Կորստի և հաղթանակների ճամփաբաժանում…

19-14-1-1ԱպրիլԿյանքի զարթոնքի, սիրո ու երազանքի ամիս, որ հայոց պատմության մեջ նաև 1915 թ. ապրիլ 24-ն է խորհրդանշում: Ով իմանար, որ տասնամյակներ անց նույն այդ ամիսն արդեն հայոց նորագույն պատմություն պիտի մտնի  և՛ տխուր, և՛ հիշարժան տարեթվերով: Խոսքն այս դեպքում, իհարկե, արցախյան գոյամարտի տարեգրության մասին է, որի հաղթական դրվագներն էլ, ցավոք, պարտություններն էլ արդեն պատմություն են դառնում: Սա անցյալը վերհիշելու լավ առիթ է, թերևս:

 Եթե թերթենք տարեգրության այդ էջը, ապա առաջին հերթին պիտի վերհիշենք «ԿՈԼՑՈ» տխրահռչակ օպերացիան, Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի սպանդը, իսկ փառահեղ հաղթանակների առումով պիտի առանձնանան Քարվաճառի և պատմական Թալիշի ազատագրումները:

Հյուսիսային Արցախում` Մռավ լեռան հյուսիսում է գտնվում հայոց լեռնաշխարհի հնագույն գյուղերից մեկը` Գետաշենը: Թեև գրավոր աղբյուրներում այն հիշատակվում է XVII դարից, տարածքից հայտնաբերված գտածոները վկայում են, որ գյուղը գոյություն է ունեցել դեռ վաղ միջնադարից: XIX դարավերջին այն իր բնակչությամբ երկրորդ տեղն էր գրավում Արցախում: Թերևս այդ պատճառով էր, որ XIX դարասկզբին հայ-թաթարական ընդհարումների ժամանակ   օսմանյան և մուսաֆաթական զորքերը խուսափեցին անգամ գյուղին մոտենալ: Իսկ արդեն դարավերջին Ադրբեջանն ի կատար ածեց վաղուց մշակված գաղտնի ծրագիրը: Իհարկե, Մոսկվայի աջակցությամբ, որովհետև   Գորբաչովն ու իր համախոհները  չէին ճանաչում, չէին ընդունում Լ. Տեր-Պետրոսյանի իշխանությունը, վերջինս էլ իր հերթին, «յոթերորդ երկնքում» գտնվելով, չէր շտապում ոչ միայն կենտրոնի հետ հարաբերությունները բարելավել, այլև Գետաշեն, Մարտունաշենը փրկել:

Այդ խառնակ օրերին Գետաշենից հանվեց ՀՀՇ-ի ջոկատը: Չօգնեցին նաև օրհասական կռիվներն ու երեքամյա շրջափակումը: Եվ 1991 թ. ապրիլի 30-ին հազարամյա գյուղում մարեց կյանքը: Այդ օրը հերոսին վայել մահով ընկան նաև Գետաշենի գյուղի պատմության ուսուցիչ, պաշտպան Թաթուլ Կրպեյանն ու նրա մարտական ընկերներ Հրաչը, Արթուրը, իսկ Մարտունաշենում` Սիմոն Աչիկգյոզյանը:

Ապրիլին ծնված ազգային հերոս Թաթուլը, որի ծնունդը (1965 թ. ապրիլի 21) ասես նշանավորվեց մեր բանտված ապրումների համազգային պոռթկումով, զոհվեց հենց ապրիլին:

 ՀՈՂ ԵՎ ՄՈՐՄՈՔ

ՄԱՐԱՂԱ… 1829 թ. հիմնադրված գյուղը, որի բնակչության մեծ մասը տեղափոխվել էր Պարսկաստանի համանուն բնակավայրից, Մարտակերտից 16 կմ հյուսիս արևելք էր գտնվում:

1960 թ. Լենինավանը (Մարգուշավան) և Մարաղան միավորվել և մեկ կոլտնտեսություն են դարձել: Ասում են, որ Մարտակերտի սև օրը սկսվեց Մարաղայից: Այն, ինչ 1992 թ. ապրիլի 10-ին տեղի ունեցավ 700 բնակիչ ունեցող գյուղում, իր ողբերգությամբ ու դաժանությամբ շարունակությունն էր Մեծ եղեռնի ու Սումգայիթի: Ովքեր հասցրել էին գյուղը նախապես թողնել, փրկվել էին, իսկ չհեռացողներից 51-ը ժանիքն արյունոտ թուրք գազանի հոշոտմանն էր արժանացել: 60-ին էլ պատանդ էին  տարել:

Սա է XX դարավերջի «քաղաքակիրթ» թուրքի ձեռագիրը «քաղաքակիրթ» աշխարհի հովանու ներքո: Ինչպես կասեր եղեռնից մազապուրծ առաջին սերնդի ներկայացուցիչներից մեկը` սփյուռքահայ գրող Արամ Հայկազը. « Թուրքը արարչագործության մեծագույն սխալն է ու ամոթը… Շնչավորներուն ամենեն վայրագն ու ստորինը…»:

1995 թ. Ասկերան-Մարտակերտ  ճանապարհի ձախակողմյան հատվածում` հիմա արդեն Տիգրանակերտ  հնավայրի հարևանությամբ, հիմնադրվեց Նոր Մարաղա գյուղը, որն այսօր ունի 450 բնակիչ: Գյուղի հիմնական կորիզը մարաղեցիք ու մարգուշավանցիք են, թեև այլ բնակավայրերից եկածներ էլ կան: Գյուղ, որի ամենամեծ խնդիրն այսօր բնակարանաշինությունն է, իսկ բնակչության հիմնական զբաղմունքը` հողագործությունն ու անասնապահությունը: Բնակիչներից շատերն էլ ներգրավված են Տիգրանակերտի պեղումներում, մի քանիսն էլ`թանգարանի աշխատակիցներն են: Տիգրանակերտի թանգարանից երևում է նռան և թզենու այգիների մեջ թաղված գյուղը, որը կամաց-կամաց փոխում է իր դիմագիծը, բայց, այնուհանդերձ, գյուղի նոր բնակիչներն իրենց  հայրենի շեն վերադառնալու հույսը դեռ պահում են…

ԱՊՐԻԼՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ…

1993 թ. ապրիլի 1-ին Լեռնային Ղարաբաղի բանակի մարտիկներն ազատագրեցին Քարվաճառ քաղաքը, իսկ օրեր անց դուրս եկան Օմարի լեռնանցք: Այդ փառահեղ օպերացիայի շնորհիվ ազատագրվեց պատմական Ծար գավառը, և դրանով իսկ ապահովվեց  Մարտակերտի , Լաչինի միջանցքի անվտանգությունը:

Երբ հրադադարից տարիներ անց Գանձասար այցելեցի, հոգևոր առաջնորդ հայր Հովհաննեսն ինձ ցույց տվեց Քարվաճառի ազատագրման ժամանակ Երկրագիտական թանգարանից բերված, Քարվաճառի ազնիվ քարից պատրաստված  «ՀԿԵ, 916» թվագրությամբ մի խաչքար, որն իրեն էին հանձնել ազատամարտիկները: Բացի զարմանքից, ուրիշ զգացում դժվար է արտահայտել: Սա, իհարկե, առաջին հայացքից, բայց երբ գիտակցում ես, որ սա ընդամենը թուրքին բնորոշ  ձեռագիր է` նվաճել, թալանել ոչ միայն ուրիշի տարածքը, այլև մշակույթը,  զարմանալու ու զայրանալու կարողությունն էլ ես կորցնում:

Այս տարի լրացավ Քարվաճառի ազատագրման 20-ամյակը: Եվ օրվա խորհուրդն այս հող ու ջրի իրական տերերին, տարածքը բիրտ ոսոխից ազատագրողներին  իրար գլխի էր հավաքել: Քարվաճառում իսկական տոն էր, որպիսին չէր տեսել հողն այդ հայոց: Քարվաճառցիների ուրախությանը մասնակցելու էր եկել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

ԹԱԼԻՇԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՋԻՆ ՓՐԿՕՂԱԿԸ ԵՂԱՎ

Երբ 1992 թ. հունիսի 13-ին ընկավ Շահումյանը, երեք օր անց Մարտակերտի շատ գյուղեր, այդ թվում նաև պատմական Թալիշը, հայտնվեցին մահվան օղակում: Թալիշցիները քաջ գիտակցում էին, որ սեփական հողի վրա ապրելու իրավունքը կռվով, զենքով պիտի պաշտպանես, եթե հակառակորդը հողիդ վրա  աչք ունի: Իսկ թշնամին ամեն կերպ փորձում էր պահել Թալիշը, որովհետև դրանով Շահումյանի շրջանը կտրում էր Ղարաբաղից: Թալիշցի պաշտպանները երկու տարի քուն ու դադար կորցրեցին, շատերն անդամագրվեցին Շահեն Մեղրյանի «Եղնիկներ» պարտիզանական ջոկատին և հանգստացան միայն այն ժամանակ, երբ հայրենի գյուղն ազատագրեցին բիրտ ոսոխից: Իսկ դա 1994 թ.ապրիլի 14-ին էր:

Ասում են` պատերազմն ավարտվում է միայն այն ժամանակ, երբ մեռնում է վերջին զինվորը: Կյանքը ցույց տվեց,որ դեռ վաղ է խոսել Արցախյան պատերազմի ավարտի մասին, քանի որ այսօր այն արդեն դիվանագիտական փուլ է տեղափոխվել: Պատերազմ, որ մենք չհորինեցինք, այլ մեզ պարտադրեցին, ինչպես պարտադրեցին հրադադարը: Հակառակ դեպքում հաղթանակն ավելին կլիներ, քանի որ մեր ազատամարտիկների ոգին գագաթնակետին էր հասել: Դա հասկացել էր նաև խորամանկ Ալիևը, որը, սիրտն ահ ու դող ընկած, «քառատրոփ» Մոսկվա հասավ, և մեկ ամիս անց մեզ հրադադար պարտադրվեց: Թալիշը Արցախյան պատերազմի վերջին փրկօղակը եղավ…

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ  

Tags: , ,