Բեխտերևի հիվանդություն. դատավճի՞ռ է դա, թե՞ դեռ կա հույս

հիվանդությունՈղնաշարի առողջությունը

Ողնաշարի առողջության համար հարկավոր է ամենօրյա մարզումներ կատարել, իսկ  ձգումներ առաջարկվում է անել  20 տարեկանից հետո, բոլորին, քանի որ մոտավորապես այդ տարիքում են առաջանում միջողնային սկավառակների ձևախախտումները. դրանք  սկսում են ծերանալ, մաշվել կամ քայքայվել: Բազում գործոններ (էկոլոգիա, վատ ջուր, անորակ սնունդ, մթերք ևն) նպաստում են այդ գործընթացին: Եվ վերահսկել, կառավարել վիճակը թերևս միշտ հնարավոր չլինի, սակայն հուսահատվել չարժե, դրա փոխարեն հարկավոր է ակտիվ գործունեություն ծավալել այդ բացասական գործոնների ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ:

Տարիքի հետ մարդու բոյը նվազում է. 60-70 տարեկանում մադու հասակը  25-30 տարեկանի համեմատ 7-12 սմ-ով պակասում է: Մենք նույնիսկ օրվա ընթացքում ենք, առավոտվա համեմատ, «կարճանում»: Բոյի փոփոխությունները կատարվում են միջողնային սկավառակների ճնշման, ճզմման հետևանքով: Սակայն ցավն այն է, որ այդ փոփոխությունները միայն հասակի կարճանալով չեն սահմանափակվում: Դրա մասին չարժե անգամ մտածել. կյանքում  կարճ բոյից շատ ավելի լուրջ խնդիրներ կան:

Ողները, մեկը մյուսին  սեղմվելով, ճնշում են ողնուղեղը, ինչը հանգեցնում է լուրջ խնդիրների, որոնցից ամենացայտունը մեջքի ցավն է:

Ավելի լուրջ ու բացահայտ արտահայտություն է  ողնաշարի նյարդարմատների ճնշումը, ինչն էլ հանգեցնում է ողնուղեղի   տվյալ հատվածին համապատասխանող  ներքին օրգանների հիվանդությունների: Ընդ որում, տվյալ օրգանների աշխատանքը վատանում է գրեթե 40-60%-ով: Օրինակ, եթե ճզմված են պարանոցի վերին հատվածի նյարդաթելիկները, ապա հավանական է, որ ուժեղ գլխացավեր առաջանան: Ընդ որում, չարժե հույսը դնել դեղի վրա, քանի դեռ չի վերականգնվել ողների ճիշտ դիրքը: Առաջին հերթին հարկավոր է ողնաշարի վիճակը բարելավելու համար «մեծացնել» միջողնային տարածությունը («ձգել» ողները): Դրա համար հարկավոր է ամեն օր վարժություններ կատարել. լավագույն ժամանակ է  համարվում երեկոն:

Յուրաքանչյուրը, բժշկի հետ խորհրդակցելով, կընտրի իրեն հարմար վարժությունը, եթե չի կարող համալիր մարզանք կատարել: Կարևորը հանգստությունն է, անշտապությունը, շարժումների մեղմությունը: Կտրուկ շարժումների դեպքում հնարավոր է` ցավ առաջանա:

Ու մի հանգամանք էլ. մեզ բնորոշ է խնդրի առաջացման ժամանակ, իսկ երբեմն էլ շատ ավելի ուշ սկսել մարզվել, երբեմն էլ խիստ ժամանակավրեպ: Ուստի չպետք է սպասել, որ  ողնաշարը սկսի խշրտալ կամ խնդիրն ինքն իրեն անցնի: Օրական մարզումները կօգնեն ոչ միայն ողնաշարին, այլև ներքին օրգանների աշխատանքին:

 Ողնաշարային խնդիրները երբեմն հանգեցնում են այնպիսի հիվանդությունների, որոնք խիստ ազդում են կյանքի որակի վրա և անընդհատ ուղեկցում հիվանդին:

Սակայն անգամ Բեխտերևի հիվանդություն ախտորոշումը դատավճիռ չէ:

Նախ` հիվանդության մասին, որքանով է այն վտանգավոր, և հնարավո՞ր է այն բուժել:

Սա ռևմատիկ հիվանդություն է, որն ախտահարում է  շարժողական համակարգը: Առաջին հերթին հարվածի տակ է հայտնվում ողնաշարը, որն ի վերջո լրիվ ոսկրանում է: Կարող են ախտահարվել նաև մյուս հոդերը (ինչպես և լինում է հիմնականում) և օրգանները: Սա հոդերի ու ողնաշարի քրոնիկական բորբոքային հիվանդություն է: Ի դեպ, այդ հիվանդությունից է մահացել Նիկոլայ Օստրովսկին («Ինչպես է կոփվում պողպատը»),  այդ հիվանդությունից են տառապել շախմատիստ Վլադիմիր Կրամնիկը, միլիարդատեր Արիստոտել Օնասիսը, չեխ գրող Կարել Չապեկը:

Բեխտերևը չի հայտնաբերել  հիվանդությունը: Բնականաբար, դրանով հիվանդացել են նաև հազարամյակներ առաջ: Հիվանդության նկարագրություններ կան փարավոնների կյանքի տարեգրություններում: Պարզապես Բեխտերևն առաջինն էր, որ կարողացավ ճշգրտորեն նկարագրել  հիվանդությունն ու դրա առաջացման պատճառները: Իսկ թե ինչու է այդ հիվանդությունը ստացել տաղանդավոր ու հայտնի գիտնականի անունը, ճշգրիտ հայտնի չէ:

Սակայն կարևորը դա չէ: Ամեն դեպքում Բեխտերևն անգնահատելի ներդրում ունի այդ հիվանդության ուսումնասիրման գործում: Նա աշխատություն է հրապարակել հիվանդության ախտանշանների նկարագրությամբ: Այս հիվանդությունը սահմանափակումներ չունի, հիվանդանում է  և՛ ահելը, և ՛ջահելը` անկախ կենսակերպից, ունեցվածքից և նույնիսկ առողջական վիճակից: Սակայն կա վիճակագրություն, որի համաձայն` Բեխտերևի հիվանդությունը տղամարդկանց մոտ ավելի հաճախ է պատահում: Գիտնականներն այդ հանգամանքը կապում են  հատուկ գենի հետ, որը միայն արական սեռն է կրում: Այս հիվանդությունը հիմնականում ախտահարում է երիտասարդ օրգանիզմը. հիվանդների գերակշռող մեծամասնությունը 20-30 տարեկան է: Եվ ամենակարևորը` գենը փոխանցվում է ժառանգաբար, այսինքն` եթե ցեղում կա այդ հիվանդությունը, ապա մնացած բոլոր սերունդների տղամարդիկ պետք է զգուշանան:

Վատն այն է, որ հիվանդությունը սկզբնական փուլում հաճախ շփոթում են սովորական օսթեխոնդրոզի կամ էլ արթրիտի հետ: Պետք է հիշել, սակայն, տարբերակիչ ախտանշանների մասին. այս հիվանդությունը զգացվում է ողնաշարի ու հոդերի ցավով անգամ պառկած վիճակում , այսինքն` հիվանդը ցավ է զգում առավոտյան, քնից հետո կամ երկար պառկած հանգստից հետո:

Սակայն, եթե հիվանդությունը հայտնաբերվել է նախնական փուլում, ապա կարելի է բուժվել, միջոցներ ձեռնարկել վիճակը կայունացնելու համար: Եթե հիվանդությունը նոր-նոր է սկսվել, ապա մագնիս-ռեզոնանսային տոմոգրաֆիայով կարելի է 100%-ով ախտորոշել այն:  Բայց ցավն այն է, որ այդ միջոցը մատչելիներից չէ, բացի այդ, ամեն ցավի ժամանակ չէ, որ վազում ենք հետազոտման:

Ողնաշարի ախտահարման ախտանշանները

Ամենակարևոր ախտանշանը ցավն ու  ողնաշարի հատվածում  կաշկանդվածության զգացումն է, որը շատ հաճախ առաջանում է գիշերը և ուժգնանում լուսադեմին, ինչը տևում է  2 ժամից ավելի ու նվազում ֆիզիկական ակտիվության հետ, տաք ցնցուղից: Օրվա ընթացքում  ողնաշարի ցավն ու կաշկանդվածությունը կրկին զգացվում են հանգստի վիճակում, իսկ օրվա երկրորդ կեսին` երբեմն անհետանում: Ողնաշարի ախտահարումն այս հիվանդության դեպքում պարտադիր ախտանշան է:

Աստիճանաբար  առաջանում է կիֆոզ (կուզ), որը երբեմն  այնքան ընդգծված է լինում, որ նույնիսկ  «հեռավորության» վրա կարելի է այն հիվանդի  տեսքից ախտորոշել: Այս հիվանդությունը սովորաբար դանդաղընթաց է, բազմամյա, սրացումների ու վիճակի բարելավման հերթափուլերով:

Բեխտերևի հիվանդության կարևոր դրսևորում է  սրբոսկրի բորբոքումը, ինչը հաճախ շփոթվում է ռադիկուլիտի, միջողնային սկավառակի ճողվածքի կամ նստանյարդի բորբոքման հետ:

Հիվանդությունը սովորաբար սկսվում է  կյանքի երկրորդ տասնամյակի վերջին կամ երրորդ տասնամյակի սկզբին, սակայն մասնագետները վկայում են, որ վերջին  ժամանակներս հիվանդանում են նաև դեռահասության տարիներին : Այդ տարիքում հիվանդությունն ուղեկցվում է մարմնի ջերմության թեթևակի բարձրացմամբ:

Ի դեպ, վիճակը չծանրացնելու համար հարկավոր է հիշել, որ քաշի ավելացումը հոդերի համար գերբեռնվածություն է ստեղծում, ուրեմն հարկավոր է  ուշադրություն դարձնել քաշին:

Հիվանդության բուժմանը միտված միջոցներից են ֆիզիկական ակտիվությունը, դրա համար էլ գուցե պետք է ցավն անտեսելով  կատարել ֆիզիկական վարժություններ ամեն օր: Ի դեպ, ընդմիջված պարապմունքների ընթացքում հնարավոր է, որ անցանկալի փոփոխություններ առաջանան:

Քրոնիկական հիվանդությունների նման այս հիվանդության դեպքում էլ պետք է սնունդը հավասարակշռված լինի: Այն երբեք չպետք է նպաստի քաշի ավելացմանը, ինչը կարող է  վերջույթների  համար վերածվել լուրջ ծանրաբեռնվածության: Սպիտակուցներ պետք է լինեն բավարար քանակով, ընդ որում, նախընտրելի են ձուկը, կաթնամթերքը:

Ախտահարման հաճախակի պատճառներից են`

  • քրոնիկական տոնզիլիտն ու ֆարինգիտը (նշագեղձերի ու կոկորդի լորձաթաղանթի բորբոքումը,
  • հարքթային խոռոչների բորբոքումը,
  • հերպեսը (պարբերաբար շուրթերին կամ սեռական օրգաններին ցանի առաջացումը),
  • աղիների դիսբակտերիոզը և աղիների մակաբույծները,
  • միզասեռական համակարգի ինֆեկցիաները (պրոստատիտ, ուրեթրիտ, ցիստիտ ևն),
  • ատամների արմատների մոտ կիստոզային բորբոքումները:

Իդեպ, սեզոնային վարակիչ հիվանդությունները ևս կարող են նպաստել արթրիտների սրացման:

Ինչն է օգտակար և ինչը` վնասակար այս հիվանդության դեպքում.

  • լողը (օգնում է աշխատեցնել ողնաշարն ու հոդերը),
  • ամենօրյա  մարմնամարզությունը, սակայն` դանդաղ,
  • եթե սրացում չկա, ապա օգտակար են  նաև մերսումները:

Վնասում են`

  • այն մարզաձևերըը, որոնք կարող են վնասվածքների պատճառ դառնալ (վազք, թռիչք, կտրուկ շարժումներ),
  • հակացուցված է սառեցումը,  ուստի մարզումները պետք է անել հարմարավետ  պայմաններում և նորմալ ջերմաստիճանում:

Ընդհանրապես ցանկացած տեսակի մերսում և պրոցեդուրա հակացուցված են սրացումների ժամանակ:

Tags: