների 57,1%-ը 25-39 տարիքային խմբում է: Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են սեռական ճանապարհը (53,7%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (37,4%):

ՄԻԱՎ վարակով հիվանդներից 536-ի մոտ (այդ թվում կին` 124, երեխա` 11) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում 94-ի մոտ՝ 2010 թ. ընթացքում: Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով բոլոր վարակվածները եղել են տղամարդ, ընդ որում՝ նրանց մեծամասնությունը ժամանակավոր բնակվել և հավանաբար ՄԻԱՎ-ով վարակվել է ՌԴ-ում և Ուկրաինայում: Բացի այդ, բոլոր ՄԻԱՎ վարակով հիվանդ տղամարդկանց մեծ մասը (53,6%) նույնպես թմրամիջոցների ներարկային օգտագործող է, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (98,4%):

ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երևանում՝ 459 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 40,7%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 11,3%:

ՄԻԱՎ-ի ծագման վերաբերյալ մի քանի վարկածներ կան: ՄԻԱՎ-ի առաջացման մասին առաջին ենթադրությունն արել է ամերիկացի տեսաբան Ռոբերտ Գալլոն: Ըստ նրա` ՄԻԱՎ-ն առաջացել է հեռավոր անցյալում Աֆրիկա մայրցամաքում: Տնտեսության զարգացման, արտագաղթի հետևանքով վարակը ներթափանցել է Եվրոպա և Ամերիկա:  Հիշեցնենք, որ նշված հիվանդությունների միակ ընդհանուր հատկանիշն իմունային համակարգի ծանր ախտահարումն էր: Կլինիկական ախտանիշների այդ համալիրը որակավորվեց որպես բոլորովին նոր համախտանիշ և սկսած 1982 թ.` կոչվեց ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ:

Ինչպես ամբողջ աշխարհում, մեր երկրում ևս ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագիր է գործում:

Առողջապահության նախարարության և ՄԻԱՎ\ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային կենտրոնի կողմից մշակվել և արդեն երկար տարիներ Հայաստանում իրականացվում է ազգային ռազմավարական ծրագիր, որն ուղղված է հիվանդության դեմ պայքարին, տարածման կանխարգելմանն ու բուժման գործընթացներին։ Ծրագիրը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից, դրանից բխող միջոցառումներն ու կանխարգելիչ աշխատանքները նախատեսված են նաև առաջիկա տարիների համար մայրաքաղաքում և մարզերում։ ՄԻԱՎ\ՁԻԱՀ–ի հակազդման ազգային ծրագրի իրականացման գործում Հայաստանին աջակցում է ՄԱԿ-ի՝ ՄԻԱՎ-ի դեմ պայքարի միացյալ ծրագիրը, որը, ի դեպ, համագործակցում է եվրոպական տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների հետ։  Թե ինչպես է գնահատվում ծրագրի իրականացման  արդյունավետությունը մեր երկրում` դժվար է ճշտել:  Օտարերկրյա մեր գործընկերները փորձել են այս ուղղությամբ ուսումնասիրություններ անցկացնել:

ՄԱԿ-ի՝ ՄԻԱՎ-ի դեմ պայքարի միացյալ ծրագրի եվրոպական տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրեն Ժան-Էլի Մալկինն ամիսներ առաջ Հայաստանում էր: Նա ծանոթանացավ և իր գնահատականը տվեց մեր երկրում ծրագրի իրականացման արդյունքների ու ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ: Նա կարծիք է հայտնել, որ այս հիվանդության դեմ բուժումը մեր երկրում իրականացվում է արդյունավետ մեխանիզմով: Եվ նշել է, որ տարածաշրջանային մյուս երկրների համեմատ` Հայաստանը վարակի կանխարգելման ցուցանիշներով հավասարազոր դիրքերում է։ Մեր երկիրը համեմատելով կովկասյան այլ երկրների հետ` նա հավաստիացրել է, որ համաճարակը նույն սանդղակի վրա է, փոխարենը՝ այն մեծ աճ է ունեցել եվրոպական և Կենտրոնական Ասիայի երկրներում։

Ամենաթարմ տվյալներով` մեր երկրում կա մոտ 3500 ՄԻԱՎ վարակով ապրող մարդ։ Իսկ փաստացի գրանցվածների թիվը մոտ 1500 է։ Դրանք այն դեպքերն են, երբ վարակակիրներն արդեն հստակ ախտորոշվել և գրանցվել են բուժհաստատությունում։ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանցից 400-ն արդեն հակառետրովիրուսային բուժում են ստանում Հայաստանում։ Համաճարակի ընդգրկումը մեր երկրում թեև փոքր է, բայց, ըստ մեր օտարերկրյա գործընկերոջ, եթե հակազդում չլինի և միջոցառումներ չձեռնարկվեն համատեղ բոլորի հետ, ապա դժվար կլինի լավ արդյունքների մասին խոսել: Ուշագրավ են ուսումնասիրության այն արդյունքները, որոնց  շնորհիվ պարզվել է, թե մեր երկրում ովքեր են վարակի տարածման ռիսկային գոտում գտնվողները:

Հայաստանում այս հիվանդության տարածման հիմնական խոցելի խմբում աշխատանքային միգրանտներն են՝ կազմելով գրանցված ՄԻԱՎ վարակի 60%-ից ավելին։ Դրանք ՀՀ այն քաղաքացիներն են, որոնք կարճաժամկետ կամ երկարաժամկետ աշխատանքի նպատակով մեկնում են արտերկիր՝ հետագայում վերադառնալով և վարակելով նաև իրենց կնոջն ու ընտանիքի անդամներին։ «Չպետք է խտրականություն դրվի թիրախային խմբերի միջև։ Աջակցության համար պետք է սերտորեն համագործակցել նաև ՀԿ-ների հետ, որպեսզի կարողանանք հեռավոր շրջաններում միգրատների հետ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել։ Դրանք պետք է տարվեն երկու ուղղությամբ. նախ պետք է բարձրացնենք նրանց իրազեկության մակարդակը հիվանդության կանխարգելման, վարակի տարածման ուղիների վերաբերյալ և նպաստենք նրանց վարքագծային փոփոխությանը։ Եվ երկրորդ՝ միգրանտների և նրանց զուգընկերների շրջանում պարտադիր պետք է խրախուսվի թեստավորումը, որպեսզի հիվանդությունը կարողանանք հայտնաբերել զարգացման վաղ շրջանում»,- ասել է ՄԱԿ-ի միացյալ ծրագրի ներկայացուցիչը։ Նա ևս մեկ անգամ վստահեցնում է, որ որքան շուտ հայտնաբերվի վարակը, այնքան հնարավոր կլինի բուժումն իրականացնել արդյունավետ ճանապարհով։ Մարդկանց շրջանում բուժհաստատություն դիմելու բոլոր հոգեբանական խնդիրները փարատելու նպատակով նա առաջարկում է մեծացնել ՀԿ-ների դերը, որպեսզի վերջիններիս աշխատակիցները հոգեբանական աջակցություն ցույց տան բոլոր մարզաբնակներին։ Շատ կարևոր է նաև բուժաշխատողների շրջանում իրազեկության բարձրացումը հիվանդների բուժման հարցում։

Որպես բուժման արդյունավետության բարձրացման և հիվանդությունը մշտապես վերահսկելու միջոց` նա կոչ է արել մեր երկրի իշխանություններին և առողջապահական համակարգի պատասխանատուներին մեծացնել ուշադրությունն այս ոլորտի նկատմամբ և ավելացնել ֆինանսավորումը՝ հաշվի անելով թանկ և անմատչելի դեղորայքը: Այնուհետև շեշտը պետք  է դրվի բուժման հասանելիության վրա, որպեսզի վարակակիրների համար բուժման հասանելիությունը մեծանա, և վերականգնվի ոչ միայն նրանց առողջությունը, այլև կանխվի վարակի հետագա տարածումը»,- նշել է նա։ Այս հիվանդության բուժումը, Ժան-Էլի Մալկինի տեղեկացմամբ, իրականացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցներով և հակառետրովիրուսային դեղորայքով։ Դա բուժման ամենաարդյունավետ տարբերակն է և իրականացվում է աշխարհի բոլոր երկրներում։

Լ.Ն