«Երգը շատ էր մեր տանը՝ պապիս երգը, մայրիկիս երգը» Շտրիխներ Հենրի Սիմոնյանի դիմանկարին` հոբելյանի առթիվ

P1020268Ահա արդեն 45 տարի Խ. Աբովյանի անվան համալսարան է շտապում ձայնի մշակման դասախոս, ձայնի մշակման ամբիոնի նախկին վարիչ, ներկայումս ամբիոնի վոկալ բաժնի վարիչ Հենրի Սիմոնյանը` նաև նախապատրաստվելով իր ծննդյան 75-ամյակին նվիրվելիք մենահամերգին:

Ինգա և Անուշ Արշակյաններ, Գայանե Հովհաննիսյան և էլի շատ ուրիշներ, որոնք այսօր հայտնի անուններ են, աշակերտել են նրան: Աշակերտներից մեկի՝ Տիգրանի սրտաբուխ նամակը ԱՄՆ-ից պակաս արժեք չունի պրոֆեսորի համար, քան բազում պատվոգրերը, շնորհակալագրերը, մանկավարժական համալսարանի «Խաչատուր Աբովյան» ոսկե 4 մեդալները, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալը իր ծննդյան 70-ամյակի առթիվ, ՀՀ պաշտպանության նախարարության պարգևը տարբեր զորամասերում հանդիպումների և ելույթների համար: Նա երկար ժամանակ ձգձգվող ՀՀ վաստակավոր արտիստի կամ մշակույթի վաստակավոր գործչի կոչումներից բարձր է համարում իր ունկնդիրների և սաների ծափերն ու գնահատականները:

Հենրի Սիմոնյանը ծնվել է 1938 թ. օգոստոսի 21-ին Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): Եղեռնից մազապուրծ ղարսեցիներ էին նախնիները: Մայրական պապը, որ Տրապիզոնի ճեմարանն էր ավարտել, դարձել էր Ղալթախչիի (այժմ՝ գ. Հարթագյուղ Լոռու մարզում) եկեղեցու քահանա և հետագայում բանտարկվել ու գնդակահարվել կոմունիստների կողմից: Ծնողների պատմածներից գիտի իր պապի երգի մասին: Լսել է, որ շատերը եկել են պատարագի իր պապի երգը լսելու համար:

- Երգը մեր տանը շատ է եղել՝ պապիս երգը, մայրիկիս երգը,- ասաց ու արցունքոտ աչքերով շարունակեց,- մայրս գաղթի ուղին բռնել է իր հոր 10 զավակների հետ, նրանցից երկուսն են հասել Հայրենիք, մյուսները զոհվել են ճանապարհին: Հայրական պապս էլ, որ զգալի ունեցվածք ու շինություն էր թողել Էրգրում, այստեղ ընդամենը 4 ոչխար է ունեցել, մահացել է հիվանդությունից:

Սիմոնյանի հայրը Ձորագէսի շինարարությունում է աշխատել, եղել է արհկոմի նախագահ: Հոր պատմածներից գիտի, որ շատ անգամ է շինարարների մոտ եղել ՀԿԿ կենտկոմի քարտուղար, երջանկահիշատակ Աղասի Խանջյանը: Օրեր են եղել, որ նա բանվորների հետ հավասար աշխատել է, նրանց հետ սնվել ու քնել: Պատմում էր այս մասին նույն սրտացավությամբ, հայի սրտացավությամբ: Շինարարության ավարտից հետո ընտանիքը տեղափոխվել է Կիրովական:

Հենրի Սիմոնյանը 1945-55 թթ. սովորել ու ավարտել է Կիրովականի թիվ 3 դպրոցը: Հրապուրված էր սպորտով և երաժշտությամբ: Բասկետբոլի հետ նրա բարեկամությունը երկար ճանապարհ չունեցավ, իսկ ահա հանդիպումը հայտնի երաժիշտ, Վանաձորի երաժշտական դպրոցի և ուսումնարանի հիմնադիր Էդվարդ Կզարթումյանի հետ` ճակատագրական եղավ: Նրա «ձայնդ փոր կպահի» գնահատականը դարձավ կյանքի ճանապարհի մեկնարկը: Նախ Վանաձորի երաժշտական ուսումնարանն ավարտեց, իսկ 1967-ին՝ Երևանի պետական կոնսերվատորիան: Սկզբում Նար Հովհաննիսյանի դասարանում էր, բայց ավարտեց Թամարա Շահնազարյանի դասարանը: Պատանեկության տարիներին շատ էր լսում ռադիո, հատկապես` իտալացի երգիչներին: Հետո իրեն լսեցին: Սկզբում աշխատանքի անցավ Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում որպես դերասան և մեներգիչ: Մեներգիչ էր նաև Հայֆիլհարմոնիայում: Համերգներ ուենցավ Հայաստանի բոլոր շրջաններում, գրեթե բոլոր մեծ ու փոքր շեներում: Համերգային շրջագայություններով եղավ Ֆիլիպիններում, Կանդայում, Ֆրանսիայում, Եվրոպայի նախկին սոցիալիստական բոլոր երկրներում, առանց բացառության: Սրտաբուխ էին նրա ելույթները Լոռիում՝ Վանաձորում, Ալավերդիում: Եգացանկում հայկական ժողովրդական, գուսանական երգեր են, դասական ստեղծագործություններ, ռոմանսներ, արիաներ:

Քիչ երգիչներ են կարողանում դասականը զուգորդել ժողովրդականի հետ: Իմ այս բնորոշմանը Հենրի Սիմոնյանը հակադարձեց.

- Իսկ ո՞վ է ասել, որ հայկական ժողովրդական երգը պիտի երգել ոչ դասական ոճով: Ես դրա կողմնակիցն եմ, իսկ դրա հիմնադիրներից մեկն անզուգական Շարա Տալյանն էր:

Հիշողությունները շատ են` Հայկական արվեստի  օրեր Կիևում, տարբեր շրջագայություններ հին նվագարանների «Տկզար» անսամբլի հետ: Երկարատև ելույթներ ԱՄՆ-ում նորացված ու իր ղեկավարությամբ գործող «Տկզարի» հետ: Տաբեր տարիներ դասախոսական աշխատանքին զուգահեռ աշխատակցել է նաև «Տաղարան» համույթին և Նորայր Դավթյանի հիմնադրած ժողովրդական նվագարանների նվագախմբին: Պատրաստ է աջակցել ամենքին, ուրախացնել գիտի և ուրախանում է ուրիշների հաջողություններով: Բազում հանդիպումներ և բնակվելու ու աշխատելու առաջարկություններ տարբեր երկրներից: Եվ միշտ մերժում է նախնիների հիշողությամբ ապրելու և իր հայրենիքի հետ լինելու մտահոգությամբ, հայոց լուսավոր ապագային անփոփոխ հավատով:

Նրա ամեն մի այց  Վանաձոր առանց երգի չի լինի: Նրա համար մեծ ու փոքր դահլիճներ չկան: Քրոջ՝ Անահիտի ընտանիքն անգամ կարող է դառնալ մի ամբողջ համերգի ունկնդիր: Արվեստասեր է Սիմոնյանների ընտանիքը: Հենրիի ավագ եղբայրը՝ Ալբերտը, նկարիչ էր, ժամանակին եղել է Մոսկվայի Տիմիրյազևյան հայտնի շրջանի գլխավոր նկարիչը: Վանաձորում լավ են հիշում նաև նրա մյուս եղբորը՝ կարի ֆաբրիկայի և սառնարանային տնտեսության ղեկավար Կառլենին: Մարսել եղբայն էլ, որը ԱՄՆ-ում է բնակվում, Վանաձորում եղել է քիմիական գործարանի փոխտնօրենը: Հենրին փոքր եղբորը` Մարտունին հիշեց, ու կրկին աչքերը թրջվեցին անժամանակ կորստի ցավից, հիշեց նաև հորեղբոր որդուն` Մեծ հայրենականում զոհված, շնորհաշատ նկարիչ Կորյուն Սիմոնյանին: Բոլոր եղբայրներն էլ երաժշտական ձայն ունեին, բայց դա որպես մասնագիտություն իր ճանապարհն էր, որով գնաց նաև իր դուստրը՝ Ծովին: Իսկ որդին՝ Արմենը, մասնագիտությամբ նկարիչ է, սակայն Մոսկվայում այլ ոլորտում է աշխատում: Կնոջ՝ վաստակաշատ մանկավարժ Կարինե Մելքոնյանի և Հենրի Սիմոնյանի ամենամեծ հպարտությունը երեք թոռնիկներն են: Ի դեպ, աղջկա կողմից երկու թոռնիկների հայրը ճանաչված վիրաբույժ Արտակ Վարդանյանն է, որ աշխատում է «Էրեբունի» բժշկական համալիրում: Ընտանիքը Հենրի Սիմոնյանի համար սրբություն է, իսկ Հայաստանը նրա մեծ ընտանիքն է:

Մանկավարժական համալսարանի երգ-երաժշտություն սփռող մասնաշենքի ամենավերին հարկի լսարանում զարմանքի ու կախարդանքի մեջ ես վերջակետ էի փնտրում ու չէի գտնում: Պրոֆեսորն ինձ մեկնեց «Գարուն» ամսագրի նախկին տարիների խունացած համարներից մեկը, որում Անահիտ Սահինյանի խոհ- գնահատականն էր Բուլղարիայում` հայկական եկեղեցում, Հենրի Սիմոնյանի ելույթի մասին: Կարդացի մի քանի տող, հիշեցի, որ ժամանակին կարդացել եմ այն և միանգամից հնչեցրի իմ ուսանողական տարիներին երջանկահիշատակ Էլվիրա Մակարյանից լսածս խոսքերը. «Ռուսաստանը մեծ է, նրան վտանգ չի սպառնում, Հայաստանը փոքր է և կխորտակվի, եթե արվեստը գլորվի անդունդ»:

-       Արվեստն անդունդ չի գլորվի,- վստահ ասաց Հենրի Սիմոնյանը:

Իսկ ես ուզեցի որպես վերջակետ շնորհակալական խոսքեր ուղղել երևանաբնակ իմ բարեկամին` հին ալավերդցի Վոլոդյա Աղաբաբյանին իմ այս ծանոթությունը և հանդիպումը նախաձեռնելու համար:

 

Վաղարշակ  ՂՈՐԽՄԱԶՅԱՆ