Լսել նշանակում է տեսնել

կինԱյս մոտեցմամբ է «Խոսող գրքեր» նախագծի հեղինակ Գայանե Կլեկչյանը ցանկանում օգտակար լինել տեսողական խնդիրներ ունեցողներին

 Գայանե Կլեկչյանն իր գործով հեքիաթների մի մեծ աշխարհ է պարգևում սեփական աչքերով տեսնելու և կարդալու հնարավորությունից զրկվածներին:

Դեռևս 2006-ից նա իր շուրջը հավաքեց դերասանների մի խումբ, և «Խոսող գրքեր» նախագծով նրանք պատրաստեցին 6 Mp3 ձևաչափով ձայնասկավառակ: «Խոսող գրքեր» ձայնասկավառակից մեկում դերասաններ Հովհաննես Բաբախանյանը, Տիգրան Ներսիսյանը, Աննա Էլբակյանը, Ժիրայր Դադասյանը և ուրիշներ կարդում են Հովհաննես Թումանյանի, Անդերսենի, Օսկար Ուայլդի, Գրիմ եղբայրների 21 հեքիաթ:

Այս անգամ էլ Գայանե Կլեկչյանն անակնկալներ ունի: Վերջին օրերին թողարկվեց «Խոսող գրքեր» մատենաշարի 6-րդ ձայնագիրքը ու դարձավ լավագույն նվերը ինչպես տեսողական խնդիրներ ունեցողների, այնպես էլ բոլոր նրանց համար, ովքեր սիրում են լավ գրականություն:

«Անկախն» այս թեմաների շուրջ սիրով զրուցեց «Խոսող գրքեր» նախագծի հեղինակ և պրոդյուսեր Գայանե Կլեկչյանի հետ:

- Արդեն ութ տարի է, ինչ իրականացնում եք «Խոսող գրքեր» նախագիծը. ինչի՞ց սկսվեց:

- Կարծում եմ՝ «Խոսող գրքերը» տրամաբանական շարունակությունն է այն ամենի, ինչ արել եմ: Աշխատել եմ Խարբերդի մտավոր թերի զարգացած երեխաների մանկատանը, այնուհետև «Փյունիկ» հաշմանդամային միությունում, հետո՝ «Զատիկ» մանկատանը: 90-ական թվականներն էին: Դրանից հետո ընդմիջում եղավ ու արդեն հասունացել էր պահը ինչ-որ բան անելու, ու երևի սերը գրականության, երաժշտության, մարդու հանդեպ ստիպեցին իրականացնել հենց «Խոսող գրքեր» նախագիծը: Երևի սա ավելի շատ ստեղծագործական դաշտ է ինձ համար:

- Ո՞րն է «Խոսող գրքերի» հիմնական նպատակը:

- Հայ և արտասահմանյան գրականության մատուցումը տեսողական խնդիրներ ունեցողների համար: «Խոսող գրքերի» բաժանորդը տեսողական խնդիր ունեցող անձնավորությունն է, բայց բոլորը կարող են օգտվել:

- Կարելի՞ է ասել՝ Դուք նախագծի պրոդյուսերն եք: Ինչի՞ց եք սկսել և ո՞ւր եք հասել 

- Սկսեցինք Հովհաննես Թումանյանից, ներկայացրինք նրա հեքիաթները, հետո Օսկար Ուայլդի «Աստղամանուկը», «Երջանիկ արքայազնը», «Եսամոլ հսկան», Հանս Քրիստիան Անդերսենի «Ջրահարսը», Գրիմ Եղբայրների «Մոխրոտիկը», Եղիշե Չարենցի «Նավզիկեն», Վիլյամ Սարոյանի «Նարինջները», Լեոնիդ Ենգիբարյանի նովելները, Սայաթ-Նովայի բանաստեղծությունները, Անտուան դը Սնետ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», Ղազարոս Աղայանի «Զանգի-զրանգի», «Օձամանուկ և Արևահատ», «Քիչ էլ, քիչ էլ» գործերը, Ստեփան Զորյանի «Դատավոր հովիվը», «Սիրտը», Հանս Քրիստիան Անդերսենի «Անագե տոկուն զինվորիկը», «Թիթեռնիկը», Վահան Տերյանի, Պարույր Սևակի, Համո Սահյանի, Եղիշե Չարենցի բանաստեղծություններն ու Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»:

Իսկ արդեն նոր՝ 6-րդ ձայնասկավառակում ընդգրկված են Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը», Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը», «Ամենագեղեցիկ ջրահեղձը աշխարհում», Օ’ Հենրիի «Վերջին տերևը», Վահան Վարդանյանի ստեղծագործությունները:

- Ինչպե՞ս եք ընտրում, թե որ ստեղծագործությունը պետք է դառնա խոսող գիրք:

- Վերջնական ընտրությունն իմն է: Ու ես ուրախ եմ, որ ազատ եմ աշխատանքի մեջ, մաքսիմալ ազատ: Եթե ընտրել եմ մի գործ, վերջին վայրկյանին կարող էր  միանգամից փոխվել: Բացի այն, որ որոշում կայացնողը ես եմ, իմ կողքին կան մարդիկ, որոնք իրենց խորհուրդներով օգնում են ինձ: Նրանք «Խոսող գրքերի» լավ ու մշտական բարեկամներն են: Նշեմ  Ժիրայր Դադասյանի անունը. նա բոլոր հարցերով իմ կողքին է կանգնած:

- Գայանե, այսքան տարիների ընթացքում հասցրել եք նաև ձեր շուրջը համախմբել լուրջ ստեղծագործական թիմ՝ կազմված վաստակավոր-ժողովրդական արտիստներից:

գրքեր- Գիտեք, ես դերասաններին ճանաչում եմ բեմից այն կողմ: Նրանք իմ սիրելի դերասաններն են: Ու երբ զանգահարում ու ասում ես, որ դրամաշնորհային կամ կոմերցիոն ծրագիր չես իրականացնում, ծրագիր, որն արվում է տեսողական խնդիրներ ունեցողների համար, նրանք անգամ չեն ասում՝ կմտածենք, սիրով համաձայնում են: Երբ արդեն ընտրվում է գրական գործը, ընտրվում է նաև դերասանի հավանական տարբերակը, ու գիտեք` փորձը ցույց է տալիս, որ ընտրությունը ճիշտ է կատարվում:

- Կա՞ն մրցակիցներ այս ոլորտում:

- Ինձ համար ձայնագիրքը դուրս է մրցակցությունից: Անգամ արտասահմանի փորձն ենք ուսումնասիրել. շատ դեպքերում հրամցնում են ընդամենը գրական ինֆորմացիա: Գրական ինֆորմացիան տեսողական խնդիր ունեցողի համար կարող է կարդալ նաև իր ծնողը: Կարծում եմ` անհրաժեշտ է գրականությունը ճիշտ ներկայացնել: Ասեմ ձեզ, որ այսքան տարիների ընթացքում որևէ խնդրի չենք բախվել: Ո՛չ դերասանների հետ ենք խնդիր ունեցել, ո՛չ ստուդիայի. շատ համբերատար, ջանասիրաբար ինձ դիմակայել են մարդիկ, դիմակայել, քանի որ սարսափելի պահանջկոտ եմ:

- Ութ տարի առաջ սկսեցիք «Խոսող գրքերը»: Բայց ոնց որ մի քիչ ընդմիջումներով եք

աշխատում, ինչո՞վ է սա պայմանավորված:

- Դա ստեղծագործական գործընթաց է: Այ, եթե սա լիներ աշխատանք, կլիներ ռիթմի մեջ ու շարունակական: Բայց երբ դու ստեղծագործական գործընթացների մեջ ես, չես կարող տարին մեկ անգամ, ասենք, գիրք գրել: Եթե վերլուծենք, ապա կարող եմ վստահ ասել, որ ընդմիջումները շատ չեն. տարեկան գոնե մեկ սկավառակ թողարկվում է: Պատահել են նաև դեպքեր, որ միանգամից երեք CD եմ ներկայացրել:

- Չե՞ք կարծում, որ շատ երեխաներ, լսելով Օսկար Ուայլդի կամ Թումանյանի հեքիաթները, էլ գիրք չեն կարդաՊարզապես կծանոթանան գրական գործին ու վերջ:

- Անկախ ամեն ինչից, ես ինքս նախընտրում եմ ստեղծագործությունների գրքային տարբերակը: Եվ հետո լսելը դեռ շատ քիչ է: Ի՞նչ ես լսում, եթե լավ գրականություն է, ապա այն քեզ մտածելու, խորհելու հնարավորություն է տալիս: CD-ներում տեղ գտած ստեղծագործություններն այնքան պատկերավոր են մատուցվում, որ կարող են նաև սեր առաջացնել գրքի հանդեպ: Կարող եմ բերել հենց մեր տան օրինակը: Մի օր լսում էի Չարենցի «Նավզիկեն», երաժշտական հատվածն էի խմբագրում: Նկատեցի, որ տղաս գնաց, վերցրեց գիրքն ու սկսեց կարդալ: Նա հասկացավ, որ գրքով շատ ավելի լավ է ընկալում: Դա մարդու տեսակի խնդիր է: Մարդ կա, որ գուցե ինքը ամբողջ կյանքում ո՛չ լսի այս ստեղծագործությունները, ո՛չ էլ կարդա:

- Լսել եմ, որ նախագծի երաժշտական ձևավորողը Վահան Նահապետյանն է, կարծեմ նա էլ տեսողական խնդիրներ ունի...

- Այո՛, ես շատ շնորհակալ եմ Վահանին: «Խոսող գրքեր» նախագիծը կարևորում է մատուցվող գրական ստեղծագործությունների երաժշտական ձևավորումը: Փորձել ենք ընտրված գրական երկերին ճաշակով ու գեղեցիկ երաժշտական ձևավորում տալ, ինչպես նաև ապահովել համապատասխան ձայնային էֆեկտներով: Երաժշտական ու ձայնային ձևավորման հեղինակը մեր լավ բարեկամ Վահան Նահապետյանն է. ունենալով տեսողական խնդիրներ՝ իսկապես բավական նուրբ գործ է կատարել:

Մեր ծանոթությունն էլ շատ հետաքրքիր էր: Այն մարդիկ, ովքեր կոնսերվատորիայում են սովորել, երեկոյան հավաքվում էին դպրոցում: Այդ ընթացքում հանդիպեցի Վահանին ու հասկացա, որ մենք պետք է համագործակցելու եզրեր գտնենք ու փաստորեն «Խոսող գրքեր» նախագծում այսքան տարիներ միասին աշխատում ենք:

- Գայանե, «Խոսող գրքերի» նոր ձայնասկավառակն արդեն պատրաստ է: Տեսնում եմ անուններ, որոնք ինձ հայտնի են, բայց ստեղծագործություններ, որոնք ծանոթ չեն...

- Ես հաճելիորեն զարմացած եմ: Նախ՝ Մարկեսին այլ ձևաչափով եմ ներկայացրել: 50-ական թվականների նրա գրածներն եմ գտել, թարգմանել ու ներկայացրել: Նրա «Ամենագեղեցիկ ջրահեղձը աշխարհում» գործը թերևս բեմադրվել է, քիչ թե շատ ծանոթ է, իսկ «Երկնագույն շան աչքերը» թարգմանված է անգլերենից: Երկուսն էլ հրաշալի ստեղծագործություններ են:

 - Դուք գրականության հանդեպ թերևս ունեք հատուկ վերաբերմունք, բանասիրակա՞ն կրթություն ունեք:

- Չէ՛, կրթությունս բարձրագույն է, բայց բանասեր չեմ:

- Հետաքրքիր է՝ «Խոսող գրքերում» ներկայացվող ստեղծագործությունների մեծ մասն արտասահմանցի հեղինակների թարգմանություններ են:

- Մեծ մասը չեն: Կան և՛ հայ հեղինակների գործեր, և՛ արտասահմանցի հեղինակների գործեր: Կարևորը` լավ գրականություն է ընտրված և հայերեն: Ես կարծում եմ` բացարձակ կարևոր չէ` հայերենով Օսկար Ուայլդի՞ն ես ներկայացրել, թե՞ Ռիչարդ Բախին: Բոլոր գործերը ներկայացվում են հայերենով: Նկատի ունեցեք, որ «Խոսող գրքերում» էական տեղ ունեն հայ գրականության գործերը:

Օրինակ՝ հիմա նոր սփյուռք է ձևավորվում, որ 90-ականներին է գնացել: Նրանց երեխաները դժվարությամբ են խոսում հայերեն, «Խոսող գրքերը» լավագույն տարբերակն է այդ երեխաների համար:   

- Լրատվամիջոցներին  ծանոթ Գայանե Կլեկչյանը զուտ «Խոսող գրքեր» նախագծի հեղինակ է: Ինչո՞վ եք զբաղվում:

- Հիմա դադար է: Ժամանակին, այո՛, բիզնեսով զբաղվել եմ: Հարսանյաց սրահ ունեի: Բոլոր գործերիս մեջ միշտ ներգրավել եմ բոլորին:

 

Հարցազրույցը վարեց

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

Tags: