Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 3-րդ գլուխն ամբողջությամբ նվիրված է վարչական տույժին, որի 22 հոդվածի համաձայն` վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց և կիրառվում է` նպատակ ունենալով վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել խորհրդային օրենքները պահպանելու, սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու ոգով, ինչպես նաև կանխել ինչպես իր իսկ` իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը:
Վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող են կիրառվել հետևյալ վարչական տույժերը`
1) նախազգուշացում,
2) տուգանք,
3) վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի հատուցմամբ վերցնում,
4) վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավում,
5) քաղաքացուն տրված հատուկ իրավունքից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, որսորդության իրավունքից) զրկում:
Քննարկվող տույժերը բաժանվում են երկու խմբի` հիմնական և լրացուցիչ: Առարկաները հատուցմամբ վերցնելը և բռնագրավումը կարող են կիրառվել ինչպես իբրև հիմնական, այնպես էլ իբրև լրացուցիչ վարչական տույժեր: Հիշյալ օրենսգրքի 23 հոդվածի առաջին մասում թվարկված մյուս վարչական տույժերը կարող են կիրառվել միայն որպես հիմնական տույժեր:
Մեկ վարչական իրավախախտման համար կարող է նշանակվել հիմնական կամ հիմնական ու լրացուցիչ տույժ:
Նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումն արձանագրվում է այլ սահմանված եղանակով:
Տուգանքը գույքային բնույթ ունեցող վարչական տույժի տեսակ է:
Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան հատուցմամբ վերցնելն այն է, որ առարկան հարկադիր կարգով վերցվում է և այնուհետև իրացվում, ստացված գումարը հանձնելով նախկին սեփականատիրոջը` վերցված առարկայի իրացման ծախսերի պահումով:
Հրազենը և զինամթերքը հատուցմամբ վերցնել չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, որոնց համար որսորդությունը գոյության հիմնական աղբյուրն է:
Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավումն այն է, որ այդ առարկան, հարկադիր կարգով անհատույց դարձվում է պետական սեփականություն: Բռնագրավվել կարող է միայն այն առարկան, որը խախտողի անձնական սեփականությունն է, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով այլ բան չի նախատեսված:
Հրազենի, որսի այլ գործիքների և զինամթերքի բռնագրավում չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, որոնց համար որսորդությունը գոյության հիմնական աղբյուրն է:
Քաղաքացուն տրված հատուկ իրավունքից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, որսորդության իրավունքից) զրկում կիրառվում է մինչև երեք տարի ժամանակով` այդ իրավունքից օգտվելու կարգը կոպիտ կերպով կամ սիստեմատիկորեն խախտելու համար:
Այդպիսի իրավունքից զրկելու ժամկետը չի կարող տասնհինգ օրից պակաս լինել: Որսորդության իրավունքից զրկում չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, որոնց համար որսորդությունը գոյության հիմնական աղբյուրն է:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Tags: իրավունք