Դատական ո՞ր ակտերն են ենթակա հարկադիր կատարման

դատարանՀամաձայն ՀՀ Սահմանադրության` երկրում արդարադատություն իրականացնում են բացառապես դատարանները, որոնց կայացրած որոշումները պարտադիր են բոլորի համար և պետք է կատարվեն անխտիր բոլորի կողմից: Սակայն ոչ միշտ է, որ դատավարության կողմը հոժարակամ կատարում է  դատական ակտի ուժով իր վրա դրված պարտավորությունը: Այստեղ է, որ կարևորվում է այնպիսի մարմնի դերակատարությունը, ինչպիսին է հարկադիր կատարման ծառայությունը, որը գործում է ՀՀ արդարադատության նախարարության կազմում:

«Հարկադիր կատարման ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարման ենթակա են`

1) քաղաքացիական գործերով դատական ակտերը, բացառությամբ իրավաբանական անձին կամ քաղաքացուն սնանկ ճանաչելու և մրցութային վարույթ սկսելու մասին գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատական ակտերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխով նախատեսված գործերով դատական ակտերի,

2) քրեական գործերով դատարանի դատավճիռները և որոշումները` տուգանքների, գույքի բռնագրավման և գույքային բռնագանձումների մասով,

3) արբիտրաժային տրիբունալների վճիռները,

4) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները, ինչպես նաև քրեական գործերով օտարերկրյա դատարանների դատավճիռներն ու որոշումները` վնասի հատուցման և գույքային այլ բռնագանձումների մասով,

5) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի, ինչպես նաև միջազգային արբիտրաժի քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները,

6) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները:

Դատական ակտն ի կատար ածելու համար կիրառվում են հարկադիր կատարման մի շարք միջոցներ, մասնավորապես`

1) պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը` արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով,

2) պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի, կրթաթոշակի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելը,

3) այլ անձանց մոտ գտնվող պարտապանի դրամական միջոցների և այլ գույքի վրա բռնագանձում տարածելը,

4) կատարողական թերթում նշված որոշակի առարկաները պարտապանից առգրավելը և պահանջատիրոջը հանձնելը,

5) Հարկադիր կատարողի որոշումները չկատարելու համար տուգանք կիրառելը,

6) կատարողական թերթի կատարումն ապահովող այլ միջոցներ:

Ինչ վերաբերում է կատարողական թերթ տալուն, ապա այն տրվում է`

1) դատարանի վճիռների, դատավճիռների, որոշումների և դատարանի արձակած վճարման կարգադրությունների հիման վրա,

2) արբիտրաժային տրիբունալների վճիռների հիման վրա,

3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների վճիռների և որոշումների հիման վրա,

4) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի (արբիտրաժի) դատական վճիռների կամ որոշումների հիման վրա,

5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հիման վրա:

Կատարողական թերթը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը` պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա: Կատարողական թերթը տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` դիմումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` անհապաղ:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Tags: ,